ԳՈՐԿՈՒ ՀՈՒԶԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ ԷՔԻԶՅԱՆԻ ՆՈՐ ՕՊԵՐԱՅՈՒՄ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ «Հավատացած եմ, որ Արշիլ Գորկու ոգին շարունակում է ապրել եւ հարատեւող թոհուբոհի մեր խիստ խճճված ժամանակներում (երբ պատեր են ցանկանում կառուցել չգիտես մարդկանց պաշտպանելո՞ւ, թե՞ իրարից բաժանելու նպատակով) կարեւոր է պահպանել առողջ դատողությունը: Ո՞վ է իմանում, թե ի՞նչ են մտածում մարդիկ կառուցվելիք պատի այս կամ այն կողմում: Ե՞րբ են վերջ գտնելու ներկա ժամանակների «պարոդիաները», ներառյալ Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ ատելության հողի վրա գործադրված հանցագործությունների վերաբերյալ հարցերը», նման առաջաբանով է սկսում իր հոդվածը արվեստի գործերի հավաքորդ, Նյու Ջերսիում «Spring Lake» պատկերասրահի սեփականատեր Կոռբեթ Չարլզ ՄկՔարթին ՙ անդրադառնալով ժամանակակից նորարար կոմպոզիտոր Միշել Էքիզյանի նոր օպերային, որով բացումն է կատարվել «Ամերիկյան կատարողական արվեստի պրոֆեսիոնալների» 2019 թվի կոնֆերանսի շրջանակներում «Jazz at Lincoln Center՛s Appel» դահլիճում անցկացվող պարային փառատոնի: Քսաներորդ դարի մեծ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործություններն ու Էքիզյանի «Գորկու երազային պարտեզը» հիբրիդային երաժշտական երկը որոշ իմաստով պատասխանում են վերոնշյալ հարցերին: Նույնիսկ ներկայացված կարճ տարբերակից զգացվում է, որ օպերան հրաշալի գործ է, կախարդիչ եւ վսեմացնող: Դրամատիկական պատմությունը սկսվում է համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ նյույորքյան բոհեմական կյանքով եւ ավարտվում Կոնեկտիկուտի արվարձանում արդիական ապակե տան ամուսնական կյանքով: Այս սովորական ամերիկյան պատմության մեջ ներհյուսված են Գորկու մանկական տարիների կորսված հայկական երկիրը, հայրենիքը, Եդեմի, Արարատի, Նոյի գեղեցկությունը: Գորկին օպերայում անձամբ ներկա է բարձրաձայնելու համար ճշմարտությունը, իր նկարչական առաջընթացի միջոցով ազդարարելու հաղթանակը իր կյանքի բոլոր դժբախտությունների, ձախողումների նկատմամբ (հրդեհի հետեւանքում կորուստներ, ամուսնական դավաճանություն, քաղցկեղ, ավտովթար, ինքնասպանություն), ներառյալ հայրենիքի կորուստը: Ջազ ակումբի դահլիճում հնչած «Տարագրված սիրտը» օպերային հատվածը մենապարով ներկայացրել է «Art of Motion Dancer Theatre»ի խորեոգրաֆ եւ տնօրեն Լին Նիդլը: Դա սքանչելի ելույթ էր: Հանդիսատեսը հափշտակված հետաքրքրությամբ հետեւեց զգացմունքների անհավատալի դրամատիզմով հագեցած նրա ելույթին: Նա կարողացավ Գորկու արվեստին համապատասխանեցնել երաժշտության եւ պարարվեստի բարդ համաձուլվածքը: Ակնկալվում է, որ շուտով բեմականացվի ամբողջական ստեղծագործությունը եւ հնչի նաեւ սիմֆոնիկ նվագախմբի կատարումով: Միշել Էքիզյանը հայտնի է իր «հիբրիդային» գործերով, որոնք դասականը, ռոքը եւ հոգեւորը միաձուլում են եզակի վարպետությամբ: Նա արժանացել է «Prix de Rome», «Գուգենհայմ ընկերակցության» եւ այլ մրցանակների: Դոկտորական է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում: Իսկ հոդվածի հեղինակ Կոռբեթ Չարլզ ՄկՔարթին , ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, վերջերս Գորկու բարեկամ Ջոն Հուսյանից ձեռք է բերել «A. Gorky» մակագրությամբ մի թղթապանակ, որտեղ 1921-1940 թվերի Գորկու աշխատանքներն են եղել: |