ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅԵՐԸ ՊԱՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ Ռուբեն ՂԱԶԱՐՅԱՆ Թեժ Լեռ ճամբարը մեկ տարի չէ, որ Հայաստանի բանկերի ասոցիացիայի հովանավորությամբ հանգստի է հրավիրում Արցախի երեխաներին, որոնք երկու հերթափոխով երկշաբաթյա հանգիստ են ունենում Լոռու մարզի այդ գեղատեսիլ վայրում: Հուլիսի 25-ին, ճամբարականները, առավոտից պատրաստ սպասում էին Արգենտինայից ժամանած «Գայանե» պարախմբին, որը նույն օրը երեկոյան համերգով հանդես էր գալու Ստեփանավանի մշակույթի պալատում: Թե ինչ ընդունելության արժանացավ «Գայանե»ն, խոսքով անհնար է նկարագրել, իսկ թե ինչ դժվարությամբ բաժանվեցին իրարից Արցախի երեխաներն ու արգենտինահայերը, միայն պետք է նկարահանված կադրերը տեսնել: Պար, պար, պար. այն չեր ավարտվում հասնելով մինչեւ ավտոբուսների դռները: Խանդավառություն, ծափ, ծիծաղ եւ անշուշտՙ բաժանման թախիծ... Ի՞նչ կարող էր լինել ավելի տպավորիչ «Գայանե»-ի համար, քան Թեժ լեռումՙ հանդիպումը Արցախի երեխաների հետ, հարցին պատասխանեցին ստեփանավանցիները: «Գայանե» պարախմբի անդամները եւ նրանց ուղեկցողները դուրս են գալիս ավտոբուսներից ու զարմացած աջ ու ձախ նայում, հասկանալու համար թե ո՞ւմ պատվին է հնչում փողային նվագախմբի խրոխտ քայլերգը: Պարզվում է, որ այդ հանդիսավոր ընդունելությունը իրենց ժամանման առիթով է, իսկ աղ ու հացով դիմավորող աղջիկների սկուտեղի վրա լավաշ ու մեղր է: Քանի որ մթնոլորտը տոնական էր, ուստի պակաս չէր նաեւ կատակը. «Սա Ստեփանավանի մեղրի գովազդ է»: Նախքան համերգի սկսվելը հյուրերը ծանոթանում են Ստեփանավանի տեսարժան վայրերի հետ, ապա այցելում Ստեփան Շահումյանի անվան տուն- թանգարան: Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Համերգն անցավ աննախադեպ հաջողությամբ, բուռն ծափողջույններով ու ծաղիկների մատուցմամբ: Մշակույթի պալատի տնօրենուհիՙ Անուշ Ղարաքեշիշյանը շնորհակալանքի ու դրվատանքի խոսքով ավարտեց իր ելույթը, իսկ գնահատանքի ու խրախուսանքի արհավատչյան դարձավ Ստեփանավանի քաղաքապետի պատվոգիրը «Գայանե»-ին: Համերգի ավարտից հետո մշակույթի պալատի բակը չէր դատարկվում: Զրուցում ու տպավորություններ էին կիսում հյուրերը, վայելելով ստեփանավանցիների հյուրընկալությունը: Վերջիններիս եւ տնօրենուհու ուղեկցությամբ հյուրերն այցելեցին նաեւ նույն շենքում գործող Սահակ Սահակյանի աշխատանքների ցուցասրահը, որն այդ օրը հարստացավ զավակների կողմից նվիրաբերած նոր էքսպոնատներով: «Գայանե»-ն պարգեւատրվեց նաեւ Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության պատվոգրով եւ արվեստի երախտավորՙ Ազատ Ղարիբյանի հուշամեդալով: Հրաժեշտի երեկոն ավարտվեց ուշ երեկոյան, խանդավառ մթնոլորտում եւ նոր հանդիպման վստահությամբ: |