ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ 100 ՕՐԸ Նաիր ՅԱՆ Օգոստոսի վերջին շաբաթը գրեթե բոլոր գերատսեչությունների ղեկավարներն ամփոփեցին պաշտոնավարման 100 օրը: Լիլիթ Մակունցն արդեն 100 օր մեր մշակույթի նախարարն է: Նա տարբեր հարցազրույցներում նշել է, որ ըստ մշակութային նոր քաղաքականությանՙ պետական հովանավորությունը, դրամաշնորհները հավասարության սկզբունքով են բաշխվելու, որպեսզի տեսադաշտում միշտ նույն մարդիկ չլինեն, արժանիները նորից ուշադրությունից դուրս չմնան ու մենաշնորհների ավանդույթին վերջ տրվի: Պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս մեր երիտասարդ նախարարը վերոնշյալ մտքին ավելացրեց վերջին եռամսյակում արված աշխատանքի հաշվետվությունը եւ ոչ միայն: Ըստ այդմՙ 2018-ի համար նախապես ծրագրված միջոցառումները, անկախ ֆինանսական խնդիրների առկայությունից կամ հետագայում դրանց աննպատակահարմար լինելուց, իրականացվել են: 100 օրվա ընթացքում իրականացվել է մշակութային 11 միջոցառումՙ փառատոներ, մրցույթներ, համերգներ: Մշակույթի տարբեր ոլորտներում էական փոփոխությունների, նոր քաղաքականության ու մոտեցումների հիմքերը ստեղծելու համար աշխատում է մի ամբողջ թիմ. Լիլիթ Մակունցը ասաց ու ավելինՙ մանրամասնեցՙ առաջիկա հինգ տարիների համար մշակվել են մշակույթի նախարարության ռազմավարության գերակա ուղղությունները: Այդ համատեքստում շեշտը դրվելու է մշակույթի եւ կրթության զուգակցված նախագծերի վրա. մեկ օրինակՙ դպրոցներում վերականգնվել է աբոնեմենտային համակարգը: Հոկտեմբերից մինչեւ ուսումնական տարվա ավարտը 1-12-րդ դասարանցիները կարող են երեք անգամ անվճար այցելել համերգասրահ, թատրոն եւ թանգարանՙ ըստ իրենց ընտրության եւ նախասիրության:Պետությունն այս փորձնական ծրագրին տրամադրել է 400 միլիոն դրամ: Նախագիծն ընդգրկում է Երեւանն ու բոլոր մարզերը: Արդեն պայմանավորվածություն կա մարզպետարանների հետ, որ աշակերտների տեղափոխումը մշակութային օջախներ իրականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները: Կրթության եւ գիտության նախարարությունն էլ իր հերթին հորդորում է ուսուցիչներին, որ ծրագրային թեմաները կապեն թանգարանների, ներկայացումների, համերգների հետՙ օգտագործելով աբոնեմենտային համակարգի հնարավորությունը: Բացի այդ, ուսուցիչներին խրախուսվում է դասերը գոնե մեկ-մեկ ըստ արդյունավետությանՙ անց կացնել մշակութային օջախներում, ասենքՙ Աբովյան անցնել Աբովյանի թանգարանում, Արմեն Տիգրանյանի ստեղծագործությանը ծանոթանալՙ լսելով «Անուշ» օպերան, Պարոնյանի դրամատուրգիան ավելի առարկայացնելՙ աշակերտների հետ դիտելով «Մեծապատիվ մուրացկանները» եւ այլն: Մշակութային նոր ռազմավարությունը հասնելու է նաեւ մարզեր եւ փորձելու է մշակութային կյանքն այնտեղ էլ աշխուժացնել. պաշտոնական ձեւակերպմամբՙ մշակույթի ապակենտրոնացում: Լիլիթ Մակունցի նշած հաջորդ կետը վերաբերում է օրենսդրական դաշտի կարգավորմանը: Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինեն թանգարանների, թատրոնների եւ կինոյի մասին օրենքները: Ըստ այդմՙ կինոնախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգը փոխվելու է: Մենք պատրաստվում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում մշակութային միջոցառումներին եւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսին: Այս ամենըՙ ըստ ծրագրված կատարողականի ու պաշտոնական տեղեկատվության: Իսկ դրանից դուրս կա մեկ այլ իրականություն: Լիլիթ Մակունցը խոստովանեց. «Ամեն օր այնպիսի զգացողություն եմ ունենում, թե ինչ-որ բան չեմ հասցնում: Թեեւ օրվա մեջ աշխատանքին շատ ժամեր եմ հատկացնում, ինձ հետ աշխատում է նաեւ իմ թիմը, բայց միշտ տագնապի զգացում ունեմ, որ միեւնույն է ինչ-որ բան չեմ հասցնում: Կան գործեր, որ պետք է արդեն ավարտված լինեին, բայց դեռ ավարտված չեն: Ինքնաքննադատությամբ եմ մոտենում ինձ. էլ ի՞նչ կարող եմ անել, էլ ի՞նչ կա անելու: Այս հարցում ինձ լրագրողներն օգնում են. նրանց հնչեցրած հարցերի հետքերով հաճախ ենք գնում»: Լիլիթ Մակունցը պատմեց, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իր առջեւ գերակա խնդիր է դրելՙ բացառել չարաշահումները: Միաժամանակ բացահայտվել են նախկինում կատարված չարաշահումների ու կոռուպցիոն գործողությունների դեպքեր: Նա կոնկրետ օրինակ բերեց. «Ես ստացել եմ մի գրություն, համաձայն որի փորձագիտական կենտրոնը տվել է եզրակացություն, որ Մարտիրոս Սարյանի մի շարք կտավներ բնօրինակն են: Գրության տակ դրված է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ստորագրությունը եւ կնիքը: Այդ փաստաթղթից բացի, ստացել եմ մեկ այլ գրություն Ռուզան Սարյանից. նա գրում է, որ ոչ միայն Սարյանի կտավները, այլեւ նախորդ գրության տակ դրված իր ստորագրությունն է կեղծված: Փաստաթղթերի փաթեթն անմիջապես ուղարկվել է դատախազություն, որպեսզի ընթացք տրվի: Արդեն հարցաքննություններ են կատարվում: Եթե մամուլում հրապարակվում են կոռուպցիայի, չարաշահումների, կեղծարարությունների, օրենքի խախտումների դեպքերՙ կոնկրետ թվերով եւ փաստերով, մենք բոլոր նյութերը հավաքագրում ենք եւ ուղարկում քննության»: Մշակութային առօրյայում ոչ հաճելի իրադարձություններն անպակաս են. շարունակում են օրակարգում մնալ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հասունացած դժգոհությունները: Նախարարին են հասել գրություններ, որոնց հեղինակները բողոքում են թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից: Անառողջ մթնոլորտի պարզաբանման, պատճառների եւ հանգուցալուծման համար նախարարը դիմել է մաեստրոյին. արձակուրդից վերադառնալուն պես նա պետք է լուծումներ առաջարկիՙ ինչպես փոխել մթնոլորտը թատրոնում, ինչպես վերացնել դժգոհությունների պատճառները: Արմատական փոփոխություններ օպերային թատրոնում լինելու են. նախարարը այս առումով եւս մաեստրոյից առաջարկներ ու արդյունավետ քայլեր է ակնկալում: Իսկ մինչ Կոնստանտին Օրբելյանի արձակուրդըՙ նախարարը նրա հետ քննարկել է հետեւյալ հարցը. օպերային թատրոնի հետագա աշխատանքի արդյունավետության նպատակով գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի հաստիքները պետք է տարանջատվեն, պարզ ասածՙ թատրոնի տնօրենի եւ գեղղեկի պարտականությունները նույն մարդուն չպետք է հանձնվեն: Առանձին հաստիք է զբաղեցնելու նաեւ գլխավոր դիրիժորը: Այս տեսակետը նախարարը, համենայն դեպս, հնչեցրել է, Օրբելյանն էլ լսել է ու մեկնել արձակուրդ: Նրա վերադառնալուց հետո պարզ կդառնաՙ տնօրենի, գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքներն ինչպես են վերաբաշխվելու, եւ ինչ ընթացք է ստանալու թատրոնի ներքին հակասությունների ու հակամարտությունների թնջուկը: Նախարարը հայրենի կառավարությունից պետական կոչումների վերաբերյալ նոր մոտեցում է ակնկալում: Նորություն չէ, որ կոչումները մեզանում վաղուց են արժեզրկվել: Նորություն չէ նաեւ, որ այդ կոչումները նախագահականից էին հրահանգվում ու պարտադրվում մշակույթի նախարարությանը: Որեւէ մեկին կոչման արժանացնելու համար փաստաթղթեր եւ դիմում կարող են ներկայացնել ոչ միայն առանձին մշակութային միավորումներ կամ անհատներ, այլեւ որեւէ անձ կարող է ինքն իրեն ներկայացնելՙ որպես պետական կոչման թեկնածու: Մշակույթի նախարարության համապատասխան հանձնաժողովը դիմումները կքննարկի, այնուհետեւ ընտրված հայտերը կհանձնի վարչապետին, որին կից ձեւավորված հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնիՙ ովքեր են արժանի պետական կոչումների: Նախարար Մակունցը հավաստիացրեցՙ որեւէ մեկը չի կարող ճնշումների ենթարկել հանձնաժողովին, առավել եւս պարտադրել այս կամ այն անձին պետական կոչում տալ: |