ԳԵՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆ. ՍԵՓԱԿԱՆ ԿՌՈՒՆԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Լատվիացի երիտասարդ լուսանկարիչ Գեորգ Ավետիսյանին հանդիպեցի անցյալ ապրիլին, Երեւանում, հեղափոխական իրադարձությունների բարձրակետին: Սակայն նրա այցի նպատակը ոչ թե այդ պատմական իրադարձությունն էր, այլ վաղուց ծրագրված մի նախագիծ եւ հայրական նախնիների երկրին ծանոթանալու պարզ ցանկությունը: Եկել էին նաեւ Գեորգի երկու քույրերն ու քեռայրը, որոնք միասին այցելում էին տեսարժան վայրեր, հանդիպումներ ունենում եւ մասնակցում հանրային գործողություններին: Ամիսներ անց ստացա Գեորգի «Հայրենիք» վերտառությամբ ցուցահանդեսը ներկայացնող համանուն լուսանկարչական գիրքը, որտեղ հարցազրույցների, գրառումերի եւ լուսանկարների միջոցով պատկերված է լատվիական Կալտենե գյուղն իր բնապատկերներով եւ դիմանկարներովՙ այդպիսով ներկայացնելով նրա պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչեւ Խորհրդային Միության ավարտը: Գեորգ Ավետիսյանը ծնվել է 1985 թ., Լատվիայի Տալսի քաղաքում: 2016-ին ավարտել է Բրայթոնի (Մեծ Բրիտանիա) համալսարանը արվեստի մագիստրոսի աստիճանով: Յոթ տարի ապրել է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Լատվիայում, Իտալիայում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Ֆրանսիայում, Դանիայում եւ Մեծ Բրիտանիայում: 2017-ին արժանացել է «Մագնում» լուսանկարիչների միության բարձրագույն մրցանակին եւ «Տարբեր աշխարհներ - 2017» մրցույթի երկրորդ մրցանակին Լյուբլյանայի «Ֆոտոն» ժամանակակից լուսանկարչության կենտրոնում: Անցյալ հուլիսին նրա «Հայրենիք. երկրի ամենաերկար գյուղը» լուսանկարչական գիրքը հրատարակել է «Միլդա բուքս» հրատարակչությունը եւ պաշտոնապես ներկայացվել է Ֆրանսիայում եւ Ռիգայի Լատվիական լուսանկարչական թանգարանումՙ անհատական ցուցահանդեսի հետ մեկտեղ: Գեորգի հետ իմ զրույցը վերաբերում է նրա ստեղծագործական կյանքին, լուսանկարչության արվեստին, ինչպես նաեւ Հայաստանի հետ նրա կապերին...
- Գեորգ, դու լուսանկարչություն ես սովորել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր դպրոցներում: Տվե՞ց դա քեզ որեւէ բան, ինչը չէիր կարող ձեռք բերել քո Լատվիայում: - Լատվիայում հնարավոր չէր ձեռք բերել մագիստրոսի կոչում լուսանկարչության գծով, մենք չունենք այնպիսի ուժեղ եւ որակյալ մասնագետներ, որպիսիք կան Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում, այնպես որ ես որոշեցի տեղափոխվել արտասահման: Այն նաեւ հնարավորություն ընձեռեց ամրապնդել իմ ակադեմիական անգլերենըՙ գրելով, կարդալով, թարգմանելով, ինչն օգտակար եղավ հատկապես մագիստրոսական ատենախոսությանս համար: Ուսումն արտերկրում ինձ տվեց կարգապահություն, որոշակիացրեց համոզմունքներս եւ օգնեց ինձ ընդլայնել իմ տեսողական եւ քննադատական մտածելակերպը: Այն բացեց բոլորովին նոր հորիզոններ, տեսանկյուններ եւ մոտեցումներ, թե ինչպես կարելի է մոտենալ անձնական փորձառությանը որպես տեսողական պատմող: Դասընթացը զարգացրեց իմ հետազոտական կարողությունները, գեղագիտական վերահսկումը, քննադատական մտածելակերպը, բարելավեց իմ ակադեմիական «ձայնը» եւ ըմբռնումըՙ կարողանալ «կարդալ» եւ վերլուծել այլ լուսանկարչական աշխատանքները: Լատվիայում մենք ունենք մի իրապես հրաշալի հաստատությունՙ Լուսանկարչության միջազգային ամառային դպրոցը, որը ժամանակակից լուսանկարչության ոչ առեւտրային հարթակ է: Այն սկսնակ լուսանկարիչներին տրամադրում է միջազգային մակարդակի բարձրորակ այլընտրանքային կրթություն եւ ցանցային ծրագրեր: 2006-ից սկսած այն նախաձեռնում է տեղական եւ միջազգային կրթության եւ փոխանակման ծրագրեր, կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակություններ եւ փառատոներ ամբողջ աշխարհում որակավորված եւ ճանաչված մասնագետների մասնակցությամբ, եւ ամենակարեւորըՙ Լատվիայում եւ աշխարհում ձեւավորում է լուսանկարիչների մի զարգացող համայնք: - Լուսանկարչության գյուտից ի վեր հարյուրավոր վարպետ լուսանկարիչներ ամրագրում են այս աշխարհը սեւ-սպիտակ կամ գունավոր պատկերներով կամ արտահայտում են իրենց ներաշխարհն արտաքին իրականության պատկերներով: Իսկ դո՛ւ ինչ ես անում քո լուսանկարչական սարքով: - Ես ավելի հետաքրքրված եմ բազմաբնույթ, հետազոտության վրա հիմնված, իրականության եւ գեղարվեստի սահմանագծին գտնվող պատմություններովՙ պատմական ու ազգագրական տեսանկյունից, նաեւ բանաստեղծական, փոխաբերական եւ ճշմարիտ պատկերներովՙ վավերագրական իրականության ոլորտում: Ինձ շատ են հետաքրքրում լուսանկարչական գրքի ստեղծումը, արխիվային նյութերը, գրառումները, հետաքննական աշխատանքները եւ այն ուղիները, թե ինչպես լուսանկարչությունը, դիզայնը եւ աշխատանքային նյութերը կարող են ձեւավորել մի ամբողջ լուսանկարչական նախագծի պատմությունը: Իմ աշխատանքների հիմնական թեմաներն են տարածաշրջանային եւ ազգային ինքնությունը, գենետիկան, ազգագրությունը, հիշողությունը, կարոտախտը եւ գոյութենականությունը: Տարիներ առաջ, որպես լուսանկարիչ, ես սկսեցի ուսումնասիրել որոշ սուբյեկտիվ ասպեկտներ, ինչպիսիք են վավերագրական իրականության մեջ առկա տրամադրությունները, զուգորդումները, որոնք ձեւավորել եւ դեռ ձեւավորում են իմ տեսողական պատումները: - Կարծո՞ւմ ես, որ դեռեւս հնարավոր է նոր խոսք ասել լուսանկարչության լեզվով: - Այո, մի՛շտ: Դա նույնն է, եթե ես մի գրողի հարցնեմ, թե հնարավոր է արդյոք գրիչով գրել մի նոր նախադասություն կամ վեպ: Գրիչը, ինչպես նաեւ լուսանկարչական սարքը, ընդամենը միջնորդ են գրողի փիլիսոփայության եւ ընթերցողի (դիտողի) միջեւ: - Մեր թվայնացած դարաշրջանում շատ արհեստավարժ լուսանկարիչներ դեռեւս օգտագործում են ոչ թվային միջոցներ: Կարծո՞ւմ ես, մի օր թվայինը կգերիշխի մյուսների վրա: - Դա անխուսափելի է, բայց միշտ կլինի մեկը, որը կնախընտրի կիրառել ժապավենով տեխնիկան, ինչպես երաժշտասերը միշտ կձգտի ձայնապնակային որակի հնչողության, երբ MP3 թվային լսողական ֆայլերը կիշխեն բոլոր հնարավոր աուդիո տեխնիկաների վրա: - Քո անունը լատվիերեն գրվում է Georgs Avetisjans, հայերեն կլինի Գեւորգ Ավետիսյան: Պատմի՛ր խնդրեմ քո հայկական արմատների մասին: - 80-ականների սկզբին հայրսՙ Վլադիմիր Ավետիսյանը, Թբիլիսիից տեղափոխվել է Ռիգա, որտեղ հանդիպել է մորսՙ Ինտա Ավետիսյանին: Հայրս ուսանել է Ռուսաստանի ամենահին կինոդպրոցումՙ ՎԳԻԿ-ում: Պապսՙ Գեւորգ Ավետիսյանը, նույնպես ծնվել է Թբիլիսիում, որը դարեր շարունակ հայ մշակույթի եւ հասարակական-քաղաքական մտքի կենտրոն էր, իսկ նրա հայրըՙ Արտյոմ Ավետիսյանը, Կարսում: Տարբեր ազգերի արյուն ժառանգած լինելս (հորս կողմիցՙ հայկական եւ հունական, մորս կողմիցՙ լատվիական եւ ռուսական) մշտապես հետաքրքրել է ինձ եւ դրդել է ավելի շատ ուսումնասիրել ինքնության եւ գենետիկայի գաղափարները: Իհարկե, Լատվիան է իմ ծննդավայրը, երկիրը, որը ես սիրում եմ որպես մի վայր, որտեղ մեծացել եմ, բայց ես երբեք համոզված չեմ եղել, որ իսկապես պատկանում եմ այդ տեղին, քանի որ մշտապես ապրել եմ տարբեր ազգերի պատկանելիության զգացողությամբ եւ թաքնված, բայց տակավին անծանոթ հայկական հոգով, որը ես հիմա ուզում եմ բացահայտել: - Գաղափար ունե՞ս, թե քանի հայ է ապրում Լատվիայում: Կարո՞ղ եք հիշել մի քանի հիշարժան անձանց: - Այսօրվա դրությամբՙ մոտ 2500: Մենք ունենք շատ արվեստագետներՙ կինոռեժիսոր Հայկ Կարապետյան, նկարիչներ Արթուր Հակոբյանց եւ Վարուժ Կարապետյան, բալետի պարող Ավետիք Կարապետյան: Իմ հաջորդ նախագծի համար ես հարցազրույցներ եմ վարել տեր Խոսրով քահանա Ստեփանյանի, նկարիչ Բաբկեն Ստեփանյանի, գործարար Ռոբերտ Հովհաննիսյանի, բանաստեղծ Գագիկ Սարգսյանի, նկարիչ Վարուժ Կարապետյանի, երաժիշտ Տիգրան Թումանյանի եւ այլոց հետ: - Անցյալ գարուն դու Հայաստան եկար մեր երկրի համար շատ կարեւոր մի ժամանակահատվածում: Ի՞նչ են տպավորություններդՙ այդ օրերի հետ կապված եւ առհասարակ: - Հրաշալի զուգադիպություն էր, որ ես կարողացա միանալ ձեզ Հայաստանում` հայոց պատմության համար նման վճռորոշ ժամանակաշրջանում: Հիանալի փորձառություն էր ու նաեւՙ հնարավորություն, որ ականատես եղանք ազգի ոգուն եւ վերելքին 2018 թվականի ապրիլին, թավշյա հեղափոխության ժամանակ: Ես ականատես եղա իմ նախագծի կարեւոր մի մասին` պատմությանը, որը լուսանկարեցի եւ հարցազրույցներ վարեցի տարբեր մասնագիտության տեր անձանց հետ: Այդ ողջ նյութը կներկայացվի իմ նոր լուսանկարչական գրքում, որի վերնագիրը հայերեն էՙ «Կռունկ», իսկ ենթավերնագիրը լինելու է «կռունկը, որ թռավ հայրենիքի վրայով»: Սա պատմություն է հորս մասին, նաեւՙ մեր գենետիկայի, հայ սփյուռքի եւ իմ նախնիների երկրի մասին: Կռունկը հայրենիքի հանդեպ կարոտի խորհրդանիշն է, նրա մասին երգել են պանդուխտները: Կոմիտասի մշակած եւ դարեր շարունակ երգված այս երգը դարձել է գրեթե պաշտոնական օրհներգ, տխրության եւ կարոտի օրհներգ: Իմ նախագիծն արտացոլելու է Հայաստանի անցյալը, ներկան եւ ապագան: Հայաստանը պատված է ժայռերով, ծանր ու զանգվածեղ, ինչպիսին որ ժողովրդի ոգին է, որը կրում է իր ծանրությունը, իր տխրությունը եւ մռայլությունը: Կովկասի այս խիզախ տարածքը գտնվում է Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ, ինչը ավանդաբար համարվում է այն կետը, որտեղ հանդիպում են Արեւմուտքն ու Արեւելքը: Սա համապատասխանում է նրա պատմությանը, որը թե՛ հուզիչ է, թե՛ հակամարտություններից ողբերգականորեն հարվածված, որին եւ ես մոտենում եմՙ բացահայտելու համար հորս ծննդավայր Վրաստանը եւ մեր նախնիների երկիր Հայաստանը: Անվերջանալի օտարերկրյա արշավանքները, սոցիալական ու էթնիկ ճնշումները եւ այլ քաղաքական ու տնտեսական պայմաններ հանգեցրել են բազմաթիվ հայերի պանդխտությանը: Պանդուխտները մարմնավորում են հայ ժողովրդի պատմական ճակատագիրը: Երկրից հեռացումն սկսվել է դեռ շատ վաղուց, եւ աշխարհի շատ վայրերում առաջացել են հայկական բնակավայրեր, որտեղ հայերը պահպանել են իրենց լեզուն, մշակութային հատկանիշները, կրոնը եւ ներքին կյանքի առանձնահատկությունները: Պատմության մեջ քիչ ազգեր կան, որոնց զոհերը եւ արյունահեղությունը կարող են հավասարվել հայերի ունեցածին: 1915 թ. Ցեղասպանությունը սպանեց հայության մարմինը, բայց ուժեղացրեց ոգին, քանի որ ամեն անգամ, երբ հակառակորդը փորձում էր փոթորկի միջոցով տիրել հայ ազգին, նույն փոթորիկը այդ ազգի սերմերը ցրում էր երկրագնդի ամենահեռավոր անկյունները, ու նոր կյանք էր սկսվում հեռավոր վայրերում, ինչպես օտար երկրներում թռչող կռունկն է իր երգը լսելի դարձնում ողջ աշխարհում: Իմ «Կռունկը, որ թռավ հայրենիքի վրայով» լուսանկարչական գրքի առաջին տարբերակը մշակվել, ստեղծվել եւ թողարկվել է Լատվիայի լուսանկարչական ամառային դպրոցի «Լուսանկարչական գիրքը որպես առարկա» սեմինարի ընթացքում: Իմ հաջորդ անհատական ցուցահանդեսը եւ այս նախագծի ներկայացումը կկայանան այս տարի սեպտեմբերին, Լեհաստանում, որից հետոՙ Երեւանում. ժամկետները ճշտվում են: - Ո՞ւմ հետ ես հարցազրույցներ վարել ու լուսանկարել Հայաստանում: - Շատ հետաքրքրական մարդկանց, նշեմ հետեւյալ անուններըՙ երաժիշտ եւ հավաքորդ Յակով Զարգարյան, նկարչուհի եւ հանրային գործիչ Զարուհի Մուրադյան, լուսանկարիչ եւ գեղանկարիչ Վահան Քոչար, մշակութային գործիչ Գայանե Գեորգյան, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյան, ճարտարապետ եւ դերասանուհի Արինե Թագվոր, լատվիական եւ ռուս գրականության թարգմանիչ Նաիրա Խաչատրյան, հայկական խոհանոցի հետազոտող Սեդրակ Մամուլյան, գործարարուհի եւ ֆինանսիստ Աննա Վարդանյան, ճարտարապետ եւ կինոռեժիսոր Օշին Եղիազարյանց, երաժիշտ Ալեքս Միրզոյան, լրագրող եւ իրավաբան Զարուհի Մեջլումյան, ազգագրագետ Վերժինե Սվազլյան, պատմաբան Քնարիկ Ավագյան եւ այլն: Չմոռանամ նշել քեզՙ պատմաբանասեր եւ գրող Արծվի Բախչինյան: - Ո՞րն է քո ամենամեծ տպավորությունը Հայաստանից: - Ազգի միասնությունը, հյուրընկալությունը, բնությունը եւ տարվա եղանակների բազմազանությունըՙ ամառվանից գարուն... |