RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019



Տեղադրվել է` 2019-02-21 22:25:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 567, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՇՆԱՄԱՆՔՈՎ ՆԵՐԾԾՎԱԾ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Նաիր ՅԱՆ

Նախորդ տարվա դեկտեմբերի 3-ից կինոյի ոլորտում ծանր ու ճնշող մթնոլորտ է: Այդ օրը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ սկսեց: 9 օր հետո տխուր մթնոլորտն ասես ցրվեց: Թվացՙ ամեն ինչ հարթվել է: Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը հանդիպման հրավիրեց Հովհաննես Գալստյանին, եւ մասնագիտական խմբով քննարկվեցՙ ինչ ելքեր կարելի է գտնել «Տատիկիս վարսերը» ընդհատված ֆիլմի պետական ֆինանսավորումը շարունակելու համար: Հովհաննես Գալստյանը հայտարարեց, թե Լիլիթ Մակունցը ֆիլմը շարունակելու երաշխիքներ է տվել: Բայց պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այն էՙ ֆիլմի ֆինանսավորումը չշարունակելու համար կինոռեժիսորը Հայաստանի ազգային կինոկենտրոնին արդեն դատի էր տվել: Հունվարի 30-ի դատական նիստը տեղի չունեցավ. կինոկենտրոնը հայցադիմում չէր ստացել, եւ դատը հետաձգվեց մինչեւ ապրիլի 9-ը:

Փետրվարի 3-ին Հովհաննեսը հացադուլը վերսկսեց, որովհետեւ, ինչպես նա էր հայտնում, Լիլիթ Մակունցիՙ ֆիլմը վերսկսելու երաշխիքները մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը եւ կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը չեն կատարել: Նա պահանջում էր, որ Լիլիթ Մակունցն իրենց հանդիպման ձայնագրությունը հրապարակի: Քանի որ մեր երկրում ամենամանր ու ամենալուրջ հարցերը սոցցանցերում, ավելի ստույգՙ ֆեյսբուքում են քննարկվում ու լուծում ստանում, Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե հանդիպումը ձայնագրած լրագրողը մշակույթի նախարարությունում այլեւս չի աշխատում, ձայնագրությունն էլ կորել է: Պարզվեցՙ ռադիոյի լրագրող Ալիսա Գեւորգյանն է զրույցը ձայնագրել, ձայնագրությունն ամենեւին էլ չի կորել, ավելինՙ Ալիսան մեծ սիրով այն հանձնել է թե՛ նախարարությանը, թե՛ Հովհաննեսին: Հովհաննեսը հրապարակեց ձայնագրությունից հատվածներՙ հավաստիացնելով, թե հենց այդտեղ է Լիլիթ Մակունցը ֆիլմի ֆինանսավորման երաշխիքներ տալիս: Սակայն նրանք, ովքեր ձայնագրությունը ոչ թե հատվածաբար, այլ ամբողջությամբ են լսել, կհաստատեն, որ Լիլիթ Մակունցը ոչ թե երաշխիքներ է տալիս, այլ Հովհաննես Գալստյանին ասում է, որ նա «Տատիկիս վարսերի» բոլոր փաստաթղթերը, իրավական բոլոր համաձայնագրերը հավաքի, հանձնի կինոկենտրոնին, մասնագիտական խումբը, իրավաբանները կուսումնասիրեն, եթե դրանց իրավական իսկությունը հաստատվի, ապա կքննարկվեն ֆիլմի արտադրությունը շարունակելու հեռանկարները: Բայց Մակունցի առաջարկին հետեւում է Հովհաննեսի պատասխանը, թեՙ փաստաթղթեր հավաքելն իր թույլ կողմն է եղել միշտ, ինքը փաստաթղթերին երբեք կարեւորություն չի տվել, այս դեպքումՙ նույնպես: Կինոռեժիսորը ձայնագրությունը ձեռք բերելուց հետո էլ ապօրինի գործունեության մեջ շարունակում էր մեղադրել մշակույթի նախարարությանըՙ պահանջելով իր ֆիլմի 88 միլիոն պետական ֆինանսավորումը:

Օրերս մշակույթի նախարարությունը ի պատասխան Հովհաննես Գալստյանի մեղադրանքներինՙ հանդես եկավ հայտարարությամբՙ պարզաբանելով պետության եւ Հովհաննես Գալստյանի պայմանագրային հարաբերությունների ընթացքը: Նախարարությունը նշել էր, որ Հովհաննես Գալստյանը 2010-14 թթ «Թողություն» ֆիլմի համար պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ: Ֆիլմը չկա:

Պետական գումարն անպատիժ վատնվել է: «Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությունը հավաստիացնում է, թե «Տատիկիս վարսերին» ըստ պայմանագրիՙ 2016 եւ 2017 թվականներին տրամադրվել է ընդհանուր առմամաբ 23 միլիոն դրամ, եւ դրանով բոլոր պարտավորությունները կատարվել են: 88 միլիոն դրամի չափով ֆինանսավորման պարտավորության մասին պայմանագիրը երկկողմանի ստորագրված չէ, չունի ամսաթիվ, անգլերեն նամակը, որ ստորագրել է կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը , 88 միլիոն դրամ պետական ֆինանսավարում ստանալու համար չի կարող իրավական հիմք հանդիսանալ: Նման փաստաթղթեր սովորաբար տրվում են ֆիլմերի հեղինակներին, որպեսզի նրանք կարողանան օտարերկրյա գործընկերներ գտնել: «Ֆիլմի հանդեպ որեւէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որեւէ այլ իրավական փաստաթղթով չի ստանձնել, եւ ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը եւ հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Խնդրահարույց գործունեության եւ համակարգի եւ թերությունների հետեւանքով փակուղային իրավիճակում հայտնված Հովհաննես Գալստյանին նախարարությունը բացառության կարգով հնարավորություն է տալիս մասնակցել 2019 թվականի կինոհայտերի մրցույթին: Իհարկե, կինոռեժսորը պետք է անավարտ «Թողություն» ֆիլմն ավարտի եւ հանձնի:

Հովհաննես Գալստյանը հացադուլի 15-րդ օրը հերքեց նախարարության բոլոր մեղադրանքները: Նրա փաստաբան Նունե Դանիելյանը պատրաստվում է իր պաշտպանյալի հասցեին արված մեղադրանքների համար մշակույթի նախարարությանը դատի տալ: Իսկ Հովհաննես Գալստյանը հայտարարել էՙ մինչեւ «Տատիկիս Վարսերի 88 միլիոն դրամը պետությունը չտա եւ ինքը չվերսկսի ֆիլմի արտադրությունը, «Թողություն» ֆիլմի աշխատանքները չի շարունակելու եւ այն ավարտին չի հասցնելու: Կինոռեժիսորը նախորդ շաբաթ հանդես է եկել հայտարարությամբՙ դիմելով պարկեշտ չինովնիկներին, պատգամավորներին, նախարարներինՙ փետրվարի աշխատավարձից գումար հատկացնել «Տատիկիս վարսերի» նկարահանումներին: Նրա երկրորդ եւ երրորդ կոչերն ուղղված են հանրությանն ու բիզնես-էլիտայինՙ նույն հորդորովՙ աջակցել իր ֆիլմին: Փոխարենը նա խոստանում է «Տատիկիս վարսերը» 5 անգամ անվճար ցուցադրել կինոթատրոններում:

Ընդամենը երկու տարի առաջ մի հարցազրույցի առիթով Հովհաննես Գալստյանի «Սինեմա» կինոդպրոցում էի: Նրան հարցրիՙ արդյո՞ք ճիշտ չի լինի, որ նա պետբյուջեով նկարահանած իր ֆիլմերը գոնե մեկ անգամ ցուցադրի հեռուստաէկրաններին, չէ՞որ այդ ֆիլմերը նկարահանում է ժողովրդի հարկերից գոյացած բյուժեի փողերով, մի՞թե այդ նույն ժողովուրդն իրավունք չունի գոնե մեկ անգամ տեսնել, թե իր փողերով ինչ ֆիլմ է նկարվել: Հովհաննեսը շատ կտրուկ պատասխանեցՙ ոչ մի դեպքում իր ֆիլմն անվճար չի ցուցադրի, ավելացրեցՙ թող հեռուստաընկերություններն իրենից գնեն ցուցադրման իրավունքը, միայն այդ դեպքում թույլ կտա, որ իր ֆիլմերը երեւան հեռուստաէկրաններին: Հիմա արդեն Հովհաննեսը պատրաստ է զիջման: Ոչ թե մեկ, այլ 5 անգամ է պատրաստ իր ֆիլմն անվճար ցուցադրել, միայն թե հանրությունը հանգանակություն փոխանցի իր հաշվեհամարներին: Ինքը ժամանակ չունի, պետք է մարտից նկարահանումներն սկսի. միջազգային գործընկերների առաջ պարտավորություններ ունի: Նախնական 10 միլիոն է հարկավոր: Հացադուլ, դրան զուգահեռՙ հանգանակություն, դրան զուգահեռՙ դատական գործընթաց, դրան զուգահեռՙ մարտի նկարահանումները. Հովհաննեսը մի ֆիլմ ունիՙ «Խճճված զուգահեռները»: Հիմա ինքն է հայտնվել այդ խճճված զուգահեռներում:

Նրա հետ հացադուլի է նստել ազատամարտիկ Մհեր Մազմանյանը: Դրդապատճառները երկուսն ենՙ հացադուլի մեջ գտնվող արվեստագետի նկատմամաբ իշխանությունները քար անտարբերություն են ցուցաբերում, նաեւ անտեսված են արցախյան պատերազմի մասնակիցները. նրանք բազմաթիվ խնդիրներ ունենՙ առողջական, սոցիալական, բնակարանային, ու տասնամյակներ շարունակ լուսանցքում են:

Դեռ երբեք մեր երկրում այսքան անհանդուրժող, թշնամական մթնոլորտ չի եղել, ինչպես սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո է: Բոլոր հարցերը վեր են հանվում վիրտուալ իրականության մեջ: Տարբեր բանակների բաժանվածՙ բարիկադների այս ու այն կողմերից թուքումուր, հայհոյանք, նախատինք, մաղձ, սարկազմ է հորդում: Իշխանությունները Հայաստանի քաղաքացու հետ հայտարարություններով են շփվում. միաժամանակ ընթանում են դատական պրոցեսները: Պետական պաշտոնյաների դռները դարձել են «անհաս փառքի ճամփա». պետական պաշտոնյաներըՙ «անհաս փառքի ճամփորդ»: Ով ինչ ունի ասելու, ֆեյսբուքով է հայտնումՙ համարելով, որ այդպիսով բոլոր պարտավորությունները լիուլի կատարված են: Մի սեղանի շուրջ նստելը, քննարկելը, թեկուզ սխալները, աններելի սխալները դիմացինի ճակատին մեխելը, երես առ երես թուքումուր տալը, կրքոտ, թեժ բանավիճելը դուրս են մղվել շրջանառությունից: Մի բուռ երկրում մեկը մյուսի երդվյալ թշնամին է, արյունարբու ախոյանը, մեկի պարտվելը մյուսի հաղթանակն է, չարախնդալու երանելի առիթը: Կինոռեժիսորը դատի է տալիս իր հարազատ պետությանըՙ պատասխանատվության անգամ նվազագույն զգացում, խղճի խայթ չզգալով, որ 93 միլիոն մի կոպեկի պես վերցրել է ու ֆիլմը չի ավարտել: Դեռ չավարտածՙ նոր ֆիլմի հայտ է ներկայացրել, ու նույն պետությունը չի ասելՙ եղբայր, նախորդ ֆիլմդ ավարտե՞լ ես, որ նոր կինոհայտ ես ներկայացրել: Հովհաննես Գալստյանն արդարանում է, թե ստեղծագործական պրոցես է. ֆիլմ կա, որ տասնյակ տարիներ է նկարվում, ի՞նչ կա որ: «Կարող եմ «Թողություն» ֆիլմի հում նյութի վերջում տիտրեր գրել ու ասելՙ ես էսպես եմ պատկերացնում իմ ֆիլմը, ավարտել եմ, նայեք»: Եթե այսքանն է կինոռեժիսորի, արվեստագետի, մտավորականի պատասխանատվությունն ու պարտավորությունը հանրության եւ պետության առաջ, ուրեմն ումի՞ց եւ ինչի՞ համար նեղանանք: Պետական գումարները մսխելու ավանդույթը խոր արմատներ է խրել մեզանում. եթե մասնավորի գրպանինց չէ, այլ պետբյուջեից է, ուրեմն անտեր, անհասցե փող է: Մինչեւ բոլոր-բոլորի գլուխներում ու հոգիներում փոփոխություն չլինի, պետական գումարների նկատմամբ պատասխանատվություն չի լինի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ