ՌԻՄԱ ՊԻՊՈՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Ա. Բ. Նոյեմբերի 21-25-ին Վիտեբսկում (Բելառուս) «Վիտեբսկ» միջազգային ժամանակակից պարի խորեոգրաֆների 31-րդ մրցույթում հայաստանցի պարադիր եւ պարուհի Ռիմա Պիպոյանը իր «Կինը որոշում կայացնելուց առաջ» մենապարով գրավել է առաջին տեղըՙ նախնական փուլ անցած 39 մասնակիցների մեջ: «Մտքերի եւ զգացմունքների փոթորիկը, որն այդ պահին սուրում է կնոջ գլխում, պատկերավոր կերպով մարմնավորվել է զգացմունքային պարի մեջ: Երեւանցի պարուհուն ջերմ ընդունեցին թե՛ վերջում, թե՛ մասնակիցների պարգեւատրման ժամանակ: Դահլիճից ստացած էներգիան Ռիման առաջին մրցանակից բարձր գնահատեց»,- գրել է «Վիտեբսկի ժողովրդական լուրերը»: Ռիմա Պիպոյանն իր հաղթանակը նվիրել է վերջերս ողբերգական պատահարի զոհ դարձած բալետի պարող Վահագն Մարգարյանի հիշատակին: Ի դեպ, հոկտեմբերին էլ Ռուսաստանի խորեոգրաֆների ամենամյա համառուսական փառատոնում 26 մասնակիցների մեջ լավագույնը ճանաչվել է Տիգրան Դավթյանը : |