RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018



ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Տեղադրվել է` 2018-06-22 15:57:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2732, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ, Ճարտարապետ

Ներկայիս Հայաստանի Հանրապետության ճարտարապետական կերպարը մեծապես ժառանգված է Խորհրդային Հայաստանից: Հայկական խորհրդային ճարտարապետության կայացումն ու զարգացումը կապված է ճարտարապետական մի քանի դպրոցների ու մի քանի ուղղությունների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը Հայաստանի ճարտարապետական կերպարի, ճարտարապետության զարգացման հետագա գործընթացների կերտման ու կայացման հարցում: Առանձնահատուկ է հայկական ազգային ճարտարապետական դպրոցի վերածնունդը Խորհրդային Միության տարիներինՙ չնայած պետական քաղաքականությանը, որի նպատակն էր մշակույթի բոլոր բնագավառները ծառայեցնել կոմունիստական քարոզչությանը: Այսօր քիչ է խոսվում այս շրջանի ճարտարապետական ազգային կոթողների եւ դրանց հեղինակների մասին: Սակավաթիվ են գիտական ու գիտահանրամատչելի աշխատանքները, որոնք անդրադառնում են այս խնդիրն:

Այս բացը լրացնելու առաջին քայլերից է ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» հոդվածների ժողովածուն (Երեւան, 2015): Գիրքը հանրագումարի է բերում Ռաֆայել Իսրայելյանի հայրենական հերոսական ինքնապաշտպանությանն նվիրված հուշարձանների եռապատում կառույցներըՙ Ապարան, Սարդարապատ, Մուսալեռ, Հաճընի հերոսամարտի հուշարձանը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց տեղադրված կոթողը, կոթող Սայաթ-Նովա փողոցի վրա, Ջիմ Թորոսյանի այսպես կոչված 50-ամյակի հուշակոթողը, Գրիգոր Աղաբաբյանի Երեւանի ծածկած շուկան, Էդուարդ Սաֆարյանի, Ֆելիքս Հակոբյանի եւ Աշոտ Ալեքսանյանի համահեղինակած «Դվին» հյուրանոցը:

Աշխատանքը գրվել է ինչպես «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության կողմից Ռ. Իսրայելյանի արխիվից տրամադրված լուսանկարների, գծագրերի, այնպես էլ անձնական լուսանկարման, չափագրական աշխատանքների արդյունքում, կատարած ուսումնասիրությունների հիման վրա:

Ժողովածուի առաջին հոդվածը նվիրված է Ապարանի «Վերածնունդ» հուշարձանին: 1979 թ. Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված այս կոթողը կարծես իր մեջ ներառի XX դ. հայ ժողովրդ կարեւորագույն իրադարձություններըՙ Մեծ եղեռնը, Մայիսյան հերոսամարտերը եւ Երկրորդ աշխարհամարտը: Չնայած ակնհայտորեն հուշարձանի կառուցումը նպատակամիտված է 1918 թ. մայիսին Ապարանում տեղի ունեցած ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնելուն եւ հայ ժողովրդի կյանքում այդ կարեւորագույն իրադարձությունը վառ պահելուն, սակայն մեկ կոթողում հեղինակը կարողացել է խոսել նաեւ երկու այլ վճռական իրադարձությունների մասին: «Վերածնունդ» հուշարձանի կենտրոնական հատվածըՙ որպես հիմնական նվիրված է հենց Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հայոց հաղթանակին Այսրկովկաս ներխուժած թուրքական բանակների դեմ, որոնք նպատակ ունեին արեւմտահայոց ճակատագրին արժանացնել նաեւ Արեւելյան Հայաստանի մի մասում հավաքված հայության բեկորներին: Ճարտարապետական կառույցի գաղափարի հիմքում անշուշտ դրված է պատմական իրականությունը, որ Ցեղասպանությունից անմիջապես հետո հայությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ ուժերի վերջին լարմամբ վերածնունդ ապրել ու հայրենիքի գոնե մի հատվածից դուրս շպրտել թշնամուն եւ ստեղծել դարերի երազանքըՙ անկախ պետականությունը: Հուշարձանի երրորդ հատվածը, որը նվիրված է Հայրենական պատերազմում հայ ժողովրդի ունեցած ներդրմանը գալիս է եւս հաստատելու, որ վերածնունդը անշրջելի էՙ Եղեռնից հետո հայ ժողովուրդը կարողացավ հաղթել մայիսյան հերոսամարտերում, որով ապացուցեց իր գոյության իրավունքը եւ դրանից երեք տասնամյակ չանցած իր կարեւոր ներդրումն ունեցավ ամբողջ աշխարհի անվտանգության ապահովման ու ֆաշիզմի տապալման գործում: Հեղինակը ամբողջացնելով հուշարձանի կերպարը գրում է. «Ընդհանրացնելով այս ամենըՙ կարող ենք ասել, որ նայելով հուշարձանին հյուսիսային կողմի դիտանկյունիցՙ մի կողմից ժամանակակից խստաշունչ սիմֆոնիա ենք լսում, մյուս կողմիցՙ ժողովրդական առնական քոչարի պարն ենք տեսնում» (էջ 9):

Շարունակելով հերոսամարտերի թեմանՙ հեղինակն առանձին հոդվածներ է նվիրում Մուսա լեռան եւ Հաճընի հերոսամարտերին նվիրված հուշարձաններին: Հայոց պատմության հերոսական էջերին նվիրված ճարտարապետական գլուխգործոցների ստեղծումը, անշուշտ, Ռաֆայել Իսրայելյանի կարեւորագույն ներդրումներից է հայ ճարտարապետության մեջ: Չունենալով անկախություն խորհրդային տարիներինՙ անհրաժեշտ էր հնարավորություն ընձեռել սեփական ժողովրդին առերեսվել սեփական պատմությանը, որը հատկապես Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության գոյության առաջին տասնամյակներին ոչ միայն խրախուսելի չէր, այլեւ անթույլատրելի: Ինչ խոսք, հետպատերազմյան շրջանում, հատկապես կապված նաեւ 1960-ական թթ. ազգային զարթոնքի հետ, ստեղծվեց պատեհություն իրականացնելու նման մտահղացումներ: Ի դեպ, Իսրայելյանի ազգային, ազգային-ազատագրական թեմատիկայով կոթողների կառուցման թույլատվությունը ոչ միայն պայմանավորված էր պետական քաղաքականության մեղմացմամբ, այլեւ ճարտարապետը հենց ինքն էր նպաստում ազգային զարթոնքին ու ստեղծում համապատասխան միջավայր: Տասնամյակներ շարունակ հայրենաբնակ հայերը անարդարացիորեն կտրված էին սեփական ոչ վաղ անցյալի պատմությունից, հատկապես Հաճընի եւ Մուսա լեռան հերոսամարտերը հանրածանոթ չէին նաեւ այն պատճառով, որ այս եւ հարակից բնակավայրերի ցեղասպանությունը վերապրած հայերի մի զգալի հատվածը հաստատվեց սփյուռքում, եւ Հայաստանի հայերի մի մասն անհաղորդ էր այդ իրադարձություններին: Դա ոչ միայն չէր նվազեցնում այս կարեւորագույն պատմական իրադարձություններին նվիրված ճարտարապետական կոթողների կառուցումը, այլ ընդհակառակըՙ ավելի արդիական էր դարձնում արհեստականորեն բաժանված հայության բոլոր հատվածների միասնական արժեքների ամրապնդումը:

Հանգամանալիորեն ուսումնասիրելով Մուսա լեռան հուշարձանի ճարտարապետական նրբերանգներըՙ Դ. Ստեփանյանն ընդգծում է նրա յուրահատուկ յուրօրինակ հորինվածքը. «Հուշարձանի ծավալատարածական յուրահատկություններից են քարի մեծ մակերեսներն ու նրանց ուղղանկյուն, սուր եզրեր գոյացնող անցումները: Այդ անխոռոչ պատային հարթությունները պարփակվածության, կարծրության ու անմատչելության զգացողություն առաջացնելովՙ միաժամանակ վեհություն ու հանգստություն են ներշնչում» (էջ 23):

Հաճընի ճակատարմարտին նվիրված հուշարձանի պարագայում հեղինակը հատկապես առանձնացնում է 12 աստիճաններով գետնից կտրված հարթակը, որն այցելողին տեղափոխում է մի ուրիշ աշխարհ: Ատամնաշարերի նման ելուստները տպավորություն են ստեղծում, թե դիտողը հայտնվել է Լեռնային Կիլիկիայում. չնայած իր համեստ չափին շինությունը դառնում է մի հսկա ամրոց (էջ 40): Այս առումով Հաճընի հերոսամարտին նվիրված կոթողը համեմատվում է Իսրայելյանի մեկ այլ կառույցիՙ Գառնիի ճանապարհին գտնվող «Արարատի տաճարի» հետ. «Փոքրի մեծությունը բացահայտող նման գաղտնիքները հաճախ են թաքնված լինում Իսրայելյանիՙ արտաքուստ երբեմն անշուք թվացող գործերում, որոնցից ամենավառ օրինակն է հայտնի Մասիսի Տաճարը: Չարենցի կամարն ու Հաճընի հուշարձանը այս առումով ընդհանրություններ ունեն: Մի դեպքում«փոքրը» «մեծ» է դառնում, երբ մեջն են մտնում, մյուս դեպքումՙ երբ վրան ես բարձրանում» (էջ 40):

Ժողովածուի մեկ այլ հոդված նվիրված է հայոց բազմահազարամյա պատմության ամենաերեւելի դեմքերից մեկիՙ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց կառուցված կոթողին: Սրա վերաբերյալ Ստեփանյանը տալիս է հետեւյալ գնահատականը. «Այս կոթողում եւս արտահայտված է Իսրայելյանին բնորոշ զանազան թեմաներն ու պատկերներն իրար հետ իմաստավորված ու ներդաշնակորեն կապելու կարողությունը» (էջ 54):

Դ. Ստեփանյանի հոդվածների ժողովածուում առկա է նաեւ «Երեւանի ծածկած շուկան» հոդվածըՙ նվիրված «ազգային դիմագծով հանրապետական նշանակության հուշարձանին»: Գրիգոր Աղաբաբյանի այս հոյակերտ կառույցը այսօր աղավաղված է եւ խեղաթյուրված: Հենց այս համատեքստում առավել քան անհրաժեշտ է կառույցի անաղարտ վիճակի մասին գրավոր աշխատանքների առկայությունը: Հոդվածում նշվում է շինության կարեւորությունը, ազգային շուկայի գաղափարի ներդնումը մայրաքաղաքի կենտրոնում, շուկայից օգտվելու եւ առեւտուր անելու մշակույթը մայրաքաղաքում: Հեղինակը պատմական զուգահեռներ է բերում շինության կերպարինՙ համեմատելով այն քարավանատների եւ բազիլիկ եկեղեցիների հետ: Հոդվածում կարեւորվում են կառույցի բաց կոնստրուկցիաների կիրառումըՙ դրան զուգահեռներ բերելով համաշխարհային արդի ճարտարապետությունից:

Արժեքավոր է նաեւ «50-ամյակի հուշակոթող» հոդվածը, որտեղ հեղինակը պատմում է ԽՍՀՄ կարգերի հաստատման 50-ամյակին նվիրված հուշակոթողի կառուցման մասին, որի հեղինակներն են Ջիմ Թորոսյանը եւ Սարգիս Գուրզադյանը: Վերջիններիս, առավել քան այլոց, կարող ենք համարել իսրայելյանական «հայկական ազգային ճարտարապետության» դպրոցի ներկայացուցիչներ, Իսրայելյանի ոգուն եւ կերպարին հավատարիմ նվիրյալներ: Հեղինակը հուշակոթողի հորինվածքի հիմքում դնում է վաղնջական ժամանակների հայկական կոթողներըՙ ուրարտական սահմանաքարերը, ուրարտական ամրոցների աշտարակները, վերին մասը կենաց ծառի սիմվոլը ներառող ուրարտական եւ պերսեպոլիսյան սիմվոլիկան: Հուշարձանը Երեւանի ամենաառանցքային բարձունքի վրա հազարամյակներից եկողը միավորեց արդիի հետ, պատմության վկան մի յուրօրինակ տիրապետող դարձավ քաղաքամայրի կենտրոնի համար:

Հոդվածաշարը եզրափակում է Էդուարդ Սաֆարյանի, Ֆելիքս Հակոբյանի եւ Աշոտ Ալեքսանյանի հեղինակած «Դվին» հյուրանոցի շինության մասին հոդվածը: Հեղինակը, մեջբերելով Ռ. Իսրայելյանին, կարեւորել է արդի ճարտարապետական լուծման համադրումը հայկականի հետ, որպեսզի տուրք տալով ազգայինինՙ քաղաքի համար խորթ եւ անտրամաբանական կերպար չստացվի: Միջազգային փորձից ժապավենաձեւ բարձրահարկ շինության օրինակ բերվում է աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետ Կենզո Տանգեյի Կագավայի պրեֆեկտուրայի շենքը: Այսուհանդերձ, հեղինակը «Դվին» հյուրանոցի շենքը դասում է հորիզոնական ջլատումներով լուծված կառույցների լավագույն օրինակներին: Շենքին առավել արտահայտչականություն են հաղորդում թագ հիշեցնող դեկորատիվ աշտարակը եւ քանդակագործ Արա Շիրազի զարդաքանդակը: Շինության համար հեղինակները պետական մրցանակի էին արժանացել, մինչդեռ, այժմ շինության ապագան վտանգված է, շինությունը չի գորածածվում ըստ նշանակության, գտնվում է կիսավեր վիճակում: Նոր սեփականատերերի ձեւափոխման նախագիծը ամբողջությամբ անճանաչելի է դարձնում շինությունըՙ զրկելով նրան հեղինակների կողմից ստացված ուրույն կերպարից եւ անկրկնելիությունից:

Ինչպես տեսնում ենք, մեր առջեւ հիմնարար, եւ չափազանց բովանդակալից, պատշաճ մակարդակով կատարված ուսումնասիրություն է, որը լուսաբանում է խորհրդային տարիներին հայկական ազգային ճարտարապետության վերածնունդն ու զարգացումը իր մեջ կրող շինությունները բոլոր դիտակետերիցՙ հուսալի հիմք ստեղծելով եւ լավ օրինակ ծառայելով հետագա հետազոտությունների համար:

Լուսանկարները` Լոլա Դոլուխանյանի «Ռաֆայել Իսրայելյան» ալբոմից, Եր., 2008թ.

Նկար 1. Սարդարապատի Ազգագրության թագարանի գլխավոր սրահը:

Նկար 2. Հայրենական պատերազմի թանգարանի կենտրոնական դահլիճը:

Նկար 3. Ռաֆայել Իսրայելյանի դիմանկարը, գործ` Մարտիրոս Սարյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ