RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2018-06-22 15:57:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2614, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵՐՔԵԶԱՀԱՅԵՐԻ ՇԱՌԱՎԻՂԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց պրոֆեսոր ԱԼԵՔՍԻՍ Տ. ԲԵԼԼԻ հետ

Տարիներ շարունակ հետաքրքրվելով ականավոր ֆրանսիական հայազգի գրող Անրի Թրուայայի կյանքով եւ ստեղծագործությամբՙ տեղյակ էի, որ նրա քույր Օլգա Տարասովան (1902-1982) եղել է բալետի ուսուցչուհի Նյու Յորքում: Իմ «Հայերը համաշխարհային պարարվեստում» ուսումնասիրության համար նրա վերաբերյալ նյութեր տրամադրելու խնդրանքով դիմեցի պարուսույցի որդունՙ Բերքլիի համալսարանի պրոֆեսոր, քիմիկոս Ալեքսիս Տարասով Բելլին: Վերջինս սիրահոժար ինձ ուղարկեց մոր կենսագրական տվյալները եւ արժեքավոր լուսանկարներ: 2011 թ. հոկտեմբերին այցելելով Սան Ֆրանցիսկոՙ հնարավորություն ստեղծվեց անձամբ հանդիպել Ալեքսիսին եւ վայելել նրա ու նրա ռուս կնոջՙ Տատյանայի հյուրընկալությունը:

Պրոֆեսոր Ալեքսիս Բելը ծնվել է 1942 թ. Նյու Յորքում: Ուսանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, գիտական եւ դասախոսական գործունեություն է ծավալել Բերքլիում, դասախոսել Ռուսաստանում, Չինաստանում եւ այլուր: Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի եւ Արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է, գիտական մի շարք պարգեւների մրցանակակիր, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ...

Հունիսի սկզբին Բելլ զույգը երկրորդ անգամ այցելեց Հայաստան: Ալեքսի հետ իմ զրույցը նրա նախնիների եւ նրա հայկական կապերի մասին է...

- Ալեքս, բարի եկաք Հայաստան: Թեեւ Միացյալ Նահանգների որոշ գիտական շրջանակներում դուք ճանաչված գիտնական եք, բայց հայերի համար դուք կապվում եք ձեր ընտանիքի հայկական արմատների հետ, որոնք հասնում են մինչեւ Նախիջեւանի Ցղնա գյուղը: Ձեր հորեղբայր Անրի Թրուայա-Լեւ Տարասովը բավականին ճանաչված էր Հայաստանում, նրա վեպերից մի քանիսը թարգմանվել են հայերեն: Դուք խառը ծագում ունեք, ու թեեւ ձեր հայկական արմատներն այնքան էլ մոտ չեն, սակայն, այդուհանդերձ, ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

- Իմ հայկական արմատների մասին ես գիտեմ մորս հետ զրույցներից: Նրա ծնողները սերել են դարեր շարունակ Կովկասյան լեռներում ապրած չերքեզահայերից, մինչեւ 19-րդ դարի կեսերը, երբ նրանք հաստատվել են այն վայրում, որն այսօրվա Արմավիր քաղաքն է եւ նպաստել են քաղաքի հիմնադրմանը 1839 թվականին: Մայրս ծնվել է Արմավիրում, նրա ծնողները չերքեզահայեր էին, ներկայիս Կրասնոդարի հայեր, ինչպես նաեւ տատիկիսՙ Լիդիա Աբեսոլոմովայի կողմից ուներ որոշ չափով գերմանական, վրացական ու ռուսական արյուն: Մենք տեսել ենք Աբեսոլոմովի տունը Թբիլիսիում: Մայրական տատս եւ պապսՙ Ասլանը, հիմնականում խոսում էին ոչ թե ռուսերեն, այլ չերքեզերեն: Բայց նրանք Հայ եկեղեցու մաս էին կազմում: Կրոնով նրանք հայեր էին, լեզվով` չերքեզներ եւ ռուսներ: Այս ժառանգության միջոցով եմ ես կապված հայ ժողովրդի հետ: Իսկ հայրսՙ Վլադիմիր Բելզիցմանը, ծնվել էր Թբիլիսիում, երկու կողմից էլ հրեա ընտանիքում, խոսում էր վրացերեն ու ռուսերեն:

- Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ դուք ունեք կովկասյան արմատներ: Ինչպե՞ս են դրանք անդրադարձել ձեր անձի վրա:

- Կարծում եմ, դա արտահայտվում է մարդկանց հանդեպ ունեցած իմ սրտաբացության մեջ, կովկասյան երաժշտության, երգ ու պարի, եւ իհարկե, խոհանոցի հանդեպ սիրով, որը գալիս է մանկությունից, քանի որ հայրս շատ լավ խոհարար էր: Նա վարպետորեն պատրաստում էր կովկասյան ու ռուսական ճաշատեսակներ:

- Ես գիտեմ, որ ձեր մայրը եղել է Նյու Յորքի Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու ծխերից եւ եկեղեցու հետ կապված հարցերով դիմել է Արսեն քահանա Սիմեոնյանցին...

- Այո, բայց ես երբեք չեմ հանդիպել նրան: Երբ ես ծնվել եմ, մայրս ինձ մկրտել է հայկական եկեղեցում, բայց ես ընդամենը մեկ անգամ եմ եղել այնտեղ:

- Ի՞նչ հիշողություններ ունեք Ասլան պապիկից եւ Լիդիա տատիկից:

- Ես առաջին անգամ հանդիպել եմ նրանց 1945-ին, երբ երեք տարեկան էի, հետո տեսնվում էինք երկու-երեք տարին մեկ, երբ մորս հետ այցելում էինք Ֆրանսիա: Ասլան պապս սիրում էր պատմություններ պատմել Ռուսաստանի իր կյանքի մասին, ինչպես էր ձի հեծնում, նաեւ ձի վաճառում ցարական բանակին: Նա նույնիսկ հիշում էր իր ձիերի անունները: Այդ պատճառով մայրս լավ հեծյալ է եղելՙ նախքան ընտանիքի հեռանալը Ռուսաստանից բոլշեւիկյան հեղափոխությունից հետո: Պապիկս ու տատիկս միշտ լավ էին հագնվում, քիչ թե շատ պաշտոնապես: Հիշում եմՙ ինչպես էր Լիդիա տատիկը կարգի բերում մազերն ամեն առավոտ ու նրա դիմափոշու հոտը: Նա նաեւ տնտեսությունն էր վարում: Կեսօրվա թեյախմությունն ընտանեկան միջոցառում էր, բոլորը հավաքվում էին սամովարի շուրջը: Երբ մայրս եւ ես մեկ ամիս Ֆրանսիայում էինք մնում, տուն էինք վարձում Բրետանում կամ Լազուրի Ափում (Cote d՛Azur), որտեղ էլ մեծ ծնողներս վայելում էին իրենց երեք զավակներին ու հինգ թոռներին:

- Չերքեզահայերն այնքան էլ շատ չեն: Երբեւէ հանդիպե՞լ եք ուրիշների: Ո՞ւմ:

- Ոչ, ցավոք, երբեք չեմ հանդիպել որեւէ չերքեզահայի, բացի իմ ընտանիքի անմիջական անդամներից:

- Դուք նաեւ կրում եք ձեր մոր ազգանունըՙ Տարասով: Այս ընտանիքի մի մասը մնացել է Ռուսաստանում: Անցյալ տարի մահացած ռուսաստանցի հայազգի գործարար եւ քաղաքական գործիչ Արտյոմ Տարասովի անունը բավական հայտնի էր: Դուք կապ հաստատե՞լ եք ձեր գերդաստանի անդամների հետ Ռուսաստանում:

- Տատյանան եւ ես Արտյոմ Տարասովի մասին իմացանք միայն մի քանի տարի առաջ: Ես մի քանի անգամ էլեկտրոնային նամակ եմ գրել նրանՙ բացատրելով մեր առնչությունը, բայց նա երբեք չի արձագանքել: Ավելի ուշ Տատյանան իր ընկերուհու միջոցով գտավ նրա բջջային հեռախոսահամարը, զանգահարեց նրան եւ բացատրեց մեր կապըՙ ասելով, որ մենք կցանկանայինք նրան հանդիպել Մոսկվայի մեր ուղեւորություններից մեկի ժամանակ: Նա ասաց, որ հաճույքով կհանդիպեր մեզ, բայց արդեն հիվանդ էր քաղցկեղով ու հիվանդանոցում էր, երբ մենք զանգահարեցինք նրան: Ցավոք, սա առաջին եւ վերջին կապն էր, որ ունեցանք նրա հետ: Որքան գիտեմՙ նա միակ ռուսաստանցի Տարասովն էր, որի մասին մենք տեղյակ ենք:

- Եվրոպա տեղափոխվելիս Ասլան Տարասովի ընտանիքը որոշ ժամանակ մնաց Կոստանդնուպոլսում, եւ 1920 թ. ձեռք բերեց Հայաստանի Հանրապետության անձնագիրՙ ընտանիքի ազգանունը թարգմանելով Թորոսյան: Պահպանվե՞լ է ձեր մոր հայկական անձնագիրը:

- Կարծում եմ` այո: Եթե գտնեմՙ լուսանկարը կուղարկեմ քեզ:

- Օլգա Տարասովան իմ «Հայերը համաշխարհային պարարվեստում» ուսումնասիրության «հերոսուհիներից» է: Ինչպե՞ս է ռուս գաղթականը կարողացել ունենալ երեք բալետային դպրոց Նյու Յորքի նման մեգապոլիսում:

- Մայրս ուժեղ բնավորություն ուներ եւ ամուսնանալովՙ չուզեց անգործության մատնվել ու կարճ ժամանակ անց բալետի ստուդիա բացեց: Հայրս Մանհեթենի 142-րդ Արեւմտյան 54-րդ փողոցում գտնվող շենքի երրորդ հարկում վարձակալեց տարածք եւ իր ընկերոջՙ նկարիչ Հանս Հոֆմանի հետ վերածեց փոքրիկ բնակարանի եւ մայրիկի ստուդիայի: Ամբողջ տարածքում ընդամենը մեկ լոգարան կար, որն աղջիկների հանդերձարան էր ծառայում, այնպես որ երբ մայրս ուզում էր երեկոյան ինձ լողացնել, գլուխը մտցնում էր լոգասենյակՙ համոզվելու համար, եթե այնտեղ աղջիկներ չկան...

- Օլգա Ասլանովնան Հոլիվուդի լեգենդ Օդրի Հեփբըրնի բալետի ուսուցչուհին էր: Արդյոք նա երբեւէ պատմե՞լ է նրա մասին:

- Չեմ հիշում, որ մայրս որեւէ բան պատմեր Օդրի Հեփբըրնի մասին, բայց հիշում եմ իր նշանավոր աշակերտուհիներից մեկինՙ Մարիա Թոլչիֆին, որն առաջին ամերիկյան հնդկացի բալետի պարուհին էր: Մի քանի առիթով, երբ ծնողներս տեղ պիտի գնային եւ ինձ պետք էր հանձնեին մեծահասակի խնամքի, այդ հարցով դիմել են Մարիային:

- Ես տեսնում եմ, որ դուք արտաքնապես շատ նման եք ձեր հորեղբորը: Ինչպիսի՞ն էին ձեր հարաբերությունները: Ունե՞ք հատուկ հիշողություններ նրա հետ կապված:

- Հորեղբայր Անրիի հետ կապված շատ հիշողություններ ունեմ: Իմ պատանեկության օրերին, երբ ողջ ընտանիքը միասին էր անցկացնում ամառը, նա փորձում էր մեզ հետ անցկացնել ժամանակի առնվազն մի մասը: Նա սահուն ռուսերեն էր խոսում: Եղել եմ Փարիզի նրա տանը եւ Պեյմենադում գտնվող իր ամառանոցում: Չնայած երկուսով շատ ժամանակ չենք անցկացրել միասին, ես հաճույքով զրուցում էի նրա գրականության մասին, նա էլ միշտ հետաքրքրվում էր իմ մասնագիտական կյանքով: Մի անգամ ինձ ասաց, որ ատում է հանրային ելույթները եւ փորձել է հանդիսատեսի առջեւ հնարավորինս քիչ հանդես գալ: Նաեւ ասաց, որ երբ հրավիրվել է Շանզ Էլիզեում Գորբաչովի հետ հանդիպմանը, սկզբում հրաժարվել է գնալ, քանի որ վստահ չի եղել, թե ինչի մասին պիտի խոսի, բայց, ի վերջո, կինը համոզել է նրան մասնակցել այդ հանդիպմանը:

- Անրի Թրուայան, որը ծնվել էր Ռուսաստանում եւ ողջ կյանքում գրել այդ երկրի ու մշակույթի մասին, այդպես էլ երբեք չայցելեց Ռուսաստան, որպեսզի չաղարտի այդ երկրիՙ իր ունեցած մտապատկերը: Դուք, ծնված լինելով ԱՄՆ-ում, բազմիցս եղել եք Ռուսաստանում...

- Իմ հետաքրքրությունը Ռուսաստանի հանդեպ ձեւավորվեց վաղ տարիքում, որին նպաստել են մորս պատմություններն Արմավիրում ու Մոսկվայում իր մանկության մասին, ճաշկերույթների ժամանակ բազմաթիվ զրույցները ռուսաստանցի ընկերների, հատկապես Ֆեոդոր Շալյապինի զավակներիՙ Բորիսի, Տատյանայի, Ֆեոդորի եւ Լիդիայի հետ: Այս խումբը սիրում էր հիշել Ռուսաստանում իրենց մանկությունը եւ երիտասարդությունը, երգել ռուսական երգեր ու վայելել ռուսական խոհանոցը, սովորաբար պատրաստված հորս կողմից: Մենք նշում էինք ռուսական Զատիկը Բորիս Շալյապինի տանը Իսթոնում, հավկիթները ներկում էինք ոսկե ու արծաթե ներկերով, այցելում Ռուս ուղղափառ եկեղեցիՙ լսելու Զատկի ժամերգությունը:

Մասաչուսեթսում ուսանելու տարիներիս ապրել եմ ռուսալեզու հանրակացարանում, ունեինք ռուսերենի դասախոսՙ Դեյվիդ Փըրլմաթերը, որը 1950-ականների վերջին խորհրդա-ամերիկյան առեւտրի ցուցահանդեսում թարգմանիչ է աշխատել: Երբ համալսարանի սլավոնական բաժինը որոշ ժամանակ անց դադարեց նրան վճարել, ես սկսեցի կազմակերպել ռուսական ֆիլմերի վճարովի ցուցադրություններՙ բերել տալով հիմնականում Էյզենշտեյնի եւ խորհրդային այլ դասականների ֆիլմերը, այդպիսով վճարելով մեր դասախոսի աշխատավարձը:

- Դուք երկրորդ անգամ եք Հայաստանում: Արդեն որոշ կապվածություն զգո՞ւմ եք այս երկրի հետ:

- Հայաստանի ու հայ մշակույթի մասին իմ գիտելիքները համեմատաբար վերջերս են զարգացել, մեծապես Արմավիրի հայ համայնքի ակտիվիստ Գրիգորի Կարապետյանի ջանքերի շնորհիվ, որը 2014-ին մեզ հրավիրեց Արմավիրՙ նշելու քաղաքի 175-ամյակը: Գրիգորին նաեւ օգնեց կազմակերպել մեր առաջին այցը Վրաստան եւ Հայաստան 2015 թվականին ու նաեւ` մեր այս տարվա ուղեւորությունը: Այցելությունները Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Փարաջանովի թանգարան, ինչպես նաեւ Էջմիածին եւ Սեւանա լիճ մեծապես բարձրացրին Հայաստանի ու նրա ժողովրդի հանդեպ իմ գնահատականը: Տատյանան եւ ես համարում ենք, որ հայերը ջերմ ու շատ հյուրասեր մարդիկ են, որոնք հպարտանում են իրենց ժառանգությամբ եւ բավականին գիտակցում են այն դժվարությունները, որոնց իրենց ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է: Այս ամենը հարուցում է ամենամեծ հարգանքը հայերի հանդեպ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ