ՄԵԾ ԳՐՈՂԸ, ԼՐԱԳՐՈՂԸ, ԽՄԲԱԳԻՐԸ, ԳՈՐԾԻՉԸ Հանդիսավարՙ գրականագետ, արձակագիր ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆ Շատ տարիներ առաջ Վարդգես Պետրոսյանն ասել է. որեւէ հոբելյան գեղեցիկ առիթ եւ բնական մղում է ետ նայելու: Թույլ տվեք հավելել, որ այսօր ոչ միայն ետ ենք նայելու, այլեւ հարգ ենք մատուցելու հայ ժողովրդի մի պայծառ զավակի, աննման խմբագրապետի, գրողի, հրապարակախոսի ու հրապարակագրի, դրամատուրգի, մշակույթի երեւելի գործչի, մեծ հայրենասերի ու խոշոր մտավորականի անմեռ հիշատակին... Գ.Մ. նախագահՙ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Այսօրվա ցերեկույթի թեմատիկ ուղղությունը կարծես ոչ թե Վարդգես Պետրոսյան գրողի գեղարվեստական եւ այլ ստեղծագործությունների գիտական վերլուծությունն է, այլ հուշերի միջոցով նրա արած գործերը վեր հանելովՙ ավագ ընկերոջ աշխատանքը, վարքն ու վերաբերմունքը գրողական ընտանիքի նկատմամբ բնութագրելը: Շատ գործ անող էր, լուծում էր կեցաղային հարցերից սկսածՙ մեքենա, բնակարան, օգնում էր գրքերի տպագրության, թարգմանության հարցերում, սակայն ավելին էին պահանջում, արհեստածին պայքար էին կազմակերպում: Նոր ժամանակներ էին գալիս, բայց շատերի մտածողությունը չէր ընդունում դա: Վարդգես Պետրոսյանն այդպիսի մարդ չէր: Հրաշալի մտածող էր, հրաշալի հռետոր, հրաշալի երգող, անգերազանցելի խմբագիր. «Գարուն»-ի երեւույթը մեր մամուլի պատմության մեջ ոսկե տառերով գրված անուն է: Մեր բազմաշերտ մշակույթըՙ գիտությունը, բժշկապետերը, ֆիզիկոսները, նկարիչները, կոմպոզիտորներն ու կատարող երաժիշտները, բոլորն իրենց տեղն ունեին «Գարուն»-ում: Սա մեր կյանքն էր: Ես վստահ եմՙ չլիներ Վարդգես Պետրոսյանը, մենք այդպիսի ամսագիր երբեք չէինք ունենա: «Երկիր Նաիրի» շաբաթաթերթն էլ իր ծնունդով արդեն վիճահարույց էր: Նա միշտ փնտրում էր սուր անկյուններ, ազգային մտածողության երանգ, որը մեզ անհրաժեշտ էր: Ազատ մտածող մարդ էր, շատ սիրված էր, բայց եւ ցավալիորեն ուներ հակառակորդներ: Ճակատագիր էր: Այդ պայմաններում նա գործ էր անում գրականության եւ մարդկանց համար: Եթե թշնամություն են արել, թո՛ղ Աստված ների, Վարդգես Պետրոսյանը հաստատ կներեր: Մենք փառաբանենք իր անձն ու գործը: Հանդիսավար Երբ հաստատվեց բազմակարծությունը, գրական-քննադատական քննարկումները բնականորեն աշխուժացան, ծավալվեցին եւ, ըստ մենթալիտետի` երբեմն անցնում էին ցանկալի սահմանները: Ահա այս երեւույթի վարդգեսպետրոսյանական ոճի մասին կպատմի ականատես ու մասնակից, ԳՄ փոխնախագահ Պետրոս Դեմիրճյանը: ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆ Ճիշտ է, հանդիսավար Վ.Սարգսյանը սահմանափակեց իմ ելույթի թեման, բայց ես կսկսեմ «Պիոներ կանչ» թերթից, որի լրագրողների ավագ սերնդից այստեղ ներկա են Սուրեն Մուրադյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Լիպարիտ Սարգսյանը: «Պիոներ կանչ» թերթի գլխավոր խմբագիր Վարդգես Պետրոսյանը ստեղծեց «Շավիղ» մանկապատանեկան խմբագրություն, որի առաջին նիստի ժամանակ մեզ հարցրեց, թե ով որտեղ է ապրում: Զարմացանքՙ ի՞նչ կապ ունի: Իսկ նա ասաց.«Ձեր կողքի շենքի պատին հուշատախտակ կաՙ ո՞վ է»: Ոչ ոք չգիտեր: Հանձնարարեցՙ շրջել ամբողջ Երեւանով, գրանցել հուշարձաններն ու հուշատախտակները, պարզել բովանդակությունը եւ ներկայացնել: Ահա այդպես մեր մեջ հայրենիքը ճանաչելու եւ լրագրող դառնալու մեծ սեր արթնացրեց: Բազմաթիվ վեճեր էին ընթանում նաեւ մամուլում, այսպես կոչված գյուղագրության կողմնակիցների, ովքեր գտնում էին, որ անցյալի գրականության ավանդույթներն ու արժեքները պետք է փոխանցել նոր ժամանակներին (Հր. Մաթեւոսյան, Մ.Գալշոյան) եւ նորի կողմնակիցների միջեւ (Վ. Պետրոսյան, Գ. Արշակյան, Զ. Խալափյան, Ն. Ադալյան եւ այլն.): Վեճերից մեկի ժամանակ Վարդգես Պետրոսյանն ասաց. «Հրանտի եւ իմ տարբերությունն այն է, որ իմ հովվի կողքից տրանզիստոր է կախված»: Նա շատ բարձր էր գնահատում համագոյությունը, ոչ թե իրար բացասելով ճշմարտության հասանելիությունը: Բանավեճի ժամանակ պետք է կարծիքների ազատություն ընձեռել: Ուզում եմ շեշտել նրա անաչառ սկզբունքայնությունը, նշանակություն չուներՙ ինչ տարիքի ես, ինչ շրջապատից ես, պաշտոնյան ես, թեՙ ոչ, բաժանու՞մ ես իր տեսակետը: Եթե կար տրամաբանություն, կարելի էր համոզել: Վիճելիս օգտագործում էր «իմ գրական բարեկամ» արտահայտությունը: Վարդգես Պետրոսյանը մեր ժամանակի գրական գործիչների վիթխարի դեմքերից էր, որպես գրականության գործիչ: Բանաստեղծ, մանկագիր, դրամատուրգ ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ Գյուղի դպրոցում սովորելիսՙ «Պիոներ կանչ»-ում կարդում էի Վարդգես Պետրոսյանի բանաստեղծությունները եւ զարմանում, թե ինչպես է այդ տարիքում հասուն բանաստեղծություններ գրում: 1947-48 թվականներին Ալավերդուց եկա Երեւանՙ սովորելու, եւ Հայրապետ Հայրապետյանն ինձ ծանոթացրեց Վարդգես Պետրոսյանի հետ: 1957-61 թթ. բախտ վիճակվեց «Ավանգարդում» միասին աշխատել, որ արդեն պահանջված թերթ էր, իսկ ոգին եւ առաջին ժուռնալիստըՙ Վարդգես Պետրոսյանը: Մտերմացանք: Նրան եմ պարտական «Ավանգարդ»-ի իմ քննադատական հոդվածների նրա ներշնչած համարձակությամբ, երգիծանքով: «Գլխավոր բժիշկը բուժման կարիք է զգում» Արզնիի բժիշկի մասին ֆելիետոնը թերթի տպաքանակն ամբողջությամբ սպառեց: Որպես գլխավոր խմբագիրՙ գրական բարձր ճաշակ ուներ, երգիծելու տաղանդ, քննադատական սուր միտք, որի նմանը չկար: Խստապահանջությամբ նաեւ սովորեցնում էր իսկական լրագրող դառնալ: Իր ուսանելի բացառիկ ժուռնալիստական դպրոցը ստեղծեց եւ պետրոսյանական լուսավոր ավանդներ թողեց ոչ միայն իր ժամանակակիցների, այլեւ գալիք սերունդների համար: Արձակագիր, գրականագետ ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆ Վարդգես Համազասպովիչի հետ աշխատել եմ 6 տարիՙ գրական խորհրդատու- նախագահի օգնական: Իմ կյանքի, պետք է ասեմ, լավագույն տարիներն են եղել, նրա կերպարով էի ապրում, ինձ համար իդեալական մարդ էր, օրինապահ ու պահանջկոտ ղեկավար: Շարունակ զարմացնում էր նրա աշխատասիրությունը. բոլոր գործերը հասցնելուց հետո գիշերն էլ ստեղծագործում էր: Որքա՜ն պաշտոնական հանդիպումներ, հյուրեր, ընկերներ, մի կողմից էլՙ պայքար, պայքարՙ անհիմն, ուղղակի, ինչպես նշեց Էդվարդ Միլիտոնյանը, արհեստածին: Մինչդեռ նրա հետ շփվելը, կատակախառն զրույցները... դա մի բաց բովանդակալից գիրք էր ինձ համար... բայց ամեն լավ բան էլ վերջ է ունենում դժբախտաբար... Լուսանկարվել չէր սիրում, ժամանակ էլ չուներ եւ ոչ էլ նկարչի, քանդակագործի դիմաց անշարժ նստելու համբերություն: Ստիպվածՙ իր լուսանկարները տրամադրեցինք Էդվարդ Շախիկյանին: Պահ որսացի եւ իմ մեքենայով տարա նրան դիտելու Շախիկյանի արվեստանոցում գտնվող դիմանկարը (որը հիմա Արմինե Պետրոսյանի սեփականությունն է): Նայեց-նայեց, ժպտաց ու ոչինչ չի ասում: Զարմիկիս բացատրեցի, որ նա ուրախությունից վեր թռչողներից չէ, բայց որ քննադատություն էլ չկա, ուրեմնՙ լավ է: Այսպես ունեցանք այս ռոյալի վրա դրված դիմանկարը, որի հիման վրա արված գորելեֆը 2006 թ. տեղադրվեց իր անվան դպրոցի պատին, իսկ մյուս օրինակըՙ Աշտարակումՙ իր անվան փողոցում: «Հայաստանի Հանրապետության հանրագիտարան»-ի գլխավոր խմբագիր-տնօրենՙ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ Վարդգես Պետրոսյանն իր ժամանակի ամենաաչքի ընկնող գործիչներից էր, ղեկավարելու եւ առաջնորդելու արտասովոր ջիղ ուներ, մեծ հնարավորություններՙ գրողներին ու գրական շրջանակներին օգտակար լինելու: Նրա հետ մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել, բայց զգացել եմ նրա անհանգիստ բնավորությունը: Գրիչը թարմ էր, ժամանակի հրատապ խնդրիներից շատերը նրա շնորհիվ մտան գրականություն, դարձան բուռն քննարկումների առարկա: Նյութի արդիականությամբ ու մատուցման թարմությամբ առանձնանում են նրա «Դեղատուն Անի», «Հայկական էսքիզներ», «Մենավոր ընկուզենին», «Կրակե շապիկ» եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ: Վերջինը Հայոց ցեղասպանությունը վերապրած մի ընտանիքի պատմություն է, մի հուզիչ պատում այն մասին, թե ամիսներ շարունակ տատի ծննդյան տարեդարձին պատրաստվող գերդաստանի աշխարհասփյուռ ժառանգներն ինչպես չեն կարողանում միատեղվել ու միասին նշել ծննդյան տոնը: Խորհելու, պատմությանը նորովի նայելու ու հասկանալու լիցքեր են փոխանցում նրա բազմաթիվ էսքիզներ, որոնք իրենց հայրենաշունչ թարմությամբ նաեւ համարձակ էին: Գրողների միությունում նրա նախագահության օրոք քննարկվեց Հայկական սովետական հանրագիտարանի հատորներից մեկը. ես զգացել եմ նրա սթափ մտահոգությունըՙ հանրագիտարանի գիտագաղափարական եւ խմբագրական բարձր մակարդակի նկատմամբ: Վարդգեսը հրաշալի հռետոր էր, խոսքըՙ դիպուկ, հասցեական ու համարձակ: Շատ եմ ափսոսում նրա վաղաժամ կորստի համար: Առաջին գարունականներիցՙ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ Վարդգես Պետրոսյանը բազմիցս, տարբեր առիթներով նշել է, որ իր կյանքի լավագույն տարիները «Գարուն»-ը խմբագրած տարիներն էին: Դա բնական է, ամսագիրը երիտասարդական էր, բայց սիրում էին ոչ միայն երիտասարդները: Այն ավելի մեծ տպաքանակ ուներ, քան Հայաստանի այժմյան բոլոր լրագրերն ու ամսագրերը միասին վերցրած, ու դատելով արտատպումներիցՙ լայն տարածում էր գտել նաեւ սփյուռքում: «Գարուն»-ի հաջողություններին, ինչ խոսք, մեծապես նպաստում էր գլխավոր խմբագրիՙ հանրապետության լավագույն ստեղծագործական ուժերին աշխատանքի հրավիրելու հանգամանքը: Մենք ամեն առավոտ նորանոր մտահղացումներով աշխատանքի էինք շտապում, ոգեւորված անդրանիկ համարն էինք ստեղծում: Պատահեց անկանխատեսելին: Հեռախոսը գուժեց, որ գիշերը գլխավոր խմբագրին ծանր վիճակում հիվանդանոց են հասցրել, եւ նա նույնիսկ կլինիկական մահ է հաղթահարել: Մենքՙ ամբողջ խմբագրակազմով, վաղ առավոտից խմբվում էինք հիվանդանոցի նախասրահում, նորություններն իմանում, հետո գալիս էինք խմբագրություն, նույն ոգեւորությամբ աշխատում առաջին համարի վրա: Հավատում էինք, որ մեր սիրելի խմբագիրը ապաքինվելու է, ու նրա համար ամենաուրախալի անակնկալը «Գարուն»-ի արդեն լույս տեսած առաջին համարն է լինելու: Վարդգես Պետրոսյանն իրո՛ք ապաքինվեց, ամսագրի անդրանիկ համարը, թեեւ ուշացումով, լույս տեսավ, մենք բոլորս ստորագրեցինք առաջին էջում, էջերին փրփրագինի կաթեցրինք, ու այդ ընդհանուր ցնծության մեջ միայն գլխավոր խմբագիրը նկատեց, որ գլխագրի տակ մոռացել ենք նշել, թե ում օրգանն է «Գարուն»-ը: Խորհրդային տարիներին դա աններելի վրիպում էր: Հետո, իհարկե, սխալն ուղղվեց, բայց այդ անդրանիկՙ մեր ամենասիրած համարը, որ հիմա մասունք է դարձել, անհետ կորավ... Արեւմտահայերը ճիշտ են ասումՙ լրագրությունը, թերեւս նաեւ հրապարակագրությունը, երախտամոռ սեռ է: Հիմա վարդգեսպետրոսյանական «Գարուն»-ի համարները, եթե անգամ պահպանվել են, փոշոտվում են գրադարանների պահոցներում, իսկ ամսագրի հրատարակությունը, չնայած իարարհաջորդ տաղանդավոր խմբագիրների ներդրած ջանքերին, նախկին համբավը չի վերագտնում: Ի՜նչ կարող ենք անելՙ պիտի հուսանք ու սպասենք: «Գարուն»-ի մեծ բարեկամՙ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ Քեզ մոռնալը աններելի յանցանք է: Դուն ո՛չ միայն Գրական գարուն բերիր Հայոց Աշխարհին, այլ նաեւ լուսամուտ մը բացիր դէպի միջազգային գրական աշխարհՙ հրատարակելով անկրկնելի «Գարուն» ամսագիրը: Այս րոպէին, վերստին կողքիս գտնելով քեզՙ յիշեցի մեր անթիւ հանդիպումներէն մին: Պատմեցիր, որ օր մը մայրդ ըսած է քեզի. - Այսօր Զօրավար Անդրանիկը տեսայ Աշտարակի մէջ, դէպի մեր փողոցը կ՛ուղղուէր: - Մայրիկ, - ըսած էիր դուն զարմացած, - Անդրանիկը վաղուց չկայ... - Բալա ջան, այդ «վաղուցը» խոշոր սուտ է: Անդրանիկը չի մեռնիր: Այսօր մեր փողոցին մէջ տեսայ: Իր խօսքին համար ես սիրահարեցայ մօրդ: Յօդուածդ, Անդրանիկի մասին գրած յօդուածդ ի վերջոյ տպուեցաւ: Վարմունքդ Անդրանիկին վայել վարմունք էր, այլապէս յօդուածդ չէր տպուեր, եւ Զօրավարէն հեռակայ ապտակ մը կ՛ուտէիր... Չէ՞ որ Մարշալ Բաղրամեան ըսած է. - Անդրանիկին մէկ ապտակը զիս մարշալ դարձուց: Մարշալը ինքՙ Անդրանիկն էր, ան ո՜ւր, մենքՙ ուր... Դուն ողջ ազգի մը յոյսն էիր, այսօր ալ կը մնաս, կաս: Ընդունիր ողջոյններս. քեզի հետ խօսողը Հայաստանի քաղաքացի է: Եղա՞ւ: Վստահ եմ, եղաւ... ԷՄՄԱ ՄԱԿԱՐՅԱՆ Վարդգես Պետրոսյանի 85-ամյա հոբելյանական հուշ-երեկոյի ընթացքում շատերը հիշեցին ու նշեցին «Գարուն» ամսագրի եւ հոբելյարի վիրահատության մասին, որն անմիջականորեն նախորդեց «Գարուն» ամսագրի ծնունդին: Իսկ «Գարուն»-ի ծնունդը շատ ծանր եւ դժվար եղավ, բայց այն ընդունեցին ու փրկեցին ոչ միայն բժիշկները, այլեւ ընկերները: Բնականաբար տխուր հուշերի շարքից ուզում եմ ներկայացնել մեկը, որ մեր մշակութային կյանքին մնայուն արժեքներով հագեցած 25 տարիներ պարգեւեց: Այս օրերին լրանում է Վարդգես Պետրոսյանի փրկության 51-րդ տարին: Այո՛, ի՞նչ կլիներ, եթե չփրկվեր Վարդգես Պետրոսյանը: Ըստ որումՙ նա ծննդյան օրից սկսած փրկվում էր երկրորդ անգամ. առաջինըՙ դեռեւս բարուրում անկենդանության նշաններ են հայտնվել: Սկեսուրս պատմում էր, որ ինքը հույսը կտրել ու երեխային ծածկել է սպիտակ սավանով, Բայց տուն է եկել հայրը, մի կողմ նետել սավանն ու բարուրը գիրկն առած քայլել եւ օրոր երգել: Նա Համազասպ Պետրոսյանն էր, որի անունն իր կենդանացրած որդուն ուղեկցեց մինչեւ վերջին շունչըՙ Վարդգես Համազասպովիչ: Այդպես հնչում էր նաեւ 85-ամյա հոբելյանի բեմից: Երկրորդ անգամՙ դեկտեմբերի յոթն էր, վեցի գիշերը վատ զգաց: Առավոտյան ես լացակումաց զանգահարեցի Կարեն Դեմիրճյանին, իր ընկերոջն ու ընտանիքի բարեկամին, որն այդ պահին քաղկոմում նիստ էր անցկացնում: Ընդունարանում սպասելիս էր եղել Վարդգեսի համակուրսեցի Նորան, որն էլ պատմեց, թե քարտուղարն ինչպես է չեղարկել նիստը, տագնապահար դուրս նետվել առանձնասենյակից: Եթե Կարեն Դեմիրճյանն անմիջապես մեր տուն չգար պրոֆեսոր Բադալյանի հետ, Վարդգեսին շտապ չտեղափոխեին լեչկոմիսիայի հիվանդանոց... Քննեցին-զննեցին: Երբ Կարեն Դեմիրճյանն ու մյուս վերեւում գտնվողները շարժվեցին տուն կամ աշխատանքի, երկրորդ հարկից իջնելիս ետ կանչեցի: Հիվանդի մոտ նորից պարզորոշ արտահայտվեց ստամոքսի խոցի պայթման վիճակը, իսկ այդ նույն ախտորոշմամբ ուղիղ քառասուն օր առաջ մահացել էր Վարդգեսի ավագ եղբայրըՙ Կարոն: Նորից բարձրացան, նորից վախեցան: Հորդորեցի կոնսիլիում հրավիրել, որովհետեւ ներկաներից միակն էի, որ այդ վիճակը տեսել էր տանը, ավելինՙ կրկնվում էր եղբոր մոտ եղածը: Կոնսիլիումը հրավիրվեց: Վիրահատում էին Սուրեն Նիկիտիչ Գալստյանը եւ Սամսոն Խորենիչ Հակոբյանը: Բայց եթե դա Վարդգեսի վիրահատությունն էր, ապա առանց արտակարգ իրավիճակների ընթանալ չէր կարող: Հիվանդանոցում էլեկտրականությունն անջատվեց, մոմեր վառվեցին, երեւի ջրի պոմպերն էլ էին դադարել աշխատելուց. Դույլերով ջուր էին բարձրացնում երկրորդ հարկ: Ավարտվեց... Բժիշները տեղափոխվեցին կից սենյակ, մենք էլ տեղավորվեցինք բազկաթոռներումՙ ծնոտներս ձեռքներիս հենելու: Չգիտեմՙ որքան ժամանակ անցավ, իրարանցում սկսվեց դեպի վիրահատարան: Բայց ինձ նախասրահից ներս չէին թողնում: Նորից որոշ ժամանակ անց բժիշկները շնորհավորում էին միմյանց եւ հատկապես գրկումՙ Վարդգեսի նոր մտերիմներից բժշ.գիտ.թեկնածու, շատ համակրելի Ալեքսանդր Բազարջյանին: Սակայն... ինչո՞ւ էին բոլորը Ալիկին գրկում: Պարզվեց, որ վիրաբույժների դուրս գալուց հետո Ալիկը չէր հեռացել եւ նկատել էր հիվանդի վիճակի վատթարացումըՙ չորս րոպեանոց կլինիկական մահ, որից փրկվեց Ալեքսանդր Բազարջյանի բարձրացրած տագնապի շնորհիվ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե չփրկվեր... թվարկության փորձն անիմաստ կլինի: Զանազան հանգամանքների ստիպմամբ այդ օրը բացակա ընկերները ցանկություն էին հայտնել գոնե տպված հուշերով իրենց մասնակցությունը բերել հիշատակման օրվան: Ընտրեցինք հետեւյալ հատվածները նրանց գրածներից. Գրող, հրապարակախոս ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Ես տաս տարի աշխատում էի Կամչատկայում: Հենց այդ ժամանակ էլ սկսեցի տպագրվել «Медицинская газета», «Литературная газета», «Комсомольская правда» եւ այլ թերթերում: Այս մասին ասում եմ, որովհետեւ Հայաստանից շատ նամակներ էի ստանում: Եվ ահա մի անգամ ինձ զանգահարեց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարդգես Պետրոսյանն ու ասաց հետեւյալը (երբեք չեմ մոռանա). «Ես գիտեմ, որ քեզ զանգահարում են, սակայն ես ոչ միայն զանգահարում եմ, այլեւ գործով եմ զբաղվում եւ ազնվորեն խոստովանում եմ, որ ինձ են զանգահարում տպագրվելու համար»... մենք բավական ծիծաղեցինք: Շատ չանցած ես Կամչատկա հասնող երկարընթաց փոստով ստացա «Գարուն»-ըՙ իմ պատմվածքով: Իսկ երբ ստացա, գիտակցեցի, որ դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Մի քանի տարի անց տեղափոխվեցի Երեւան, եւ ինձ ընդունեցինՙ Գրողների միության անդամ: Երբ Վարդգես Պետրոսյանը դարձավ ԳՄ վարչության քարտուղար, իսկ ապաՙ միության նախագահ, հաճախ էինք հանդիպում, նույնիսկ Աշտարակում: Ես առաջիններից մեկն էի ստանում նրա բոլոր նոր լույս տեսնող գրքերը: Երբեք չեմ մոռանա. երբ Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը (իսկ ես մինչ այդ գրվածք ունեի «Հիպոկրատի գլխարկը» վերնագրով), Վարդգեսը խնդրեց, որ ես դա գրագողություն չհամարեմ: Երբ սկսվեցին ղարաբաղյան իրադարձությունները, բոլորին հայտնի էր, որ մեզ մոտ գաղտնի շտաբը Գրողների միությունն էր: Կարծում եմՙ շարունակել չարժե: Այդքանով ամեն ինչ ասված է: Մտավորական, նախկին պետական գործիչ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Խոսել կամ գրել Վարդգեսի մասին ու առաջին հերթին չհիշել նրա սրախոսություններն ու զվարճախոսությունները, նշանակում է խոսել մեկ այլ մարդու մասին, քանի որ խելամիտներն ու գրագետները պակաս չէին այն տարիներին... Մինչ օրս, երբ զրուցակիցներիս պատմում եմ, թե Վարդգեսն ինչ ծաղր ու ծանակի էր ենթարկում հատկապես պաշտոնյաններին, բոլորն էլ անկեղծ ու սրտանց ծիծաղում են, բնականաբար զուգահեռներ անցկացնելով մեր ժամանակների հետ... - Վարդգես, դու հաճախ ես ասել, որ ընկեր «Պողոսը» տաղանդավոր մարդ է, բայց ես այդ տպավորությունը չեմ ստացել: Վարդգեսը խորամանկ ժպտում էր ու ասում. - Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ նա տաղանդավոր մարդ է, հարցեր չլուծելու բացառիկ տաղանդ ունի: Վերջերս էլ հասկացա, թե ժամանակ առ ժամանակ ինչո՞ւ է զանգահարում ուշ ժամի, ասում, որ գլուխը ցավում է, քնել չի կարողանում, գլուխ ունենալու այլ ապացույց չունի: Ինձ համար բարեբախտություն էր, որ կյանք մտնելուս վաղորդայնին ծանոթացա, մտերմացա, նույնիսկ ընկերացա Վարդգեսի նման մի պայծառ կերպարի, միշտ սթափ, ոչ օրդինար, լայն մտածող, զարգացած եւ որ ամենակարեւորն էՙ հայրենասեր անձնավորության հետ: Ծանոթության սկիզբը դրվեց 1955 թվին, երբ հայոց լեզվի ավարտական քննությանը, նորաթուխ ժուռնալիստ Վարդգեսը, Արտաշես Քալանթարյանի հետ, կանգնեց կողքիս ու կարդալով շարադրությունս, դրվատանքի խոսքեր ասաց... Չէի կարող անգամ մտածել, որ նա դառնալու էր հայրենասիրության սիմվոլ, որ նրա «Հայկական էսքիզները» դառնալու էին իմ ժողովրդի լավի ու վատի խտանյութը, որ նրան տեսնելու եմ էքստրեմալ պայմաններում, հայ-թուրք սահմանի վրա, էլ չասեմՙ պատերազմական Բեյրութում... Որպեսզի խոսքս վարդգեսավարի ավարտվի, հիշեմ, որ նա ինձ «խարանեց» ասելով. «երբեք գրող չդառնաս, կարդացող դարձիր, որ տարիներ անց քեզ մատով ցույց տան»... Ինչպիսի պայծառատեսություն: Լրագրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ Վարդգես Պետրոսյանն ինձ համար այն պրոֆեսիոնալ լրագրողն ու խմբագիրն է եղել, ումից ես շատ բան եմ սովորել լրագրողական իմ անցած ճանապարհին: Հիմա էլ շարունակում եմ օգտվել նրա բառապաշարի հարուստ գանձարանից: Նրա «Էսքիզներ»-ն եղավ այն հունդը, որի ծլարձակումերով ես հարստացրի լրագրողի իմ խոսքը, սովորեցի ակնարկի հերոսներիս ներկայացնելու կերպը, նրանց գնահատելու չափորոշիչները: Պետրոսյանը լակոնիկ, բայցեւ խորքում չափազանց տարողունակ խոսք ասելու վարպետ էր: Մեկ նախադասությամբՙ «...լվացքի պարանի մեկ ծայրը կապած էր նորաշեն տան պատից, մյուս ծայրըՙ գերեզմանոցի ցանկապատի, եւ վրան փռված էին նորածին երեխայի շորեր», կարող էր մի ամբողջ պատմություն ասելՙ կյանքի բնականոն ընթացքի, կյանքի հարատեւության, շարունակականության մասին: Իմ ծանոթությունը Վարդգես Պետրոսյանի հետ վիրտուալ տարածքում է եղել միշտ, եւ այդ ծանոթության առաջին պահը իմ զարմանքն է եղել. «Պիոներ կանչ» թերթի խմբագրիՙ դպրոցականիս հանդեպ ցուցաբերած զարմանալի հոգատար վերաբերմունքի առիթով: Ախալցխայի շրջանի գյուղերից մեկի 10-րդ դասարանցիս հոդված էի ուղարկել «Պիոներ կանչ» թերթին եւ ստանում եմ մի նամակ, որի տակ խմբագիր Վարդգես Պետրոսյանի ստորագրությունն է: Ի՜նչ հպարտություն գյուղի պատանու համար: Նամակում ամենայն նրբությամբ ասվում էր, թեՙ չենք կարող տպագրել, որովհետեւ արծարծված թեման թերթի պահանջներին չի համապատասխանում: Սա մի մերժում էր, որ ընդունելուն հավասար էր. պատանուս համար այդ նամակը հպարտություն էրՙ ինձ լուրջ են վերաբերվել: Տարիներ անց ես Պետրոսյանին հանդիպեցի Նորքի «Աստվածածին» եկեղեցու հիմնարկեքին, եկեղեցի, որ կառուցում էին ազատամարտիկներըՙ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ: Ես, արդեն հեռուստատեսության խմբագիր, նկարահանում էի, եւ Պետրոսյանի կենդանի կադրեր հենց այդտեղ ունեցաՙ իմ համառոտ հարցազրույցին: Ի՜նչ սիրով էր նա խոսում ազատամարտիկների մասին, ի՜նչ գորովանքով էր վերաբերվում նրանց, ովքեր հաղթանակ էին տարել արցախյան մարտերում ու հիմա նախկին (սովետի օրերին պայթեցրած) «Աստվածածին» եկեղեցու հոգեւոր նոր սյուներն էին պատրաստվում վեր հանել: Այն օրերին, երբ Պետրոսյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը, ոմանք հակասական բաներ էին փորձում տեսնել գրողների հետ նրա վարվեցողության մեջ, անգամ իր ու Հրանտ Մաթեւոսյանի, իբր թե, ներքին հակասության մասին էին խոսում: Աբսո՛ւրդ: Այդ Մաթեւոսյանն էր, չէ՞, որ Վարդգեսի վախճանի հետ կապված մի խոսք ասաց, որ այն չարախոսները կերազեին նման վարմունք իրենք էլ կարողանային ունենալ: Մաթեւոսյանը գրեց. «...Մտավորականի սպանությունը մակդիր չունի... սա զառանցա՛նք է: Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում է Վարդգես Պետրոսյան: Այդպիսի կարգավիճակ չկար, այդպիսի տեղ չկար: Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր եւ ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու Վարդգես Պետրոսյան կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել»: Մաթեւոսյանի այս ընդվզումի մեջ Չարենցի մտահոգության արձագա՛նքն էլ կար. «... սպանեք քաղաքացուն, բայց մի մոռանաք պոետը: Քաղաքացին այսօր է, պոետը-միշտ: Քաղաքացուն կարող եք սպանել, պոետին-ոչ երբեք... » : ...Ես կրկին պիտի հիշեմ «Էսքիզները» եւ խորհուրդ տամ նորեկ լրագրողներին, լրագրության ճանապարհը նոր-նոր անցնել ուզողներին, որ հատկապես այդ գործը կարդան, մանավանդ այն արդեն շատ մատչելի է, որովհետեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը վերահրատարակել է այդ հրաշալի գործը: Թարգմանչուհի ԱՄԱԼՅԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Ինձ եւ իմ սերնդի համար անդրադարձը Վ. Պետրոսյանի գրականությանը գեղագիտական հետաքրքրությունների հետ մեկտեղ անձնական վառ երանգավորում ունի` տրամադրությունների ու մտորումների տարուբերումները հասցնելով ներկայից, երբ ժամանակն ու գրականությունը այսպես ցավալիորեն հեռացել են մարդուց, մինչեւ անցյալ դարի յոթանասունական թվականները, երբ մեր երիտասարդության կրակը ներքին լիցք էր ստանում ուղիղ մեր սրտերը նշանակետ դարձրած գրականությամբ, ուր անվրեպ էր Վ. Պետրոսյանի հրաշալի, ազնիվ արվեստը: Վարդգես Պետրոսյանի անհատականության մեջ զարմանալիորեն ներդաշնակ էին լրագրողն ու արվեստագետը, եւ, կարծում եմ, սրանում է նրա գրականության ներգործուն ուժի գաղտնիքը: Ստեղծագործության առարկան իրական կամ իրական թվացող փաստն է` սեր, բաժանում, դավաճանություն, սոցիալական դրվագներ, իրական նամակի հետքերով գնացած լրագրողի մոտեցում` ժամանակին բնորոշ խնդիրներ, որոնք վերածվում էին գեղարվեստական իրականության` անբացատրելիորեն գեղեցիկ ու բարձր, քանզի ամենուր ներկա էր հեղինակը` քաղաքացին ու արվեստագետը, մեր` յոթանասունականների` գրականությամբ ապրող խանդավառ սերնդի ուժեղ, տաղանդավոր, ամեն ինչ հասկացող ընկերը, որի ներկայությունը ճանաչել էինք արդեն իսկ «Գազո՞ն, թե՞ անտառ» լրագրային հոդվածից, որի հետ հանդիպման էինք գնում կարծես հատկապես մեզ համար գրված իր գրքերում` «Վերջին գիշեր», «Անավարտ դիմանկարներ», «Ապրած եւ չապրած տարիներ», «Հայկական էսքիզներ»... Իսկ «Դեղատուն Անի» վիպակում երեւանյան մայթերը կարծես մեր գաղտնիքներն էին բացել գրողի առաջ: Ինձ համար զարմանալի նուրբ, հազիվ բացատրության տրվող, գուցե տաղանդի եզակիությամբ, գուցե արվեստի գաղտնիքներին հատուկ մի հատկանիշ անսահման գրավիչ է դարձնում Վարդգես Պետրոսյանի թե՛ գեղարվեստական, թե՛ հրապարակախոսական ժառանգությունը. դա նրա քնարաշունչ, բայց եւ «իրատես» ռոմանտիզմն է, որով գրողը ամենուր թե՛ մեր կողքին է, մտերիմ, մեզ նման պատասխաններ որոնող, վարանող ու թախծող, թե՛ միեւնույն ժամանակ` առջեւից ընթացող, ուսուցիչ ու մարտիկ, որին ահա այսպես է նա ներկայացնում իր առաջնորդող հոդվածներից մեկում. «Եթե ինձ բնութագրելու իրավունք տրվեր, ես կասեի, որ մեր ժամանակին հարկավոր են «սթափ ռոմանտիկներ», միսուարյունով, ինչո՞ւ չէ, նաեւ թուլություններ ունեցող, բայց մարդիկ, որոնք իդեալ ունեն եւ «լինե՞լ, թե՞ չլինել» երկընտրանքի մեջ միշտ քվեարկում են բարոյականի, ազնիվի, վեհի կողմը»: Վարդգես Պետրոսյանի անունը դրոշմված է մեր ազգային զարթոնքի տարիների պատմությանը: Գրողն իր եւ՛ գրական, եւ՛ հասարակական գործունեությամբ ցուցադրեց ազատության բարձրագույն դրսեւորման օրինակ, որն իր բնորոշմամբ հենց այն է, երբ մարդն իրեն զգում է «ոչ իբրեւ անդամ, մեխանիզմի մաս կամ պտուտակ, այլ անկրկնելի անհատականություն, որից երկրի, ժողովրդի բախտն է կախված»: Փարիզի հայկական ռադիոյի հաղորդաշարերի հեղինակ, մեկնաբան ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ շփվել եմ Վարդգես Պետրոսյանի հետ... Մարդու որակական տեսակի բոլոր հատկանիշներով, բարձր ինտելեկտով մտավորական էր Վարդգես Պետրոսյանը: Նա նույնպես եկավ ճիշտ ժամանակին եւ իր արձակ խոսքով հմայեց ընթերցողին, երիտասարդության համար բացեց սիրելու ու երջանիկ լինելու գաղտնիքը: Ճշմարիտ ու բացարձակ, սա էր Վարդգես Պետրոսյանի ապրելու կերպը... Մի առիթով ասացի, դժվար չէ՞ արդյոք լինել այդքան նվիրված, չէ՞ որ, երբ մարդը հուսախաբ է լինում, այլեւս նույն կերպ չի կարող ապրել... Ասաց. «Եթե մարդն իրեն գրող է համարում, պետք է ուժեղ լինի եւ պատրաստՙ դիմակայելու կյանքի բոլոր մարտահրավերներին»: Անկեղծ ասած, ես իմ հարցից ամաչեցի, եւ դա իմ կյանքի համար մեծ դաս եղավ, մարդկանց հարց տալուց առաջ մտածել, թե դիմացինդ ով է եւ արդյո՞ք հարցդ տեղին է... Փարիզի հայկական ռադիոյով հաճախ եմ անդրադառնում «Հայկական էսքիզներ»-ին, տիկին Էմմա Մակարյանի եւ Արմինե Պետրոսյանի կազմած «Վարդգէս Պետրոսեանի Սփիւռք-Հայրենիք» գրքից ներկայացնում եմ Վարդգես Պետրոսյանի հանդիպումներն ու ելույթները Սփյուռքի տարբեր համայնքներում: Ամեն անգամ Վարդգես Պետրոսյան կարդալով, ես էլ եմ նորոգվում յուրովի: Ինձ համար Վարդգես Պետրոսյանի բոլոր ստեղծագործությունները կյանքի դասեր են, որոնք, ինչպես ինքը կասեր, անգիր սովորելու համար չեն... Այսօր էլ, տեղին եմ համարում հակիրճ խոսքս լրացնել Վարդգես Պետրոսյանի մտահոգիչ, խորը մտքերով. «Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետեւ վերջին հաշվով նրանք ինձ հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մի քանի հարյուր կիլոմետրի ինձ ոչ-մի տեղ չեն տալիս աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը: Չի կարելի շատ մոտիկից նայել հարազատ մարդու վերքը: ...Հայրենիքն այն է, որ ուրիշին պատմել չի լինի, որ հայրենիքի օդը թթվածնի, ազոտի եւ ածխաթթվի պարզ միացություն չէ, որ հայրենիքի ծառը պարզապես կանաչ չէ: Բայց գուցե հայրենի՞քը կների, ասում ենՙ հայրենիքը մայր է, ներում է: Ես վանում եմ այդ միտքը. սու՛տ է, հայրենիքը չի ներում երբեք, այդ մարդիկ է, որ պիտի ներեն իրենց Հայրենիքին, եթե ինչ-որ բան կա ներելու: Մարդիկ, մենք ամենքս ապրում ենք հազիվ մի քանի տասնամյակ եւ ժամանակ չենք ունենա Հայրենիքի ներմանն սպասելու, իսկ Հայրենիքը հավիտենական է»: Նկար 1. «Գարուն» ամսագրի խմբագրությունում: Լուսանկարը` Հարություն Չոլաքյանի: Նկար 3. Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցի սաներ, ուսուցչուհի` Գոհար Հովհաննիսյան: |