ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳՆԵՐ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅՈՒՄ Ա. Բ. Փետրվարի 1-8-ին Մերձբալթիկայի երկրներում Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված ութ համերգներով հանդես եկավ Երեւանի «Գյուրջիեւ» նվագախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Լեւոն Էսկենյան ): Այն իրականացրել էր բալթյան երկրներում ՀՀ դեսպանությունըՙ ՀՀ մշակույթի նախարարության եւ GK կլինիկայի աջակցությամբՙ այդ երկրների կարեւորագույն փառատոնների եւ համերգասրահների համագործակցությամբ: Հայաստանյան խմբին ունկնդրեցին Լիտվայի Վիլնյուս, Պալանգա եւ Կաունաս քաղաքներում, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում եւ Էստոնիայի Պաառնու, Տալլինն եւ Յոհվի քաղաքներում: Ռիգայի համերգին ներկա էր մշակույթի նախարար Դացե Մելբարդեն, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Զվիգնեւ Ստանկեւիչսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, լատվիացի արվեստագետներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Էստոնիայում գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Տալլիննի Սբ. Նիկողայոս եկեղեցում: Նախաձեռնողը, կազմակերպիչներից եւ աջակիցներից մեկը Էստոնիայում ՀՀ դեսպանությունն էր: Համերգին իրենց ներկայությամբ պատվել եւ ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիտցը : Մեծ հետաքրքրություն առաջացրած համերգները լայնորեն լուսաբանվեցին բալթյան երկրների պետական եւ մասնավոր հեռուստաընկերությունների եւ ԶԼՄ այլ ներկայացուցիչների կողմից: |