«ՏԶԶԱՆ, ԲԶԶԱՆ, ԶՆԳԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Հունիսի 22- 29- ը Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասում գտնվող Լինգեն քաղաքում անցկացվող մանկապատանեկան համաշխարհային 15- րդ թատերական փառատոնին մասնակցում է նաեւ Երեւանի գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը: Հունիսի 24- ին նրանք բեմ են հանել Հովհաննես Թումանյանի եւ Կոռնեյ Չուկովսկու ստեղծագործությունների հենքի վրա աշխույժ, երաժշտությամբ հագեցած, աբսուրդ իրավիճակներով հարուստ մի ներկայացում, որ գրավում է արդեն... վերնագրից: Չգիտեմՙ գերմանացիներն ինչպիսի դժվարություն կունենան զ- երով հարուստ բառերը կարդալիս, բայց որ լատինատառ ազդագիրը հենց այդ տառի շնորհիվ արդեն հետաքրքրական խայծ է դառնումՙ հաստատ: Փոքր թատրոնն առաջին անգամ չէ ԳԴՀ- ում: Գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի , նրա ղեկավարած սաների «Օֆելյայի ստվերների թատրոնը» բեմադրությունն աննկատ չէր մնացել 2008- ին Գերմանիայի Ռուդոլշտատդում կայացած նույնանուն փառատոնի ժամանակ, ինչպես ծանուցել էինք «Ազգ»-ի մեր ընթերցողներին: «Երեխաներն աշխարհի շարժիչն են» բնաբանը կրող 2018- ի փառատոնին, ինչպես իրազեկում է թատերական այս հասցեն ներկայացնող կայքէջը, մասնակցում է 350 հոգիՙ մանկապատանեկան թատերախմբեր աշխարհի տարբեր ծայրերիցՙ Գանայից, Զամբիայից, Բենինից, Հնդկաստանից, Չինաստանից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Հայաստանից, Սլովենիայից, Հունաստանից, Գերմանիայից, Խորվաթիայից, Կանադայից, Պարագվայից, Էլ Սալվադորից, Կոլումբիայից, Մեքսիկայից: Հանդիսատեսի, այցելուների թիվը 30 000 է: 1990 թվականին հիմնադրված, իր տեսակով համաշխարհային այս ամենամեծ տոնը տարեցտարի ավելի է զարգացել, իսկ 4 տարին մեկ գերմանական իր ծննդավայրՙ Լինգեն վերադարձով, եռանդ ու աշխուժություն է պարգեւում ողջ տարածաշրջանին: Դառնանք հայ երեխաների ելույթին, որ արդեն տեղական մամուլի գնահատականին է արժանացել: «Կեցցեք», «շնորհակալություն» բառերով եզրափակվող հոդվածը, որ հրապարակել է «Լինգեներ թագեսփոստ» թերթը, խիստ տպավորված է ներկայացումից: Ոչ միայն բեմի նկարչական ձեւավորումն է վառՙ սեւ սպիտակը կարմիրով է հագեցված, այլեւ պարային, ակրոբատիկ տարրերով, երգչախմբային խոսքով հարուստ բեմադրությունն իսկապես արժե դիտել: Երեխաներնՙ անսպառ եռանդով երկլեզու խաղով Հովհաննես Թումանյանի եւ Կոռնեյ Չուկովսկու 4 առակ ու բանաստեղծություն են ներկայացնում: Ներկայացման թելը պահի մեջ հնարավոր է բաց թողնես, քանի որ պատմությունները սրընթաց առաջ են նետվում, ուստի աշխույժ տեսարաններով բեմադրությանը ստիպված ես ուշադրությամբ հետեւել, գրում է թերթի հոդվածագիրը: Ժամանակ առ ժամանակ ողջ դահլիճն է ընդգրկում խաղը: Գրոտեսկային իրադրություններ, աբսուրդ իրավիճակ, ուրախ, զվարճալի կերպարներ, գրում է թերթըՙ մանրամասնելով բեմում ներկայացվածը. Ռոմանտիկ քաջ մոծակը ազատում է գեղեցկուհուն սարդի ճիրաններից, իսկ հաջորդ պահին ամուսնության առաջարկ է անում նրան: Բզեզը հայոց այբուբենն է փորձում սովորեցնել անտառի միջատներին: Իսկ երբ կենդանիները հեռախոսով սկսում են պատմել իրենց խնդիրներից, ողջ բեմը վերափոխվում է հեռախոսային կենտրոնի: Ավարտին բեմում հայտնվում է Վարպետ Օհանի տան մասին անվերջանալի երկարՙ նոր հերոսների ընդգրկմամբ ձգվող պատմությունը, որ կոմիկական բարձրակետն է դառնում: Այդ պատմությանը հետեւելն ամենադյուրինն էր, ուստի թերթի հոդվածագիրն էլ արդարացված է համարում ներկայացումը դրանով եզրափակելը: Անհավանական էՙ ինչպիսի համոզիչ ուրախությամբ են խաղում երեխաները, ինչպես են մարմնավորում այդ վառ արտահայտված կերպարները, կեցցե Հայաստանի խումբը, գրում է «Լինգեներ թագեսփոստ»-ը: |