«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆ Է» Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ...Վեց տասնամյակ առաջ հիմնադրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ստեղծման պահից ի վեր ոչ միայն մեր պատմամշակութային հզոր ժառանգությանՙ այդ հզոր «զենքերի» պահոցն է, այլեւ հայագիտության անմար կանթեղ: Եվ տնօրեններից յուրաքանչյուրի սրբազան պարտքը միշտ եղել եւ մնում է հայ ժողովրդի իմաստության այդ տաճարը մեծ հոգածությամբ պահպանելն ու փոխանցելը հաջորդ սերունդներինՙ սկսած Մատենադարանի երջանկահիշատակ հիմնադիր-տնօրեն Լեւոն Խաչիկյանից մինչեւ հայ միջնադարագիտության հսկա Սեն Արեւշատյան, մինչեւ երեւելի նարեկացիագետ, բանաստեղծ եւ թարգմանիչ Հրաչյա Թամրազյան...
...2018 թվականի մարտին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնել է պատմական գիտությունների դոկտոր, հայագետ-արեւելագետ Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա մեզ հետ ունեցած զրույցում պատմել է անցյալ տարվա ընթացքում արձանագրած նոր ձեռքբերումների եւ ծրագրերի մասին: - Ինձ համար մեծագույն պատասխանատվություն էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնը ստանձնելը, բայց նաեւՙ մեծ պատիվ: Մանուկ հասակից երջանիկ բախտ եմ ունեցել տեսնելու հայրիկիս` հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղեւոնդյանի հասակակից ու գործընկեր գիտնականներինՙ Մատենադարանի մեծ երախտավորներին, ապա արդեն ասպիրանտական տարիներին անձնապես առնչվել-հաղորդակցվել նրանց հետ որպես կրտսեր գործընկեր: Սակայն այն ժամանակ չէի կարող պատկերացնել, որ երբեւէ կաշխատեմ Մատենադարանում, առավել եւսՙ որ կղեկավարեմ այդ հաստատությունը: Փորձելու եմ առավելագույնն անել պահպանելու եւ զարգացնելու Մատենադարանի հիմնադիրների ու նվիրյալների ստեղծած ավանդույթները: Մյուս կողմից շատ կարեւոր եմ համարում, որ մենք այսօր ունենանք արդիական մի հաստատություն: Ստվար թվով երիտասարդներ իրենց կյանքի գործն են դարձրել գիտական-հետազոտական աշխատանքը Մատենադարանում: Մեր աշխատակիցները, անկախ այն բանից, թե ո՛ր բաժնում են աշխատում, գիտակցում են, որ բացի իրենց անմիջական պարտականությունները կատարելուց, պատասխանատու են նաեւ մեր ողջ հասարակության առաջ: Չէ՞ որ Մատենադարանը պարզապես ազգային խորհրդանիշ չէ: Ձեռագիր մատյանները պետք է շարունակ կենդանի շփման մեջ լինեն մարդկանց հետ, որպեսզի դրանցում ամբարված իմաստնությունը յուրացվի ժողովրդի, սերունդների կողմից: Եվ այդ հարցում Մատենադարանի աշխատակիցները յուրատեսակ կապող օղակի դեր պետք է կատարեն: Մենք մեր մշակույթը դեռեւս լավ չենք ճանաչումՙ չնայած անցած տասնամյակներում իրականացված հսկայական աշխատանքներին: Դեռեւս մեծ գործ կա անելիք` ձեռագրացուցակների ամբողջական պատրաստում, բնագրերի գիտական հրատարակում, մատենագրական ծովածավալ ժառանգության ուսումնասիրում: Միաժամանակ, բացի խիստ գիտական հրատարակություններից եւ հնագույն ձեռագրերի բովանդակությունը գիտական շրջանառության մեջ դնելուց, պետք է մտածել նաեւ այն հանրամատչելի ձեւով ժողովրդին, լայն հասարակայնությանը ներկայացնելու մասին: «Մատենադարանը, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է: Նա, հիրավի , մի օրհներգ է , որ հնչում է հավերժորեն». Հրաչյա Թամրազյան: - Հինգերորդ դարից մինչեւ ուշ միջնադար հայկական մշակույթի ու գիտության տարբեր ճյուղերին վերաբերող մատենագրական ժառանգության մեծ մասը պահպանվում է այստեղՙ Մատենադարանում, որը մեր ազգային ինքնության պահապանն է: Ուզում եմ ընդգծել, որ այս հարափոփոխ աշխարհում ազգային ինքնության խնդիրը հրատապ հարց է ոչ միայն փոքրաթիվ, այլեւ բազմամիլիոնանոց ժողովուրդների համար: Եվ այս առումով Մատենադարանը ոչ միայն գիտահետազոտական ինստիտուտ ու թանգարան է, այլ նաեւ մի վայր, որի դռներից ներս մտնողն այստեղից դուրս է գալիս ավելի զորացած ազգային ոգով, ավելի խաղաղված ու մարդկայնացած: Մատենադարան այցելությունը մարդուն մղում է խորանալ պատմության ու գրականության մեջՙ անցյալի մարգարիտները փնտրելու եւ գտնելու ճանապարհին: Ինչ վերաբերում է Մատենադարանի միջազգային նշանակությանը, ապա Մատենադարանը միշտ էլ համաշխարհային հռչակ է ունեցել: Բայց այն առավել եւս հանրահռչակելու համար մեր աշխատակազմը լուրջ գործ ունի կատարելուՙ կապված մի քանի խնդիրների հետ: Նախ, շատ կարեւոր է որ թե մեր միջնադարյան երկերը եւ թե գիտահետազոտական արդյունքները առավելագույնս ներկայացնել օտար լեզուներով: Նույնը հարկավոր է իրականացնել «Բանբեր Մատենադարանի» կիսամյա գիտական պարբերականի եւ մեր կայքէջի միջոցով: Երկրորդ. մեծ նշանակություն ունեն ցուցադրությունները: Դրանցից կուզենայի առանձնացնել այս տարի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «ARMENIA!» ցուցահանդեսը, որը բացառիկ է իր ընդգրկումով, քանի որ 2006-2007 թթ. ի վեր, երբ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպվեց «Հայաստանՙ իմ բարեկամ» ցուցահանդեսը, նման ցուցադրություն չէր եղել: Եվ առհասարակ սա հայ մշակույթը ԱՄՆ-ում ներկայացնող առաջին խոշոր ցուցահանդեսն է, որը տեւեց շուրջ չորս ամիս (սեպտեմբեր 22 - հունվարի 13): Հոկտեմբեր-նոյեմբերին արժեքավոր ցուցահանդես ունեցանք նաեւ Չեխիայումՙ Պրահայի Ստրահովյան վանքում, որը եւս լավ արձագանք ունեցավ: Երրորդ կարեւոր խնդիրը միջազգային համագործակցությունն էՙ ամենատարբեր գիտաժողովների, սեմինարների, համատեղ հետազոտական աշխատանքների միջոցով: Եվ մենք ունենք միջազգային համագործակցության հսկայական դաշտ: Օրինակ, անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում կազմակերպվեց հնագույն ձեռագրերի վերականգնման հարցերով վերապատրաստման դասընթաց մի խումբ սիրիացի մասնագետների համար, որն արժանացավ կառույցի բարձր գնահատականին: Այսպիսի ծրագրերը ստանում են միջազգային հնչողություն ու հռչակ են բերում Մատենադարանին: Դա նաեւ մեր երկրի, մեր պետության պատիվն է, երբ մենք օգնության ձեռք ենք մեկնում տառապյալ եղբայրական սիրիացի ժողովրդին: Սա այն դեպքն է, երբ զուտ գիտական, կամ գիտատեխնիկական ծրագիրը ձեռք է բերում քաղաքական նշանակություն: - Ձեռագրերի նվիրատվությունների հոսքը Մատենադարան երբեք չի դադարում: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ստեղծված են լավագույն պայմանները ոչ միայն ձեռագրերի պահպանության, այլեւ դրանց նորոգման, ցուցադրման եւ ուսումնասիրման համար: - Սուրբ Էջմիածնի Մատենադարանը, որի հիմքի վրա ձեւավորվել է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին, որից միայն երկու տարի անց` 1922 թ. ապրիլին, Մոսկվայից Հայաստան է վերադարձվել 4060 ձեռագիր (այդ թվում ցեղասպանությունից փրկված ձեռագրերը): Վերջիններս 1915 թվականին Ամենայն Հայոց Գեւորգ Ե Վշտակիր կաթողիկոսի նախաձեռնությամբ Մոսկվա էին ուղարկվել պատերազմական արհավիրքներից զերծ պահելու համար: Շուտով Մատենադարանում են հանգրվանել նաեւ Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Երեւանի գրական թանգարանի եւ այլ վայրերի ձեռագիր հավաքածուները: Էջմիածնից Մատենադարանը Երեւան է տեղափոխվել 1939 թ. եւ տեղակայվել է Հանրային (այժմ` Ազգային) գրադարանում: Երբ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցվեց-ավարտվեց Մատենադարանի նոր շենքը եւ 1959 թվականին մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվեց գիտահետազոտական ինստիտուտի` վերոհիշյալ բոլոր ձեռագրերը հանգրվանեցին նորակառույց շենքում: Անցած վեց տասնամյակների ընթացքում այդ թիվը քառապատկվել է` գերազանցելով 20000-ը, շնորհիվ նվիրատվությունների: Իսկ անցյալ տարի Մատենադարանում պահվող ազգային գանձերը համալրվել են եւս 50 «բնակիչով»: Եվ սա շարունակական ընթացք է: Հավատարիմ անցյալի ավանդույթներին - Մատենադարանում մենք հետեւողականորեն շարունակում ենք գիտաժողովների կազմակերպումը: Սովորաբար տարեկան կազմակերպվում է մոտ 5-6 տարբեր բնույթի գիտաժողովներ ու սեմինարներ: Անցյալ տարին եւս բացառություն չէր. մենք կազմակերպեցինք միջազգային գիտաժողովՙ նվիրված Մատենադարանի հիմնադիր-տնօրեն Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին. խոշորագույն գիտնական, որը մեծ դեր է ունեցել Մատենադարանի կազմակերպման, բաժինների ստեղծման, կադրերի բացահայտման ու պատրաստման առումով: Մենք մինչ օրս էլ շատ հարցերում շարունակում ենք առաջնորդվել նրա սկզբունքներով: Հետեւաբար, չէինք կարող անտեսել Մատենադարանի ռահվիրայի ծննդյան հոբելյանը, որին մասնակցեցին մեծ թվով գիտնականներ մի շարք երկրներից: Շուտով լույս են տեսնելու գիտաժողովի զեկուցումները: Հետեւողականորեն շարունակելով 2007-2016 թթ. Մատենադարանի տնօրեն, երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի սկսած գործըՙ կազմակերպում ենք ամենամյա «Նարեկացիական ընթերցումներ», որին իրենց մասնակցությունն են բերում աշխարհի լավագույն հայագետները: Միջոցառման ավարտին միշտ գրքերի շնորհանդես է լինում, որտեղ ներկայացվում են Նարեկացու Մատյանի տարբեր թարգմանությունները կամ գիտական նոր ուսումնասիրությունները: Նախորդ տարի ներկայացվեց «Նարեկ»ի լատվիերեն թարգմանությունը, իսկ անցյալ տարիՙ հոլանդերենը: - Պարո՛ն Տեր-Ղեւոնդյան, ուզում եմ հիշատակել մի կարեւոր իրադարձություն. այս տարի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության XVII գագաթաժողովը տեղի ունեցավ Երեւանում: Գիտենք, որ կազմակերպությունը տասնամյակներ շարունակ աշխարհում տարածում է ֆրանսիական մշակույթը: Բայց Մատենադարանը այդ իրադարձությունը հմտորեն ծառայեցրեց աշխարհում հայ մշակույթը հերթական անգամ հանրահռչակելուն: Կխոսե՞ք այս մասին: - Այո, Մատենադարանն ակտիվ մասնակցություն ունեցավ ֆրանկոֆոնիայի երեւանյան օրերի ծրագրերին: Բացվեց հատուկ ցուցադրությունՙ «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով, որը համադրեց մեր կողմից հրավիրված ճանաչված հայագետ Արմեն Մութաֆյանը: Լույս տեսավ երկլեզու հատուկ գրքույկ, որը ներկայացնում է հայ-ֆրանսիական առնչություններըՙ սկսած Կիլիկյան թագավորության ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հրատարակեցինք նաեւ հայկական մանրանկարչությունը ներկայացնող ալբոմ ֆրանսերեն տեքստերով եւ տպագրական բարձր որակով: Թե՛ ալբոմը եւ թե՛ գրքույկը բաժանվեցին գագաթաժողովի պատվիրակություններին եւ այդ շաբաթվա բոլոր այցելուներին: Նրանք մեկնեցին մեծ տպավորություններով: - Միջազգային գիտաժողովները միշտ նպաստում են նոր կապերի ձեւավորմանը աշխարհում գոյություն ունեցող այլ գիտական հաստատությունների եւ հիշողության կենտրոնների հետ: Այս առումով ի՞նչ ձեռքբերումներ է արձանագրել Մատենադարանը անցած տարում: - Ոչ միայն 2018 թվականը, այլեւ նախորդ տարիներն արգասաբեր են եղել Մատենադարանի համար: Համագործակցություն է ձեւավորվել բազմաթիվ գիտական կենտրոնների հետ: Ամուր գործընկերություն է ստեղծվել Բելգիայի Լուվենի, Իտալիայի Բոլոնիայի համալսարանների, Գերմանիայի Ֆրանկֆուրտի եւ Հալլե-Վիտենբերգի համալսարանների հետ: Ձեռագրերի վերականգնման բաժինը համագործակցում է Բեռլինի պետական գրադարանի հետ: Այս շարքը շատ երկար է: Վերջերս էլ համաձայնագիր կնքեցինք Ղազախստանի մեր գործընկերների հետՙ կապված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության հետ: Ունենք համագործակցության ծրագրեր Ռուսաստանի եւ Իրանի տարբեր կենտրոնների հետ: Եվ դա շարունակական բնույթ է կրում: 2019 թվականին նախատեսում ենք կազմակերպել գիտաժողովՙ նվիրված ակադեմիկոս, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշորագույն մասնագետ Սեն Արեւշատյանին, որին մասնակցելու են մեծ թվով գիտնականներ. ավանդույթի համաձայն կայանալու է «Նարեկացիական ընթերցումներ»ՙ արդեն հինգերորդ միջազգային գիտաժողովը, իսկ տարվա վերջին կնշենք Մատենադարանի երախտավորներից հայագետ-արեւելագետ Հակոբ Փափազյանի ծննդյան 100-ամյակը: Ուզում եմ նշել, որ ընթացիկ տարում կարեւոր է նաեւ այն առումով, որ առաջին անգամ մեր եվրոպացի գործընկերների մասնակցությամբ, միջազգային գիտաժողով է կազմակերպվելու «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում` Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղում: Դա կնպաստի Արցախ աշխարհը եւ այնտեղ ստեղծված մեր դարավոր մշակույթի արժեքները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ, կարելի է ասել, կունենա նաեւ քաղաքական նշանակություն: - Պարո՛ն Տեր Ղեւոնդյան, անդրադառնանք Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կայացած բացառիկ ցուցահանդեսին: - Այո... Ցուցադրությանը ներկայացված էին հայ մշակույթի շուրջ 150 գանձերՙ ձեռագրեր, խաչքարեր, հնատիպ գրքեր, եկեղեցական մասունքներ, ասեղնագործ արվեստի նմուշներ...«ARMENIA!» ցուցահանդեսը կազմակերպվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի Պատմության թանգարանի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Վենետիկի Մխիթարյան միաբանության եւ մի շարք այլ թանգարանների ու անհատների համատեղ ջանքերով: Ցուցահանդեսն ընդգրկում էր IV-XVII դարերը: Այս չորս ամիսների ընթացքում ցուցահանդեսը դիտել է շուրջ 1 միլիոն մարդ: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ թիվ է, նշեմ մի փաստ. 2017 թվականին Մատենադարան է այցելել 108 000 զբոսաշրջիկ: Ստացվում է, որ չորս ամսում «Մետրոպոլիտեն» թանգարանում հայ մշակույթի գանձերին հաղորդակցվել են այնքան մարդ, որքան մեզ մոտ կգար տասը տարվա ընթացքում: Նման մեծամասշտաբ ցուցահանդեսները մշակութային բնույթ կրելուց բացի ունենում են նաեւ քաղաքական կարեւոր նշանակություն: Օրինակ, նույն ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 1 միլիոն հայ: Բայց շատ քչերն են տեղյակ, թե ո՞վ է հայ ժողովուրդը, ո՞րն է նրա տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Գաղտնիք չէ, որ մենք Հայաստանի հանդեպ հարգանք կարող ենք նվաճել աշխարհին մեր մշակույթն ու գիտությունը ներկայացնելով: Նախեւառաջ դա է մեր հզորությունը: Գրաբարՙ անցյալի ժառանգության բանալի - 2016 թվականին Մատենադարանը մասնակցեց Հայ Առաքելական եկեղեցու բարձր հովանու ներքո գործող «Գրաբարյան օրեր» ծրագրին: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կան մի շարք դպրոցներ, որտեղ գրաբարը ներառված է ֆակուլտատիվ առարկաների ցանկում, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Հիշենք, որ ժամանակին եվրոպական բազմաթիվ երկրների դպրոցներում դասավանդվում էր լատիներեն: Հետո դա վերացվեց, եւ դա խոշոր սխալ էր: Այսօր արդեն շատ փորձագետներ ու մանկավարժներ հարց են բարձրացնում դպրոցներում վերականգնել լատիներենի դասավանդումը, որովհետեւ շատ եվրոպական լեզուների հիմքը հենց լատիներենն է: Նույնը կարելի է ասել հայերենի մասին. այսօրվա գրական հայերենի ճյուղերըՙ արեւելահայերենը ու արեւմտահայերենը, անգամ բարբառները հասկանալու, ինչպես նաեւ զարգացած մարդ լինելու համար հարկավոր է գոնե տարրական գիտելիքներ ունենալ գրաբարի մասին, իմանալ դասական ուղղագրությունը: Գրաբարի իմացությունն անչափ կարեւոր է մեր անցյալի հարուստ ժառանգության դռները բացելու համար: Շատ կարեւոր է նաեւ, որ ավելանա գրաբար ուսումնասիրող դպրոցների թիվը, եւ Մատենադարանը պատրաստ է աջակցել նրանց: - Պարո՛ն Տեր-Ղեւոնդյան, անցյալ տարի նշվեց նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը, որի առթիվ Մատենադարանում գործեց մի շքեղ ցուցահանդես: Ինչպե՞ս պետք է կարողանալ ապահովել Մխիթարյան միաբանների գործունեության շարունակական ընթացքը: - Միանգամայն ճիշտ դիտարկում է: Մխիթարյան միաբանները Հայրենիքից հեռու, պետականության բացակայության պայմաններում, հայ ժողովրդի կյանքում կատարեցին գիտությունների ազգային ակադեմիայի դեր: Մեծ նշանակություն ունեցավ «Բազմավէպ» հանդեսը, որի 175 -ամյակը նույնպես նշեցինք անցյալ տարի: Նրանց գործը միայն մեկ բառով կարող եմ բնութագրելՙ սխրանք. սխրանքՙ որը ձգվում է դարեր: Իհարկե 20-րդ դարում հայագիտության կենտրոնը տեղափոխվեց Հայաստան: Եվ այսօր մեզ համար կարեւոր է պահպանել ու շարունակել Մխիթարյան հայրերի թողած ավանդույթները, որ նրանք ժառանգել էին միջնադարից ու ստեղծագործաբար զարգացրել: Մխիթարյանները կարծես կապող օղակ լինեն մեր միջնադարի ու նոր ժամանակների միջեւ: Օրինակ, մինչեւ 18-րդ դարի վերջը մենք ունենք պատմիչներ: Եվ ահա 18-րդ դարի վերջին ասպարեզում հայտնվում է Հայր Միքայել Չամչյանը, որը գրում է «Պատմութիւն Հայոց»ըՙ արդեն որպես պատմաբան: Եվ այդպիսով հիմք է դնում մի նոր դարաշրջանիՙ հայ պատմագրությանը: Այդպես էլ մե՛նք պետք է շարունակենք Մխիթարյան հայրերի ավանդույթները եւ ստեղծագործաբար զարգացնենք: - Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը սփռված է աշխարհով մեկ, որոնք պարբերաբար հայտնվում են աճուրդներում: Ինչպիսի՞ մոտեցումներ են անհրաժեշտ մշակել դրանք Մատենադարան վերադարձնելու եւ պահել-պահպանելու համար: - Այդ խնդիրն ինձ միշտ է մտահոգել: Անցած տարիների ու տասնամյակների ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր առանձին նվիրյալ անհատներ, ազգային բարերարներ ձեռք են բերել այդ ձեռագրերը եւ նվիրաբերել Մատենադարանին, որի համար մենք երախտապարտ ենք: Բայց նաեւ շատ են դեպքերը, երբ այդ արժեքները գնվել են այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից, եւ մենք նույնիսկ չգիտենք դրանց հետագա ճակատագրի մասին: Հիմա ես մտածում եմ ազգանվեր բարերարների միջոցով ստեղծել հատուկ, մնայուն ֆոնդեր հենց այդ նպատակով: Եթե այդ ծրագիրը իրականություն դառնաՙ մենք կունենանք միջոցներ որեւէ պահի արձագանքելու նման աճուրդներին եւ ինքներս ձեռք բերելու այդ արժեքները` փրկելով մեր մշակույթի գանձերը անդառնալի կորստից... |