ԿԻՆՈՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Նաիր ՅԱՆ Կինոն մեր մշակույթի ամենախնդրահարույց ոլորտն է: Պետբյուջեի հատկացումները գրեթե անփոփոխ ենՙ 274 միլիոն դրամ: Իհարկե, ոչ ոք չի ժխտում, որ կինոարտադրությամբ չփայլող երկրներում այս բյուջեով անգամ մեկ ֆիլմ չի նկարվում, էլ ուր մնաց, թե ֆիլմարտադրության տարեկան մասնաբաժինն ընդամենն այսքան լինի: Փաստն այն է, որ եթե դիտարկենք թեկուզ միայն վերջին տասը տարվա մեր կինոյի արդյունքները, չենք կարող նշել մի հիշարժան, արժեքավոր ֆիլմ, որից տպավորված ու որով հպարտացած լինենք: Նշանակում էՙ ամեն տարվա 274 միլիոն դրամը, որը դոլարի վերելք-վայրէջքի պայմաններում հավասար է եղել 500-600 հազար դոլարի, ուղղակի մսխվել է, վատնվել, փոշիացել: Նշանակում էՙ ՀՀ-ում աշխատող յուրքանչյուր քաղաքացուց գանձված հարկերը նպատակային չեն ծախսվել. քաղաքացին ստիպողաբար հարկվել է ու ամեն տարի խաբվել, թալանվել, որովհետեւ նրա փողերով նկարահանվել են անորակ, անարժեք ֆիլմեր: Ու այդպեսՙ տասնամյակներ շարունակ. ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնել, ամոթանք չի տվել, պատասխանատվության չի ենթարկել: Հարստահարման ավանդույթը չգրված օրենքի ուժով ձախողել, տապալել է մեր կինոն էլ, կինոդիտողի ճաշակն ու հոգեւոր սպասումներն էլ, հայկական ժամանակակից կինոյի ներկայի եւ ապագայի նկատմամբ մեր հավատն ու վստահությունն էլ: Ձեւական հանձնաժողով, կինոհայտերի ձեւական ընդունում-քննարկում-ընտրություն: Ի՞նչ չափանիշներ ու սկզբունքներ են գործել, ոչ մեկին հայտնի չէ: Ավելի ճիշտՙ բոլորին էլ հայտնի է մի անխախտ չափանիշՙ արտոնյալ կինոգործիչներ, ծանոթ-բարեկամ, միշտ նույն անուններն ու միշտ նույն անորակ, չստացված ֆիլմերը: Այս պատկերը, բնականաբար, անվստահություն է առաջացրել կինոարտադրության լուրջ պոտենցիալ ունեցողներիՙ հատկապես երիտասարդների շրջանում: Եթե վերջին 15 տարում կինոյի ոլորտին հատկացված գումարը գումարենք, կստացվի ամենաքիչը 8 միլիոն 300 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ պետությունը հրաժարվում է մեր տարեցների թոշակը 1000 դրամով բարձրացնել, երբ զինհաշմանդամներին բժշկական լրացուցիչ օգնության, նրանց կյանքի որակը մի քիչ բարձրացնելու համար ստիպված ենք հանրային հանգանակության դիմել, երբ վերջին 30 տարում պետությունը ոչ մի դպրոց ու մանկապարտեզ, մշակութային հաստատություն չի կառուցել: ՀՀ քաղաքացիների 8,3 միլիոն դոլար հարկերը ոչնչացնելը, վատնելը, մեղմ ասած, անբարոյականություն է: Իսկ եթե ապրեինք օրենքի երկրում, հանրության գումարները վատնողների օղակի յուրաքանչյուր հանգույց հատ-հատ կքանդվեր, ու բոլորը քրեական պատասխանատվության կենթարկվեին, հանրային պարսավանքի կարժանանային: Հեղափոխությունից հետո կինոյի ոլորտում բարեփոխումներ անելու փորձեր են արվում: Ազգային կինոկենտրոնին կից անկախ հանձնաժողով է ստեղծվել: Փոխվել է նաեւ կինոհայտերի ընդունման կարգը: Պետությունն այլեւս կինոարտադրող չէ: Կինոնախագծերը պետք է լինեն համարտադրություններ, այսինքնՙ պետությունը ֆինանսավորելու է ֆիլմի բյուջեի մի մասը միայնՙ մեծ թե փոքր չափովՙ կախված է նախագծի որակից: Հանձնաժաղովը հավաստիացնում է, որ կինոհայտերն ընտրվել են մրցութային կարգով, այսինքնՙ մրցույթ հասկացությունն իսկապես գործել էՙ ի տարբերություն նախորդ տասնամյակների: 2018 թվականին կինոյի բյուջեից միայն 119, 5 միլիոն դրամի հատկացումներ են արվել, որովհետւ մյուս առյուծի բաժինն արդեն իսկ ծախսված է եղել: Հանձնաժողովը հրապարակել է այն պարզ ճշմարտությունն ու գործելաոճը, որը բոլորիս էր հայտնիՙ համաֆինանսավորում չունեցող ֆիլմերն ամեն տարի պետբյուջեից ֆինանսավորում են ստացել: Քանի որ դրանց դժվար է ասելՙ փոքր բյուջեով ֆիլմեր, ուստի ֆինանսավորվել են տարիներ շարունակ: Այսինքնՙ ֆիլմի ընդհանուր բյուջեն բաժանվել է մի քանի տարվա վրա ու ամեն տարի մաս-մաս հատկացումներ են արվել: Արդյունքումՙ արտադրական գործընթացը քնել է, հնացել, ձգձգվել: Պարզ է, որ 5 տարի առաջվա ֆիլմի նախագիծն այսօրՙ ֆիլմարտադրության համաշխարհային սրընթաց զարգացման պայմաններում, չի կարող չկորցնել արդիականությունը: Այդպես տարիներ շարունակ պետական ֆինանսավորում են ստացել Ալեքսանդր Կոտի «Սպիտակ», Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը», Արմեն Սիմոնյանի «Ձյունանուշ», Դավիթ Բաբայանի «Ջազ» ֆիլմերը: Ընդհանուր բյուջեն մի քանի տարվա վրա բաժանած ֆիլմերը մեր օրերում ստացել են «անցողիկ ֆիլմեր» անունը: Հենց որ ֆինանսավորման նմանատիպ ձեւաչափը վերանա, կվերանա նաեւ նորահայտ տերմինը: Իսկ կինոհայտեր ընդունող հանձնախումբը մտադիր է այն իսպառ վերացնել: Յուսուֆ Ռազիկովի «Սուրերով պարը» ֆիլմի պատմությունն ավելի տարբերվող է: Փաստորեն, ռեժիսորը հայ չէ. ֆիլմը նկարահանում է ռուսական «Մարս Մեդիա» ընկերությունը: Ի դեպ, կինոնախագիծն այս տարի ներկայացվել էր «Եվրիմաժին» ու մերժվել: 2018 թվականին ֆիլմի հեղինակներին մեր պետբյուջեից հատկացվել է 50 միլիոն դրամ. ըստ նախապես կնքված պայմանագրիՙ կինոկենտրոնը պարտավորվում է 48 միլիոն դրամ էլ հատկացնել 2019 թվականին, որպես հետարտադրական ծախսերի հատուցում... Երկու ֆիլմերՙ «Սողանքը» եւ չարչրկված «Չնչիկը» եւս հայտնվել են կինոհայտերի շարքում այն դեպքում, երբ դրանք վաղուց հաստատված նախագծեր են. «Սողանքը» նաեւ նկարահանված է: Իսկ Արամ Շահբազյանի «Չնչիկի» ոդիսականը հայտնի չէՙ ինչ ավարտ կունենա: Մեկ ասում ենՙ թե ֆիլմի նեգատիվը կորել է, մեկՙ նոր նկարահանումներ են սկսվելու: Փաստորեն, անցողիկ կոչվող ֆիլմերի դեպքում գործել է պետբյուջեի 100 տոկոսանոց ֆինանսավորման կանոնը, մինչդեռ բազմիցս է հայտարարվել, որ պետությունը պետպատվերով ֆիլմերի հայտեր չի ընդունում, որովհետեւ պետպատվեր հասկացությունը վերացել է Սովետի փլուզումից ի վեր: Վերացել է վերացական կերպով, իսկ փաստացի այն գործել է որոշ արտոնյալների դեպքում: Հիշենք Դավիթ Սահակյանցի «Անահիտ» մուլտֆիլմը, որը թիթեռի կյանք ունեցով: Այն նույնպես անցողիկ ֆիլմ է եղել, որովհետեւ պատրաստվել է 2010-14 թվականներին, ունեցել է 900 հազար դոլար բյուջե: Հիմնական ֆինանսավորողը մշակույթի նախարարությունն է եղել, որն իր պարտավորությունների տիրույթում սահմանած գումարը բաժանել է 5 տարվա վրա: Անիմացիոն մի քանի րոպեանոց ֆիլմի նախագիծ ունեցող հեղինակները լավ են հիշում, թե այդ տարիներին անգիր արած ինչ պատասխան էին ստանում կինոկենտրոնից. «Անիմացիային հատկացվող գումարը «Անահիտն» է տանում, մյուս ֆիլմերի համար տակը բան չի մնում»: Իսկ անիմացիային հատկացվող տարեկան գումարի չափն անփոփոխ էրՙ մոտ 50 միլիոն դրամ: Արդյունքում ի՞նչ ունեցանք. կարո՞ղ ենք ասել, որ Ղազարոս Աղայանի հանճարեղ հեքիաթն ու առհասարակ մեր բանահյուսության, հայ ժողովրդի հավաքական կերպարի, վեհ ձգտումների, հոգեւոր բարձր արժեհամակարգի լավագույն դրսեւորում այս լեգենդն իր արժանի էկրանավորումն է ստացել: Եթե ստացած լիներ, մեր երեխաներն ու մեծահասակներս մուլտֆիլմը գոնե երկրորդ անգամ նայելու ցանկություն կունենայինք: |