RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-08-23 21:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1559, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԱՌԻԿ ՄԸ ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ «ԱՐԿՂՆԵՐԻ ՄՈՆԲԼԱՆԻՑ»

Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Սարոյանի նամակը սոպրանո Ջեկի Շահբազյանին

«Իմ տունն ամբողջ աշխարհն էր, եւ ես ուրախ էի, որ այնտեղ եմ գտնվում», գրում էր Վիլյամ Սարոյանը «Հեծանվորդը Բեվերլի Հիլզից» վիպակում:

Բարի հսկան մերն էր եւ մերն էլ կմնա: Սակայն նա նաեւ ողջ աշխարհինն է, քանի որ, ինչպես ինքն էր խոստովանում, վերոնշյալ «գրքի նյութը ոչ այնքան ես ինքս եմ, այժմ եւ նախկինում, որքան մարդկային հոգին, հոգու խնդիրը»: Իսկ «հոգու խնդիրը» համամարդկային է: Նրան կարդում եւ ուսումնասիրում են ամենուրեք: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Հարցը սակայն այն է, թե ինչքանով է աշխարհը հաղորդակից նրա ամբողջական գրական ժառանգությանը:

Դեռեւս 1998 թվականին, մեր ժամանակների մեծագույն հրապարակագիրներից, ճանաչված ճանապարհորդ Զորի Բալայանը «ԱԶԳ»ի 1998 թվի սեպտեմբերի 1-ի համարում սիրված գրողի ծննդյան 90-ամյակի առթիվ իր «Ժամանակը չի սպասում» հոդվածում դիմում էր «Հայաստանի նախագահին, հանրապետության վարչապետին առընթեր մշակույթի խորհրդին, թախանձագին կոչ անելով անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Վիլյամ Սարոյանի անչափ հարուստ գրական ժառանգությունը փրկելու համար»:

Իր խաղողի այգիներով Հայաստանը հիշեցնող Ֆրեզնոյում գտնվելով Բալայանը հետաքրքրվել էր, թե «ուր են կորել գրողի բոլոր իրերը»: «Իմ նոր բարեկամներն ասում էին, թե դրանք տնօրինում է այսպես կոչված կտակակատարը, որը պատասխանատու է Սարոյանի ֆոնդի համար», գրում էր նա եւ շարունակում. «բայց ոչ ոք չգիտե նրա գտնվելու ստույգ վայրը: Ասում էին, թե ամենից հաճախ լինում է Սան Ֆրանցիսկոյում: Ինչպես պարզվեց, Սարոյանի ձեռագրերն ու գրքերը գտնվում էին քաղաքային գրադարանում: Մենք անմիջապես մեկնեցինք այնտեղ: Այն բաժնում, որտեղ պահվում էին Սարոյանի ձեռագրերն ու գրքերը, ծանոթացանք վարիչ Ռոնալդ Մագոնիի հետ: Ռոնալդը մեզ ցույց տվեց «արկղների Մոնբլանը»: Դրանք բոլորը համարակալված են: Ընդամենը 780 հատ են: Դրանց մեջ Սարոյանի նկարներն են, ալբոմները, նամակները: Կան հսկայական քանակությամբ անտիպ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ»:

Բալայանի հարցին պատասխանելով Ռոնալդ Մագոնին ինչ-որ թղթեր աչքի անցկացնելուց հետո ասում է. «Չի հրատարակվել մոտ 100 աշխատանք: Բոլորն էլ բավական խոշոր գործեր են»: Ահա այդ գործերի փրկության կոչով էր Բալայանը դիմում Հայաստանի իշխանություններին եւ հոդվածն ավարտում հետեւյալ բառերով. «Եթե մեր ժողովրդի մեծ զավակի անգին ստեղծագործությունները չփրկվեն, ապա մեզնից բացի ոչ ոք պատասխանատվություն չի կրի պատմության առջեւ»:

Տուն-թանգարանը

Բարեբախտաբար, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 28-ի համարից տեղեկանում ենք, որ Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի վերանորոգված տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու օգոստոսի 31-ին քաղաքի պետական համալսարանի «Satellite Student Union» բաժնի սրահում, որտեղ պաշտոնական արարողությունն սկսվելու է տուն-թանգարանի ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրումով: Այնուհետեւ ելույթներ են լինելու եւ հյուրասիրություն:

Հետաքրքրասերների համար պարզենք, որ «Renaissance Cultural and Intellectual Foundation»ի (Մշակութային եւ ինտելեկտուալ վերածնունդի հիմնադրամի) նախաձեռնող-հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը 2016-ին գնելով Սարոյանի տունըՙ փրկել է այն անխուսափելի կորստից: Վերանորոգման աշխատանքներից հետո թանգարանը ինտերակտիվ եւ նորարարական ցուցանմուշներով եզակի կենտրոն է դարձել, որը հնարավորություն է ընձեռելու ուսանողներին եւ գիտաշխատողներին հետազոտական աշխատանքներ կատարելու Սարոյանի թողած հսկայական ժառանգության ոլորտում: Եվ գուցե Զորի Բալայանի մտահոգությունների մի մասը փարատվի:

Վարվառան

Մինչ այդ անսպասելի ու չափազանց հաճելի անակնկալ էր էլ-փոստով հաղորդագրություն ստանալ Բրյուսովի ինստիտուտի 80-ական թվականների իմ նախկին ուսանողուհիՙ Վարվառա Տեր-Պապյան-Շահինյանից, որ Երեւանում էր իր դստերՙ պատմաբան Հասմիկ Շահինյան-Նիկողոսյանի հետ եւ ցանկանում էր հանդիպել ինձ հետ, փոխանցելու համար «Պատառիկ մը Սարոյանէն»:

Տեր-Պապյանները բնիկ Մարաշից եւ Այնթապից են: Վարվառայի ծնողները Սիրիայից Հայաստան են ներգաղթել 1946-ին: Հետագայում, 1990-ին, Վարվառան ԱՄՆ է տեղափոխվել եւ աշխատել Valley View Elementary School-ում (Studio City-California) որպես մեկ այլ ազնվափայլ հայ տիկնոջՙ հիմնական դասատու Ջեկի Շահբազյանի օգնական: Որոշ ժամանակ անց, Շահբազյանը տնօրեն է նշանակվել Santa Monica Elementary School-ի, եւ Վարվառան զբաղեցրել է նրա տեղը որպես հիմնական դասատու: Շահբազյան-Քյուրքչյանը տնօրենի պաշտոնում մնացել է մինչեւ 2001 թվականը:

Երկու ընտանիքների համար (Տեր-Պապյան, Շահբազյան) մանկավարժությունը եղել է հոգեկան պահանջ, որին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել:

Վարվառան դասավանդման իր նորարարական մոտեցումներով ու մոգական հեքիաթներ պատմելու իր առանձնահատուկ ձիրքով այնքան է ոգեւորել եւ ներշնչել երեխաներին, որ դարձել է նրանց կուռքը եւ արժանացել «Ոսկե խնձոր» մրցանակին, որը շնորհվում է «Լոս Անջելեսի միացյալ դպրոցների շրջանային վարչության» կողմից: Իսկ ամբողջ Ամերիկայի մասշտաբով արժանացել է որակավորման ազգային վարչության (National Board Certified Teacher) սահմանած վաստակավոր ուսուցչի կոչմանը, որը շնորհվում է շատ քչերին: Ես անսահման հպարտ եմ դրա համար: Ի դեպ նրա ավագ քույրըՙ Անահիտը եւ վերջինիս ամուսինըՙ Լեւոնը, նույնպես մանկավարժներ են:

Ջեկին

Ջեկին, բացի մանկավարժ լինելուց, առաջին հերթին ճանաչված եւ լավ գնահատված երգչուհի է, սոպրանո: Երաժշտությանը նվիրված է եղել մանուկ հասակից, երբ որպես դասատու սկսել է դասավանդել Հոլիվուդի «Ռամոնա» տարրական դպրոցում: Այնուհետեւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում (UCLA) ծանոթացել է Ջեյ Ռուբանովի (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի գեղարվեստական տնօրեն), Մադամ Նադինա Դե Սանդիսի եւ Դորոթի Քիրստենի հետ, որոնք էլ նրա ճանապարհն են հարթել դեպի օպերային երաժշտություն: Իր ալբոմի ներդիրում նա նաեւ հատուկ երախտագիտությամբ է հիշում իր հայ դասատուներին, որոնցից առանձնացնում է Զարուհի Էլմասյան-Վարդյանին եւ նրա ամուսին Սեդրակին, որոնք իր խոսքերով «մեծագույն հայ երգիչներն էին այդ ժամանակվա Ամերիկայում»:

«Մենք երախտապարտ ենք ամերիկահայերի առաջին սերնդի ներկայացուցիչներին, որոնք կոտորածներից փախչելով այս երկրում իրենց ապրելու վճռականությունը փոխանցեցին հաջորդ սերնդին: Նրանց թվում էին Ջորջ Դյոքմեճյանը, Քըրք Քըրքորյանը, Լուիզ Մանուկյան-Սիմոնը, Արաբյան եւ Թեվրիզյան դատավորները, Լուսին Ամարան, Լիլի Չուքասզյանը, Արա Բերբերյանը, Մայք Քոննորզը, Շերը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Լարրի Բալաքյանը եւ մեր փայլուն աստղըՙ Վիլյամ Սարոյանը», գրում է նա:

Ջեկին այժմ, ըստ Վարվառայի, բավականին առաջացած տարիքում է, բայց նույնքան աշխույժ եւ եռանդուն, որքան որեւէ երիտասարդ: 1960-70 թվերին համերգային շրջագայություններով ելույթներ է ունեցել Մերձավոր Արեւելքում, Թուրքիայում (1968), Թեհրանում (1968) եւ Հայաստանում (1962 եւ 1969): 1965-ին Կառնեգի Հոլում ունեցած իր ելույթի առթիվ «Նյու Յորք Թայմսը» գրել է. «Լոս Անջելեսի սոխակըՙ օրիորդ Շահբազյանը մի շարք հայկական երգեր կատարեց սիրատոչոր հուզմունքով: Նրա հարուստ տոնայնությունը կրկնապատկվում էր հայկական երաժշտական գործիքների ընկերակցությամբ»: Իսկ Ստամբուլի «Մարմարան» 1968-ին արձագանքել է. «Շլացնող սոպրանո: Օր. Ժագլին Շահպազեան երէկ անմոռանալի յաղթանակ մը արձանագրեց իր երգահանդեսով: Իսթանպուլի գեղարուեստասէր հասարակութիւնը երէկ նոր խնջոյք մը ունեցաւ «Շան» սինէմայի մէջ»:

Նամակը

1969-ին Վիլյամ Սարոյանը երեւանյան նրա համերգի ձայնագրությունը լսելուց հետո Ջեկիին է հղել հետեւյալ նամակը, որը «պատառիկ մը» կարելի է համարել Զորի Բալայանի նշած «արկղների Մոնբլանում» հայտնված անթիվ-անհամար չհրատարակված նյութերից: Ահա այդ նամակն է, որ մեր հանդիպման ժամանակ նախկին ուսանողուհիսՙ Վարվառան փոխանցեց ինձ, հնարավորության դեպքում հրատարակելու խնդրանքով:

«ԱԶԳ»ը միշտ նախանձախնդիր է եղել հրատարակելու, Երեւան հանելու ցարդ անհայտ մնացած գրություններ: Այս նամակն էլ այդ անհայտ մնացածների շարքում է եւ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առթիվ արժանի է լայն հասարակությանը ներկայացնել այն, մանվանդ որ նեղ, անձնականՙ միայն Շահբազյանին վերաբերելու հանգամանքից դուրս գալով այն ընդհանուր, համահայկական բնույթ ունի եւ բացահայտում է Սարոյանի ծանոթությունը հայ երգարվեստի տիտանների հետ:

Ստորեւ Վ. Սարոյանի նամակը (գրված 1969 թ. դեկտեմբերի 27-ին) ուղղված օրիորդ Ջեկի Շահբազյանին (5237 Ֆաունթին Ավենյու, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, 90027), Տիկ. Վարվառա Տեր-Պապյանի թարգմանությամբ:

«Սիրելի Ջեկի,

Կարծում եմ` քո նվերը պարզապես գեղեցիկ է: Ի միջի այլոց ես հենց այս միջոցին ունկնդրում եմ ձայնաժապավենը արդեն երրորդ անգամ: Կապոցը տեղ հասավ երեք-չորս օր առաջ, բայց «վոլենսաքը» (1) սարքին չէր, եւ ես չփորձեցի անգամ այն լսել մինչ այս պահը, թողնելով որ շարժիչը մոտ կես ժամ աշխատի, ձայնաժապավենը լսելուց առաջ, եւ այս անգամ հաջողվեց: Դե, դու ասում ես, «Ինձ անձամբ ասեք, թե ինչ եք մտածում», եւայլն: Սկսենք երգերից: Դրանք զուլալ են, ճշմարիտ եւ բացարձակապես դյութիչՙ խոր վշտով կատարված, որոնք այդուհանդերձ լի են ինչ-որ արտասովոր, մոգական ուրախությամբ: Դա Հայաստանն է, հայոց պատմությունը, հայ մշակույթը, հայ արվեստը եւ մնացած բոլորը, որ մենք չգիտենք եւ դեռ էլի շատ բաներ, որոնք անվանում չունեն: Դու ծանո՞թ ես պրոֆ. Գալֆայանի (2), այդ մեծն, կորած, մեկուսացած անհատի կամ նույնիսկ հանճարի երգերին: Նրանցում կարելի է տեսնել այն մի փոքր էքսցենտրիկ անհատին, որը միայնակ մաքառում է հեռու հեռվում: Մինչդեռ, ինչ-որ ձեւով նրա երգերը շատ հեռու չեն հայկական, իսկական եւ աննման երգեր լինելուց: Նա երեսուն տարվա մեջ ձայնագրել է ամենաքիչը վեց ձայնապնակ յոթանասունութ երգերովՙ երկու կողմերն էլ հաշված: Մի ժամանակ ես բոլորն էլ ունեի, հետո մի քանիսը կորան, մյուսներըՙ կոտրվեցին եւայլն: Հիմա դու քոնը ձայնագրեցիր, անցյալ ամառ ունեցար քո համերգը Երեւանում... Այսպիսով, կարծում եմ, որ այս երգերի մի մասը գրվել են այն մարդու կողմից, որի ծննդյան տարեդարձն էին նշում այնտեղ: Մի խենթ մարդու, որը, ինչպես նրան լավ ճանաչող մեկից լսել եմ, սովորություն ուներ թաքնվելու մահճակալի տակ, Փարիզում, եւայլն: Կոմիտասը չէ, այն մյուսը: Բայց դա էական չէ... երգերը, քո երգած երգերը, այն երգերը, որ ես ունկնդրում եմ հիմա քո ուղարկած ձայներիզի վրա... եւ քո փոքրիկ խոսակցությունը միսիոներական հայերենով նույնպես շատ գեղեցիկ են: Բոլորն էլ շատ սրտաշարժ են եւ դյութիչՙ լսելու համար ով էլ որ լինի հեղինակը: Այն ինչ երգիչն ունիՙ ձայնն է, արտահայտման ձեւն ու ոճը, եւ մի շարք այլ անշոշափելի զգացմունքներ... Դե, կարծում եմ, այս երգերում քո ձայնը քո իրական ձայնն է, դու քեզ հարազատ ես զգում դրանցում: Չեմ ասում, թե դու պետք է այլ երգեր չերգես, երգիր, բայց քո ձայնը այնտեղ է, Հայաստանում, որ երգի միջոցով բարձրացնում է ոգին: Դու երեւի աշխարհի բոլոր երգիչներին գիտես, ներառյալ հայերին... Դե, Շահմուրադյանը ուներ հայկական աննկարագրելի ձայն, այսպես ասած ազատ ձայնՙ դաշտերի, սարերի, քամու ձայն: Նաեւ իմ ընկեր Շարա Տալյանը: Նույնպիսի ձայն ունի իմ ընկեր Հովհաննես Բադալյանը, որ հափշտակում է ունկնդրողին իր «ի՜նչ-ի՜նչ ասեմ»ով այս ժապավենի վրա: Դու նույնպես ունես: Ենթադրում եմ, որ դու ԼՓ-ի (3) ես սարքելու կամ սարքել ես արդեն: Եթե այդպես է, ուրեմն կխնդրեի, որ մի օրինակ ինձ ուղարկեիր: Նորից շնորհակալություն եւ շնորհավոր Նոր տարի:

ԲԻԼ»:

Ինձ մնում է ավելացնել մի քանի ծանոթագրություններ, եւ շնորհակալություն հայտնել Վարվառային Սարոյանի նամակը ինձ հանձնելու համար:

(1) Վոլենսաքը մագնիտոֆոնի ապրանքանիշ է :

(2) Որոշ պրպտումների արդյունքում եզրակացնում եմ, որ պրոֆ. Գալֆայանը ենթադրաբար կոմպոզիտոր Գրիգոր Գալֆայանն է (1876-1949), ով սովորել է Կոնստանդնուպոլսի կենտրոնական վարժարանում: 1895 թ. մեկնել է Ֆրանսիա երաժշտական կրթություն ստանալու Փարիզում: Հրատարակել է երաժշտական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում «Օրոր մայր Հայաստանին» գրված Արշակ Չոպանյանի տեքստով: 1904-05 թթ. Փարիզում հրատարակել է «Կռունկ» երաժշտական հանդեսը: 1913 թվին մեկնել է Ամերիկա եւ շարունակել զբաղվել երաժշտությամբ: (Տեղեկությունը Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանից: Հատոր Ա, «Հայաստան» հրատ., Երեւան, 1973) :

Կամ էլ Քրիս Գալֆայանը, որ նախքան Մ. Նահանգներում հաստատվելը հասակ է առել Ստամբուլում, հաճախել է Տատյան վարժարանն ու Բաքըրքյոյի հայկական եկեղեցին, որտեղ ծանոթացել է հայկական հոգեւոր երաժշտության հետ: ԱՄՆ-ում եղել է Սբ. Խաչ եկեղեցու երգեհոնահարը եւ ավելի քան երեք տասնամյակ Սբ. Վարդան մայր տաճարի «Կոմիտաս» երգչախմբի ղեկավարը: (Տեղեկությունը «Միրոր Սփեքթեյթրում» տպագրված Թալին Բաբայանի հոդվածից) :

(3) ԼՓ-ն անգլերեն «Լոնգ Փլեյն» է, որը ձայնասկավառակի տեսակ էր:

Նշեմ նաեւ, որ բազմակետերը բաց թողնված բառեր չեն: Անգլերեն բնագրում էլ դրանք առկա են:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ