ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ԼԱՏԻՆԵՐԵՆ ՄԻ ԵՐԳ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ 1999 թվականին ֆրանսիական BMG ձայնագրման ֆիրման թողարկել է «Երուսաղեմ. հազարամյակի առեղծվածը» (Solyma: Mystik Der Jahrtausende) վերնագրով երաժշտական լազերային խտասկավառակ: Ալբոմի վերնագիրը լատիներեն է, ենթավերնագիրըՙ գերմաներեն: Ընդգրկում է 13 երգ չորս լեզվովՙ եբրայերեն, լատիներեն, հունարեն եւ արաբերենՙ միջնադարյան մեղեդիների հիման վրա: Վեց տղամարդ եւ կին վոկալիստների անունները նշված չեն: Երգերից երկուսի հեղինակն է Լ. Կաենան, մնացածինըՙ Ալեն Պեւզները, երգերի խոսքերի հեղինակներն են Պոլ Սերժը (Կակոնը) եւ Ֆաբրիս Տալիանը, միայն մեկինըՙ Ալեն Պեւզները: Ալբոմի չորրորդ գործը կոչվում է «Tres Armenii fratrers», այսինքնՙ «Երեք հայ եղբայրները»: Տասներորդը նույն երգի ռեմիքսն է: Գեղեցիկ, հիշվող մեղեդիով օժտված այս գործն ալբոմի լավագույն երգերից է: Ներկայացնում ենք երգի հայերեն տողացի թարգմանությունը. Կատաղի ճակատամարտի կեսին հանկարծակի հայտնվեցին երեք թափառական արտիստներ եւ կանգնեցին կռվողների մեջ, որոնց ատելությունը փոխվեց իսկական ապշանքի: Կռվի աղաղակները լռեցին, կռվողները զարմացանՙ նախ նայելով միմյանց, հետո ծիծաղ պայթեց, որն ավարտվեց խաղաղությամբ: Երեք հայ եղբայրները, Ճանապարհ էին գնում, Երեք հայ եղբայրները, Գնում էին Երուսաղեմ, Հրաշալի ձայներով Երգում էին ու պարում, Երեք հայ եղբայրները, Արտիստները: Երեք հայ եղբայրները Եկան հանկարծակի, Երեք հայ եղբայրները Կատաղի մարտի մեջ, Հրաշալի ձայներով Շարունակում էին երգել, Երեք հայ եղբայրները, Արտիստները: Հենց նայեցին նրանք Զինվորներին, որ կոտորում էին, Զենքերը ցած դրեցին, Գրեթե մեռան ծիծաղից, Ապա, վարակված խաղից, Սկսեցին երգել եւ պարել: Երգի տեքստի համահեղինակ Ֆաբրիս Տալիանը թերեւս ֆրանսահայ է, ինչով կարելի է բացատրել անդրադարձը հայկական թեմային: Մեզ հասու աղբյուրներում Տալիանի մասին միայն գտանք այն փաստը, որ 1974-ին նրա հեղինակությամբ լույս է տեսել «Երազող կատվի մաշկը» ֆրանսերեն վեպը: Փորձենք պարզել, թե ո՞րն է երեք հայ եղբայրների մասին այս երգի սկզբնաղբյուրը: 1248 թվականին, ֆրանսիացի ասպետ Ժուվենիլը, որը Ֆրանսիայի Սուրբ Լյուդովիկոս թագավորի հետ մեկնել էր խաչակրաց արշավի, վկայել է Երուսաղեմ ուխտի գնացող հայ եղբայրների մասին, որոնք ճանապարհին զբաղվել են պարով, նվագով եւ ակրոբատիկայով: Այս տեղեկատվությունը դեռեւս 1862 թվականին Մխիթարյան հայրերն թարգմանաբար ներկայացրել են «Բազմավէպի» էջերում: «Իշխանին հետ եկան չորս գուսանք ի Մեծ Հայոց, որք եղբարք էին. ասոնք Երուսաղէմ ուխտի կ երթային, եւ երեք փող ունէին, որոնց ձայնը երեսնին կը զարնէր: Երբ կը սկսէին փողերն հնչեցնել, կարծես թէ լճակէն եկող կարապներու ձայն էր, եւ անանկ քաղցր ու շնորհալի ներդաշնակութիւններ կը հանէին, որ լսողը կը հիանար: Իրենք զարմանալի պար մը կը բռնէին. ոտքերնուն տակ տախտակ մը կը բերուէր եւ իրենք ոտքի վրայ կեցած կլոր կը դառնային, անանկ որ ոտքերնին միշտ տախտակին վրայ կուգար նորէն. երկուքը գլուխնին դէպ ի կռնակն ծռած կը դառնային, նոյնպէս անդրանիկն ալ. եւ երբ որ գլուխը դէպ ի առջեւ դարձել կու տային անոր, կը խաչակնքէր երեսը. ոորվհետեւ կը վախէր, որ չըլլայ թէ դառնալու միջոցը վիզը խորտակի» («Բազմավէպ», 1862, թիւ 1, Յունուար, էջ 16): Այս փաստը ծանոթ է հայ բանասերներին, թատրոնի եւ կրկեսի պատմաբաններին (Վահրամ Թերզիբաշյան, Հենրիկ Հովհաննիսյան, Գրիգոր Օրդոյան): Այս թեմայով գերմանացի բանաստեղծ Կառլ Ֆրիդրիխ Մայերը գրել է բանաստեղծություն, որն արձակ թարգմանել է Ավետիք Իսահակյանը, միայն թե այս գործում եղբայրները ոչ թե չորսն են, այլ երեքը: Ինչպես տեսնում ենք, Ժուվենիլը ճակատամարտ չի հիշատակել, սակայն զուգադիպություններն ակնհայտ են. հայ եղբայրներ, որ գնում են Երուսաղեմ եւ ճանապարհին պարում են (մի դեպքումՙ նաեւ փող նվագում): Ճիշտ է, բնագրում չորս եղբայր են, սակայն խոսվում է երեք փողի մասին: Եղբայրները երեքն են ինչպես Մայերի վերոհիշյալ բանաստեղծության մեջ, այնպես էլ «Tres Armenii fratrers» երգում, քանի որ, գեղարվեստական մշակման մեջ, հեքիաթներում ընդունված ավանդույթով ավելի ընդունելի է երեք եղբայրը, քան չորսը: Ուստիեւ անհիմն չէ պնդել, որ հենց Ժուվենիլի վկայությունը եւ կամ Կառլ Ֆրիդրիխ Մայերի բանաստեղծությունն է 20-րդ դարի վերջին ֆրանսիացի հեղինակներին ներշնչել գրելու «Tres Armenii fratrers» երգըՙ օժտելով այն նոր մոտիվովՙ հայ թափառական արտիստներին ներկայացնելով որպես հաշտություն սերմանողներՙ այդպիսով նաեւ արվեստին վերագրելով խաղաղաբեր բնույթ: «Երուսաղեմ. հազարամյակի առեղծվածը» ալբոմի հեղինակները ներշնչվել են միջնադարյան իրականությունից եւ, մասնավորապես, Սուրբ Քաղաքին վերաբերող վկայություններից, իսկ հայ եղբայրներին առնչվող պատմական վկայությունը մի գտնված, հարմարագույն սյուժե է սույն համատեքստում: |