RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019



ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-01-24 21:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1255, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԸ

Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մարտիրոս Սարյանի մասին գրել էին «Ազգ» թերթի սեպտեմբերյան համարներից մեկում: Հոդվածի կենտրոնում հարեւանցի նշվել էր իմՙ նրա անունը կրող թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանիս անունը: Ցանկանում եմ այժմ համառոտ ներկայացնել 38-40 տարիների իմ գործունեության որոշ հանգրվաններ, ավելացնելով, որ այդ բոլոր տարիներին աշխատել ու քնել եմ թանգարանում:

1960-ին ընդունվել եմ աշխատանքի Երեւանի Պետական պատկերասրահ, որից հետո մեկնել Լենինգրադի Գեղարվեստի ինստիտուտ: 1965-ին առիթ է եղել Եվրոպայում մասնակցել Սարյանի արվեստի ցուցադրությանը: Ոգեւորվելովՙ նամակներ եմ ուղարկել Վարպետին: 1967-ին Սարյանը ընդունել է ինձ որպես իր թանգարանի տնօրեն: Մինչ այդ հորս հետ մասնակցել եմ թանգարանի շինարարական մի շարք աշխատանքների, դասավորել նկարների ցուցադրումը: Նույն օրերին կարողացել եմ Երեւան բերել գիշերային մի նկար. Սարյանը 1911-ին Եգիպտոսում իր նկարած այդ գործը ընդունել է որպես «հրաշալի պատկեր»:

Առիթ եղավ 1960-ին Սարյանի հետ գնալու Պատկերասրահ, որտեղ Վարպետը ուրախությամբ տեսավ մեծաչափ (580x700սմ) «Հայաստան» նկարը, որը ստեղծել է Հ.Պարոնյանի անվան թատրոնումՙ որպես պաննո: Այդ նկարը 1937-ին հանվել էր ցուցադրությունից: Առիթ եղավ Պատկերասրահում նաեւ տեսնել Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատից» կտավը: Այվազովսկին 1895-ին այն նվեր է հանձնել Նոր Նախիջեւան քաղաքի հայկական դպրոցին: Սարյանը 15 տարեկանում Այվազովսկուն տեսել էր: 1921-ին ինքը իր հետ Երեւան էր բերել այդ նկարը, որը 1929-ին հանվել էր ցուցադրությունից: Ինքս կարողացել եմ այդ երկու պատմական հրաշալի նկարները 1960-ին բերել հայրենիք:

Սարյան թանգարանում մտահղացել եմ, որ ցուցադրվի Այվազովսկու հայկական նկարները: 1979-ին խորհրդային տասը քաղաքներից մեքենայով բերել եմ եւ Սարյան թանգարանում ցուցադրել դրանք, որոնցով հիացել է ողջ ժողովուրդը: Այվազովսկու հայկական թեմաներով նկարներից գտել եւ լուսանկարները ուղարկել եմ Լենինգրադի եւ Մոսկվայի պատկերասրահների իմ գործընկերներին, որոնք հաստատել են դրանց հայկականությունը եւ այդ մասին գրել են ռուսերեն առանձին գրքում: Ի դեպ, Այվազովսկին 1845-ին, 27 տարեկանում, կաթողիկոս Աշտարակեցուն նամակ է գրել. «...Իմ պատրաստակամությունն է ծառայել հարազատ մեր ժողովրդին եւ նրա մշակույթին»:

Տարիների ընթացքում կարողացել եմ Սարյանի բացառիկ նկարները տարբեր քաղաքներից Հայաստան բերել, ընդամենը 74 նկար, որից շուրջ 60-ը մշտական ցուցադրության են: Այդ նկարները մասամբ նվիրվել են, իսկ մի մասն էլ գնված են:

Ես շատ ելույթներ եմ ունեցել եւ գրքեր հրատարակել մեր մեծ նկարիչների մասին: 2001-ին, Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասոյի թանգարանում, երկու ամսվա ընթացքում, Սարյանի նկարների իմ կազմակերպած ցուցահանդեսն անցել է բարձր գնահատանքով: Սարյանի ցուցահանդեսներ եմ կազմակերպել նաեւ ռուսական տարբեր քաղաքներում, ելույթներ եմ ունեցել Ֆրանսիայի երեք քաղաքներում, ինչպես նաեւ Անգլիայում, Իտալիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում:

1990-ին ՀՀ մշակույթի նախարարը հայտնեց, որ երեք ամիս աշխատելու եմ Պատկերասրահում, որովհետեւ տնօրենը հիվանդ է: Համաձայնեցի, կարող էի այնտեղ գնալ առավոտյան, իսկ ցերեկը լինել Սարյան թանգարանում: Աշխատեցի 13 տարի, օգնել եմ կառույցներ անել Պատկերասրահում, նաեւ ընտրել լավագույն 34 նկար, 10-ը Այվազովսկի, որոնցից 4-ըՙ լրիվ հայկական: Իմ ջանքերով Ռուսական բաժնից Այվազովսկու նկարները ներկայացվեցին հայկական արվեստի բաժնում: 1903-ին ազատվելով Պատկերասրահի տնօրենի պաշտոնից, լրիվ կապվեցի Սարյան թանգարանին:

2005-ին նոր նշանակված մշակույթի նախարարին համոզում են ինձ հեռացնել Սարյան թանգարանից: Դրսում մնալով 73 տարեկան հասակումՙ ապրել եմ մահամերձ վիճակում, ոչ թե նյութական, այլ խորը հիասթափության պատճառով: Ի դեպ, ամեն տարի ինձ հրավիրել են Անգլիա` Լոնդոնի թանգարան, նկարներ ստուգելու, այդ թվում վերջին անգամՙ Սարյանի տասից ավելի նկար...

Ամիսներ անց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զանգահարեց եւ ինձ հրավիրեց իր մոտ եւ հաջորդ օրը նշանակեց Մայր աթոռի թանգարանի վարիչ: Հին շենքում ներկայացված են աշխարհահռչակ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) նկարների լուսանկարները: Իսկ հաջորդ դահլիճում ներկայացված են Այվազովսկու հայկական լուսանկարները: Իսկ մեկ տարի հետո մյուս դահլիճներում հայ նկարիչներից 90 պատկերներ ստացվեցին, նաեւ Փարիզից 20 նկարներ նվիրեցին...: Մի քանի տարի առաջ նոր թանգարան հիմնվեց Ս. Էջմիածնում: Ֆրանսիայում ապրող Հովհաննես Չիլինգիրյանը բազմաթիվ նկարներ է նվիրել, նաեւ Այվազովսկու մեծադիր կտավը: Բարերարի հայթայթած միջոցներով կառուցվել է թանգարանըՙ Ռուբեն Սեւակի անունով:

Ժամանակին Երեւանում օգնել եմ Ժամանակակից արվեստի թանգարանի գոյառմանը: Էջմիածնում աշխատելով օգնել եմ նաեւ Շուշի քաղաքի թանգարանի կազմակերպմանը, Երեւանում Արվեստի թանգարանը, նաեւ Գյումրիում, Դիլիջանում, Ալավերդիում, Աշտարակում...: Կարողացել եմ նաեւ տպագրել հայտնի նկարիչների 15 գրքեր, նաեւ Սարյանին եւ Այվազովսկուն նվիրված, որոնք տպվել են Սամարա քաղաքում, նաեւՙ Ֆրանսիայում, Իտալիայում, Բեյրութում (արաբերեն), ինչպես նաեւ Ամերիկայում, որտեղ տպվել են նաեւ Մինաս Ավետիսյանի եւ Հակոբ Հակոբյանի մասին գրքերս: Այվազովսկու մասին գրած գրքերս, նրա հայկական կտավների լուսանկարներով, տպագրվել են 7 լեզվով, նաեւՙ Սարյանի մասին 8 գրքերըՙ 4 լեզուներով:

2017-ին, Այվազովսկու 200-ամյակին ցուցահանդես է կազմակերպվել Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում: Տնօրենըՙ Ս.Գալինան ինձ հրավիրել է, որպեսզի հոդվածներ գրեմ ծովանկարչի եւ նրա եղբորՙ Գաբրիել արքեպիսկոպոսի մասին, որոնք տպվելու են շուտով: Նրա առաջարկով օգնել եմ ցուցահանդեսի հայկական նկարներով ներկայացմանը:

Վերջերս, 2018-ի նոյեմբերի 28-ին, Այվազովսկու Մոսկվայի հայկական հայտնությանը արձագանք տվեց Երեւանը. ՀՀ Կենտրոնական բանկը նոր 20-հազարանոց թղթադրամ թողարկեց Այվազովսկու պատկերով: Դա համարում եմ նաեւ ի՛մ անձնական սխրանքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ