RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-24 21:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԼՆՈՒՄ Է ՄԻ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գոյություն ունեն արվեստի տեսակներ, որոնք այս պահին առավել քան արդիական են, սակայն զարմանալիորեն կրավորական դիրք են գրավում մեր մշակութային առօրյայում:

Պաստառ, պլակատ, ազդագիր, այժմ նաեւՙ պոստեր... Գրաֆիկայի այս ենթատեսակը, որ ծնունդ է առել դեռեւս 19-րդ դարում, աչքի է ընկնում կիրառության կարճատեւությամբ, սակայն հենց դրանով էլ պայմանավորված են այդ արվեստի բազմաթիվ առանձնահատկություններ: Գեղարվեստական հակիրճ արտահայտչաձեւեր պահանջող, բայց իմաստային առումով տարողունակ պաստառը նպատակ ունի առավելագույնս տպավորիչ եւ հիշվող տեսք ունենալ, քանզի դա է վերջինիս իրական առաքելությունը:

Վերադառնալով ձմեռային Երեւանի մշակութային կյանքինՙ փորձենք անդրադարձ կատարել հունվարի 15-ին ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) Հայատանի ցուցասրահում բացված «Ելնում է մի նոր Երեւան» խորագիրը կրող պաստառային ցուցահանդեսին: Այն կազմակերպվել է «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական հկ-ի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ Հայաստանի վարչության աջակցությամբ: Մի քանի սրահ ներկայացնում են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը Երեւանում ստեղծված եւ քաղաքին նվիրված բազմաթիվ պաստառներ: Ցուցադրության մեջ տեղ են գտել նախախորհրդային շրջանի թատերական եւ համերգային ազդագրերը, խորհրդային շրջանիցՙ սոցիալական եւ «քաղաքացու կրթության» պաստառը, ֆիլմերի, ցուցահանդեսների ազդագրեր եւ Երեւանին նվիրված պաստառներ, ինչպես նաեւ հայկական ժամանակակից պաստառային արվեստի օրինակներ: Նախագծի համադրողներն են Զաքար Դեմիրճյանն ու Արթուր Աթայանը , համակարգողըՙ Նարե Զիրոյանը :

Ցուցահանդեսի շնորհիվ երեւանյան հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց ականատես լինելու հայկական պաստառի զարգացման տարբեր փուլերին, արժեւորել վերջինիս կրած գեղարվեստական փոփոխությունները եւ, ի վերջո, հետեւել մայրաքաղաքի գրեթե մեկդարյա մշակութային կյանքի պատմության ընթացքին:

Հետխորհրդային Երեւանի մշակութային կյանքի զարգացման ընթացքի վայրիվերումները պայմանավորված էին բազմաթիվ թե՛ դրական, թե՛ կաշկանդող գործոններով: Մի կողմից սոցիալապես ծանր ու պատերազմական իրավիճակ, մյուս կողմիցՙ դոգմաներից զերծ ազատություն, իսկ ամենաբարդըՙ արեւմուտքից արագ ներթափանցող նոր տեղեկատվության եւ տեխնոլոգիական գերարագ առաջընթացի ընկալման եւ ընդունման խնդիրը:

Վերը նկարագրված իրականությունը շատ տարբեր անդրադարձ ունեցավ յուրաքանչյուր արվեստագետի կյանքում: Ի՞նչը մերժել, ո՞րն ընդունել, ի՞նչ պահպանել եւ ի՞նչ ավելացնել, ահա՛ այն լուրջ խնդիրները, որոնք էապես պետք է ազդեին 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբի հայ արվեստի նկարագրի վրա:

Երբ երկիրը պատերազմի մեջ էր եւ սոցիալապես շատ ծանր վիճակում, քաղաքամայրը տխուր կերպարանք ստացավ: Առանց լուսավորության, առանց նոր հառնող ճարտարապետական կոթողների Երեւանն օր օրի տխուր եւ անշուք տեսք էր ստանում: Էլեկտրաէներգիայի գրեթե բացակայության պատճառով փակվեցին կինոթատրոնները, թատրոնները նույնպես սակավաթիվ էին ու գովազդը եւս մեծ պահանջարկ չուներ: Նման իրավիճակում պաստառի պահանջն ու անհրաժեշտությունը ետ մղվեցՙ երկար մի ժամանակահատված թողնելով դատարկություն:

Պատերազմի ավարտից հետո իրավիճակն աստիճանաբար սկսեց շտկվել, այժմ խնդիրն այլ հարթության վրա է: Համակարգչի ընձեռած տեխնիկատեխնոլոգիական նոր հնարքները մի կողմից հեշտացրեցին պաստառի ստեղծման գործընթացը, մյուս կողմից դա կաշկանդեց նկարչի երեւակայությունն ու ինչ-որ առումով մակերեսային վերաբերմունք թելադրեց: Պատրաստի կերպարներ համադրելու հնարավորությունը հեշտացնում էր գործը, իսկ համակարգչում ամփոփված գունային ու տարածական անսահման հնարավորություններն ապահովում մի քանի անգամ ավելի տպավորիչ ու ցայտուն տեսք:

Չնայած փողոցային վահանակներին եւ կինոթատրոններում ու թատրոններում առկա օրեցօր փոփոխվող բազմաթիվ գովազդային պաստառներին, գրաֆիկայի այդ ենթատեսակը, կարծում եմ, կարիք ունի վերանայելու գեղարվեստական որակներն ու բովանդակային մասի շեշտադրությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ