ՎԵՆԵՏԻԿԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸՙ 33-ՐԴ ԱՆԳԱՄ Ա. Բ. Վենետիկում կայացաւ «Պո-Արաքս» մշակութային ընկերակցութեան Հայոց լեզուի եւ մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացն այս տարի տեղի ունեցաւ 33-րդ անգամ: Առաջին անգամ այն տեղի ունեցաւ դասընթացի հիմնադրիՙ գերապայծառ Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանի բացակայութեամբ, որն առողջական խնդիրների պատճառով չկարողացաւ գալ Ստամբուլից: Նրան փոխարինեց իր երբեմնի աշակերտ, «Պո-Արաքս» մշակութային ընկերակցութեան փոխնախագահ, իտալուհի հայագէտ Բենեդետտա Կոնտինը , որի եւ ուսուցչական կազմի ջանքերի շնորհիւ դասընթացն այս տարի եւս պսակուեց յաջողութեամբ: Մասնակիցների թիւը 39 էր աշխարհի տասնմէկ երկրներից (Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Սիրիա, Լիբանան, Թուրքիա, Բրազիլիա, Մեքսիկա, Թայվան, ԱՄՆ), մեծ մասամբՙ հայեր եւ հայազգիներ եւ տաս հոգիՙ օտարազգիներ: Դասընթացի պատմութեան մէջ երկրորդ անգամ դասերին մասնակցեցին նաեւ Մխիթարեան միաբանութեան նորընծաներըՙ երիտասարդներ Հայաստանից եւ Ջաւախքից: Ինչպես ամեն տարի, դասընթացից բացի ուսուցիչների եւ ուսանողների համար տարբեր միջոցառումներ էին կազմակերպուած: Նրանք մասնակցեցին վենետահայության պատմությունն ուսումնասիրող վենետիկաբնակ գերմանուհի Էվելին Քորշի կազմակերպած «Հայկական Վենետիկը» ճանաչողական զբոսապտույտին, ներկայ եղան մեքսիկահայ մարդաբան Կառլոս Անթառամեանի «Հայերը Մեքսիկայում ու Կուբայում» դասախօսութեանը եւ գերմանաբնակ ուսումնասիրողներ Թալին Սուճեանի ու Նեւրա Լիշեւսկիի «Յայտնաբերելով օսմանեան անցեալի մոռացուած փաստաթղթերը. հայատառ թուրքերէն թղթակցութիւնները» թեմայով աշխատանոցին, դիտեցին Սեդա Գրիգորեանի «Ճանապարհ դէպի տուն» (Հայաստան) եւ Տատեանա Դանիլեանցի «Վեց երաժիշտ քաղաքի խորապատկերին» (Ռուսաստան) վաւերագրական շարժանկարները (վերջինըՙ բեմադրիչի ներկայութեամբ) եւ այլն: Ուսուցիչներից եւ ուսանողներից ոմանք, ինչպէս միշտ, մաս կազմեցին դպրաց դասի երգեցողութեանըՙ Վենետիկի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում եւ Սուրբ Ղազարի Մայրավանքում Աստուածամօր վերափոխման տօնին մատուցուած Սուրբ պատարագների ընթացքում: |