«ԿԱՐԻՆԵ»Ի ԲԵՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Աննա ԱԴԱՄՅԱՆ 30 տարվա ընդմիջումից հետո Երեւանյան օպերային բեմում 2018-ի օգոստոսի 18-ին, այնուհետեւՙ դեկտեմբերի 19-ին նորացված բեմադրությամբ, ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ եւ ղեկավարությամբ ներկայացվեց հայ մեծանուն կոմպոզիտոր, հայ օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» կոմիկական օպերանՙ «Կարինե» անվանումով: Որպես «Կարինե» օպերետ 2 գործողությամբՙ այն 2014 թվականին բեմադրվել եւ մինչ օրս էլ ընդգրկված է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկումՙ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ: Երեւանյան բեմում Տիգրան Չուխաճյանի այս անմահ ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է 1943-ինՙ նույն երաժշտական կոմեդիայի թատրոնում, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական պետական թատրոնումՙ 1951-ին, Արտեմի Այվազյանի խմբագրությամբ եւ երաժշտական լրացումներով: 1988 թվականին օպերային բեմում վերջին բեմադրությունն իրականացրել է Տիգրան Լեւոնյանը ՙ վերականգնելով «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» վերնագիրը, գրել նոր լիբրետո: Երեւանյան բեմադրություններում դերերգերը կատարել են հայ երգարվեստի այնպիսի մեծություններ, որպիսիք են Գոհար Գասպարյանը , Միհրան Երկաթը , Նար Հովհաննիսյանը , Մարիա Չմշկյանը եւ այլք: Ընթերցողի հիշողությունը թարմացնելու նպատակով նշենք, որ «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» կոմիկական օպերան Տիգրան Չուխաճյանը գրել է 1874 թվականինՙ դերասան, երգիչ, թարգմանիչ Թագվոր Նալյանի լիբրետոյի հիման վրա եւ առաջին անգամ այն բեմադրվել է 1875-ինՙ Կ. Պոլսում: Ըստ պահպանված լիբրետոյիՙ 1887 թվականի դրությամբ արդեն տեղի է ունեցել 104 ներկայացում: Չուխաճյանի այս կոմիկական օպերան համարվում է նրա ամենահաջողակ բեմական կյանք ունեցող ստեղծագործությունըՙ հայ եւ օտարերկրյա հանդիսատեսի կողմից վայելելով շուրջ մեկուկեսդարյա հիացմունք եւ գնահատանք: «Լեբլեբիջին» ունեցել է լայն աշխարհագրություն. գրեթե շուրջ մեկ եւ կես հարյուրամյակում ներկայացվել է Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ադրիանապոլսում, Եգիպտոսի Կահիրե եւ Ալեքսանդրիա քաղաքներում, Սիրիայում, Լիբանանում, Եվրոպայումՙ մասնավորապես Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Հունաստանի քաղաքներումՙ Աթենքում եւ Սալոնիկում, Կիպրոսում եւ այլ հունական կղզիներում, ինչպես նաեւ ամերիկյան մայրցամաքումՙ Կանադայում եւ ԱՄՆ-ում: Հայտնի է, որ Չուխաճյանի երազանքներից մեկը իր օպերաները Փարիզում բեմադրելն էր, ինչը նրա կենդանության օրոք չհաջողվեց: Փարիզում «Լեբլեբիջին» հնչել է 1931-ին, 1938-ին, 1942-ին, իսկ փարիզյան վերջին բեմադրությունը տեղի է ունեցել 2005-ին հենց Ժիրայր Բաբազյանի ջանքերով եւ ղեկավարությամբ, որը նաեւ հիմնադրել եւ ղեկավարում է Փարիզի «Տիգրան Չուխաճյան միջազգային ինստիտուտը»ՙ մինչ օրս էլ մեծագույն նվիրումով եւ ահռելի ջանքերով իրականացնելով մեծ Հայի, ժամանակի երեւելի կոմպոզիտոր-երաժշտի ստեղծագործական ժառանգության պահպանման եւ հանրահռչակման դժվարին գործը: Այսպիսով, օպերային բեմի 30-ամյա ընդմիջումից հետո կրկին երեւանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ (եւ կարծում ենք, դեռ կունենա) նոր բեմադրությամբ ունկնդրելու այս հրաշալի, վառ մեղեդայնությամբ հանրահայտ ստեղծագործությունը: Բեմադրությունը ռեժիսորն իրականացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական պետական թատրոնի երիտասարդական ծրագրում ընդգրկված երիտասարդ եւ խոստումնալից երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ռեժիսորը փաստում է, որ այս բեմադրությունն աննախադեպ է, քանի որ 2010-ին վերջապես գտնվել է Չուխաճյանի ձեռամբ կատարված գործիքավորումը, եւ այս բեմադրության ժամանակ նվագախումբը կատարել է օրիգինալ պարտիտուրը: Նշենք, որ տարբեր տարիներին զանազան երաժիշտներ իրենք են կատարել գործիքավորումըՙ հիմնվելով դաշնամուրային նվագամասերի վրա: 3 գործողությամբ օպերետի (ինչպես եւ նշված է համերգային ազդագրում, փաստորեն ռեժիսորը եւս հակված է «Լեբլեբիջին» օպերետի ժանրին դասելուն, քանի որ որոշ երաժշտագետներ համարել են կոմիկական օպերա), կատարումը հայրենական օպերային բեմի համար մեծ թարմություն է: Երկար տարիներ է, որ երեւանյան օպերային բեմում չեն ներկայացվել օպերետային կամ կոմիկական օպերային ժանրի ստեղծագործություններ, այն էլՙ հայ հեղինակի: Մյուս կողմից էլ, միշտ հաճելի է ծանոթանալ երիտասարդ ուժերի հետ, որոնք վաղվա օպերային թատրոնի ապագան պետք է կերտեն: Ինքըՙ Ժիրայր Բաբազյանն իրեն եւս ներգրավել է ներկայացման մեջ, խոսակցական հատվածներում իր մեկնաբանությունների միջոցով օգնելով հանդիսատեսին ներթափանցել 19-րդ դարավերջի Պոլսի մթնոլորտի մեջ եւ ըմբռնել սյուժեն: Սյուժեում Բաբազյանն առաջ է բերել հայ երիտասարդների կողմից Պոլսում թատրոն ստեղծելու գաղափարը, եւ այդ գաղափարի ներքո է ծավալվել Արմենի եւ Կարինեի սիրո պատմությունը: Դերերում հանդես են գալիս Սիլվա Պետրոսյանը (Կարինե), Տիգրան Հակոբյանը (Արմեն), Պողոս Բեազբեկյանը , Կիմ Սարգսյանը (Հոր-Հոր), Արսեն Գեւորգյանը (Մարգար), Անուշ Մարտիրոսյանը (Շուշան), Ժիրայր Բաբազյան (Խաչիկ) եւ այլք: Պետք է փաստենք, որ երիտասարդ երգիչների կողմից խոսակցական հատվածների արեւմտահայերեն փայլուն եւ համոզիչ արտաբերումը մեծ հետաքրքրություն էր առաջացնում, հանդիսատեսին էլ հնարավորություն տալիս առնչվել հայերենի այս բարեհնչյուն եւ քաղցրալուր ճյուղին:։ Ներկայացումն առանձնանում էր վառ թատերայնությամբ եւ գեղեցիկ պարային համարներով, վարպետորեն էին հնչում նվագախումբն ու երգչախումբըՙ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Տեսալուսային գեղեցիկ ձեւավորումը, բեմի ձեւավորման եւ բեմական զգեստների թարմ, գունեղ եւ նորարարական լուծումները, երիտասարդ երգիչների արհեստավարժ երգեցողությունն ու արտիստիզմը դեռ երկար կմնան երաժշտասեր հանդիսատեսի հիշողության մեջ: |