ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ ՄՈՌԱՑՎԱԾ 150 ԱՄՅԱԿԸ Նաիր ՅԱՆ 2019-ին երկու հոբելյան նշեցինք, այն էլՙ ոչ ազգովին, ոչ շռնդալից, ոչ լիաթոք: Այսինքնՙ համարենք, թե նշեցինք: Նշեցինք իմիջիայլոց, ուղղակի նշելու համար: Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150 ամյակները հիշեցինք, այսուայնտեղ որոշ միջոցառումներ եղան ու վերջ: Պատկերացնենքՙ մի ուրիշ ազգ ունենար Կոմիտաս ու Թումանյան. վստահաբար համաշխարհային իրադարձություն կդարձներ նրանց հոբելյանը: 2019-ին լրացավ եւս երկու մտավորականի 150 ամյակՙ Լեւոն Շանթ եւ Երվանդ Օտյան: Մի՞թե այդքան դժվար է հիշել, որ 1869 թվականին ծնվել են հայ մշակույթի չորս խոշոր գործիչներ, ոչ թե երկու: Լեւոն Շանթին եւ Երվանդ Օտյանին ոչ ոք չհիշեց, նրանց հոբելյանները մնացին լուսանցքում: Արեւմտահայ երկու գրողների 150 ամյակների վրա ուշադրություն հրավիրեց միայն Հայաստանի ազգային գրադարանըՙ հոբլյանական ցուցահանդես կազմակերպելով եւ ներկայացնելով նրանց գրականությունը, գրականագիտական վերլուծություններ, մենագրություններ, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր: Պատկան մարմինների, մշակույթի գործիչների սառն ու անտարբեր վերաբերմունքը մեր մեծերի նկատմամբ ուրվագծում է ներկա եւ ապագա սերունդների գնահատանքն այդ նույն մեծերին: Ժողովուրդը հիշողությամբ է ապրում նաեւ, այդ հիշողությամբ վերակենդանացնում, նորոգում է ինքն իրեն: Երվանդ Օտյանի մեծությունը չգնահատելով այսօրՙ նրա 150 ամյակին, մենք հաջորդ հոբելյանների համար ավելի խոր անտարբերության նախադրյալներ ենք ստեղծում: Ցավալի է, բայց փաստՙ մենք այսօր նրա մեծությունը չենք գիտակցում, չենք կարեւորում: Թեեւ պետք է ասել, որ մեր ժամանակներից դեռ շատ առաջ էլ Օտյանն ըստ արժանվույն չի գնահատվել: Միայն 1935 թվականին, երբ Արսեն Տերտերյանն առաջին անգամ խոսեց Երվանդ Օտյանի մասին, դրանից հետո միայն նրա գրական ժառանգությանն անդրադարձ եղավ: Եվ առաջինը «Ընկեր Փանջունի» վեպն ուշադրություն գրավեց: Հետաքրքրական է, որ այդ տարիներին Դաշնակցություն կուսակցությունը Փանջունու կերպարում տեսնում էր բոլշեւիկներին, իսկ բոլշեւիկներն իրենց հերթինՙ դաշնակցականներին: Քաղաքական երգիծանքի համատեքստում նրանք միմյանց վրա ցեխ էին շպրտում, միմյանց «ընկեր Փանջունի» անվանում, մինչդեռ ժամանակն ապացուցեց, որ Օտյանի թե՛ ընկեր Փանջունին, թե՛ մյուս հերոսները բոլոր ժամանակների համար ենՙ չհնացող, կուսակցական ու անձնական շահի հավաքական խորհրդանիշ: «Ընկեր Փանջունին» բացահայտելուց հետո բոլշեւիկների ու դաշնակցականներիՙ միմյանց նկատմամբ հեգնանքին չափ ու սահման չկար. այն զավեշտի էր հասնում: Բայց զավեշտալի էր նաեւ մեկ այլ բան. եթե խորհրդային տարիներին բոլշեւիկներն ընկեր Փանջունու կերպարը վերագրում էին Դաշնակցությանը, ապա իրենց հեգնանքը հարյուրապատկելու համար «Ընկեր Փանջունին» պետք է շատ մեծ տպաքանակով տպագրեին: Հակառակն էլ պետք է լիներՙ Փանջունուն եւ բոլշեւիկներին նույնացնող դաշնակցականները եւս պետք է շահագրգռված լինեին հրատարակել Օտյանի վեպը: Բայց ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ կուսակցության դեպքում այդպես չեղավ. «Ընկեր Փանջունին» մեր գրականության ամենաքիչ տպագրված ստեղծագործություններից է: Սակայն չտպագրվելովՙ Երվանդ Օտյանի մեծությունը չի խամրում: Նա ներկայացրել է իր ժամանակը, բայցեւ կերտել գալիք ժամանակներն այնպիսի ճշգրտությամբ, որ 100 տարի անց էլ ապշեցնում է ընթերցողին: Որքանո՞վ է գրողը կենդանի, արդիական, չհնացող. այս հարցի պատասխանը տալիս են նրա ստեղծագործությունները: Եթե սերունդները գրողի էջերում տեսնում են իրենց, տեսնում են իրենց կյանքը, հուզող հարցերի պատասխաններն են գտնում, իրենց սպասումներն արդարացված են տեսնում, ուրեմն գրողն անգամ մի քանի դար անց ապրում է ամեն սերնդի հետՙ զուգահեռաբար ու համընթաց: Երվանդ Օտյանն առավել քան երբեւ արդիական է այսօր, արդիական է հեղափոխությանն ու հեղափոխականին տված իր գնահատականներով, նկարագրով, վերաբերմունքով: Նրա ստեղծագործությունների հերոսներն այս կամ կուսակցություններից նախատիպեր ունեցել են, իհարկե, բայց եթե անգամ մոռանաք այդ նախատիպերի մասին եւ նրանց ընկալենք որպես զուտ գրական կերպարներ, ապա կհամոզվենք, որ Օտյանը նրանց ամբողջական, համոզիչ բնութագիր է տվել: Երվանդ Օտյանն ասում է. «Որո՞նց դէմ է մեր կռիւըՙ անձի՞, խմբակցութեա՞ն. բնաւ, երբեք: Մեր կռիւը ստութեան, կեղծիքի, շահագործութեան դէմ է: ...Եթե իմ գործերուն մէջ որեւէ անձի անդրադարձեր եմ, ուրեմն անիկա այդ մերժելի երեւոյթներէն որեւէ մէկը մարմնաւորեր է»: Երվանդ Օտյանը մեր գրականության մեջ իր տեղն ապահովել է, ամրագրել իրՙ մեկը մյուսից արժեքավոր ստեղծագործություններով: Բայց պետք է նշել, որ գրականագետները, ուսումնասիրողներն այդպես էլ նրա գրական վաստակը լիարժեք չեն գնահատել: Օտյանի տեղը մեր գրականության մեջ միայն Օտյանի վաստակն է: Վահան Տերյանը հրաշալի բնութագիր է տվել Օտյանին. «Եթե ոչինչ չլիներ էլ, Երվանդ Օտյանը Փանջունիով ու Իգնատ աղայով պիտի ապրեր մեր գրականության մեջ»: Իսկ Համբարձում աղա՞ն, «Թիվ 17 խաֆիե՞ն», մյուս վեպերի հերոսնե՞րը: Բոլոր ժամանակներում էլ եթե անդրադարձ եղել է Օտյանի գործերին, առանցքում նրա քաղաքական երգիծանքն է եղել, բայց ոչ պակաս նշանավոր են «Վաճառականի մը նամակները», «Թաղականին կնիկը», «Ազգային բարերարը», «Ընտանիք, պատիվ, բարոյականը»: Օտյանական զինանոցը մարդկային փոխհարաբերույթյունների, ազգային ախտերի նստվածքն է բացահայտում ու հայելի դարձնում: Այդ հայելին արտացոլում է թե՛ Օտյանի, թե՛ մեր ժամանակներն ու նրա մարդկանց: Օտյանը մարդկային կերպարների բազմազանությամբ ցույց է տալիս մեր ազգային դիմագծերը, ազգային նկարագրի արատավոր բոլոր կողմերը: Օտյանը չի չարախնդում, սեփական ազգին չի քննադատում ու դատափետում. մենք տեսնում ենք նրա խոր ցավը. գրողը ճիշտ ուղիներ է ցույց տալիս, ինքնամաքրվելու, ինքներս մեր ներսը նայելու ցուցումներ է տալիս: Նա խարազանում է սրտի խորին ցավով, այդ ախտերի վրա մատը դնումՙ դրանք բժշկելու նպատակով: Մեր ժամանակներում Օտյան գրողի կյանքի ու ստեղծագործության նկատմամբ անտարբերությունը ոչ մի կերպ արդարացված չէ: Ցավալի է, որ այն հատորներն, ինչ այսօր ունենք, հրատարակվել են սովետական տարիներին, իսկ նորանկախ ժամանակներումՙ ոչ: Բացառություն են կազմում «ընկեր Փանջունին» եւ «Անիծեալ տարիները», դրանք էլՙ վտիտ տպաքանակով: Նրա քրոնիկները, հրապարակախոսական երկերը, թատերական նյութերը, հուշագրությունները ցրված են 40-ից ավելի պարբերականներում: «Արյունոտ տարիները», «Անիծյալ տարիները», «16 տարի անցը», «Արյունոտ հիշատակները» մեր հուշագիր գրականության բացառիկ նմուշներից են: Հուշագրության մեջ էլ Օտյանը մտավորականին, հոգեբանին հատուկ իր բնույթով է մոտենում թեմաներինՙ ազնիվ, մաքուր, անկեղծ, առանց ավելորդ հույզ ու արցունք կորզելու ձգտումների: Մենք պարտք ենք Երվանդ Օտյանին. տասնամյակների չարածը կուտակվել է: Նրա 150 ամյակը պետք է ազդակ լինի, որ երբեք լեզուներս չպպտվի պատճառաբանել, թե փող չունենք, որ նրա ստեղծագործությունները վերահրատարակենք, լիակատար ժողովածուներ կազմենք կամ Օտյանին տարբեր լեզուներով թարգմանենք ու տարածենք: Թեկուզ միայն նրա քաղաքական երգիծանքը թարգմանելովՙ մենք տարբեր ազգերի ուշադրությունը կհրավիրենք այդ անչափելի մեծ գրողի անձի ու գրական ժառանգության վրա: Մի պահ պատկերացնենք, թե Օտյանի քաղաքական երգիծանքը թարգմանվել է հետխորհրդային պետությունների լեզուներով. ամեն ազգ կոմունիստական պարտադրված իր անցյալի նկարագիրը, բոլշեւիկ «հերոսների» ու «հեղափոխականների» իր կերպարներին կտեսնի այնտեղ: Օտյանը համաշխարհային գրող է. նրա մեծությունը մենք դեռ կարող ենք օգտագործել, երբ այնքան հասունանանք ու իմաստնանաք, որ ազգային պատվախնդրության զգացում ապրենք: Այդ ժամանակ Երվանդ Օտյանինՙ որպես արեւմտահայ համաշխարհային գրողի, կներկայացնենք աշխարհինՙ ասելով. «Տեսեք, կարդացեք, մեկուկես դար առաջ ձեր ու մեր մասին գրել, ձեզ ու մեզ նկարագրել է այսպիսի մի գրող: Նա կանգնեցրել է ժամանակն ու բարքերըՙ նրանց հավերժական ընթացք տալով»: |