RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-06-2018



ՀԱՅ ԹԱՏՐՈՆ

Տեղադրվել է` 2018-06-28 21:42:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2644, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶՆԻՎ ՀՐԱՉՅԱՅԻ ՄԱՍԻՆ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ

Մի քանի տարի առաջ «Թատերական խոհեր» վերնագրով հոդված էի տպագրելՙ ինձ հուզող չորս հարցի մասին: Առաջինը կրում էրՙ «Թատրո՞նն է մեռնում, թե՞ թատերագիտությունը»: Չգիտեմ, որեւէ մեկը կարդացե՞լ է թե ոչ, համենայն դեպս ոչ մի արձագանք չեմ լսել: Թերթ չե՞ն կարդում, թե՞ հոդվածս են արհամարհում: Այս անտարբերությունն ինձ ստիպում է նորից անդրադառնալ այդ թեմային, որովհետեւ արդեն համոզվեցի, որ թատերագիտությունը ոչ թե մեռնում է, այլ մեռած է:

1969-ից մինչեւ 2000-ական թվականները հինգ թե վեց ժխտողական հոդված եմ գրել հայ գրական-թատերագիտական հոդվածներում տեղ գտած անճշտությունների դեմ: Միայն մեկն է առարկել, որի համար երկրորդ հոդվածով ավելի եմ համոզել իր սխալը: Այլեւս արդարանալու տեղ չուներ:

Որոշել էի ուրիշների սխալները ճշտելու փոխարեն ինձ հետաքրքրող հարցերի մասին գրել: Բայց վերջերս մի նորՙ արտառոց երեւույթ ինձ ստիպում է նորից վերադառնալ «Սխալ շինելն էլ մի հունար է» հոդվածաշարքիս:

1961 թվականից մինչեւ այժմ ամեն տարվա մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Եվ քանի որ արդեն շուրջ տասը տարի է, որ Հայաստանում թատերական տպագիր մի օրգան չկա, ոչինչ չի արվում այդ օրը լուսաբանելու համար: Թատերական կյանքին քիչ թե շատ անդրադառնում են մի քանի թերթի խմբագրության աշխատակիցներՙ գերապատվությունը տալով հարցազրույցներին: Մեր օրերի թատերական կյանքը մոռացության է տրված, հին արժեքները վերանայելու համար մամուլը լուռ է: Այսպիսով, թատրոնի պատմությունը մեռնում է, թատերագիտությունն էլ հետը:

Ինձ ուրախության զարմանք պատճառեց, որ երբեմն-երբեմն թատերական կյանքին անդրադարձող «Եթեր» լրատվական թերթը, այս տարվա մարտի 27-ի օրը արձագանքել է հայ բեմի մեծանուն դերասանուհի Ազնիվ Հրաչյայի ծննդյան 165-րդ տարելիցի առթիվ հոդվածով: Բայց հոդվածը կարդալուց հետո ուրախությունս ցավի վերածվեց: Հոդվածը լի է սխալ տվյալներով ու մեկնաբանություններով: Եղած «գնահատությունն» էլ անհարկի, ոչինչ չասող բառերի ու նախադասությունների տարափ է:

Ազնիվ Հրաչյայի մասին մեզանում եւ սփյուռքում ութ, գուցեեւ ավելի թատերագետ կամ թատրոնի պատմաբան է անդրադարձել նրա կյանքին ու գործունեությանը: Մինչդեռ «Տաղանդաշատ դերասանուհին ու դերուսույցը» հոդվածը կառուցված է մի ցամաք աղբյուրի վրա: Դա հայ թատրոնի պատմության մեջ իր մնայուն տեղն ունեցող թատերական գործիչՙ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ, կազմակերպիչ Արմեն Արմենյանի «60 տարի հայ բեմի վրա» հուշերի գիրքն է, որ լույս է տեսել 1954-ին Երեւանում:

Հրաչյայի ժամանակակից թատերական գործիչներից ամենաքիչը Արմենյանն է շփվել դերասանուհու հետ, այն էլ այն ժամանակ, երբ նա հազվադեպ էր բեմ բարձրանում: «Եթերի» հոդվածագիրն իր տեքստը կառուցել է Արմենյանի հուշերից չորս հատված մեջբերելու հիման վրա: Ըստ որում, հատկապես առաջին մասում, քիչ չեն հեղինակային տեքստի ձեւափոխումները: Փաստական որոշ տվյալներն էլ հիմնականում վերցված են Արմենյանի հուշերի ծանոթագրությունները կազմող, մշակութային գործիչ Սերոբ Սարգսյանի բերած տվյալներից:

Որո՞նք են հոդվածում տեղ գտած անճշտությունները: Դիմենք իրական պատմությանը:

1. Հովհաննես Աբելյանը եւ Արմեն Արմենյանը երկու անգամ են միացյալ խմբով դուրս եկել շրջագայության: Խումբը կոչվել է «Աբելյան-Արմենյան» եւ ոչ թե «Արմենյան-Աբելյան»:

2. Ազնիվ Հրաչյան դեռ աշակերտուհի է եղել, երբ փակվել է Պոլսի «Արեւելյան թատրոնը», հետեւաբար նրան չի կարելի այդ թատրոնի դերասանուհի համարել: Թատրոնը փակվել է 1867-ին, Ռ. Սեդեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» պիեսի ներկայացման վերջում, Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցի առթիվ փոքրիկ (ապագայումՙ դերասանուհի) Վերգինե Գարագաշյանի կողմից Նալբանդյանի «Երգ ազատության» բանաստեղծության արտասանությունը պատրվակ գտնելով:

3. Ընդունված է ասել, որ Ազնիվ Հրաչյան առաջին անգամ բեմ է բարձրացել Հայկանուշի դերով «Հայկ դյուցազն» պիեսի բեմադրության մեջ: Այո, բայց ոչ թե 1873-ինՙ ինչպես օգտագործվել է Ս. Սարգսյանի տվյալը, այլՙ 1869-ին: Իսկ եթե մի քիչ խորանանք այս հարցում, կհամոզվենք, որ Հայկանուշը եղել է նրա խաղացած երկրորդ դերը: Դերասանուհին իր հուշերում պատմում է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել նույն տարվա (1869) մարտ ամսին, Աղավնի Պիննեմեճյանի խորհրդով, դերասան-ռեժիսոր Պետրոս Մաղաքյանի հորդորանքով: Դպրոցի ղեկավարությունից գաղտնի մնալու համար Օր. Մաղաքյան բեմանունով նա կատարել է Ռոզի դերը Մաղաքյանի բեմադրած «Թափառական հրեա» պիեսի ներկայացման մեջ: Դա տեղի է ունեցել մարտի 14-ին:

4. Ճիշտ է, որ Միքայել Նալբանդյանը Հնդկաստանից վերադառնալիս, 1861-ի նոյեմբերին նախ իջեւանել է Զմյուռնիայում, ապա մեկ ամիս հետո ներկա գտնվել Կ. Պոլսի «Արեւելյան թատրոնի» բացման առթիվ դեկտեմբերի 14-ին տրված «Երկու հիսնապետ» պիեսի բեմադրությանը: Ներկայացումից հետո նա ելույթ է ունեցել եւ բարձր գնահատել Արուսյակ եւ Աղավնի Փափազյան քույրերի առաջին ելույթները որպես դերասանուհի: Այդ ելույթի տեքստը հետո տպագրվել է «Մեղու» թերթում:

Բայց այս պատմությունը ոչ մի առնչություն չունի Ազնիվ Հրաչյայի հետ: Ինչպես վերը նշեցինք, «Արեւելյան թատրոնը» փակվել է 1867-ին եւ նրա գոյության մասին ոչ 1873-ին, ոչ էլ 1882-ին ոչինչ չի նշվել: Թատրոնը երկու մասի բաժանվելը (Մաղաքյանի եւ Վարդովյանի) վերաբերում է ոչ թե 1882 թվականին, այլ 1867-ին:

5. 1881-1882 թթ. Ազնիվ Հրաչյան հրավիրված է եղել Թիֆլիսի հայոց մշտական թատերախումբ, կատարել է դրամատիկական տասից ավելի դեր, ըստ որում որոշ դերեր` առաջին անգամ հայ թատրոնում: Հոդվածագիրը Հրաչյային է վերագրել նաեւ Կլարայի դերը Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի բեմադրության մեջ: Բայց Կլարան «Դարբնոցապետ» պիեսի հերոսուհին է, ոչ թե «Խելքից պատուհասի»: Վերջինիս մեջ Ազնիվ Հրաչյան կատարել է Սոֆյայի դերը:

6. Հոդվածում կարդում ենքՙ «Հրաչյան վերադարձավ բեմ: Մի քանի տարի խաղաց Թիֆլիսում, ապա մեկնեց Բաքու»:

Նախ ասենք, որ Հրաչյան 1881-1882 թթ. Թիֆլիսում միայն մի թատերաշրջան է խաղացել: Երկրորդ անգամ հրավիրվել է 1892-ին, բայց խոլերայի պատճառով 1893-ին է եկել եւ խաղացել սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր: Խաղացել է տասը դեր, այդ թվումՙ Կլարա («Դարբնոցապետ»), կրկնել Մարգարիտ Գոտիեն («Քամելիազարդ տիկինը» եւ Քույր Թերեզան համանուն պիեսում): Նորերից են եղել Բեատրիսը (համանուն պիեսում), Մարգարիտը (Սունդուկյանի «Ամուսիններ»), Մագդան («Հայրենական տուն»), Ժաննա դ՛Արկը («Օռլեանի կույսը») եւ ուրիշներ:

1894-ի հունվար-մարտ ամիսներին հանդես է եկել Բաքվում եւ վերադարձել Կ. Պոլիս: Սրանով էլ ավարտվել է Հրաչյայի դերասանության ակտիվ շրջանը:

7. 1895-ին Բաքու փոխադրվելուց հետո Հրաչյան թատերական ասպարեզ է մտել տեղի հայկական թատրոնում որպես ռեժիսոր: Կոկորդի հիվանդությունը նրան հնարավորություն չի տվել հանդես գալու ուժեղ դրամատիկական կերպարների մարմնավորումներով:

8. Ըստ հոդվածագրի, Ազնիվ Հրաչյան Թիֆլիսից Բաքու մեկնելուց հետո (երեւի նկատի է ունեցել 1894-ը), «Այդտեղ նա հանդես էր գալիս ոչ միայն որպես դերասանուհի, այլեւ նա ստանձնել էր Բաքվի հայոց կուլտուրական միության հիմնադրած թատերախմբի ղեկավարի բարդ ու պատասխանատու աշխատանքը»:

Այս կապակցությամբ նրա բերած միջանկյալ խոսքըՙ ըստ Արմենյանի «երբ ինքնազգացողությունը լավանում էր, անմիջապես վազում էր թատրոնՙ «գոնե մեկ վերջին անգամ հայ թատրոնին օգտակար ըլլալու ցանկությամբ»: Այս խոսքերն ամենեւին Բաքվի թատրոնիՙ նրա գործունեության շրջանին չեն վերաբերում:

Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությունը 1908-ի հունվարի 27-ին ռուսահայ թատրոնի 50-ամյակին կազմակերպած արտակարգ ժողովում, ի նշան ընկերության երախտագիտության, պատվավոր անդամներ են ընտրվել Գ. Չմշկյանը, Սիրանույշը, Հրաչյան, Գեւորգ Տեր-Դավթյանը, Վասո Աբաշիձեն եւ Ալեքսանդր Սումբատով-Յուժինը: Հրաչյան Բաքվից, Սիրանույշըՙ Եգիպտոսից իրենց գոհունակությունն են հայտնել հեռագրով:

Հրաչյայի հեռագրի տեքստն է. «Խորապես զգացված եմ ձեր սիրալիր ուշադրության համար եւ ցավում եմ, որ չեմ կարող ձեզ հետ լինել տոնելու հիսնամյակը հայոց թատրոնի, որին զոհել եմ իմ կյանքի լավագույն մասը: Հույս ունեմ, որ կունենամ դեռեւս բավականաչափ ուժ գալու եւ մասնակցելու մի ներկայացման, որի նպատակը կլինի հայոց թատրոն կառուցանելու ֆոնդը»:

Խոսքը թե՛ վերեւում եւ թե՛ այստեղ վերաբերել է հայկական թատերական շենք կառուցելու համար հանգանակություն սկսելուն, որին պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունը բերելուն:

9. Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որպես հասարակական կազմակերպություն, հիմնադրվել է 1906-ին եւ ունեցել է մի քանի մասնաճյուղ, որի թատերական առաջին տարում, որպես ռեժիսոր հանդես է եկել Ազնիվ Հրաչյան: Դրանով էլ նա հրաժեշտ է տվել մեծ թատրոնին: Հրաչյային հաջորդել են Հ. Աբելյանը, Ի. Ալիխանյանը, Օ. Սեւումյանը, Հ. Ոսկանյանը եւ ուրիշներ, մինչեւ որ այն լիկվիդացվել է 1917-ին:

1909-ի հունվարի 24-ին Բաքվի Նիկիտինների կրկես-թատրոնում նշվել է Ազնիվ Հրաչյայի մորաքրոջ թոռՙ դերասանուհի Սիրանույշի բեմական գործունեության 35-ամյակը: Հրաչյան եղել է Հոբելյանական մասնաժողովի պատվավոր անդամներից մեկը: Ավելին, նա է հոբելյարին բեմ բերել եւ ողջունել նրան: Ահա մի հատված նրա ելույթից.

«Սիրելի Սիրան

Ես չպիտի խոսեմ քեզ հետ պաշտոնական լեզվով, ոչ, ես պիտի խոսեմ այնպես, ինչպես խոսել եմ քեզ հետ 70 թվին, բռնելով քո փոքրիկ ձեռքիցդ, առաջնորդել եմ դեպի բեմ... 70 թվին շատ մեծ քաջություն էր հարկավոր, մեծ կամքի ուժ էր պետք, որպեսզի կարողանայիր մի նահապետական ընտանիքի գրկից նետվեիր գեղարվեստի աշխարհը, քաջ գիտնալով, որ իբր անարգանք քեզ պիտի հորջորջեն «թատրոնի աղջիկ»... Դու ունեցար այդ քաջությունը... Այո, հաղթեցիր, իսկ դորա կենդանի ապացույցը տեսնում եմ ահա իմ սեփական աչքերով...

Սիրելի Սիրանույշ, այն ձեռքը, որ երեսունհինգ տարի առաջ պսակեց քո գլուխը փշյա պսակով, այժմ մեծ պատիվ է համարում իրեն պսակելու քո գլուխը դափնյա պսակով»:

Սիրանույշը չոքել, ընդունել է պսակը եւ համբուրել Հրաչյայի ձեռքը:

10. Բաքվի հայկական թատրոնը «վարպետ դերասանների բացակայություն» չի ունեցել եւ ոչ էլ թատրոնի գործունեությունն է կանգ առել, որ «1907-ին այդ թատրոնի հիման վրա» ստեղծվի «մի նոր թատերախումբ Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ»: Հաջորդ տարվանից էլ «Աբելյան-Արմենյան» անվամբ խումբը «շռնդալից հաջողություն» ունենա: Հարց է առաջանում, երբ «Աբելյան-Արմենյան» թատերախումբը Անդրկովկասի, Արեւմտյան Հայաստանի, Թուրքիայի, Իրանի բազմաթիվ քաղաքներում 1908-1911 թթ. «շռնդալից հաջողություն» էր ունենում, Բաքվի թատրոնը քնա՞ծ էր:

Թեկուզ հենց այդ շրջանում, Անդրկովկասի թատրոններից առաջինը Բաքվի թատրոնում են բեմադրվել Մաքսիմ Գորկու «Հատակում» դրաման եւ Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետը: Առաջինը բեմադրել է դերասան-ռեժիսոր Օվի Սեւումյանը (1908), իսկ երկրորդըՙ երգիչ-ռեժիսոր Պավել Ամիրագոն (Ամիրաղյան) 1912-ին:

Այս շրջանին է վերաբերում նաեւ դերասանուհի Արուս Ոսկանյանիՙ Հրաչյայից ստացած բեմական խոսքի դասերը, ինչպես նաեւ Անուշի առաջին դերակատարումը Բաքվի հայկական թատրոնում անվանի դերասանուհու բեմադրությամբ: Ոսկանյանը պոլսեցի էր, 1909-ին «Աբելյան-Արմենյան» թատերախմբի դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ ամուսնանալով, եկել էր Բաքու եւ աշխատել տեղական խմբի հետ:

Ազնիվ Հրաչյայի մասին հոդվածում բաց է թողնվել մի մեծ իրադարձություն, որն ավելի է բարձրացրել նրա հեղինակությունը, քան դերասանությունը, որը հիվանդության պատճառով տեւական բնույթ չի կրել: Ահա այդ պատմությունը:

1903 թվականին Վրաստանի Աբասթուման առողջարանային քաղաքում հանգստանալիս են եղել Ազնիվ Հրաչյան եւ Հովհաննես Թումանյանը: Օրերից մի օր դերասանուհին պատմել է իր անցած օրերի մասին, մի բան, որ շատ է հետաքրքրել բանաստեղծին: Վերջինս կնոջըՙ Օլգա Թումանյանին գրած մի նամակում հայտնել էՙ «Այստեղ է տիկին Հրաչյան, լավ բարեկամություն ենք անում: Հետաքրքրական բաներ է պատմում»:

Լսելով Հրաչյայի «հետաքրքրական բաներ»-պատմությունները, Թումանյանն առաջարկել եւ նրան գրել իր կյանքի պատմությունը, որին չափազանց մեծ կարեւորություն է տվել մեր մշակույթի պատմութան համար: Տեսնելով, որ դերասանուհին չի համարձակվում գրիչ վերցնել, նրա պատմածներից մի քանի էջ գրի է առել եւ ստիպել, որ ինքը շարունակի-լրացնի:

Ի դեպ, այսպես է վարվել նաեւ ռուս ականավոր բանաստեղծ Ա.Ս. Պուշկինը: Նա գրել է ռուսական ռեալիստական թատրոնի հիմնադիր Մ.Ս. Շչեպկինի հուշերի առաջին տողերը եւ պատվիրել, որ ինքը շարունակի:

Հրաչյան Թումանյանի գրածը մի քիչ խմբագրելով շարունակությունը գրել եւ 1904-ին ավարտել է իր հուշերը: Դրանք 1909 թվականին մաս-մաս տպագրվել են Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում եւ նույն տարում առանձին գրքով լույս ընծայվել Փարիզում: Գրքի վերնագիրն է «Իմ հիշողություններս»: Շուրջ 110 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հեղինակի տված վերնագիրը մեր օրերում դարձել է «Իմ դիտողությունները»: Աներեւակայելի է:

Իր հուշերին Հրաչյան կցել է հետեւյալ խոսուն ձոնը .

«Բանաստեղծ Հովհաննես Թումանյանին

զնիվ բարեկամ

Դուք խնդրեցիք եւ ստիպեցիք, որ գրեմ իմ հիշողություններս: Առաջին պահուն ինձ համար շատ դժվար եղավ Ձեր խնդիրքը կատարել: Գրիչս անզոր կզգայի արտահայտելու իմ զգացումներս, կենդանի գույներով պատկերացնելու իմ անցյալի հիշատակներս: Մուսան ինձ չէ շնորհեր իր քնարի թելերեն եւ ոչ իսկ ամենափոքր մասնիկը. քնարը նվիրեր է ուրիշներուն եւ ինձ թողեր է լոկ արձագանքի պաշտոնը: Ի՜նչ փույթ: Ձեր սիրալիր խրախուսանքեն մղված, ես գրեցի: Եթե չեմ ալ հաջողված կենդանագրելու իմ հին օրերուս պատկերըՙ ինչպես կցանկայի, գեթ մեր թատրոնի պատմության մեկ գլուխը ուրվագծած եղա, թույլ տվեք, որ Ձեզի՛ ձոնեմ զայն:

Հրաչյա, Պաքու, 1904 »

Թումանյանը ծանոթանալով Հրաչյայի հուշերի տպագրությանն «Անահիտ»-ում, շնորհավորական մի նամակով իր ջերմ վերաբերմունքն է արտահայտել դերասանուհուն: Նա էլ արձագանքելով բանաստեղծի նամակին, 1909-ի նոյեմբերի 17-ին գրել է. «Ինձ շնորհակալություն եք հայտնում «Անահիտի» մեջ լույս տեսած ինքնակենսագրությանս համար, ապա ես քանի անգամ պետք է շնորհակալ լինեմ ձեզ, այո՛, միայն ձեզ, իմ թանկագին բարեկամս: Դուք էիք, որ ստիպեցիք գրի առնել իմ հիշողություններս. թեեւ ընդհանուրի համար հետաքրքիր չէ, բայց կարող է մի մասնավորի անունից պետք գալ»: 1910-ի փետրվարի 22-ին Հրաչյան իր հուշերից մի օրինակ Բաքվից ուղարկել է Թումանյանինՙ հետեւյալ մակագրությամբՙ «Իմ սիրելի բարեկամիսՙ Հովհաննես Թումանյանին, կրկին ձոնով» :

Ինչպես տեսնում ենք Հրաչյայի խոստովանություններից, նա գրել է ոչ թե հայ թատրոնի պատմություն, այլՙ իր կյանքը թատրոնում:

Հրաչյայի հետագա կյանքը մշուշոտ է: 1918-ին Բաքվի կոտորածների շրջանում նա էլ ապաստան է գտել Իրանում, հետո վերադարձել, փոխադրվել Դիլիջան, ուր 1919-ի մայիսին կնքել է իր մահկանացուն: Նրա մահվան տարելիցի առիթով «Մշակ» թերթում տպագրված նյութը հիմք դարձնելով, Հրաչյայի մահվան թվականը դարձրել են 1920-ը, որը ճիշտ չէ:

Դիլիջանի եւ Երեւանի թատերական գործիչների նախաձեռնությամբ, Հայկական թատերական ընկերության կողմից կարգավորվել է նրա գերեզմանը, հուշաքար կանգնեցվել, նրա պատվին երեկո կազմակերպվել, ուր հանդես է եկել ՀԹԸ նախագահ Վավիկ Վարդանյանը, Հրաչյայի կյանքի եւ գործունեության մասին դասախոսություն կարդացել գրականագետ-թատերագետ Գառնիկ Ստեփանյանը:

Այսպիսին է եղել Ազնիվ Հրաչյայի անաղմուկ գործունեության տարեգրության համառոտ ուրվագիծը: Ազնիվ Հրաչյան սպասում է իր կյանքի ու ստեղծագործության պատմությունն ուսումնասիրողին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ