340 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԹՄՄ-ԻՆ ՆՈՒԲԱՐ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ԿՏԱԿԸ Հ. Ծ. Մեկ տարի առաջ հետ կարճատեւ հիվանդության Բոստոնում վախճանված վաստակավոր հրապարակագիր եւ գաղափարապաշտ ազգային գործիչ դոկտ. Նուբար Պերպերյանի կտակի տնօրինությունը 340 հազար դոլար է հատկացնել Թեքեյան մշակութային միությանը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: ԹՄՄ-ի կենտրոնական վարչությունը որոշել է հիմնել «Դոկտ. Նուբար Պերպերյան Թրասթը», իրականացնելու համար նրա կտակում նշված ցանկությունները, այդ թվում նրա հայերեն հոդվածների եւ խմբագրականների հրատարակությունը մի հատորում: Կտակված գումարի տարեկան տոկոսներն էլ հատկացվելու են կրթաթոշակներ շնորհելու Մ. Նահանգներում, Ֆրանսիայում, Եգիպտոսում կամ Հայաստանում ծնված այն համալսարանական ուսանողներին, որոնք միջազգային իրավունք կամ քաղաքագիտություն մասնագիտությամբ սովորում են մագիստրատուրայում: Երկրների նշումը պայմանավորված է իր անցած ուղու փուլերով: Դոկտ. Պերպերյանը ծնվել էր Կահիրեում 1922-ին: Հայեցի կրթությունը Նուբարյան վարժարանում ստանալուց հետո, հաճախել է ֆրանսիական լիսե, որտեղից ստացել էր փաստաբանի վկայական: Ապա ուսումը շարունակել էր Փարիզի պետական համալսարանում եւ ստացել իրավաբանության դոկտորի վկայական 1947-ին: Որպես հմուտ հրապարակագիր ստանձնել էր ՌԱԿ-ի գրեթե բոլոր գլխավոր օրգանների խմբագրի պաշտոնը, սկսած Փարիզի «Ապագայ» թերթից (1947-ին), այնուհետեւ Կահիրեի «Արեւ» օրաթերթից (1948-1958) մինչեւ Ամերիկա տեղափոխվելը եւ «Նոր օր» (1958-1960) եւ «Պայքար» (1961-1982) պարբերականները: Հավանաբար իր թափառական կյանքի հետեւանքով էլ նա չէր կարողացել ընտանիք կազմել: Իր ընտանիքը ազգն ու հայրենիքն էին: Անդամակցել էր Ռամկավար Ազատական կուսակցությանը եւ ՀԲԸՄիությանը: Նաեւ հիմնադիրներից է եղել Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության, որի դիվանի ատենադպիրի պաշտոնը ձեռնհասորեն վարել էր մինչեւ իր մահվան օրըՙ 2016-ի նոյեմբերի 23-ը: |