RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018



ԱՌԱՋԸՆԹԱՑ

Տեղադրվել է` 2018-08-23 21:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1393, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԿԻՆՈԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Հայկական կինոարվեստի մասին միջազգային հանրության տեղեկությունները սկսվում եւ ավարտվում են առավելագույնը Փելեշյանով ու Փարաջանովով: Համաշխարհային կինոոլորտում Համո Բեկնազարյանի անունը գրեթե ոչ ոք չի լսել: Անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց Բեկնազարյանի «Զարե» համր ֆիլմով: Դահլիճի 90 տոկոսը ֆիլմն առաջին անգամ էր տեսնում. առաջին անգամ էին տեսնում նաեւ արտասահմանցի կինոգործիչները: Բոլորը ցնցված էին. գրեթե մեկ դար առաջ Համո Բեկնազարյանը նկարահանել է այնպիսի կինոարվեստ, որն իր բարձր չափանիշներով, բարձրացրած խնդիրներով, կինոմտածողությամբ ու կինոճաշակով կարող է մրցել ու հաղթել համաշխարհային կինոյում անուն հանած դասականների հետ: Մեկ դար առաջ կինոնկարահանման նվազագույն միջոցներով ու պայմաններով հայ կինոռեժիսորին հաջողվել է նկարահանել զանգվածային այնպիսի հզոր տեսարաններ, դրամատիկական լուծումներով այնպիսի պատկերներ, ստանալ դերասանական այնքան համոզիչ խաղ ու կերպարներ, ու ամենակարեւորըՙ դուրս գալ նեղ ազգայինից, հասնել լայն հորիզոններ ու արծարծել համամարդկային թեմա:

Հայկական կինոյի ակունքները հասնում են սովետական հեղափոխության ժամանակաշրջան. մենք անգամ նկարահանել ենք Կարմիր բանակի մուտքը Սովետական Հայաստան: Թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային ժանրերում արժեքավոր կինոժառանգություն ունենք, որին կերազեին շատ ազգեր: Կինոն համամարդկային արվեստ է, կինոյի լեզունՙ հասանելի եւ հասկանալի բոլորին: Սակայն, ցավոք, մեր ժամանակներում չկարողացանք ստեղծել մրցունակ, աշխարհին հասկանալի ու հասանելի կինո: Բարեբախտաբար, նման ժառանգություն ստեղծել են մեր կինոյի մեծերը, եւ իրավատերը մենք ենք ու մեր պետությունը:

Բայց մինչեւ հիմա ի՞նչ ենք արել այդ ժառանգությունը տարածելու, հանրահռչակելու համար. բացարձակապես ոչինչ: Առաջին քայլը պետք է լիներ հայկական հին ֆիլմերի վերականգնումն ու թվայնացումը, որովհետեւ յուրաքանչյուր կինոփառատոն կամ հեռուստաէկրան ցուցադրում է տեխնիկական ժամանակակից չափնիշներին համապատասխանող ֆիլմեր: Բացի այդ, որքան ուշ վերականգնվեն ֆիլմերը, այնքան դրանք որակապես կտուժեն ու կփչանան: Թեեւ մեր կինոժառանգությունը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվի ֆոտո-ֆոնո եւ կինո արխիվում, ու պահպանման պայմանները վատ չեն, բայց ժամանակն աշխատում է ի վնաս ժապավենների:

2006 թվականին հայրենի կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնըՙ որպես «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ, սակայն գույքային ու կինոժառանգության իրավունքներն անցան «ՍիԷս ֆիլմս» ընկերությանը: «ՍիԷս ֆիլմսը» պարտավորվում էր «Դա Վինչի» նորագույն համակարգով վերականգնել ու թվայնացնել հայկական կինոժառանգությունը: Մենք հեռուստաէկրանին տեսանք ընդամենը մի քանի վերականգնված ֆիլմ. պարզվեց, որ այնքնան հնչեղ «Դա Վինչի» համակարգ ասվածը կինոկենտրոնի սովորական մոնտաժային համակարգիչն է, վերականգնող մասնագետն էլՙ կինոկենտրոնի հազար տարվա մոնտաժողը: Թե ինչու ֆիլմերի վերականգնումը թեկուզ սովորական համակարգչով այլեւս չշարունակվեց, վրան մի մատ փոշի դրած խնդիր է: «ՍիԷս ֆիլմսի» տերերն էլ վաղուց Հայաստանում չեն: Բայց փաստն այն է, որ հայկական ֆիլմերի վերականգնման տխրահռչակ գործընթացը կանգնեց: Այնուհետեւ «Հայֆիլմի» գույքային ու կինոժառանգության իրավունքներն անցան դարձյալ ոչ ազգային կինոկենտրոնին, այլ «Հայֆիլմ» ՓԲԸ-ը. թե ինչու էին իշխանությունները միշտ ջանում կինոկենտրոնի օդերը փակել, սատանային է հայտնի:

Մի քանի տարի առաջ Մարտին Սկորսեզեի հիմնադրամը, Սերգեյ Փարաջանովի արվեստի նկատմամբ մեծագույն պատկառանքից դրդված, վերականգնեց «Նռան գույնը» ֆիլմը: Այն Մարտին Սկորսեզեի նվերն էր Հայաստանին: «Նռան գույնը» միջազգային չափանիշներով վերկանգնված հայկական առայժմ միակ ու առաջին ֆիլմն է: Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի համար հայկական ֆիլմերի թվայնացումը, վերկանգնումն ու տարածումը կարծես դարձել է նոր ռազմավարություն ու կինոքաղաքականություն: Դեռ տարեսկզբից նա մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին տեղեկացրել էր իր նպատակների մասին. գործնական քայլերը սկսվեցին նոր իշխանությունների օրոք: Այս տարվա հուլիսին «Հայֆիլմ» ՓԲԸ-ի պայանագիրը լրացավ. կինոկենտրոնի տնօրենը դիմել է մշակույթի նախարարինՙ «Հայֆիլմ» կինոստուդիայի գույքային ու ժառանգության իրավունքները Հայաստանի ազգային կինոկենտրոնին վերադրձնելու առաջարկով: Առաջարկն ընդունվել է:

Անցյալ տարի անգլիացի պրոդյուսեր Դենիել Բերդը Շուշանիկ Միրզախանյանին առաջարկել էր հայկական ֆիլմերի վերականգնման ծրագիր, ըստ որիՙ առաջինը պետք է թվայնացվեր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: Մեր պետության հետ պայմանավորվածությունները վերջին ամիսներին վերածվեցին պաշտոնական փաստաթղթերի, եւ հուլիսին «Հակոբ Հովնաթանյանի» ժապավենով հանդերձՙ Շուշանիկ Միրզախանյանը մեկնեց Լեհաստանՙ «Ֆիքասաֆիլմ» ընկերություն, որտեղ նրան էր սպասում Դենիել Բերդը: Ֆիլմի վերականգնված մեկ րոպե տեւողությամբ հատվածը Բերդը ցուցադրեց նաեւ Երեւանումՙ բացատրելով աշխատանքի նրբությունն ու դժվարությունները: «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված ու թվայնացված տարբերակը պատրաստ կլինի սեպտեմբերին: Դենիել Բերդը երեւանյան այցի ժամանակ շտապեց զարմանքը հայտնել. «Եթե մի ուրիշ ազգ ունենար այսպիսի կինոժառանգություն, հաստատ ամենահեղինակավոր փառատոների արտամրցութային ծրագրերում հաստատուն տեղ կունենար, կցուցադրեր իր ազգային կինոարվեստի բոլոր նմուշները: Իսկ դրանից առաջ վաղուց վերականգնած կլիներ իր կինոհարստությունը: Մինչդեռ համացանցն այսօր ամբողջովին հեղեղված է հայ կինոռեժիսորների ֆիլմերի անորակ տարբերակներով: Ոտնահարված են հեղինակային իրավունքները. ով ասես, ինչպես ուզում օգտագործում է այդ ֆիլմերը, մինչդեռ նույն Փարաջանովի, Բեկնազարյանի յուրաքանչյուր կադրը ցուցադրելու համար պետք է իրավունք ձեռք բերել ու բարձր գին վճարել»:

Պարզ հարց է առաջնում. ի՞նչ ակնկալիք ունի օտարազգի պրոդյուսերը հայկական ֆիլմերի թվայնացմումից ու վերականգնումից: Մանավանդ որ ըստ պայմանավորվածության մեր պետությունից թվայնացման համար գումար չի պահանջվելու. ծախսերը տրամադրելու են միջազգային հիմնադրամները, այդ խնդիրը հոգալու է հենց Դենիել Բերդը:Վերականգնված ֆիլմերի հեղինակային իրավունքները լիարժեք պահպանվելու են. կնքված փաստաթղթերը դա են վկայում:Հեղինակային իրավունքները պահպանելովՙ անգլիացի պրոդյուսերը վաճառելու է ֆիլմերի ցուցադրման իրավունքները. ստացված տոկոսներից բաժին է հասնելու նա- Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Սակայն ֆիլմերի ցուցադրման իրավունքի վաճառքի վերաբերյալ պայմանագրերը գործընթացի հաջորդ փուլում են լինելու. առաջնային հարցը հայկական ֆիլմերի վերականգնումն ու թավայնացումն է: «Հակոբ Հովնաթանյանից» հետո վերականգնվելու են Համո Բեկնազարյանի տասը ֆիլմերը: Համատեղ նախագիծը կշարունակվի մինչեւ 2024 թվականը: Հեռահար նպատակ կա Հայաստանում հիմնել վերականգնման լաբորատորիա, որտեղ կաշխատեն դրսում վերապատրաստված մասնագետներ:

Դենիել Բերդը մոտիկից է ճանաչում Հայաստանը, հայ մշակույթն ու հատկապես կինոն: Նա մեր կինոժառանգությունը համարում է համաշխարհային կինոյի դասական էջեր, որոնք կարող են զարդարել որեւէ փառատոնի մեծ էկրանը: Ի վերջո, գաղտնիք չէ, որ կինոյի անցյալն այսօր մեծապես հետաքրքրում է մերօրյա գործիչներին, կինոակադեմիաներում կինոարվեստ ու կինոմտածողություն ուսուցանվում են հին դասականների հիման վրա: Մեր գանձարանի արժեքն օտարները, այս դեպքում անգլիացի Բերդը քաջ գիտակցում է: Նա մտադիր է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով ֆիլմ հավաքել. առանձին նկարահանումներ էլ են նախատեսվում նրանց հետ, ովքեր աշխատել են Փարաջանովի հետ: Բերդն արդեն դիմել է Տիգրան Մանսուրյանինՙ նոր ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկով: Աչալուրջ ու պատվախնդիր լինելու դեպքում կարելի է փոխշահավետ համագործակցություն հիմնել. արդյունքում առանց պետբյուջեից գումարներ ծախսելու կվերականգնվի, կթվայնացվի, մեծ էկրաններին կցուցադրվի մեր մեկդարյա կինոժառանգությունը, հայկական կինոն համաշխարհային դասականների շարքում իր արժանի տեղը կունենա ու ճանաչում ձեռք կբերի, նաեւ ցուցադրման իրավունքի վաճառքից մեր պետությունը տոկոսներ կստանա: Ինչ խոսք, ձեռնունայն չի մնա նաեւ ծրագրի նախաձեռնող հեղինակ Դենիել Բերդը: Իսկ ի՞նչ է, հայ կինոյի դասականների կինոժպավեններն արխիվներում թթու դնելով ու փչացնելովՙ ավելի՞ն ենք շահելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ