RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018



Տեղադրվել է` 2018-08-23 21:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1153, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԸՙ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Հ .Ծ.

Շոտլանդիայի «Ֆայնդհոռն պարկ» կոչված զբոսայգում հուլիսի 14-20-ը կայացած հոգեւոր երաժշտության, երգի ու պարի միջազգային 27-րդ փառատոնի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել հայկական ժողովրդական պարերըՙ ներկայացված հատուկ հրավերով այնտեղ գտնվող պարուսույց Շաքե Մեյջըր Չիլինգիրյանի կողմից: Նա պարի ամենօրյա պարապմունքներ է անցկացրել մոտավորապես հարյուր հոգու հետ, զուգահեռ հակիրճ տեղեկություններ տալով հայոց պատմության եւ մշակույթի մասին:

«Շաքեն մեծ պատասխանատվությամբ է մոտենում հայկական պարերի հոգեւոր բովանդակությանը եւ դրանց միջոցով վերափոխվելու կարողությանը: Նա համոզիչ փաստարկներով բացատրում է, որ հայկական պարերի շարժուձեւերն ու դրանց արտահայտած հիմնական գաղափարները չափազանց հին արմատներ ունեն, որոնք հոգեւոր, խորհրդանշական եւ հուշեր արթնացնող յուրահատուկ անխոս մի լեզու են կազմում», նշել է, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, ծիսական պարերի միջազգային ճանաչման արժանացած մասնագետ Լորա Շանոնը , որ շատ է ճանապարհորդել եւ ուսումնասիրել հունական, հայկական եւ բալկանյան ավանդական պարերի լեզուն, իրենց իսկ բնական միջավայրերում:

Չիլինգիրյանը առաջին անգամ է մասնակցել այդ փառատոնինՙ հայկական շունչ հաղորդելով դրան, ինչը խանդավառությամբ է ընդունվել, քանի որ որպես ճանաչողական, բացահայտման հարթակ է ծառայել մասնակիցների մեծ մասի շրջանում:

Չիլինգիրյանին դուդուկ-զուռնայով եւ դհոլով ընկերակցել են լոնդոնաբնակ Տիգրան Ալեքսանյանն ու Արա Պետրոսյանը :

Ֆայնդհոռնի բնակիչների մոտ հոգեւոր պարերի նկատմամբ սերը ծնունդ է առել 1976-ին, երբ նրանց այցելության է եկել վարպետ պարուսույց Բեռնհարդ Վոսիենը, որ կարողացել է ներկայացնել եւ բացահայտել պարային խորհրդավոր շարժումների գաղտնիքները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 24-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ