ԿԱՐԱՊԵՏ ՀԱՆՆԵՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Բեյրութից տխուր լուր հասավ. իր մահկանացուն է կնքել լիբանանահայ հանրային-մշակութային անվանի գործիչ Կարապետ Հաննեսյանը : Կարապետ Հաննեսյանը նախեւառաջ հրատարակիչ էր: Եվՙ հրաշալի հրատարակիչ: Հրատարակում էր բազմապիսի եւ արժեքավոր գրականություն: Նա հրատարակել է դասական եւ ժամանակակից հեղինակների բազմաթիվ գործեր, տարաբնույթ բառարաններ, գրաբարի եւ այլ ձեռնարկներ, տեղեկատվական գրքեր, որոնց սոսկ թվարկումը մեծ տեղ կզբաղեցնի: Իր հրատարակչական գործունեութունը արժանի է առանձին մանրամասն ու հանգամանալից խոսքի, մանրամասն նկարագրության: Կարապետ Հաննեսյանը գրոց-բրոց մարդ էր: Երգիծելու ակնհայտ ձիրք եւ հումորի նուրբ զգացողություն ունեցող մարդը տարիներ շարունակ մամուլի էջերում երգիծական հրաշալի նյութեր էր տպագրում, որոնք ամբողջացրեց եւ 1995 թվականին հրատարակեց «Առօրեայ պատկերներ» խորագրով ստվար հատորով: Բայց Կարապետ Հաննեսյանը ամենից ավելի երգի եւ երաժշտության մարդ էր... Ես չգիտեմ, չեմ ճանաչում մեկ այլ հայ մարդու, որ այդքան տարված լիներ հայ երգով ու երգի տարածմամբ, որքան Կարապետ Հաննեսյանը: Նա ապրում էր հայ երաժշտական կյանքի ամեն մի երեւույթով, ամեն մի իրադարձությամբ: Հայ երգ-երաժշտությամբ զբաղվելը իր մեծագույն բավականությունն էր, իր մշակութային գործունեության հիմնական գիծը: 1950-ական թվականների առաջին տարիներին Կարապետ Հաննեսյանը մի հրաշալի միտք է հղանում: Նա որոշում է ամեն տարի մի երգարան կազմել ու հրատարակել, ստեղծել երգարանների մի ամբողջ շարքՙ «Շիրակ երգարան» ընդհանուր խորագրով: Փոքրադիր այդ երգարանները շատ շուտով կայուն եւ կանոնավոր չափ ու տեսք են ստանումՙ գունագեղ եւ լավ ձեւավորված հրատարակության, մոտ 200 էջ կազմող ծավալ: 1953-2003 թվականներին Կարապետ Հաննեսյանը կազմել եւ հրատարակել է «Շիրակ» երգարանի 36 հատոր, 31-ըՙ թվագրված, մնացյալըՙ անթվակիր: Այդ երգարաններում հայ երաժշտական ընթացիկ կյանքի հինգ տասնյակ տարվա ժամանակագրությունն ու տարեգրությունը կա: Եվ դա այդ երգարանների մեծագույն արժանիքն է: Ես գիտեի, որ մեր գրադարաններում այդ շարքը չկա: Հանրային գրադարանը միայն մի քանի կտոր ունի: Ես խնդրեցի Կարապետին ամբողջական շարքը նվիրել Հայաստանի որեւէ գրադարանի: Պարզվեց, որ ինքը միայն վերջին տարիների հրատարակություններն ունի: Եվ այնուամենայնիվ, Կարապետ Հաննեսյանը չգիտեմ որտեղից ճարեց, գտավ պակասող հատորները, 50-ական թվականների մի քանի հատորները պարզապես պատճենեց, կազմեց եւ շարքը ամբողջացրեց: Տարիներ առաջ ես շարքը բերեցի եւ հանձնեցի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Կարապետ Հաննեսյանը 1960 թվականից հրատարակել է «Ձայնագրեալ Շիրակ երգարան»ի վեց մեծադիր հատոր: Առաջին հատորը հուզիչ ընծայագրով ձոնված էր Թաթուլ Ալթունյանին: Հրատարակել է նաեւ «Շիրակ դպրոցական երգարան», «Ճամփորդի երգարան», «Ձայնագրեալ Շիրակ դպրոցական երգարան» եւ այլ երգարաններ: Եվ, իհարկե, «Շիրակ երգարան»ի ամփոփ երկու մեծադիր շքեղ հատորը: Կարապետ Հաննեսյանը հայ երգը համարում էր հայ ոգու եւ հայկական էության բարձրագույն դրսեւորումը: Եվ հայ երաժշտությանն ու հայ երգին ծառայելը իր կյանքի մեծիմաստ գործն էր: Հենց միայն հայկական ճաշակավոր երգարանների կազմելն ու հրատարակելը Կարապետ Հաննեսյանին առանձին պատվավոր տեղ է ապահովում մեր արդի մշակութային կյանքում: Իր գործունեության այս ասպարեզը նույնպես արժանի է առանձին մասնագիտական խոսքի, մասնագիտական ուսումնասիրության: ...Հրաշալի մարդ էր Կարապետ Հաննեսյանը, անսահման բարի, երեխայի նման անմիջական ու ազնիվ: Այն տարիներին, երբ ես Բեյրութում էի, հաճախ էի լինում «Շիրակ» հրատարակչատանը: Եվ իմ նախաձեռնությամբ շաբաթ օրերը մի քանի ընկեր-բարեկամներով սկսեցինք հավաքվելՙ «Շիրակ» հրատարակչատանը, Կարապետ Հաննեսյանի երկրորդ հարկի փոքրիկ աշխատասենյակում: Հավաքվում էինք առավոտները: Գալիս էին Ժիրայր Դանիելյանը, Պեպո Սիմոնյանը, Հայր Անդրանիկ Կռանյանը, նկարիչ Հարություն Թորոսյանը, Գրիգոր Քյոսեյանը, որն երկար ժամանակ Բեյրութում էր, Լեւոն Թորոսյանը, որ նույնպես մի ահագին ժամանակ Բեյրութում էր... Երբեմն լինում էին նաեւ պատահական այցելուներ: Ամենից վաղ ես էի գալիս. ժամը ութ-ութուկեսին արդեն հրատարակչատանն էի լինում: Ժամը իննի մոտերքը գալիս էին մյուսները: Երբ ընկեր-բարեկամները սկսում էին հայտնվել, Կարապետ Հաննեսյանը անմիջապես սուրճ էր դնում եւ աննկատելիորեն մի քանի րոպեով հեռանում էր, թվում էրՙ տպարանի գործերով: Մի քանի րոպեից աշխատասենյակի սեղանին դրվում էին սուրճը, պանրահացը կամ ծոթրինով հացը: Եվ սկիզբ էր առնում մտերմական ջերմ զրույց: Քիչ ավելի ուշ, իննուկեսի-տասի մոտերքը գալիս էր Գրիգոր Շահինյանը եւ միշտ հետը պաղպաղակ էր բերում: Ես կատակով էի դիմավորում Գրիգորին: «Գրիգոր,- ասում էի,- նորե՞ն սառը վերաբերմունք ընկերների հանդեպ», Գրիգորն ընդունում էր կատակըՙ «Ձեր հանդեպ միշտ այս սառը վերաբերմունքը կ՛ըլլայ»: Հրաշալի մթնոլորտ էր, շատ ջերմ ու գրավիչ զրույցներ էին: Ժամը մեկի մոտերքը հավաքվածները մեկը մյուսի ետեւից հեռանում էին իրենց գործերով, օրը վերջանում էր: Եվ այդ հրաշալի հավաքները, այդ ջերմ ու սրտառուչ մթնոլորտը գոյություն ուներ, հնարավոր էր դառնում միայն եւ միայն Կարապետ Հաննեսյանի անսահման բարության եւ ընկեր-բարեկամների հանդեպ ունեցած սիրո եւ խանդաղատանքի շնորհիվ: Տարեց մարդը ջանում էր ամեն կերպ ծառայել իր ընկերներին, իր սիրելի մարդկանց: Նրանցից ոմանք այսօր հեռվում են: Գրիգոր Քյոսեյանըՙ Լոս-Անջելեսում, Լեւոն Թորոսյանըՙ իր Վիեննայում, եսՙ Երեւանում... Հին խմբից Բեյրութում մնացել են Ժիրայր Դանիելյանն ու Հարություն Թորոսյանը: Մյուսները արդեն չկան, չկան Գրիգոր Շահինյանը, Պեպո Սիմոնյանը, Հայր Անդրանիկ Կռանյանը... Հիմա արդեն չկա նաեւ Կարապետ Հաննեսյանը: Սփյուռքահայ մշակութային կյանքը լուսավորող մի լապտեր էլ հանգավ... Լապտերը հանգավ, բայց իր հրաշալի գործունեության լույսը շարունակում է տեւել... Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Կարապետ Հաննեսյանի որդունՙ Վիգեն Հաննեսյանին, իմ կրտսեր ընկերոջը, օրինավորության ու պարկեշտության մարմնացում մի մարդու, որ իր հոր իսկական ժառանգորդն է եւ Կարապետ Հաննեսյանի հրատարակչական ազնիվ գործունեության արժանավոր շարունակողը... Կարապետ Հաննեսյանի հիշատակը տեւելու է իր հրատարակչության շարունակվող գործունեության մեջ, իր հրատարակած երգարանների հետ: |