2017-Ի ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ Նաիր ՅԱՆ Ամփոփելով 2017 թվականին տարբեր հնավայրերում կատարած պեղումներըՙ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշում է ամենանշանակալի ձեռքբերումները: Դրանք հնագիտական արժեքավոր հայտնագործություններ լինելուց բացի, նաեւ հիմնարար հետազոտությունների աղբյուր են օտարազգի գիտնականների համար: Անցյալ տարի Հայաստանի տարբեր վայրերում 39 արշավախումբ է աշխատել, որոնցից 16-ըՙ համատեղ այլ երկրների գիտական կենտրոնների ու մասնագետների հետ: Նախապես հիմնարար ծրագրեր են կազմվել, թե հատկապես ինչ նպատակով են կատարվելու պեղումներըՙ նոր հետազոտությունների՞, ամրակայմա՞ն, թե՞ փրկարարական: Հայ եւ օտարերկրյա գիտնականների համատեղ պեղումները սենսացիոն արդյունք են արձանագրել: Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով, 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում ստացիոնար հնագույն բնակատեղիները հայտնաբերվել են Ակնաշենում, Մասիս բլուրումՙ թվագրված Ք.ա. 6-րդ հազարամյակով: Որպեսզի հասկանանք Լեռնագոգի հայտնագործության կարեւորությունը, այն համեմատենք այսօրվա Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի տարածքներում, մինչեւ Սինայի ափերը ձգվող «Բարեբեր կիսալուսին» կամ «Արգավանդ մահիկ» կոչվող հատվածում հայտնաբերված այն շերտերի հետ, որոնք արձանագրում են հնագույն քաղաքակրթության սկիզբը: «Բարեբեր կիսալուսինի» ստացիոնարՙ նեոլիթյան բնակավայրերը թվագրվում են Ք.ա. 10-9-րդ հազարամյակներով: Փաստորեն, քաղաքակրթության ծիլերն այստեղ են նախանշվել: Դրանցից հյուսիս, հյուսիս-արեւելք այդ ժամանակաշրջանի այլ բնակավայրեր մինչեւ հիմա չէին հայտնաբերվել: Ժամանակակից Հայաստանի տարածքում ավելի վաղ, քան Ք.ա. 6-րդ հազարամյակն է, մինչ Լեռնագոգի պեղումները, նեոլիթյան բնակտեղի չէր հայտնաբերվել: Ընդամենը մի քանի ամիս առաջ հայտնաբերված հնագույն բնակավայրի կարեւորգույն առանձնահատկությունն այն է, որ մարդն այդ ժամանակներում եղել է նստակյաց, զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ, անգամ ճարտարապետություն ունեցել, կերտել քաղաքակրթություն, օգտագործել կավը. այդ հասարակությունն ունեցել է սոցիալական կազմ: Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ այդ հմտությունները Փոքր Ասիայով տարածվել են դեպի Եվրոպա, Իրանի, Իրաքի տարածքներ: Լեռնագոգի հայտնագործությամբ, ըստ էության, փաստագրվել է ոչ միայն այսօրվա Հայաստանի, այլեւ ողջ Կովկասի տարածքում մի հուշարձան, որը Ք.ա. 8-րդ հազարամյակի է եւ որը «Բարեբեր կիսալուսնին» բնորոշ չափորոշիչներ ունի: Հնագետները Լեռնագոգի պեղումների արդյունքները համարում են 2017-ի ամենաերեւելի փաստագրումը: Այդ պեղումների գտածոները Ճապոնիայի լաբորատորիայում ռադիոկարբոնային տասնյակ հետազոտությունների են ենթարկվել, որոնք հիմնավորում են, որ Լեռնագոգի հնավայրի ստորին շերտերն ամփոփում են մինչեւ այժմ Հայաստանում ու Կովկասում հայտնաբերված հնագույն նեոլիթյան քաղաքակրթությունը: Այսինքնՙ նեոլիթյան հեղափոխության սկզբնափուլերում Հայկական լեռնաշխարհի այս հատվածներն Իրանի, Իրաքի, Սիրիայի, այսօրվա Թուրքիայի տարածքներում հայտնաբերված նեոլիթյան ժամանակաշրջանի քաղաքակրթության տարեկիցն ու օրինակն են: Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մակոտո Արիմուրան Ֆրանսիայի համալսարանում սովորելու տարիներին Բորիս Պետրոսյանի ղեկավարած արշավախմբերի կազմում մասնակցել է հայաստանյան պեղումներինՙ նպատակ ունենալով ուսումնասիրել նեոլիթյան ժամանակաշրջանի քաղաքակրթության շերտերը: Գերմանացի, ճապոնացի հնագետները, որ աշխատում են Ադրբեջանում, Վրաստանում, պեղումների հիման վրա եզրակացրել են, որ հնագույն բնակատեղիներն այս տարածաշրջանում ոչ ավելի վաղ, քան Ք.ա. 6-րդ հազարամյակի են: Լեռնագոգը 2000 տարով հետ տարավ հնագույն քաղաքակրթության մասին մեր պատկերացումներն ու ժամանակագրությունը, բացահայտեց, որ Արարատյան մարդը մեզանից դեռ 10.000 տարի առաջ տիրապետել է կավի ճարտարապետությանը: Դեռ 2015 թվականին հետախուզական աշխատանքներ կատարելիս Լեռնագոգում գտնվել են 10-րդ հազարամյակի մարդու սարքած գործիքներ, որոնց նմանությամբ գործիքներ են գտնվել այսօրվա Թուրքիայի տարածքում: Սկզբում հնագետները Լեռնագոգում փոսորակ են արել ու գտել ածխի մնացորդներ, որոնք թվագրվում են 8-7-րդ հազարամյակներով: Հնագետներն իրենց առջեւ խնդիր էին դրել Լեռնագոգում գտնել անխաթար շերտեր, նաեւ ոսկրաբանական նյութ, սերմեր, որոնք թույլ կտային ավելի հիմնավորված խոսել սենսացիոն բացահայտման մասին: Ոսկրաբանական նյութը Ճապոնիայում դեռ ուսումնասիրվում է, որպեսզի պարզվիՙ կենդանիներն ընտանի՞ են եղել, թե՞ վայրի: Իսկ ածխի 12 նմուշները ռադիոածխածնային անալիզի են ենթարկվել ու հաստատել այն պնդումը, որ Լեռնագոգը Կովկասում մինչ այժմ հայտնաբերված ամենահին բնակատեղին է: Այս բացառիկ հիմնավորումներն արդեն շրջանառվում են նաեւ միջազգային հնագիտության մեջ: Առհասարակ, Հայաստանի տարածքում կատարված յուրաքանչյուր պեղման արդյունքների մասին նախ եւ առաջ իմանում են դրսում, որովհետեւ մենք լաբորատորիաներ չունենք, եւ գտածոները լաբորատոր հետազոտություն են անցնում արտերկրում: Բնականաբար, հետազոտությունների արդյունքների առաջին հայտարարողները հանդիսանում են հենց օտարազգի մասնագետները: Այսինքնՙ հայաստանյան պեղումների արդյունքների վերաբերյալ դրսի գիտնականներին ինչ-որ բան համոզելու առիթ կամ անհրաժեշտություն չունենք: Լեռնագոգի դեպքում եւս բոլոր տվյալները Ճապոնիայում են գտնվում: Աշխատանքները սկզբից մինչեւ վերջ, այսինքնՙ առաջին պեղումից մինչեւ լաբորատոր հետազոտություն, կատարվում են միջազգային ծրագրերի շրջանակում: Հայ մասնագետների հետ աշխատում են դանիացի, ֆրանսիացի, ճապոնացի, ավստրիացի հնագետներ: Ընդ որումՙ ֆինանսավորումն էլ կատարվում է միջազգային գիտական կենտրոնների կողմից: Հնագիտական հետազոտությունների արդյունքները հրատարակվում են հղման բարձր գործակից ունեցող ամսագրերում, ինչը միշտ չէ ու բոլորին չէ, որ հաջողվում է: Իսկ հայաստանյան գիտնականների հոդվածներն իրենց պարբերականությամբ ու որակով համեմատվում են իսրայելցիների հետ: Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մակոտո Արիմուրան արդեն 5 տարի համագործակցում է մեր հնագիտության ինստիտուտի հետ: Նրան մեր երկիր են բերել նեոլիթյան ժամանակաշրջանի ուսումնասիրությունները: Մերձավոր Արեւլքը եւ Կովկասը մտնում են նեոլիթիզացիայի կենտրոնական գոտու մեջ: Արիմուրան աշխատել է Սիրիայում եւ Թուրքիայում, որտեղ նեոլիթյան հուշարձաններ շատ կան: «Կովկասում 10-րդ հազարամյակից մինչեւ 6-րդ հազարամյակը բաց էր մնում, այսինքնՙ լավ ուսումնասիրված չէր, քանի որ հնավայր չէր հայտնաբերվել: Մենք չգիտեինք, թե որտեղ է այն մեծ բնակատեղին, որտեղ ապրել է կովկասյան նեոլիթյան մարդը: Իսկ Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում 10-6-րդ հազարամյակների միջակայքում ապրած նստակյաց մարդու բնակավայրեր բազմիցս են հայտնաբերվել: Հնագետներին հանգիստ չի տվել այն հարցը, թե ինչպես կարող էր այդ ժամանակաշրջանում Կովկասում չապրեր նեոլիթյան մարդը: Այս շարժառիթն է եղել պատճառը, որ ես հայ գիտնականների հետ սկսել եմ Հայաստանում ուսումնասիրություններ կատարել ու փորձել գտնել բանալին: Ինձ բառացիորեն անակնկալի բերեցին Լեռնագոգում հայտնաբերված հնագույն ճարտարապետության նմուշները, որոնք առհասարակ Կովկասում առաջինն են. նախադեպը դեռ չի եղել: Թուրքիայի, Սիրիայի համար նեոլիթյան նման բնակավայրեր հայտնաբերելը սովորական երեւույթ է, բայց Կովկասում այն առաջին անգամ է հայտնաբերվում եւ այն էլ Հայաստանի տարածքում: Եթե ապագայում շարունակենք Հայաստանում այլ տարածքներ եւս պեղել, միգուցե նույն ժամանակաշրջանի այլ բնակավայրեր էլ հայտնաբերենք: Հորդորս ու կոչս է ձեզՙ հայերիդ, պահպանեք ձեր հնավայրերը. դրանք ամեն վայրկյան վտանգված են, դրանք ձեր գանձերն են»,- ավարտեց Մակոտո Արիմուրան : 2-3 տարի է ֆրանսիացի եւ իսրայելցի գործընկերների հետ հայ հնագետներն Արագածի փեշերին աշխատում են եւ հայտնաբերել են նոր տիպի մի հուշարձան, որն ստացել է «Անապատի օդապարուկներ» անվանումը: Դրանք անիվ հիշեցնող բնակատեղիներ են: Պեղումներ են սկսվել, որպեսզի բացահայտվեն դրանց մշակութային արժեքները եւ ստույգ ժամանակաշրջանը, նաեւ, թե կիրառական ինչ իմաստ են ունեցել այդ անիվանման բնակատեղիները: Հայտնաբերվել են որսատեղի դարաններ, որոնք արդեն մասնագիտական նկարագրություն ունեն, GPS տվյալներն արձանագրված են: Հիմա հերթը մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս բոլոր հնավայրերը ցուցակներում ընդգրկվեն եւ պահպանվեն պետության կողմից: Հայ հնագետներն էլ իրենց հերթին են ահազանգումՙ բոլոր հուշարձանները վտանգված են. որեւէ պահի մի բուլդոզեր, տրակտոր կարող է հնագիտական շերտերը սրբել-թափել, ինչի նախադեպերը, ցավոք, կան: Հարյուր- հազարավոր դոլարների գործ է արվել ու դաշտային աշխատանքների ակներեւ արդյունքն ուղղակի մատուցվում-նվիրաբերվում է պետությանըՙ ակնկալվելով գոնե պահպանություն ու պաշտպանություն նրա կողմից: Հարկավոր է պահպանական գոտիներ գծել, որպեսզի որեւէ մեկի թեկուզ պատահական գործունեությունը չվտանգի հնավայր-հուշարձանները: 2017-ին սկսել են պեղել նաեւ Հյուսիս-հարավ ճանապահին կից հուշարձանները, որոնք պետք է մնային այդ ճանապարհի տակ, եթե չբացահայտվեր դրանց պատմամշակութային նշանակությունը: Մաստարայի հարեւանությամբ վաղբրոնզեդարյա մի քանի տարածք է պեղվել: Կարասներն անտիկ շրջանում օգտագործվել են որպես գերեզման: Հնագետները կարասային թաղումներ են հայտնաբերել, կենդանիներին մակաղելուՙ կլոր հատակագծով կառույցներ, դամբարաններ: Հնավայրերն անմիջապես Հյուսիս-հարավ ճանապարհի եզրին են եւ այդպես էլ կմնային ճանապարհի տակ, եթե չպեղվեին: Չինական կողմի հովանավորությամբ մինչեւ դեկտեմբերի 10-ն այնտեղ պեղումներ են կատարվել: Թալինից մինչեւ Լանջիկ ընկած հատվածում չկա մի հուշարձան, որ պեղված չլինի կամ մնացած լինի ճանապարհի տակ: Դրանք նախկինում թալանված, կիսավեր տարածքներ են եղել, որոնք այժմ մաքրված, գիտական տեսքի են բերված: Գտածոները հետագայում կօգտագործվեն հայ եւ միջազգային կենտրոնների կողմիցՙ նոր հետազոտությունների ու եզրահանգումների նպատակով: 2018-ին Հյուսիս-հարավ ճանապարհի տարածքում փրկարարական պեղումները կշարունակվեն: Կշարունակվեն ուսումնասիրությունները նաեւ Մասիս բլուրում բացված հնավայրում: Ի դեպ, այս հնավայրը նախկինում ծառայել է որպես գյուղացիական բոստան: Հնագետներն այստեղ մինչեւ 3 մ. խորությամբ շերտեր են բացել, մաքրել: 2018-ին մեր երկրում կմեկնարկի հնագիտական ամառային առաջին դպրոցի նոր ծրագիրը: Մասիս բլուրի տարածքում է բացվելու դպրոցը. նախագիծն իրականացվում է Լոս Անջելեսի համալսարանի հետ համատեղ: Հայաստանի ու ԱՄՆ-ի տարբեր համալսարանների ուսանողներն ու ասպիրանտները հնարավորություն կունենան Մասիս բլուրում պեղումներ կատարել եւ տեղում հետազոտություններ անել հմուտ մասնագետների ղեկավարությամբ: Երկար ժամանակ խոսվում էր այն մասին, որ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում գիտակրթական կենտրոն: Վերջապես այս տարի այս ուղղությամբ գործնական քայլեր կարվեն: Լեռնագոգում եւս պեղումները կշարունակվեն ավելի համակողմանի ու ընդգրկուն: 8-րդ հազարամյակով փաստագրվող հուշարձանն ավելի խորն է ուսումնասիրվելու: Ի վերջո, այս հնավայրը ցրեց ընդունված ու կարծրացած այն համոզմունքը, թե 8-րդ հազարամյակում Արարատյան դաշտում եղել են ճահիճներ ու լիճ: Պարզվում էՙ ոչ. այնտեղ ապրել է Արարատյան նստակյաց մարդը: Ի դեպ «Բարեբեր կիսալուսնի» տարածքում ամենահին քաղաքակրթությունը 11-րդ հազարամյակի է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի տարածքումՙ Սասնո ջրերի ափերին: Դա այն գետն է, որի ջրից Սանասարն ու Բաղդասարը խմեցին, հզորացան: |