RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018



ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-01-19 00:39:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2768, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄԱ ԱՒԵԼԻ ԼԱՒ ԿԸ ՃԱՆՉՆԱՆՔ ՓԱՆՈՍ ԹԷՐԼԷՄԷԶԵԱՆԸ

Ռոբերթ ՀԱՏՏԷՃԵԱՆ, Պոլիս

Սխալված չենք լինի եթե ասենք, որ վերջին ժամանակներում հրատարակված ոչ մեկ գիրք այնքան գրախոսականների ու շնորհանդեսների չի արժանացել, որքան Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» 419 էջանոց հուշամատյանը: Գրքի 700 օրինակները մի քանի ամսում գրեթե ամբողջովին սպառվել ենՙ գեղեցիկ մրցանիշ հաստատելով մեր օրերին հատուկ ընթերցողական սովի պայմաններում, միաժամանակ վերահաստատելով ճշմարտությունըՙ լավ գիրքը միշտ գտնում է իր ընթերցողին: Դրան անշուշտ նպաստել է հեղինակի նվիրական անունըՙ որպես սիրված գեղանկարչի, նրա խորապես ազգային կերպար լինելը, ինչպես նաեւ այն անդոհալի ժամանակաշրջանը, ուր ապրել, գործել եւ ստեղծագործել է նա: Այս առիթով պետք է ըստ արժանվույն գնահատել Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների ու Կանադայի կենտրոնական վարչության այս նախաձեռնությունը, շնորհիվ որի լույսին բերվեց Հայաստանի Ազգային պատկերասրահի արխիվներում 75 տարի մնացած գործըՙ հոգեկան բավարարություն տալով պատմաբաններին, գրականագետներին, ազգագրագետներին, արվեստաբաններին եւ առհասարակ ընթերցողներին:

Գրքին եւ այն կազմող, ծանոթագրող եւ ներկայացնող Ե. Տեր-Խաչատրյանի բծախնդիր աշխատանքին է անդրադարձել նաեւ պոլսահայ վետերան խմբագիր ու գրող Ռոբերտ Հատտեճյանն իր «Մարմարա» օրաթերթի 23 հոկտ. 2017 թ.ի գրական էջումՙ իր գրախոսականին կցելով երկու հատված գրքից:

Խմբ.

Մեր մօտաւոր անցեալի անցուդարձերուն, մանաւանդ Կոմիտաս Վարդապետի իսթանպուլեան օրերուն ծանօթ մեր մշակութասէրներուն համար յայտնի անուն մըն է Փանոս Թէրլէմեզեանի անունը: Բայց ան մեր բոլորին համար յայտնի անուն է որպէս նկարիչ մը, որ միջոց մը ապրեցաւ Կոմիտաս վարդապետին հետ Բանկալթըի բնակարանին երդիքին տակ ու իրականացուց նաեւ Կոմիտաս Վարդապետի շատ նշանաւոր դարձած մէկ նկարը, ծառի մը տակ, գորգի մը վրայ նստած: Այսքան: Մեզմէ ո՞վ աւելի շատը գիտէր Փանոս Թէրլէմէզեանի մասին:

Հիմա կրկին ու կրկին շնորհակալ ենք Հայաստանի ականաւոր գրագէտ ու գրականագէտ Երուանդ Տէր Խաչատուրեանին, որ մեզ անակնկալի բերաւ փառաւոր հատորի մը մէջ հրատարակելով Փանոս Թէրլէմէզեանի «Կեանքիս յուշերը» խորագրեալ մասամբ ցարդ անտիպ մնացած յուշերը: Այս հատորը հիմա բոլորովին նոր Փանոս Թէրլէմէզեան մը կը ծանօթացնէ մեզի:

Երուանդ Տէր Խաչատուրեանի մասին աւելի առաջ ալ խանդավառ տողեր գրի առինք, երբ ան Երեւանի մէջ նախ հրատարակեց Հրանդ Նազարեանցի մեզի անծանօթ գործերը ի մի բերող շքեղ հատոր մը, աւելի վերջ ալ Տիրան Չըրաքեանի կամ գրական անունովՙ Ինտրայի գործերուն նուիրուած երկու փառաւոր հատորներ: Անգտանելի, թերեւս կորուստի ճամբան բռնած գործեր այս կերպով մէկտեղուած ու կորուստէ փրկուած էին նոր գեղատիպ հրատարակութեամբ: Եւ ինչ որ մեզի համար խանդավառիչ էր այն էր, թէ Երուանդ Տէր Խաչատուրեան, Երեւանի մէջ նստած, մեզիՙ պոլսեցիներուս կը ծանօթացնէր մեր Պոլսոյ տիտանները:

Փանոս Թէրլէմէզեանը, որ մեզի համար պարզապէս Կոմիտասի մէկ նկարի նկարիչն էր, հիմա մեր դիմաց կ՛ելլէ նոր դիմագծութեամբ մը:

Գիրքին սկիզբը, ինչպէս նախորդ հատորներուն, դրուած է Երուանդ Տէր Խաչատուրեանի գրիչով լայն ներածական մը, որ ինքնին առանձին ուսումնասիրութիւն մըն է Թէրլէմէզեանի մասին: Հոն է որ մեզի կը ներկայացուի Թէրլէմէզեան մը, որ նախապէս նկարիչ չէ, այլ քաղաքական գործիչ: Ան նախ ստանձնեց ուսուցչի պաշտօն, ապա հեռացաւ այդ ասպարէզէն ու դարձաւ յեղափոխական քաղաքական գործիչ, ապրեցաւ ծանր փորձութիւններ, ձերբակալութիւններ, բանտարկութիւններ, մահավճիռներ, բանտերէ փախուստներ, առանց ընտանիքիՙ մենութեան տարիներ: Օր մըն ալ, երբ արդէն երեսուն տարեկան էր, որոշեց վերջ տալ այս բոլորին ու նուիրուիլ նկարչութեան: Նկարչութիւն սորվեցաւ Թիֆլիսի ու Փեթերսպուրկի մէջ, դարձաւ կայսերական նկարչական դպրոցի ուսանող: Թէրլէմէզեան նկարեց մինչեւ որ օր մըն ալ հիւանդացաւ: Իր ձեռքերը կը դողային ու չէր կրնար նկարել: Այն ատեն որոշեց գրել իր կեանքի պատմութիւնը, որ վերջին հաշուով կը դառնար մեր ազգային պատմութեան կարեւոր էջերէն մէկը: Թէրլէմէզեանի յուշերուն մէջ բացառիկ արժէք ներկայացնող տեղեկութիւններ կան իր շրջանի Վանի ու այդ քաղաքի ազգային հաստատութիւններուն ու կեանքին մասին:

Բնական է որ թանկագին յուշերով լեցուն այս գրքին մէջ իր տեղը պիտի ունենար նաեւ Կոմիտասի հետ ապրուած կարճատեւ միասնութիւնը: Բայց ասիկա պարզապէս մանրամասնութիւն մըն է: Հեղինակը բաւական ուշ է որ որոշած էր գրի առնել իր յուշերը ու ինչ մեղք որ չկրցաւ աւարտին բերել զանոնք իր հիւանդութեան ու մահուան հետեւանքով:

Շնորհակալ ենք Երուանդ Տէր Խաչատուրեանին այս նոր ու օգտաշատ գիրքին համար, որմէ օրինակ մըն ալ բարի եղած է ղրկել մեր անուան: Հիմա աւելի լաւ կը ճանչնանք Փանոս Թէրլէմէզեանի ու անոր յուշերուն մէջէն վերստին կը հաղորդուինք այն փոթորկոտ ու բախտորոշ ապրումներուն հետ, որոնք եղան այդ ողբերգական դարաշրջանի հայ մարդոց ոդիսականը:

«Մարմարա», 23.11.17 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ