RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2018-08-23 21:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2768, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԿԻՆՈՅԻՆ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԶԱՏԵՍԸ

Սոֆի ՄԵՅԵՐ, «Սայթ էնդ սաունդ», Լոնդոն, Անգլերենից թարգմանեց ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Ի հիշատակ Մարիա Սահակյանի

Կինոռեժիսորը միջազգային գովասանքի արժանացավ իր բանաստեղծական դեբյուտիՙ «Փարոս» խաղարկային ֆիլմի համար եւ շարունակեց հեղափոխել հայրենական կինոարդյունաբերությունը:

Հունվարի վերջին ֆիլմաշխարհը ցնցվեց ռուս կինոքննադատ Անդրեյ Պլախովի ֆեյսբուքյան գրառումիցՙ գրող, ռեժիսոր եւ պրոդյուսեր Մարիա Սահակյանի ողբերգական վաղաժամ մահվան մասին: Նա նշել էր, որ Սահակյանը մահացել է քաղցկեղից եւ գրել էր. «Անհնար է հավատալ 37-ամյա գեղեցիկ կնոջ մահվանը: Պայծառ հիշողություններ ունեմ... ցավակցում եմ հարազատներին» :

Սահակյանը միջազգային ճանաչում ձեռք բերեց 27 տարեկանում ստեղծած իր առաջին խաղարկային ֆիլմիՙ «Փարոսի» (2007) շնորհիվ, երիտասարդ կին Լենայի մասին, որը պատերազմի ընթացքում Մոսկվայից վերադառնում է Կովկասի իր հարազատ գյուղը: Կինոնկարին աջակցել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Հյուբերտ Բալս» հիմնադրամը, նրա առաջնախաղը տեղի ունեցավ հենց Ռոտերդամում, որին էլ հաջորդեցին BFI Լոնդոնի կինոփառատոնը եւ ցուցադրություններ ավելի քան 40 այլ վայրերում: Մի շարք քննադատներ այն ընտրեցին որպես 2007 թ. «Սայթ էնդ սաունդի» տարվա ֆիլմ, իսկ գրող Էս Էֆ Սեիդը կինոնկարը բնութագրեց որպես «պատերազմային ֆիլմ, հուշագրի եւ երաժշտական պոռթկումների հուզիչ միաձուլում. այն, անկասկած, տարվա հայտնությունն էր, Լոնդոնի կինոփառատոնի առանձնանմուշը եւ մեծապես արժանի է կինոթատրոններում ցուցադրվելու համար 2008-ին» :

«Փարոսը» ցուցադրվեց Ռուսաստանի կինոթատրոններում, որտեղ Սահակյանի ընտանիքը 1992-ին տեղափոխվել էր Երեւանից: Սահակյանը Մոսկվայում հաճախել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի հեղինակավոր ինստիտուտը (ՎԳԻԿ)ՙ ուսանելով Վլադիմիր Կոբրինի արվեստանոցում: Ավարտել է 2003 թվականին եւ երեք տարի աշխատել «Անդրեեւսկի ֆլագ» կինոընկերությունում որպես ստեղծագործական պրոդյուսեր: Նրա ավարտական կարճամետրաժ ֆիլմըՙ «Հրաժեշտը», սեղմ, բայց խորապես անձնական մի կինոնկար, նվիրված ռեժիսորի հորը, արժանի համեմատվելու Անդրեյ Տարկովսկու արվեստի հետ, պատմում է մի աղջկա մասին, որը հաշտվում է ընկճախտից տառապած նկարիչ հոր մահվան հետ:

«Սեքոնդ ռան» ընկերությունը թողարկեց «Փարոսի» անգլալեզու խտապնակը, եւ միջազգային ասպարեզում կինոնկարի ունեցած հաջողության շնորհիվ Սահակյանը ֆիլմի պրոդյուսերներից մեկի հետ միասին Երեւանում հիմնեց ֆիլմարտադրական ընկերություն եւ ավարտեց իր երկրորդ խաղարկային կինոնկարըՙ «Այդ ես չեմ» («Ալավերդի»), որը Կինոյի համաշխարհային հիմնադրամի, Դանիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի եւ Գյոթեբորգի կինոյի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված անկախ, միջազգային համատեղ արտադրություն է: Սահակյանն այս ֆիլմով 2009-ին մասնակցել է Տորինոյի կինոփառատոնին եւ 2010 թ.ՙ «Բեռլինալեի տաղանդների կորպուսին»: Կինոնկարը նաեւ հաղթող է ճանաչվել Բելգրադում «B2B» փառատոնի «Լավագույն ներկայացում» անվանակարգում: «Այդ ես չեմ» ֆիլմը խորքային առասպելական արմատներ ունեցող երկիմաստ պատմություն է մոր ու դստեր մասին, որի մեջ հին հայկական երգչախմբային երաժշտությունը հակադրված է ժամանակակից աշխարհում ինքնասպանությունների մղող կայքերին եւ հրաշալի թվային անիմացիային:

2013 թ. Ռուսաստանում թողարկվում է Սահակյանի երրորդ խաղարկային ֆիլմըՙ «Էնտրոպիան», որն աշխարհի վերջի մասին պատմող փորձարարական կատակերգություն է: Կինոնկարը 2012-ին Վիբորգում շահում է «Սավվա Կուլիշ» մրցանակը: Այն կինոռեժիսորի ամենից «տեղային» ֆիլմն էր, որը հսկայական ոճային տարբերություն ուներ իր նախորդ կինոնկարիցՙ ռուսական ԶԼՄ-ների եւ ինքնուրույն հեղինակային կինոյի մասին սուր երգիծանքով ընդգծված: Ֆիլմի գլխավոր դերում է փանք կինոռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան (ճանաչված որպես «Ռուսաստանի Լարի Քլարքը»)ՙ որպես արտասովոր ռեժիսոր, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար եւ ռուսական բարձրաշխարհիկ կյանքի ներկայացուցիչ Քսենյա Սոբչակըՙ որպես նրա իշխանատենչ պրոդյուսեր: Կինոնկարում միակ պրոֆեսիոնալ դերասանը Եվգենի Ցիգանովն էր, որն «Ալավերդի» ֆիլմում մարմնավորել է Պյոտրիՙ բացակա հոր կերպարը: 2014-ին Սահակյանը դադար տվեց խաղարկային կինոյինՙ վարպետության դասեր կազմակերպելով Թումո կենտրոնում եւ ստանձնելով Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրությունը: «Աննիկո» ստուդիայում նա հանդես եկավ որպես Արսեն Աղաջանյանի «Honey-Money» կատակերգության արտադրիչ, որի առաջնախաղը տեղի ունեցավ Վիբորգում 2015 թ.օգոստոսին:

2014-ին Սահակյանը Goodreads-ում նշեց, որ կարդում է Վիրջինիա Վուլֆի «Տիկին Դելոուեյը», եւ նրա առաջին երկու ֆիլմերը Վուլֆի վեպերի նման ընդհանուր բացարձակ հանձնառություն ունեն. ներկայացնել հերոսների ներքին կյանքը, բացահայտել կինոյի լեզուն, որպեսզի միաձուլվեն դիտարկումը, փորձը, երազանքը, երեւակայությունը եւ մեր մտքերում սահող տեսիլքը: Ե՛վ «Փարոսի», ե՛ւ «Այդ ես չեմ»-ի գործողությունները ծավալվում են երիտասարդ կանանց շուրջը, որոնք Քլարիս Դելոուեյի նման զբոսնում են արտաքին աշխարհում, որտեղ պատերազմ է կամ դրա հետեւանքը: Նրանց առօրյան աղավաղված է բռնությամբՙ ներկա կամ անցյալ, եւ այդ հարվածներին նրանց արձագանքած երեւակայության միջոցով է միայն յուրաքանչյուր օրը հասնում էպիկական եւ պոետիկ վերելքների: «Փարոսը» սկսվում է բանաստեղծական մեջբերումով, իսկ «Այդ ես չեմը» վերարտադրում է հայկական էպիկական պոեմը` Շարականը, Օրփեոսի եւ Էվրիդիկեի պատմության մի տարբերակը: Սահակյանի հավակնոտ ֆիլմերը, խարսխված առօրյա դրսեւորումներում, ինչպիսիք են ճոպանուղու վագոնի վրա Էվրիդիկեի բարձրանալու երկարատեւ հաջորդականությունը («Այդ ես չեմ») կամ մազերի լվացման տեսարանը («Փարոս»), շնորհիվ նման ֆիզիկականության, չեն կարող բնութագրվել այլ կերպ, եթե ոչ երազային:

Եվ ոչ միայն նրա ֆիլմերը, այլեւ նրա ֆիլմարտադրությունն էր այդպիսին: Ռեժիսորը 2009-ին Հայաստանում Վիկտորյա Լուպիկի հետ հիմնեց «Աննիկո ֆիլմզ» ընկերությունըՙ Հայաստանում ֆիլմեր արտադրելու կամ Հայաստանում իրապես ոչ-սփյուռքահայ կինո ստեղծելու նպատակով: «Աննիկոն» արտադրեց Սահակյանի բոլոր կինոնկարները մի երկրում, որին դեռեւս չի հաջողվել ունենալ ազգային ֆիլմարտադրություն Խորհրդային Միության փլուզումից հետո: Կինոքննադատ Նիք Ջեյմսը ներկայացրել է հայկական կինոյի համառոտ պատմությունըՙ լինելով «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, որը Մարիա Սահակյանին երրորդ անգամ պարգեւատրեց «Լավագույն ֆիլմ» մրցանակով: Կինոփառատոնի եւ ռեժիսորի հարաբերությունները ակնհայտորեն խորացել էին: «Իսկ մենք սիրում էինք Մաշային ոչ միայն իր տաղանդավոր ֆիլմերի, այլեւ այն պատճառով, որ երբ մտնում էր մեր կիսախավար գրասենյակը, լույս էր բերում իր մշտապես զվարթ ու կենսախինդ էությամբ» ,- ասված է փառատոնի կայքումՙ ռեժիսորի մահվանից հետո:

Ինչպես «Էնտրոպիա» ֆիլմում, Սահակյանի «կիսամութ» ֆիլմերը միշտ էլ աբսուրդի տարրեր են պարունակում: Հավատարիմ մնալով փորձարարական կինոյի լեզվինՙ նա շարունակ վիճարկում էր կինոարվեստի սահմանները: Իմ «Քաղաքական կենդանիներ. նոր ֆեմինիստական կինոն» աշխատության մեջ «Փարոսը» բնութագրելիս ես օգտագործել եմ Ալիսա Լեբովի «հակապատերազմային» ֆիլմ դասակարգումը.նմանապեսՙ «Այդ ես չեմ»-ը կարելի է անվանել «չափահասության գալու» կինոնկար: Սահակյանի կինոնկարները կամրջում են իր կյանքի հակասությունները. նրա ֆիլմերն առնչվում էին հիմնավոր ազգային խնդիրներին, թեեւ նա ազգայնական չէր, եւ ի տարբերություն ընտանիքը լքած իր հոր, Մարիան հավատարիմ էր իր արվեստին եւ միաժամանակՙ հինգ երեխաների մայր լինելու իր դերին:

Մոտ մեկ տասնամյակի ընթացքում նա հեղափոխեց հայկական կինոարտադրությունն ու հայ կինոյի միջազգային հեղինակությունը, եւ հայտնագործեց կնոջ ներաշխարհը նկարագրող յուրօրինակ բանաստեղծական լեզու: «Փարոս» ֆիլմում մի փխրուն տեսարան կա, երբ Կասանյա անունով ծեր կինը Լենային պատմում է իր տեսած երազը, որտեղ նա իբրեւ տանձենի էր: «Իմ մեջ, ծառի մեջ, աշխարհն է ապրում», ասում է նա: Մարիա Սահակյանի կինոնկարներն էկրան բարձրացրին այս երկրային, սովորական առեղծվածը, եւ դրանցում, իր ֆիլմերում նա շարունակում է ապրել:

Նկար 2. Դրվագ Մարիա Սահակյանի «Փարոս» կինոնկարից

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ