ՏԻԳՐԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ «Դանս ֆոր Յու», 15.06.18, Գերմաներենից թարգմանեց ՍԵԴԱ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ Նա փայլեց Ալիի, Մերքուցիոյի, Ռոմեոյի եւ բազմաթիվ այլ դերերով: 13 տարի անց Բավարիայի պետական բալետի առաջին մենակատար Տիգրան Միքայելյանը 2018-ի հունիսի 30-ին հանդես կգա իր հրաժեշտի ներկայացմամբՙ «Աննա Կարենինա» բալետում կատարելով Սթիվայի դերը եւ որպես ակտիվ պարող կավարտի իր կարիերայի խիստ կարեւոր` 2017-2018 թթ. թատերաշրջանը: «Ազգային թատրոնի բեմը առանձնահատուկ աուրա եւ էներգիա ունի, ինչը ես շատ կկարոտեմ: Ես ցանկանում եմ Մյունխենի հասարակությանը շնորհակալություն հայտնել ինձ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է Տիգրան Միքայելյանը: Տիգրան Միքայելյանը ծնվել է Հայաստանում, 1980 թվականին: Պարը որպես գլխավոր մասնագիտություն ընտրած արտիստների միակ որդին է: Թեեւ սկզբնապես նա ավելի շատ տարված էր քունգֆուով եւ բռնցքամարտով, դեռ 12 տարեկանում նրա համար պարզ էր, որ ցանկանում է դասական բալետի պարող դառնալ: Երեւանում հայկական բալետի դպրոցում կրթություն ստանալուց հետո (որտեղ, ի դեպ, նրան ուսուցանել է նույն ուսուցիչը, որի մոտ սովորել են նաեւ իր ծնողները), 1997-ին ստացել է Նուրեեւ հիմնադրամի կրթաթոշակըՙ Լոզանի բալետի մրցույթում աչքի ընկնելուց հետո: Այս կրթաթոշակը հնարավորություն տվեց նրան Ցյուրիխում շվեյցարական բալետի դպրոց ընդունվելու: 1998- 2005 թթ. նա եղել է Ցյուրիխի բալետի դեմի-սոլիստ, իսկ 2003-իցՙ մենակատար: 2003 թ. Իվան Լիշկան նրան բերել է Բավարիայի պետական բալետ: Այժմ նա միայն ուրախ է, որ 25-ամյա տարիքում Մյունխենի թատրոնը գերադասեց Նյու Յորքի Ամերիկյան բալետի թատրոնից: Իր կարիերայի ընթացքում պարել է ամբողջ աշխարհում, «բայց Մյունխենը եղավ այն անհավանական գեղեցիկ քաղաքը, որը փաստորեն գտնվելով Եվրոպայի կենտրոնումՙ բոլորին հարմարավետություն է պատճառում»,- ասում է 37-ամյա երիտասարդը: «Իմ Բավարիայի հասարակությունը». այսպես է սիրով կոչում նա Մյունխենի հասարակությանը, որը ողջ աշխարհում իր ճանաչած լավագույն հասարակությունն է: «Հանդիսատեսի ոգեւորությունն ու աջակցությունը մշտապես ես կկրեմ իմ մեջ», ասում է նա զրույցի ժամանակ: Իր առաջին ելույթը նա ունեցել է 2005-ին, Մյունխենի ազգային թատրոնումՙ Պատրիկ Բարթի «Բայադերա» ներկայացման Ոսկե կուռքի դերով: Բազմաթիվ հյուրերի հիշողության մեջ նա կմնա հատկապես «Կորսար» բալետի ստրուկ Ալիի դերով, մի դեր, որը թույլ տվեց նրան ներկայանալու իր ողջ տեխնիկական փայլով եւ ցատկի ուժգնությամբՙ արժանացնելով նրան «Ֆաուստ» թատերական մրցանակին: Սակայն նրա երազած դերը Լյուդովիկոս Բ թագավորն էրՙ Ջոն Նոյմայերի «Պատրանք»-ում: Ունենալով իրավունք մարմնավորելու այս պատմական կերպարը մի տան մեջ, որտեղ թագավորը մի ժամանակ ներկայացում է դիտել, նա այն ներկայացրել է լիովին սարսռազդու կերպով: Թագավորի տառապանքն ու անհավասարակշռությունը ներկայացնելն իսկական մարտահրավեր էր: Այս դերով նա հետագայում գիտակցեց, թե ինչու է որոշել բալետի պարող դառնալ: Նրա համար կարեւոր է ոչ միայն տեխնիկական կատարյալ պարը, այլեւ ոգին պարի մեջ դնելը: Այն, որ Ջոն Նոյմայերն անձամբ նրան ընտրեց հեքիաթի թագավորի դերի առաջին դերակատար, առանձնահատուկ պատիվ էր: Տիգրանն ափսոսում է, որ տարիների ընթացքում այս դերը միայն հինգ անգամ է կարողացել պարել: Նա բացառիկ հարաբերություն ունի նաեւ Մյունխենի Քրանկոյի դասական «Ռոմեո եւ Յուլյա»-ի հետ: Յուլյան միակ դերն է, կատակում է նա, որն ինքը երբեւէ չի պարել: Նա այն սակավաթիվ պարողներից է, որին իր կարիերայի ընթացքում բախտ է վիճակվել տղամարդկանց երեք գլխավոր դեր. սկզբում` Մերկուցիո, այնուհետեւ` Ռոմեո եւ վերջապեսՙ Տիբալտ պարելու: Այստեղ էլ կար մարտահրավեր, որը նրան առանձնապես հրապուրեց. տաքարյուն Մերկուցիոյից, որի շնորհիվ Մյունխենում նա արդեն հայտնի էր, ամբողջովին դառնալու սիրահարված, մեղմ երիտասարդ Ռոմեո, պահանջվեց 180 աստիճան շրջադարձ, ասում է նա այսօր: Դերերը, որոնք նա իր կարիերայի ընթացքում հաճույքով կպարեր, որոնք, սակայն, իրեն տարբեր պատճառներով չեն տրվել, Ջոն Քրանկոյի Օնեգինն է համանուն բեմադրության մեջ կամ Ջոն Նոյմայերի Արմանդ Դուվալը «Քամելիազարդ տիկինը» բալետում: Ինչպես շատ պրոֆեսիոնալ պարողներ, Տիգրան Միքայելյանը եւս ապահովագրված չէ վնասվածքներից: Նրան հիմնականում անհանգստացնում են սրունքամկաններըՙ ստիպելով ամիսներ շարունակ ընդմիջումներով բեմ դուրս գալ, հատկապես վերջին թատերաշրջանում: Կիսատ եռանդով եւ զուսպ ադրենալինով պարելն իր համար բնավ խնդիր չէ: Ուստի, քանի որ նրա համար նաեւ հստակ է, որ ոչ ավելի, քան քսան տարի նա ցանկացել է լինել պրոֆեսիոնալ պարող, այժմ ավարտում է իր կարիերան: Իր ապագան նա տեսնում է տեսական ոլորտում: Բուժման տարբեր ձեւերով, բժիշկների անթիվ այցելությունների փորձերը հանգեցրին նրան, որ նա ինքը զբաղվի վերականգնման խնդրով: Որպես կինեսթետիկ թերապեւտՙ այժմվանից նա իր գիտելիքները կփոխանցի երիտասարդ պարողներին, իսկ հիմա նա աշխատում է սեփական մարզաձեւով: Մարմինը ինքնուրույն եւ ամբողջական պահանջով է վերականգնում. այսպիսին է նրա փորձառությունը, սա է բուժման ամենանպաստավոր ձեւը: Ամենեւին չցանկանալով թողնել պարըՙ Միքայելյանը Բավարիայի պետական բալետին հրաժեշտ տալուց հետո հանդես կգա «Հզոր զգացմունքներ» խմբի հետ: Անշուշտ ձանձրալի կլինի 37ամյա երիտասարդի համար առաջին անգամ չմրցել, որովհետեւ ամռանը իր կնոջ` դեմի-սոլիստ Միա Ռուդիկի հետ նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին: Քանի որ Ռուդիկը երեխայի ծնունդից հետո ցանկանում է իր կարիերան շարունակել Բավարիայի պետական բալետում, երիտասարդ ընտանիքը համոզված է, որ Մյունխենը կմնա իրենց հայրենի քաղաքը: |