ԼԵՍԼԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «100 ԱՊՐԻԼՆԵՐ» ՊԻԵՍԸ Հ.Ծ. Լոս Անջելեսի Օքսֆորդ պողոտայի վրա գտնվող «Ռոգ Մաշին» (Rogue Machine) թատրոնում հունիսի 9-ից մինչեւ հուլիսի 16-ը շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին ներկայացվելու է մրցանակակիր դրամատուրգ Լեսլի Այվազյանի «100 ապրիլներ» պիեսը, որը պատմական ճշմարտությունը ժխտելու խելացնորությանն ու հետեւանքներին է նվիրված: Ջոն Սայբյանը մեր ժամանակների Դոն Կիխոտն է: Ինքն ու ընտանիքը երկրորդ սերնդի հայեր են, որոնց ծնողները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից: Ջոնը հավատացած է, որ իրեն տանջող մի անձնավորություն անընդհատ հետապնդում է իրեն: «Թշնամին» իրակա՞ն է, թե՞ պարզապես մանկական հիշողությունների արդյունքը: «Զգում էի, որ պարտավոր եմ ինչ-որ ձեւով անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Սա բոլոր հայերի պատմությունն է, որ սերնդե-սերունդ է փոխանցվում աբսուրդի մեր աշխարհում: Դա որոշ առումով հալյուցինացիայի եւ մասամբ երազանքների այն աշխարհն է, որը լռեցնել չի կարելի», պիեսի մասին ասել է հեղինակըՙ Լեսլի Այվազյանը: Նա հեղինակն է 8 ամբողջական եւ 7 մեկ արարանոց պիեսների, որոնց մեծ մասը մրցանակների են արժանացել: Նրա «Յուրաքանչյուր երեք րոպե» կարճամետրաժ ֆիլմը նույնպես մրցանակ է ստացել: Նոր պիեսում ներգրավված են ինքըՙ հեղինակը (Բեատրիս Սայբյանի դերով), Ռոբերտսոն Դինը (դոկտ. Ահմեդ), Ջոն Պերին Ֆլինը (Ջոն Սայբյան), Ջանեթ Սոնգը (բուժքույր) եւ Ռեյչըլ Սորսան (Առլեն Սայբյան): |