RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019



ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-02-21 22:25:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 670, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԵԳԻ ՀԻՆԱԵԿՅԱՆ. ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նկարչուհի եւ գրող Փեգի Հինաեկյանը բնակվում է ԱՄՆ-ում (Ֆլորիդա ու Քալիֆորնիա) եւ Շվեյցարիայում: Ծնվել եւ մեծացել է Եգիպտոսում, իր առաջին ամուսնու հետ տեղափոխվել է Կանադա, այնուհետեւ մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է նորաձեւության դիզայնի եւ կերպարվեստի ոլորտում: Ամուսնալուծությունից հետո տեղափոխվել է Ժնեւ եւ շարունակել իր կարիերան որպես նկարիչ: Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրների պատկերասրահներում, գտնվում են երեք թանգարանների մշտական ցուցադրություններում եւ բազմաթիվ մասնավոր ու կորպորատիվ հավաքածուներում, մասնավորապեսՙ Շվեյցարիայի մի քանի ֆինանսական հաստատություններում ու դեղագործական ընկերություններում: Փեգի Հինաեկյանը հաճախ է ցուցադրվում Շվեյցարիայում եւ Միացյալ Նահանգներում:


- Հարգելի Փեգի, դուք հասակ եք առել եգիպտահայ համայնքումՙ նրա անցյալ դարձած բարգավաճ ժամանակներում: Ինչպե՞ս էր հայ երեխայի համար Եգիպտոսի հայ համայնքում մեծանալը:

- Կյանքը հրաշալի էր Եգիպտոսում: Հայերը, ինչպես մյուս ազգային փոքրամասնությունները, ունեին իրենց դպրոցները, հանրային ու մարզական ակումբները, եկեղեցիները: Հայրական պապս ծխախոտի վաճառական էր, որ Եգիպտոս էր եկել Երզնկայից: Նա մահացել է, երբ հայրս մեկ տարեկան էր, ուստիեւ մեզանից ոչ ոք չի տեսել նրան: Մայրական պապս Եգիպտոս էր եկել Լանքաշիրից (Անգլիա), որտեղ նա ուներ տեքստիլ ընկերություն եւ Եգիպտոսից բամբակ էր արտահանում իր ֆաբրիկայի համար: Նրա նախնիները Անգլիա էին տեղափոխվել համիդյան կոտորածների ժամանակ: Նա մահացել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այնպես որ նրան էլ երբեք չեմ տեսել: Հայրական տատիկս նույնպես երզնկացի էր: Մայրական տատիս ընտանիքը փախել էր թուրքական կոտորածներից եւ գնացել նախ Հունաստան, ապա` Եգիպտոս: Ծնողներս ծնվել են Եգիպտոսում: Սկզբում հաճախել եմ հայկական տարրական դպրոց, որտեղ մեզ ուսուցանում էին չորս լեզուներ, այնուհետեւ կրթությունս շարունակել եմ անգլիական դպրոցում:

- Դուք շարունակո՞ւմ եք ձեր օրագրությունը, որ սկսել եք գրել տասներկու տարեկանից:

- Այո, ես օրագիր եմ պահել տասներկու տարեկանից, բայց ամուսնությունից հետո դադարեցրել եմ: Այժմ գրում եմ իմ հուշերը, որը կկազմի երեք հատոր: Առաջինը ներկայացնելու է իմ կյանքը Հելիոպոլիսումՙ Եգիպտոսում, Մոնրեալում եւ Մանհեթընում, մինչեւ իմ ամուսնալուծությունը: Երկրորդ հատորը պատմելու է իմ կյանքը Ժնեւումՙ իր ելեւէջներով, երբ միայնակ էի եւ ճակատ էի տալիս դժվարությունների առաջ: Եվ երրորդ հատորը պատմելու է իմ երկրորդ ամուսնության, զավակներիս եւ իմ բոլոր ճամփորդությունների մասին մի մայրցամաքից մյուսը, նկարագրելու է իմ քաոսային կյանքը, թե ինչպես էի դաստիարակում երեխաներիս եւ միաժամանակ շարունակում իմ գեղարվեստական կարիերան: Ես շատ բազմակողմանի եմ: Մարդուն մեկ անգամ է կյանք տրվում, եւ ես համոզված եմ, որ այն պետք է առավելագույնս ապրել:

- Դուք ավելի շատ եք նկարի՞չ եք, թե՞ գրող:

- Սկզբում ես ինձ համարում էի միայն նկարիչ, բայց իմ առաջին գեղարվեստական գրական երկըՙ «Ջուլիայի եւ տղամարդկանց մասին» վեպը գրելուց հետո ինձ երկուսն էլ համարում եմ: Ես շեշտում եմ գեղարվեստականը, քանի որ ընթերցողների մեծ մասը կարծում է, որ դա ինքնակենսագրություն է: Ջուլիայի կյանքն, անշուշտ, տարբեր է, բայց իմ կյանքին նման է: Ես ճամփորդել եմ բոլոր այն վայրերում, որտեղ իմ հերոսուհին լինում է: Ես նաեւ գրել եմ հեքիաթ-պատմվածքներ, որոնք տպագրվել են ամերիկյան ամսագրերում եւ հրատարակվել են առանձինՙ գրքույկների ձեւով:

- Ձեր կենսագրության մեջ կա նաեւ մի դրվագ, երբ աշխատել եք որպես նորաձեւության դիզայներ:

- Նորաձեւության դիզայնը եղել է իմ երազանքը, երբ շատ երիտասարդ էի: Երեխա ժամանակ ձեւավորում էի ընտանիքիս անդամների բոլոր հագուստները եւ երազում էի մեկնել Նյու Յորք ու մասնագիտանալ այդ գործում, ինչը եւ իրականացրի Բոստոնում եւ Մանհեթընում: Այնուամենայնիվ, գեղանկարչությունը հաղթեց: Իմ կյանքը Նյու Յորքում չափազանց լարված էր: Ես բավականաչափ գումար էի վաստակում, բայց ժամանակ չունեի այն ծախսելու: Այդժամ որոշեցի մեկնել Շվեյցարիաՙ փոխելու աշխատանքս: Շվեյցարիայում ապրելու եւ աշխատելու համար ստիպված էի աշխատել ՄԱԿ-ում, որն ինձ տվեց անհրաժեշտ աշխատանքային թույլտվությունը: Սակայն երբեք չեմ դադարել ստեղծագործելՙ տենդորեն նկարելով եւ ցուցադրվելով:

- Ձեր նկարներում եւ գրքերում կա՞ն հայկական նշմարներ:

- Իմ գեղարվեստական կարիերան կայացել է Շվեյցարիայում: Իմ նկարներում իսկապես հայկական որեւէ բան չկա: Իմ փորագրանկարներից մի քանիսը ոճով արեւելյան են` լինելով շատ մանրակրկիտ եւ գունագեղ: Սկզբում նկարչության մեջ ինձ հետաքրքրում էին տղամարդ-կին հարաբերությունները, այնուհետեւ իմ թեման դարձան վերացական բնապատկերները, օվկիանոսի եւ անապատի երեւակայական պատկերումները: Իմ նկարները մամուլում բնորոշվել են որպես «Կապույտ ցնորքներ եւ կարմիր անապատներ»: Ինչ վերաբերում է իմ գրվածքներին, ես դրանցում հաճախ եմ պատկերում միջինարեւելյան կնոջը: Ջուլիան լիբանանցի երիտասարդ կին է, ծնված Եգիպտոսում, որը ցանկանում է ազատվել միջինարեւելցի կնոջ ավանդական ապրելակերպից եւ ապրել որպես ազատ կին Եվրոպայում: Ճիշտ ինձ պես: Ես ուզում էի աշխատել եւ լինել անկախ: Ինձ դուր չէին գալիս Մերձավոր Արեւելքի կանանց վրա դրված պարտադրանքները: Այն ժամանակ, տնից դուրս աշխատող երիտասարդ կինը բավականաչափ ընդունելի չէր:

- Ձեր որդիներին կոչել եք հայկական անուններով` Վարուժան Դանիել եւ Վարդան: Դանիել Մեսիեն դերասան է, որ նկարահանվել է շուրջ 30 ամերիկյան ֆիլմում եւ հեռուստաշարքերում, իսկ անցյալ տարի նկարահանել է իր առաջին ֆիլմը: Քանի որ արտաքինով նա նման է ձեզ, հաճախ է խաղում լատինամերիկացիների դերեր, երկու անգամ էլ մարմնավորել է հայ հերոսների... Եվ ես հույս ունեմ, որ այս տարի վերջապես էկրան կբարձրանա «Բյուզանդիայի Արեւելքը» լայնակտավ կինոնախագիծը, որտեղ Դանիելը հանդես է եկել հայոց թագավոր Տրդատ Գ-ի դերում...

- Ամերիկացի ամուսնուս հետ ես ամուսնացա Ժնեւում, եւ նա՛ պնդեց, որ մեր որդիներին հայկական անուններով կոչենք: Ես ընտրեցի իմ երկու հերոսների անուններըՙ Վարդան եւ Վարուժան: Հայասեր հայրս երկու հայերեն բանաստեղծություն է գրել տղաներիս մասին: Վարդանըՙ մեր կրտսեր որդին, Նյու Յորքի համալսարանում համեմատական գրականության դասախոս է:

- Դուք կրքոտ ճանապարհորդ եք: Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Հիանալի կլիներ կազմակերպել ձեր ցուցահանդեսը Հայաստանում եւ հայերեն թարգմանված տեսնել ձեր վեպըՙ «Ջուլիայի եւ տղամարդկանց մասին»-ը...

- Այո, ես կրքոտ ճանապարհորդ եմ, բայց, ցավոք, մինչեւ հիմա չեմ եղել Հայաստանում: Ես ունեմ մի քանի ընկեր Հայաստանում, որոնք ինձ հրավիրում են, բայց չգիտեմՙ կդիմանա՞մ ժամանակային գոտու խախտման հետ կապված անհարմարությանը: Ճիշտ ես, հիանալի կլինի, եթե իմ վեպը թարգմանվի հայերեն, եւ հուսով եմՙ այդ նպատակի համար հովանավոր գտնել: Ի դեպ, շուտով կհրատարակվի վեպիս ֆրանսերեն տարբերակը, որ թարգմանել եմ ինքս...


Փեգի Հինաեկյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալՙ այցելելով www.peggyhinaekian.artspan.com եւ www.OfJuliaAndMen.com կայքէջերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ