«ԼՈՒՅՍ, ԿԱՄԵՐԱ, ՍԱՐՈՅԱՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆԸ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator) Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի համագործակցությամբ, համալսարանի «Սաթըլայթ» ուսանողական միության դահլիճում հունվարի 25-ին հանդիսատեսին է ներկայացնելու «Լույս, կամերա, Սարոյան» վավերագրական ֆիլմը, նվիրված Պուլիցեր եւ Օսկար մրցանակների արժանացած, համաշխարհային հռչակ վայելող գրող, դրամատուրգ եւ արվեստագետ Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը: Ընտանիքի անդամների եւ ընկերների հետ հարցազրույցների հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսորն է Հարութ Շատյանը , պրոդյուսերըՙ Արա Բաղդասարյանը : Ամերիկահայ գրականագետ եւ լրագրող, պրոֆ. Օշին Քեշիշյանը տարիներ շարունակ մտերիմ էր եղել Սարոյանի հետ: Հաճախ այցելել էր նրան Ֆրեզնոյում, իսկ Սարոյանի մահվանից հետո գլխավորել էր երեք հոգուց բաղկացած այն հանձնախումբը, որ Սարոյանի աճյունի մի մասը փոխադրեց Երեւան, ուր 1982-ի մայիսի 29-ին հողին հանձնվեց Ազգային պանթեոնում: Քեշիշյանի դեռեւս 1978-ի օգոստոսին Սարոյանի հետ անցկացրած հարցազրոււյցի այն հարցին, թե «ինչո՞ւ գրող եղաք եւ ո՞ր գրքից եք ամենաշատը ազդուած», Սարոյանը պատասխանել էր. «Կը կարծէի, որ պիտի փոխեմ աշխարհը, որ քաոս մըն է: Նաեւ կ՛ուզեի փոխել մարդ արարածը: Չեմ գիտերՙ յաջողեցա՞յ իմ ջանքերուս մէջ, բայց մտածեցի փորձ մը ընել: ...Կը խորհիմ, թէ շատ մը գրողներէ ազդուած եմ, բոլոր գրողներու նման, բայց ամէնէն շատ ազդուած եմ գիրքերու ամէնէն պարզէնՙ Հին եւ Նոր Կտակարանէնՙ Սուրբ գիրքէն»: |