ԸՆՏՐՈՎԻ-ՆՇԱՆԱԿՈՎԻ Նաիր ՅԱՆ Մեր թատրոններում անառողջ մթնոլորտն էն գլխից կա ու կա։ Հիշենք 1990-ականները. սունդուկյանցիներն ի՞նչ դրեցին Խորեն Աբրահամյանի գլխինՙ բառացիորեն անարգանքի սյունին գամելով նրան։ Յուղ ու մե՞ղր է քսած գեղարվեստական ղեկավարի աթոռին.մարդ չի հասկանում։ Ինչո՞ւ է այդքան գայթակղիչ ու ցանկալի այդ աթոռը։ Վերջին 20 տարում չի եղել մի դեպք, որ որեւէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակումը հակամարտությամբ ուղեկցված չլինի։ Ու վերջին 20 տարում չի եղել մի դեպք, երբ այդ նշանակումը վերեւներից միջամտված ու հրահանգված չլինի։ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայնՙ թատրոնի տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավարին։ Քանի որ մենք չունենք թատրոնի մասին օրենք, ուստի թատրոնների կառավարման համակարգն այնպիսին է, ինչպիսին ՊՈԱԿ-ների կառավարման համակարգն է. տնօրենն ունի լիազորություն եւ իրավունքՙ աշխատողներ ընդունելու եւ գործից ազատելու։ Գեղարվեստական ղեկավարն էլ, ըստ այդ օրենքիՙ շարքային աշխատող է ու նրան աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում թատրոնի, այսինքնՙ ՊՈԱԿ-ի տնօրենը։ Իսկ տնօրեններն ընտրվում են մրցութային կարգով. դա էլ է օրենք։ Բայց բոլորը գիտեն, թե ՊՈԱԿ-ների տնօրեններն իրականում այդ ինչ մրցույթով են ընտրվում, ու բոլորը գիտեն, թե տնօրեններն էլ այդ ինչպես են նշանակում գեղարվեստական ղեկավարներին։ Այս ամենի համատեքստում անդրադառնանք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնիՙ բոլորովին թարմ օրինակին։ Եվ ուրեմն այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը քննարկվել է դեռեւս երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի կենդանության օրոք, այսինքն, երբ նա հիվանդ էր։ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրըՙ 24-ամյա Նորա Գրիգորյանը, թատրոնում դեռեւս իր հոր կենդանության ժամանակ բեմադրություններ է արել։ Լավ բեմադրություններ էին, թե՞ վատ, քննարկման ուրիշ նյութ է։ Բայց որ այդ աշխատանքային քայլերը նախադրյալներ են եղել, որպեսզի դուստրը ժառանգաբար հաջորդի հորը, ոչ մեկի համար նորություն կամ գաղտնիք չի եղել։ Ի վերջո, Ալեքսանդր Գրիգորյանն ինքն է մահից առաջ պատգամել, որ իրենից հետո ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար ուզում է տեսնել դստերըՙ Նորային։ Այս ցանկությունը շատերի զայրույթն է բորբոքելՙ ի՞նչ է, գեղարվեստական ղեկավարի դինաստիա՞ է հաստատվում թատրոնում, ինչո՞ւ պետք է այդ պաշտոնը ժառանգաբար անցնի հորից զավակին։ Բայց դե բողոքներն ու դժգոհությունները միշտ չէ, որ բարձրաձայն են հնչեցվել. մեջտեղում գեղարվեստական ղեկավար նշանակող գլխավոր դերակատարիՙ նախկին նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի անբեկանելի ու չքննարկվող որոշումն է եղել։ Ռուսական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը պատմում է.«Թեեւ թատրոնում շատերն էին դժգոհ այդ որոշումից, բայց բոլորն էլ գիտեին, որ Ռիտա Սարգսյանն է Նորա Գրիգորյանի «դաբրոն» տվել։ Ես գիտեմ, որ անձնակազմի 80 տոկոսը դեմ է Նորայի թեկնածությանը։ Նա ներկայացումներ է բեմադրելՙ մեկը մյուսից անորակ ու վատը։ Եթե նա պետք է լինի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ուրեմն ամեն ինչ ավարտված է։ Նորա Գրիգորյանը վերջնականապես կկործանի Ստանիսլավսկու թատրոնը»։ Անսպասելի կերպով երկրում քաղաքական իրավիճակը փոխվեց, եւ Ռիտա Սարգսյանը չկարողացավ իր դե ֆակտո նշանակումն անել, որպեսզի թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն էլ դե յուրե այն հաստատի։ Այդ ընթացքում մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մի առիթով հայտնել էր, որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունենալու։ Բայց թատրոնում կրքերն արդեն բորբոքվել էին, բացի Նորա Գրիգորյանից, գեղարվեստական ղեկավարի թեկնածություն էր առաջադրել նաեւ Ռոբերտ Հակոբյանը։ «Ես իմ թեկնածությունն առաջադրել եմՙ ընդդեմ Նորա Գրիգորյանի։ Հավատացեք, ես իմ գործն ունեմՙ փառատոներ, հյուրախաղեր. աշխատանքի, զբաղվածության պակաս բացարձակ չունեմ, գիտեմ, որ անցավ գլուխս ցավի տակ եմ դնելու, բայց պատրաստ եմ մտնել այդ բեռի տակ, միայն թե թատրոնը պատահական մեկի ձեռքը չընկնի։ Հետո ինչ, որ Նորա Գրիգորյանն Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է, պետք է անպայման հոր գործն ի՞նքը շարունակի. ոչ փորձ ունի, ոչ տաղանդ ու շնորհք։ Հոր մահից հետո չգիտես ինչպես ու ինչու նա սկսեց դասավանդել ինստիտուտում։ Փաստորեն, հոր կուրսը ժառանգաբար անցավ դստերը, հիմա էլ թատրոնն է ուզում իրենով անել»,- այսպես ներկայացրեց Ռոբերտ Հակոբյանը։ Նորա Գրիգորյանը խուսափում է հարցազրույցներից ու մեկնաբանություններից։ Բայց որ թատրոնում հակառակ բանակների էին բաժանված ու մի քանի ամիս է, ինչ անառողջ ու լարված մթնոլորտ է տիրում, փաստ է։ 7-8 ամիս է, ոչ ոք չգիտեՙ այդ թատրոնն առհասարակ գեղարվեստական ղեկավար ունենալու է, թե՞ ոչ։ Իսկ եթե վերջում պարզվի, որ այս հակամարտությունն իզուր էր. թատրոնն ունենալու է տնօրեն եւ վերջ, եւ յուրաքանչյուր ռեժիսոր կարող է ներկայացում բեմադրել այնտեղ։ Նախադեպը կա. երբ Հասմիկ Պողոսյանը Վահե Շահվերդյանին հանեց Սունդուկյանի անվան թատրոնից, սունդուկյանցիները երկար ժամանակ գեղարվեստական ղեկավար չունեին։ Ու քանի որ նման հարցերը մինչեւ հիմա լուծվել են առնվազն մշակույթի նախարարի, առավելագույնըՙ հանրապետության նախագահի ու նրա տիկնոջ կամքով ու միջամտությամբ, ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնի շուրջը հակամարտությունը շարունակվում է իներցիայի կանոններով։ Սպասում են. սպասում են վերեւների հրահանգին։ Իսկ վերեւների հրահանգն ուշացած, բայց տրվեց։ Մամուլում շրջանառվող աղմուկին ի պատասխանՙ նախարար Լիլիթ Մակունցը զանգահարել է ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանինՙ տասնօրյա ժամկետում ընտրել գեղարվեստական ղեկավար եւ խնդիրը թատրոնի շահերից բխող եղանակով հանգուցալուծել։ Ի դեպ, թատրոնից նախարարին խնդրել էին հանդիպել իրենց հետ, առերես քննարկել բոլոր հարցերը, բողոքները, դժգոհությունը։ Բայց Լիլիթ Մակունցը բոլոր հարցերը լուծել է զանգով։ Ու չնայած ըստ օրենքիՙ թատրոնի տնօրենը պետք է նշանակի գեղարվեստական ղեկավարին, այսինքնՙ դա նշանակովի պաշտոն է, ոչ թե ընտրովի, այնուամենայնիվ, նախարարը հրահանգել է գեղարվեստական ղեկավարին ընտրել։ |