«ՇՈՂԵՐ»ՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՍԵՂԵՆ ՁԱՅՆԵՐԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ Աննա ԱԴԱՄՅԱՆ, Երաժշտագետ Սույն թվականի փետրվարի 2-ին ավստրիական փոքրիկ, բայց հանրահայտ Քիթցբյուհել քաղաքին կից Քիրխբերգ վայրում տեղի ունեցավ «Դասականը ժամանակի ընթացքի մեջ» խորագրով համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան մյունխենաբնակ խմբավար Արմինե Բաբայանի ջանքերով ստեղծված կանացի ձայներից կազմված «Շողեր» երգչախումբը եւ մեզանում ու միջազգային հարթակներում արդեն հանրահայտ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը ` դաշնակահարուհի, գերմանաբնակ Գրետա Էրհարթեր-Սարգսյանի նվագակցությամբ: Հենց Քիթցբյուհելում ապրող եւ ստեղծագործող դաշնակահարուհի Գրետա Էրհարթեր-Սարգսյանն էլ իր ամուսնուՙ Հանս Էրհարթի հետ միասին ստեղծելով «Կուլտուրքրայց» Արվեստի հասարակական կազմակերպությունը, ձեւավորել են մի գեղեցիկ ավանդույթՙ ամեն տարի Քիրխբերգի արվեստի տանը տարբեր երկրների պատանի տաղանդավոր երաժիշտների մասնակցությամբ կազմակերպել դասական երաժշտության երեկոներ: Հենց այս մտահղացման շրջանակում էլ տեղի ունեցավ այս հրաշալի միջոցառումը, որով տոնվեց այս ավանդույթի ձեւավորման 10-ամյակը: Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող երաժիշտ, խմբավար Արմինե Բաբայանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ տեղափոխվելով Գերմանիաՙ ուսումը շարունակել Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի մագիստրատուրայումՙ երաժշտության մանկավարժություն մասնագիտացմամբ: Զբաղվելով բազմաբնույթ երաժշտական գործունեությամբՙ դասավանդում, նվագակցություն, լայնացրել է իր հետաքրքրությունների շրջանակը դեպի արվեստի կառավարման ոլորտ եւ այժմ էլ աշխատում է համերգների կազմակերպման մի գրասենյակում որպես մենեջերի օգնական: Շուրջ չորս տարի կազմակերպում է նաեւ ուղեւորություններ դեպի Հայաստանՙ համագործակցելով մի տուրիստական ընկերության հետ: Իր խոսքովՙ գերմանացի զբոսաշրջիկները Հայաստան այցելում են մեծ ոգեւորությամբՙ վայելելով հյուրասեր եւ ջերմ մարդկային շփումը, հինավուրց ճարտարապետությունը, տարաբնույթ մշակութային միջոցառումները, ինչպես նաեւ մեր ազգային ուտեստները: Հանդիսանալով նաեւ Հայ երգչախմբային ասոցիացիայի անդամՙ Արմինե Բաբայանն իր գործունեությամբ նպաստում է նաեւ հայ-գերմանական երաժշտական առնչությունների զարգացմանը: Նրա նախագծերից է մասնավորապես 2016 թվականին Արամ Խաչատրյան փառատոնի շրջանակներում գերմանացի հանրահայտ խմբավար Ֆլորիան Հելգաթի ղեկավարությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգն իր լայնածավալ երկացանկովՙ գերմանական դասականներից մինչեւ ժամանակակից հեղինակներ, նաեւ գերմանացի խմբավարի վարպետության դասերը կոնսերվատորիայի խմբավարության բաժնի ուսանողների հետ: 2012 թվականին Արմինե Բաբայանը ծանոթանալով Մյունխեն ուսանելու եկած հայ աղջիկների հետՙ միտք է հղանում ստեղծել երգչախումբՙ հայ երիտասարդների մեջ վառ պահելու ազգային մշակույթը եւ գերմանացի հանդիսատեսին ներկայացնելու մեր հարուստ երաժշտական ավանդույթները: Սկսելով ընդամենը երեք անդամիցՙ երգչախումբն այսօր ունի 15 անդամ, որոնցից ոմանք նույնիսկ չունեն երաժշտական կրթություն, սակայն տարիների ընթացքում տաղանդաշատ հայուհի Արմինե Բաբայանը կարողացել է երգչախումբը հասցնել քառաձայն երգեցողության մակարդակիՙ իր երկացանկում ընդգրկելով Կոմիտասի, Եկմալյանի հոգեւոր, հայ ժողովրդական, ինչպես նաեւ բավարական եւ ավստրիական երգեր, տարաբնույթ հանրահայտ մշակումներ եւ այլն: «Շողերի» աղջիկներին միավորել է հայ երգըՙ իր հուզառատ, թախծագին երանգներովՙ նրանց դաձնելով մի հարազատ ընտանիքՙ օտար ափերում: Պատահական չէ նաեւ երգչախմբի անվանումըՙ «Շողեր»: Ինքըՙ Արմինե Բաբայանը փաստում է, որ լսելով աղջիկների ձայներըՙ մտածում էր թե ինչ զուլալ ու մաքուր ձայներ ունեն, եւ իր խոսքովՙ նաեւ գերմանացի հանդիսատեսը միշտ գովեստի խոսքեր շռայլելովՙ նշում է նրանց լուսավոր, ջերմ ու ջինջ հնչողությունը: Այստեղից էլՙ Շողեր.... լույս, ձայն, ջերմություն: Ու նաեւ բավարական բարբառում «հայացքդ այստեղ գցիր» արտահայտությունը հնչում է հենց այսպեսՙ Շողերՙ Shoagh Her: Տարբեր տարիներին երգչախումբը ելույթներ է ունեցել գերմանական տարբեր քաղաքներումՙ Շթութգարդում, Լայպցիգում, նաեւ Ավստրիայում ու Շվեյցարիայում: 2018 թվականին երգչախումբը ձայնագրել է իր անդրանիկ եւ սոլո ձայնասկավառակը, որը լույս կտեսնի այս տարի, Հայկական հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղի տնօրենության հովանավորությամբՙ Ժիլբերտ Մումջյանի գլխավորությամբ: Վերադառնալով համերգինՙ նշենք, որ դրան իր մասնակցությունը բերած երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Դիանա Ադամյանն անցյալ տարի արժանացել է միջազգային հեղինակավոր «Մենուհին» երաժշտական մրցույթի 1-ին մրցանակին եւ այժմ էլ սովորում է Մյունխենի երաժշտական բարձրագույն դպրոցումՙ Անա Չումաչենկոյի դասարանում: Համերգի սկիզբն ազդարարվեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությամբՙ Դիանա Ադամյանի կատարմամբ, որին հաջորդեց Արմինե Բաբայանի կողմից մի փոքրիկ բանախոսությունՙ նվիրված Կոմիտասի գործունեությանն ու դերին հայ երաժշտության պատմական ընթացքի մեջ, այնուհետեւ «Շողեր» երգչախմբի կատարմամբ հնչեցին Կոմիտասի մի քանի հոգեւոր ու աշխարհիկ երգեր: Համերգի առաջին բաժինը եզրափակվեց «Շողեր ջան» կոմիտասյան խմբերգովՙ աղջիկների զուլալ հնչողությանը միահյուսելով Դիանա Ադամյանի ջութակի մոգական հնչյուններին: Երգչախմբի մենակատարներն են Հելեն Մայդինգեր Միքայելյանն ու Աննա Ղազարյանը , որոնց մեներգերը «Շողերի» ելույթների անբաժան մասն են կազմում: Երկրորդ բաժնում Գրետա Էրհարթ Սարգսյանի նվագակցությամբ Դիանա Ադամյանի կատարմամբ հնչեցին Գրիգի 2-րդ ջութակի սոնատը, Բացինիի եւ Կրեյսլերի ստեղծագործությունները, իսկ համերգն ավարտվեց «Էդելվեյս» ստեղծագործությամբՙ բոլոր մասնակիցների կատարմամբ: Ոգեւորիչ են հայ երիտասարդների մշակութային հաջողությունները հայրենիքի սահմաններից դուրս, եւ մաղթենք նրանց նորանոր ստեղծագործական հաջողություններ: |