RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-07-2019



ՆՈՐ ԳՐՔԵՐ

Տեղադրվել է` 2019-07-11 20:58:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1770, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՑՔ ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑԻ «ՔՐՏՆԱՁՈՒԿ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻՆ

Անի ՓԱՇԱՅԱՆ

Պատմվածքի ժանրը փոքր արձակի կարեւոր իրողություն է, որը վրձնելը բարդ եւ կառուցողական աշխատանք է: Այն ստեղծելու համար գրողից ոչ միայն մեծագույն վարպետություն է պահանջվում, այլ նաեւ ընթերցողի մոտ արժանահավատ գոհացում առաջացնելու ցանկություն: Ահա եւ ամերիկահայ արձակագիր Մարգարիտ Դերանցն ընթերցողին ներկայացրեց «Քրտնաձուկ» պատմվածքների ժողովածուն, որը իրականության բաց պատկեր է: «Erlbert rede»ՙ այսպես են անվանում գերմանացի գրաքննադատներն ապրված կյանք պատկերող գրական երկը: Պատմվածքներում տեղի ունեցողն արտացոլում է ժամանակակից կյանքը, մարդուն, մտածողությունը, բարքերը, համամարդկային հույզեր, որ պաշարում են միայնակ մարդկանց: Դերանցի պատմողը խոհուն է: Որոշակի տոնայնությամբ եւ հնչերանգով ներկայացնում է տարածության եւ ժամանակի ինքնատիպ մի կտավ: Հոգու բազմաթիվ շերտերի պատկերման միջոցով նա վերջապես հասնում է մարդուն, ներկայացնում նրա վարքը, ցույց տալիս այն խոտորը, որը վնասում է նրան երջանկության հասնելու ճանապարհին: Առանձին դրվագներում երեւում է մյուս մարդուն վնասողը, հարվածողը, զրկողը եւ կործանողը: Ֆիզիկական ցավը հոգուն է հասնում, որը տարածություն ունի: Գրողի ամենամեծ խնդիրը մարդու հանդեպ հոգածությունն է: Որովհետեւ գրողը «տեր է կանգնում» մարդուն իր գրականությամբ: Հենց սա է սփռված «Քրտնաձուկ» ժողովածուի պատմվածքներում:

Սարոյանի ամենամեծ հորդորն էրՙ փրկել մարդուն, չանտեսել, հասկանալ նրա հոգու ցավը... Տարածությունը եւ ժամանակն արտացոլող լավագույն պատում է «Ջրահարսի անեծքը» էսսեն: Այստեղ կարեւորվում են ժամանակի ակնթարթները, որը լավ է երեւում հիվանդ հավերին օգնության գնացած հորեղբայր Սուրենի դրվագում. «Անճանաչելի է ակնթարթը, որն իր բովանդակ խորքում ունի կյանք ու մահ, ներկա եւ ապառնի» («Ջրահարսի անեծքը»): Պատմողըՙ Լոս Անջելեսից, այցելում է Ստեփանակերտ եւ հպվում հայրենիքին նոր հայացքով: Նա Աստծուն է գտնում այստեղ, զարմանում: Նախնյաց հետագիծը հետեւում է մարդուն ողջ կյանքում: Տոհմական շառավղի մանրամասներով ընթացող պատումը հետաքրքրական է փաստերով եւ տեղեկություններով, որոնք արձակագրի գրչի տակ մեկեն վերածնվում են մտքիՙ նոր գույն ու փայլ հաղորդելով անցյալին: Իհարկե, էսսեի կենտրոնական դեմքը Սուրեն հորեղբայրն է, նաեւՙ հերոսական կերպար: Որպես հետախույզՙ անցել է Երկրորդ համաշխարհայինի բովով: Պատերազմը եւս հառնում է իր ողջ վայրենությամբ, հատկապես գերմանացի զինվորի մահվան դրվագում: Բայց էսսեն թռիչքների ճանապարհով է ընթանում: Եվ վերջին դրվագը նվիրված է հրեղեն աղջկա երազին. «Հրեղեն աղջիկը նման է իմ դեռ չծնված թոռնուհունՙ ջրի զույգ կաթիլի պես: Արթանում եմ ուրախ ու հավատում եմ Դերանց ցեղի օրհնություններին: Հավատում եմ...»:

Ընդհանրապես, Դերանցի արձակը ներկայացնում է կերպարների եւ բնավորությունների մի ամբողջ պատկերասրահՙ ինքնատիպ ներաշխարհով, հուզականությամբ, զգացմունքների առատությամբ եւ տեսունակությամբ: Պատմողը լուռ դիտում է կյանքը եւ արձանագրում իր համար չսպասված փաստեր, ցուցադրում կրքի կյանքը, նրա դեմքը, վարքը եւ աշխարհի մեջ նրա անզորությունն ու վախճանը: Հաճելի շտապողականությամբ է նա բացում կյանքի փակ վարագույրները, որոնք երեւում են «Միայնակ գումարելիները», «Էմիգրանտ կնոջ պատմությունը», «Չկայացած Նորման», «Քրտնաձուկ» պատմվածքներում: Վերջինս Թինա Միգելի բանտային կյանքի պատմությունն է, սակայն ոչ միայն դա: Սյուժեն ներառում է ամերիկյան իրականության շատ մանրամասներ, կրոնական հայացքներ, մյուս մարդու կողմից հալածանքի նկարագրություններ, հոգու տարածքներ, որոնք կարող են կրկնվել որտեղ ասես: Խնդիրը տեղանքը չէ, այլ հոգու եւ ցավի տարածությունը: Կյանքի հատակում հայտնված բանտարկյալ կանայք օգնություն են սպասում միմիայն Տիրոջից: Այստեղ տարբեր կրոնների համակեցություն է. «Chowchilla քաղաքի գաղութում պահվող հնդկացիները հետեւողականորեն ցանկանում էին կառուցել իրենց աղոթատունըՙ Sweet Lodge-ը: Ըստ էության, աղոթատուն կոչվածն ընդամենը խուց կամ սենյակ կարող էր լինել: «Քրտնաձուկ» դառնալու համար հնդկացիները սենյակում ստեղծում եւ պահպանում են բարձր ջերմաստիճան, որպեսզի ներկաները կարողանան ուզածիդ պես քրտնել: Սա հոգու եւ մարմնի մաքրման ծես էՙ հոգեւոր ծիսակարգի զուգորդմամբ»: Ահա այսպիսի յուրօրինակ միջավայր է ստեղծում գրողըՙ ավելի մեծ տեղ հատկացնելով մարդկային բնավորությունների ցուցադրմանը: Սակայն իրադարձությունների կենտրոնում Թինա Միգելն է: Նա բանտ է ընկել դատական սխալների պատճառով եւ մեծ ողբերգություն է ապրում այստեղ: Հետաքրքրական է նաեւ բժշկի վերաբերմունքը, որը ճշգրիտ տարբերում էր իրական եւ ոչ իրական մարդասպանին: Թինան ազատազրկվել էր յոթ տարով: Սա քսաներեքամյա աղջկա համար զարհուրելի իրողություն էր: Աղջիկը սպանել էր քրոջ ամուսնուն, որը վերջինիս սեռական բռնության էր ենթարկել տարիներ շարունակ: Եվ մի օր էլ չէր դեմացել, ձեռքն ընկած առարկայով վերջ էր տվել նրա կյանքին: Քույրն այդ վեց տարվա ընթացքում երբեւէ չէր այցելել բանտարկյալ քրոջը, որի հանդեպ բանտում եւս բռնություն էր իրականացվում: Հավատափոխ եղած Թինայի մեկ ձայնն ի վերջո օգնեց հնդկացի կանանցՙ կառուցելու «Քրտնաձուկը»: Խոր խաբվածությունն ու մեղքի զգացումը աղջկան հասցնում են ինքնասպանության: Կյանքը մերժում է թույլերին: Քաոտիկ շարժման ընթացքով այս պատմվածքը գրված է իրատեսական թանձր գծերով:

Շատ կարեւոր տեղ ունի Դերանցի պատմվածքներում սյուժեն, որի նպատակը ընթերցողին պատումի խորքը տանելն էՙ ապրումների գնով: Նա օգտվում է նաեւ զուգահեռ սյուժեների տարբերակից, անցյալի դրվագների վերհուշի օգնությամբ ապրում է ոչ միայն իր կյանքը, այլեւՙ մյուսների: Նա տնտղում է մարդու հոգու ներսը, ամբողջովին բացահայտում կնամոլին, եսասերին... Սիրո եւ նվիրվածության արահետներով քայլողը հանկարծ բախվում է իրականությանըՙ վիրավորվածության եւ հիասթափության ապրումներով: Այս դեպքում նա կարծես անպաշտպան է: Եվ մարդը ստիպված է լինում «հեռանալու» այսպիսի իրականությունից եւ գտնելու իր համար ավելի հարմարավետ վայր: Դա սեփական հոգու տարածքն է, այն մաքուր աշխարհը, որտեղ կարելի է գտնել ամենասպասված պատասխանների բույլը: Բայց կա եւս մեկ հանգրվան, որտեղ հայտնվելը ամենամեծ թռիչքն ու վերջնակետն է. «Հենց այս վայրկյանին, երբ մտածում էի լեռներից փչող փրկարար քամիների մասին, տղասՙ իմ միսարյունս, իմ հարազատս, բռնեց աջ ձեռքս եւ սկսեց շոյել այն: Ի՞նչ անբացատրելի ջերմություն, ինչպիսի՞ հարազատություն հորդեց նրանից դեպի ինձ: Թմրած մարմինս կենդանացավ: Արյա՛ն ձայն, սա աշխարհի ամենակարեւոր ձայնն է: Տղայիս հենված մտանք տուն: Տղա՜ս, ես կառողջանամ. զղջման ու ապաշխարության տաք արտասուքով կլվամ իմ տան բոլոր մեծ ու փոքր իրերը, բոլոր ծածուկ, մութ անկյուններս կողողեմ ու կսրբեմ արցունքներով: Ես կհրաժարվեմ ամեն ինչից. կհրաժարվեմ, որ կին եմ, որպեսզի իմ պատճառով Քեզ ոչ մի պիղծ բան չկպչի` Արեւ՜ս, Սե՜րս» («Քառակուսի մենակություն»):

Դժվարությունների եւ փակուղիների բույլ է հիշեցնում «Էմիգրանտ կնոջ պատմությունը»: Թվում էՙ այլեւս ելք չկա, մարդը հայտնվել է ծուղակում, կյանքի խրթին կողմերն են պաշարել կնոջը: Նա ապրում է որդուն հասած փորձությունները, «շնչում», ապա «համտեսում» նրան բաժին ընկած անհաջողությունները: Ամերիկյան իրականությունը, բիրտ ու անմարդկային օրենքներն օղակել են ընտանիքի երջանկությունը, եւ օրեցօր բարդանում է մոր եւ կնոջ կյանքը: Իրատեսական արձակն այստեղ անթերի պատկեր ունի: Պատմվածքի ռիթմն անհանգիստ է, տրոփուն, լարված դիսոնանսն անլուծելի է: Բայց մի նախադասությունը փրկում է պատմվածքի կյանքը. «Բոլոր դժբախտությունները ծնվում են սիրո՛ պակասից»:

Կին-տղամարդ հարաբերություններ, թեմա, որը գրականության մշտական ուղեկիցն է: Ժողովածուի առաջին պատմվածքըՙ «Չկայացած Նորման», հուզական ապրումների կծիկ է: Հիացմունքը վերաճում է հիասթափության, հարգանքըՙ ատելության: Բայց արձակագիրն ամբողջովին բացահայտում է կնամոլին, բարոյազուրկին եւ կործանվողին: Այդպիսի մարդն այլեւս երազել անգամ չի կարող լավ կյանքի մասին: Ալկոհոլը եւ կանանց հետ մանվածապատ կապերն ի վերջո կործանում են տղամարդուն. տաղանդավոր երաժիշտից նա վերածվում է պարտված ձախողակի: Հոգու ցավն այստեղ անսահման է, առանց կանգառների, չհաշված խաբված ապրելու շրջաններըՙ կինն ապրում է անսովոր դառնությունների շղթա, երբ ճակատագիրն ինքն է տնօրինում գրեթե ամեն ինչ:

Կարծես ակնթարթ-պատմվածք լինի «Las Vegas»-ը: Հեղինակն այն անվանել է ճանապարհորդական ակնարկ, բայց այն ավելին է, քան ակնարկը: Լաս-Վեգասը կերպավորված է, այն մե՛կ քրքջում է, մե՛կ բույրեր արձակում, մե՛կ նեոնային լույսերով խենթացնում այցելուներին: Եռում է այս վայրը աշխարհիկ մարդկանց ցոփ ցանկություններից: Փայլում են խաղատներըՙ ուշաթափության դուռը հասցնելով մարդկանց: Քաղցր է կյանքն այստեղ, ժամանակն ուղղակի թռչում է: Մարդիկ վայելում են կյանքի գրեթե բոլոր հաճույքները: Արդյո՞ք բոլոր: Գրողն ուշի-ուշով հետեւում է այստեղ տեղի ունեցողին: Նրան չի գրավում պերճանքի փայլը, որովհետեւ համոզված է, որ «ազատության ճշմարիտ բերկրանքը ԵՐԿՆՔՈՒՄ Է, ո՛չ թաքցված, այլ մարդուն հասանելի...»:

Մարգարիտ Դերանցը պատմելու հետաքրքրական կերպ ունիՙ մանրամասնություններով, պատումի մեղմ եւ չպարտադրող տեսակով: Նա ճկուն անցումներով ներկայացնում է կյանքը ինչպես որ է: Ոչ մի չափազանցություն, առավել եւսՙ խղճահարություն հարուցող տեսարան կամ միտք: Դերանցի հերոսը կարողանում է շրջանցել չափազանց ծանր իրավիճակը, գրեթե ցատկել կյանքի ճահիճը տանող ուղուց եւ հայտնվել բոլորովին այլ տարածքում: Եվ այդտեղ պատահականությունը չունի որեւէ դերակատարում: Այսպիսի գեղարվեստական աշխարհ ունի նրա «Անճոռնի ճուտիկը» նորավեպը: Եվան 20-րդ դարի հայաստանյան իրականության ներկայացուցիչ է: Բժշկական համալսարանում սովորող աղջիկներն այդ տարիներինՙ մի ամբողջ դարաշրջան, աչքի էին ընկնում իրենց հագուկապով եւ արդուզարդով: Այո, նրանք կարծես նորաձեւության եւ գեղեցկության մունետիկներ լինեինՙ ցնցելով քաղքենի հասարակության ներկայացուցիչներին: Եվ նրանց մեջՙ հասարակ, իր արտաքինով չփայլող այս աղջիկը, որի տանը չքավորությունն էր տանտերը: Նրա մայրը ալյուրից էր ստանում կյանքի համար անհրաժեշտը: Դժվարություններով, անխոնջ աշխատանքով եւ սիրո պակասով ապրող Եվան լուռ տանում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Մաքառման այս ճանապարհն անցնելու կերպը շատ ուսանելի է այսօրվա երիտասարդ աղջիկների համար, ովքեր հեշտորեն են պատկերացնում հաջողություններին հասնելու ուղիները: Այո, Եվան մաքառում է: Կյանքը հեշտ չի տրվում նրան: Տղամարդկանց վերաբերմունքը Եվայի հանդեպ համընդհանուր վերաբերմունք է: Դա ոչ մի կապ չունի տեղանքի կամ մտածողության հետ: Այդպիսի աղջիկներըՙ արտաքնապես աչքի չընկնող եւ խորամանկությամբ չփայլող, դատապարտված են, մեծ իմաստով: Նորավեպի պատումը հասնում է 21-րդ դար: Հերոսուհու կյանքի մեծ շրջադարձը կապվում է բնատուր խելքի եւ փայլուն գիտելիքների հետ: Սրանք պատկանում են անհատին, եւ դրանք ոչ մեկը չի կարող խլել: Դժվարություններից թռիչք դեպի իրականության այնպիսի տարածք, որտեղ կինըՙ մարդը, լավ է զգալու:

Սա հեղինակի ցանկությունն էՙ պատկերել հենց այսպիսի հերոսի, բնավորության եւ գիտակցության այսպիսի՛ կերտվածքով, որը պատրաստ է հասնել բարեկեցիկ կյանքի, նաեւ ճանաչմանՙ ազնիվ աշխատանքի օգնությամբ: Մարգարիտ Դերանցի այս նորավեպը հեքիաթ չէ, բայց կենսասեր մարդու պայքարի հեքիաթիանման երանգներ ունի: Կյանք, որի ճակատագիրը հունցվող ալյուրի եւ նրանից պատրաստված անուշահամ ստացվածքի է վերածվում:

Կնոջ կերպարի յուրօրինակ արտացոլումներ են «Եղնիկի հայացքով կինը», «Ապուրի գոլորշին», «Նյու Յորքի հեղձուկ օդը» եւ այլ պատմվածքներն այս ժողովածուի, որտեղ կինը հաճախ է զսպում իր արցունքները: Տողերի միջից հաճախ է լսվում անձայն հեկեկանք, տարածվում ափսոսանքի եւ հիասթափության մեղեդին: Մարգարիտ Դերանցը պատմում է տեղի ունեցածը զսպված հանդարտությամբ եւ մեղմությամբ: Դրվագների շղթան միավորվում է մի ամբողջական կտավում, որը հետաքրքրական գրականություն կարելի է անվանել: Պատահական չէ, որ նրան վաղուց սիրում եւ կարդում է ընթերցողը: Արձակագիրը համբերատար է ներկայացնում ամենակարեւոր ասելիքը, որը որպես պատգամ է հնչումՙ չմոռանալ Աստծուն եւ երկրային օրենքները, ճանաչել մարդուն, գնահատել սերը, արժեւորել ընտանիքըՙ որպես կատարյալ իրականություն բաղադրատարրեր: Այս գրականությունը նաեւ հոգեբանական եւ մարդազննական բազմաթիվ տարրեր եւ սուզումներ ունի:

«Քրտնաձուկ» ժողովածուում ընդգրկված ուշագրավ պատմվածքները ցուցադրում են նաեւ հայ մարդու կյանքի հետագիծը հեռու մի երկրում, որտեղ նա պիտի հարմարվի օտար եւ անհարազատ իրականությանը: Հետեւաբար, ժողովածուում ընդգրկված գործերըՙ պատմվածքները, էսսեները, ի զորու են օգնել մեր երկրից դուրս ապրողինՙ երբեւէ չտառապելու օտար ափերում: Մարգարիտ Դերանցի ժողովածուն փոքր արձակի ինքնատիպ էջ է, որտեղ հեղինակը նոր բացահայտումներ է անում 21-րդ դարի երկրաբնակի մասին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ