ԽՈՍԵՑՆԵԼՈՎ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՐԴԻ ՊԱՐԻ ԼԵԶՎՈՎ... Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հարցազրույց պոլսահայ արվեստագետ Լեւոն Թապերյանի հետ 1988-իցՙ իր դեբյուտից ի վեր, պոլսահայ Լեւոն Թապերյանը համարվում է գերազանց պարող եւ յուրահատուկ բալետմայստեր: Թուրքիայի ամենամեծ թերթերից մեկըՙ «Հուրիեթը», 1993-ին նրա խորեոգրաֆիկ ոճը բնորոշել է որպես «երաժշտության եւ պարի միասնություն մեր երակների միջով, երբ յուրաքանչյուր երաժշտական նոտան հայտնվում է մեր աչքերի առաջ խորեոգրաֆիայի մեջ», եւ շարունակել. «Ներկայացման պատմողական լեզուն եւ գույնը չափազանց տպավորիչ էին: Սա գեղարվեստի մի փառահանդես էր, ինչպիսին հազվադեպ ենք ականատես լինում...»: «Լեւոն Թապէրեանՙ տաղանդաւոր, զգացումները, ապրումներն ու պարը գեղեցկօրէն համադրելու կարողութեամբ օժտուած երիտասարդ մըն է: Լաւ գիտէ նաեւ իր նիւթերը ընտրել: Կ"ընտրէ այնպիսի զգացական կտորներ, որոնք պարին հետ միանալով ու շնորհիւ կատարեալ քորէոկրաֆիի մըՙ երեւան կը բերեն գեղեցիկ համադրութիւններ, որոնք ամէն մէկ շարժումով ու դրուագով կը ստեղծեն առանձին յուզում մը, ապրում մը, շնորհ մը եւ վայելք մը»,- գրել է Սոսի Այվազը պոլսահայ «Քուլիս» պարբերականում (1993, մարտ-ապրիլ, էջ 11): Լեւոն Թապերյանն իր գործունեությունը սկսել է «Մարալ» երաժշտական - պարի համույթում: Չորս տարի աշխատել է ժամանակակից պարի հանրաճանաչ բեմադրիչ, պոլսաբնակ շվեյցարուհի Քրիսթի Բրոդբեքի հետ: 1992 թվականին հիմնել է «Հայ դանս» արդի պարի համույթըՙ 14 երիտասարդ, եռանդուն եւ ստեղծագործ պարողներովՙ հաջորդ տարի ներկայացնելով առաջին ժամանակակից պարային ներկայացումը: Թուրքիայում այն մեծապես գնահատվել էՙ Թապերյանի հաջողությունը հայտնի դարձնելով համայնքից դուրս: Խումբը մասնակցել է բազմաթիվ մշակութային միջոցառումների, սոցիալական աջակցությանը, համերաշխությանը եւ պատասխանատվությանը վերաբերող նախագծերի: Որպես պարադիր Լեւոն Թապերյանն աշխատել է «Անուշ» (1988), «Արշին Մալ Ալան» (1990), «Գայա» (1991), «Վաղվան արվեստագետներ» եւ «Բոկոմեդի» (1992), «Հին աստվածներ» (1994), «Յոթ ամուսնով Հյուրմյուզը» (1997), «Քաջ Քիշոտ Դոն Նազար» եւ «Լեբլեբիջի Հորհոր» (2000), «Ախ, Գընալը, վախ, Գընալը» (2003), «Վարձկան Արթինը» (2004), «Ախ, Գընալը, վախ, Գընալը-2» (2005), «Միացյալ հրաշքներ» (2006) ներկայացումների համար: 2010-ին Թապերյանը բեմադրել է «Կոմիտաս ԻՆՉՈՒ» ներկայացումը, որը 30 րոպեում պարի լեզվով ներկայացնում է հայ մեծ կոմպոզիտորի կյանքը: Նրա ամենահաջող նախագծերից մեկը «Անուշ. Լինել» պարային բեմադրությունն էր 2013-ինՙ շուրջ 35 պարողի մասնակցությամբ: Ներկայացումը դիտել է 7500 հայ եւ թուրք հանդիսատես, լայնորեն լուսաբանվել պոլսահայ մամուլումՙ ամիսներ շարունակ մնալով մամուլի ուշադրության կենտրոնում: Այժմ Լեւոն Թապերյանը աշխատում է պարային նոր բեմադրության վրա, որի առաջնախաղը նախատեսված է 2020 թվականի փետրվար-մարտին... - Լեւոն, պոլսահայությունը եզակի է նաեւ իր բեմական պարի մշակույթով: Մինչ բոլոր հայ համայնքները զբաղվում են հիմնականում (եթե ոչՙ միայն) ավանդական ժողովրդական պարերով, պոլսահայ պարուսույցներն ազգային մշակույթը ներկայացնում են նաեւ ժամանակակից խորեոգրաֆիայի միջոցով: Նկատի ունեմ քո «Հայ դանսը» ու նաեւ «Առաջնորդ» արդիական պարի խումբը: Ինչպե՞ս կբացատրես այս երեւույթը: - Ժամանակակից պարի օգտագործումը որպես պատմությունՙ հիմնված ազգային մշակույթի վրա, ընտրության հարց է: Ես միշտ տպավորվել եմ երաժշտությունը մարմնի մեջ կերպավորելու երեւույթովՙ լինի բալետում, ավանդական թե ժամանակակից պարի մեջ կամ փողոցում կատարվող պարային ելույթներում: Ես սկսել եմ ժողովրդական պարերից, սովորել ու փորձել եմ ժողովրդական պարերի բոլոր տեսակները եւ սահուն անցում եմ կատարել դեպի ժամանակակից պար: Ես բախտավոր եմ, որ անցել եմ ա՛յդ ուղիով: Ես սիրում եմ նախագծեր մշակել եւ մեկնաբանել պարի բոլոր կանոնների իմացությամբ` խուսափելով կաղապարներից: Ինձ համար սյուժեն պատմվում է երաժշտությամբ եւ կերպարներով: Եվ կերպարի իմ ընտրությունը ժամանակակից պարն է: - Որքան գիտեմ, «Հայ դանսը» ժամանակակից պարի առաջին պոլսահայ խումբն է: Ի՞նչ դժվարություններ ունեցար խումբը ստեղծելիս: - Այո, «Հայ դանսը» Ստամբուլի առաջին հայկական ժամանակակից պարային համույթն է: Մենք կատարել ենք մեծապես գնահատված բեմադրություններ 14 պարողների հետ, որոնք հավատարիմ են մնացել իրենց սիրողական ոգունՙ հենվելով իրենց պարային մեծ փորձի վրա: Թուրքիայում այս առումով ամենադժվար մասը եկամտի աղբյուր գտնելը չէր: Սկզբնապես գրեթե անհնար էր նախագծի համար գտնել հովանավոր կամ ստանալ հասարակության աջակցությունը: Հավանական հովանավորները ցանկանում էին տեսնել վերջնական արդյունքը եւ նոր միայն գումար տրամադրել, ինչը նշանակում էր, որ մենք պետք է մեր միջոցներն օգտագործելովՙ երկու տարի մշակեինք ողջ ծրագիրը, որից հետո դիմեինք աջակցության համար: Իմ գործընկերները վստահեցին ինձՙ գործի մեջ ներդնելով ողջ իրենց ոգին: Մենք զգում էինք երաժշտության ռիթմը մեր երակներում, եւ դա մեր հիմնական շարժիչ ուժն էր: Մեր աշխատանքը հայկական ոչ կառավարական կազմակերպության հետ էր, եւ մեզ սոցիալապես պատասխանատու էինք զգում մեր կատարած ամեն բանի համար: Անցումն ավանդական ժողովրդական պարերից եւ ժամանակակից խորեոգրաֆիայի գործածությունըՙ հաղորդելու համար որեւէ թեմա, զգացմունք կամ երաժշտություն, թարմ շունչ էր հանդիսատեսի համար: Միշտ դժվար է սովորականից դուրս քայլ կատարելը: Մենք նոր փուլ նախաձեռնեցինք ոչ միայն ժամանակակից պարով, այլեւ մեր գործածած երաժշտությամբ: Մենք պարում էինք Նոր դարաշրջանի երաժշտության մեծ տաղանդ Վանգելիսի, ինչպես նաեւ Ժան-Միշել Ժառի եւ Կիտարոյի երաժշտության ներքո: Հայ եւ թուրք հանդիսատեսը մշտապես գնահատող եւ սատարող է, ինչը լավագույն վարձատրությունն էր, որ կարող էինք ունենալ: - Ովքե՞ր են քո պարողները: - Պարը եղել է իմ մեծագույն կիրքը դեռ մանկուց: Հինգ-վեց տարեկանից ես ամբողջ օրը հեռուստացույցով բալետ էի դիտում: Իմ ուշադրությունը գրավում էին երաժշտությունը, մարմինը եւ պատմողական լեզուն: Փորձում էի հասկանալ, թե ինչ զգացմունք են արտահայտում: Մի իսկական «Լեւոնը հրաշքների աշխարհում»: Իսկ հրաշքների աշխարհին մասնակից դառնալը լիովին անհավատալի էր թվում: Դեռահասությանս տարիներին ես հասկացա, որ իմ զգացմունքները ես ավելի ունակ եմ արտահայտելու մարմնի շարժումներով: Եվ այս ամենի աղբյուրը երաժշտությունն էր... Իմ պարողներն այն մարդիկ են, որոնք նույն այս զգացմունքներն ունեն եւ իմ չափ խանդավառ են իրենց աշխատանքով, որոնք զգում են երաժշտության ռիթմը եւ սիրում են արտահայտել իրենց զգացմունքներն իրենց մարմինների միջոցով: Մեր համույթը բաղկացած է պարողներից, որոնք սովորել են ժողովրդական պարեր կամ բալետ: Շատերն ամուսնացած են, ունեն երեխաներ, աշխատում են տարբեր տեղեր: Հանդիպում ենք շաբաթական երեք անգամ, մեր հիմնական աշխատանքից հետո: Մենք մեծ բավականություն ենք ստանում մեր աշխատանքից: Կարծում եմ, դա է գաղտնիքըՙ հաճույք ստանալ աշխատանքից: Դա երազելու, երեխա մնալու կարողությունն է: Բայց, իհարկե, տեւական աշխատասիրություն է պետք... - Ինչպե՞ս ես կարողանում այսպես կոչված ազգային բնույթ տալ ձեր շարժումներին: - Ինձ ուղղորդում է թեմաների էթնիկ բնույթը: Ես բեմադրում եմ պարը` թեմային եւ երաժշտությանը համահունչ: Օրինակ, «Կոմիտաս ԻՆՉՈՒ» եւ «Անուշ. Լինել» բեմադրություններում հայ կոմպոզիտորների երաժշտությունը միախառնեցի ժողովրդական պարերին բնորոշ հույզերինՙ ժամանակակից շունչ տալով թեմային, մինչդեռ «Հայ դանսի» բեմադրությունների համար ես ընտրում էի ավելի համընդհանուր պարեր եւ պատմություններ, որոնք առկա են Նոր դարաշրջանի երաժշտության մեջ: Իմ նոր նախագիծն այս երկուսի միավորումն է: Ես օգտագործում եմ աշխարհի լավագույն հայ կոմպոզիտորներիՙ դուդուկի համար գրված գործերը նոր սերնդի ժամանակակից ստեղծագործությունների հետ միասին: Պարն ընթանում է սրան համահունչՙ ընդգրկելով ավանդական-ժողովրդականից մինչեւ մոդեռնն ու ժամանակակիցը: Երբ բեմադրություն եմ կատարում, ընտրած պատմությունն անմիջապես իր հետ բերում է նաեւ համապատասխան երաժշտությունը: Պատմությունն ու երաժշտությունն ուղղորդում են իմ շարժումները, եւ խորեոգրաֆիան ձեւ է ստանում: Ինձ դուր է գալիս լինել ազատ, յուրահատուկ եւ գնալ իմ երազանքների ետեւից... - Ինչպե՞ս ես գնահատում կնոջդՙ պարուհի Քարին Քարաօղլանի դերը քո արվեստում: - Քարինը գտնվում է մի բոլորովին այլ տարածականության մեջ: Նա լի է դժվարին, ծայրահեղ եւ ոչ երկրային գաղափարներով: Դժվար է աշխատել նրա հետ: Ես նախընտրում եմ հավատարիմ մնալ մեր համոզումներին եւ էությանը, բայց նա միշտ էքստրիմի կողմն է: Հակամարտող մտքերն ու կարծիքները եւ մտագրոհը բացում են լավագույնը լինելու դռները: Քարինը նույնպես երկար տարիներ աշխատել է Քրիսթի Բրոդբեքի հետՙ թե՛ պարել է եւ թե՛ սովորել է պարադրի աշխատանքը: Նրա կրթությունը եւ պարի վերաբերյալ աշխարհայացքը ուղղորդում են մեզ: Իմ զարգացրած խորեոգրաֆիկ զգացումը բեմում նա վերածում է տեսողականի: Երբեմն նա կոչ է անում կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պարային շարժումները եւ կամ հանկարծակի կանգնեցնել ամեն ինչ: Նա կարող է մեզ ասել. «Այս տեսարանին քամի՛ ավելացրեք»ՙ մղձավանջ պատճառելով մեզ: Կատակը մի կողմ, Քարինը հրաշալի պարուհի է, գերազանց էՙ զգացմունքները պատկերելիս: Ես ունեմ այլ պահապան հրեշտակներ եւս, որոնք մնում են անանուն: Նրանք շատ հատուկ մարդիկ են, որոնք մեծ վստահություն ունեն իմ աշխատանքի հանդեպ: Ես ունեմ հրաշալի մի թիմ: Եվ այս ամենը խմբային աշխատանք է, առանց որի հաջողություն չկա: - Հնարավորություն ունեցե՞լ եք ելույթ ունենալ այլ հայկական համայնքների համար եւ Հայաստանում: - Դեռեւսՙ ոչ, քանի որ բազմամարդ ենք, եւ մեզանից շատերն ընտանիք ու հիմնական աշխատանք ունեն: Բայց մենք հանդես ենք եկել Թուրքիայի տարբեր վայրերում, մասնակցել մշակույթի փառատոների, բազմիցս հրավիրվել ենք հատուկ ելույթների... - Այս տարի բոլոր հայերը տոնում են մեր երկու հանճարների` Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը: Դուք, լինելով «Անուշ» եւ «Կոմիտաս» բեմադրած պարադիր, անդրադառնալո՞ւ եք նրանց այս տարի: - Քանի որ մենք նոր բեմադրություն ենք պատրաստումՙ շաբաթական երեք օր փորձում ենք, իսկ շաբաթվա ընթացքում աշխատում ենք զգեստների, լուսավորության, ձայնի եւ բեմահարդարման վրա, մենք չափազանց կլարվենք, եթե սկսենք մեկ այլ նախագիծ: Այնուամենայնիվ, ես կցանկանայի մասնակցել Հովհաննես Թումանյանին եւ Կոմիտաս Վարդապետին մեծարող որեւէ նախագծի... |