«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳ» ՕՊԵՐԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ Նաիր ՅԱՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Դեռ անցյալ տարի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խոստացել էր, որ խաղացանկը թարմացվելու է, իրար հետեւից բեմ են բարձրանալու համաշխարհային ճանաչում ունեցող բազմաժանր ստեղծագործություններ, որոնցից մեկն էլՙ «Կախարդական սրինգը»: Մեր օպերային թատրոնը 40 տարվա ընդմիջումից հետո վերջապես բեմ հանեց մանկական ներկայացումՙ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետը, որը մեծ հետաքրքրություն է վայելում փոքրիկ ու պատանի արվեստասերների շրջանում: Փետրվարի 25-ին Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան էր, իսկ մինչ այդ այն ներկայացվել է նաեւ Քուվեյթում: Քուվեյթի օպերային թատրոնի բացման պատիվը վերապահված է եղել Երեւանի օպերային թատրոնի արտիստներին: «Կախարդական սրինգ» օպերայով էլ հենց պաշտոնապես բացվել է Քուվեյթի ազգային օպերային թատրոնը: Այնուհետեւ Մոցարտի այս ստեղծագործությունը մեր թատրոնը ներկայացրել է Դուբայում: 2.500 տեղանոց դահլիճում երեք ներկայացումներն էլ անցել են անշլագով: Վերջապես հայ արվեստասերն էլ հնարավորություն ունեցավ Երեւանում տեսնել «Կախարդական սրինգը»: Ներկայացման բեմադրող դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորըՙ իտալացի Պաոլո Միչիկեն: Օպերային ներկայացումը բեմական ձեւավորմամբ, լուսաձայնային էֆեկտներով, 3D ձեւաչափի պատկերներով, տեսածրագրավորմամբ նորություն է: Նորագույն տեխնոլոգիաների հնարքները դասական օպերայի մատուցումն, ինչ խոսք, ավելի գրավիչ, ակնահաճո են դարձնում: Մեր օպերային թատրոնում Մոցարտի ստեղծագործություններից միայն «Դոն Ժուանն» է բեմադրվել, իսկ առհասարակ հայկական բեմերում հաճախ է մատուցվում «Ռեքվիեմը»: Մոցարտի ստեղծագործությունների մեծ մասը կենսախինդ, ուրախ տրամադրություն ապահովող գործեր են, եւ «Կախարդական սրինգը» հենց դրա ապացույցն է: Ինչպես Կոնստանտին Օրբելյանն է ասում, իր նպատակը մոցարտյան երաժշտության հենց այդ կողմը ներկայացնելն է, որպեսզի հանդիսատեսը դասական օպերաներին հատուկ ծանր, հաճախ ողբերգական պատմություններից բացի, դիտի նաեւ ուրախ, տրամադրություն բարձրացնող ներկայացումներ: «Կախարդական սրինգ» օպերայում ներգրավված են բացառապես մեր օպերային թատրոնի արտիստներն ու երաժիշտները: Հիմնական կորիզը խաղացանկային օպերաներում գլխավոր դերերգեր ներկայացնող երգիչ-երգչուհիներն ենՙ Լիպարիտ Ավետիսյան , Մերի Մովսիսյան , Կիմ Սարգսյան , Հասմիկ Թորոսյան , Մարինե Դեինյան եւ այլք: Ինչպես Լիպարիտ Ավետիսյանն է նկատում, Մոցարտի այս ստեղծագործությունը օպերային երգիչներին բեմական ունակությունները, ձայնային որակները բացելու լայն հնարավորություն է տալիս. սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները եւս, դիրիժոր Հարություն Արզումանյանի հավաստմամբ, փորձառության նոր փուլ են անցել: Մոցարտը երկու գործողությամբ այս օպերան գրել է Վիեննայի «Աուֆ Դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանդեդերի պատվերովՙ նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: «Կախարդական սրինգն» առաջին անգամ բեմադրվել է 1791 թվականին, այն ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում: |