ԱԿՆԹԱՐԹՆԵՐ Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ Սկիզբը` նախորդ համարում *** Սիլվա Կապուտիկյանը պատմում էր ինձ. - Հայրդՙ Վիգենը, երբ նոր էր եկել Ֆրանսիայից (1936 թ. սկզբներին), Վարպետը կնոջ հետ դեռ Փարիզում էր: Վիգենը շատ գեղեցիկ էր, միշտ ճաշակով հագնված: Մենք երիտասարդ ընկերուհիներով շատ էինք ուզում նրա հետ ծանոթանալ, բայց հայրդ մնում էր անվրդով, ոչ մի կերպ չէր հաջողվում ծանոթանալ հետը, գոնե խոսակցության բռնվել: Չէ, նա մնում էր ինչ-որ հեռավորության վրա: Ժամանակակից լեզվով կասեինՙ բաժանորդը հասանելի չէ: *** «Չհավատաս, թե բանաստեղծները քաղաքական լավ կանխատեսում ունեն, գուցե Թումանյանը, Իսահակյանը, բայց ոչ Չարենցը, Շիրազը, Սահյանը: Ես ումով որ սկզբում ոգեւորվել էի, վերջում փոշմանել եմ: Կամ թե նորի գալով հնին քննադատել եմ, բայց հետո կրկին շատ եւ շատ փոշմանել: Լինի դա Հարությունով, Քոչինյան, Դեմիրճյան թե Տեր-Պետրոսյան, թեպետ վերջում ճիշտ ըմբռնել եմ, թե ով ով է: Մեր ժողովուրդն էլ է այդպես: Պապդ ասում էրՙ բոլշեւիկները լավը չեն, բայց նրանք սարքում են Հայաստանը, ես բանաստեղծություն ունեմ նրանց մասին, ովքեր կառուցել են Հայաստանը, իսկ սրանք, սրանք որ եկան Հայաստան, հիմա քանդում են Հայաստանը: Սրանց տված բոլոր շքանշանները հետ եմ տալու...»: Այդպես էլ արեց 2004 թվին: *** Պատմում էր Նաիրի Զարյանը. «1939 թվականի ամռանը Վարպետի հետ հանգստանում էինք Սեւանա կղզու գրողների տանը: Մեր հետ էին եւ նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, մեծանուն դերասանուհի Արուս Ոսկանյանը, մեր գրողներից Քոչարը, Սիրասը, Միշո Մազմանյանը, Խորեն Սարգսյանը: Առավոտ նախաճաշից առաջ հավաքվել զրուցում էինք լիճ տանող աստիճանների գլխին, երբ նկատեցինք, որ հեռվից աստիճաններով բարձրանում է Արուս Ոսկանյանըՙ լայնեզր ճերմակ գլխարկով, որ փոխարինում էր հովանոցի, երկարուն ճերմակ խալաթը հագին: Երբ նա հավասարվեց մեզ, առանձին սիրով ողջունեց Ավետիքին. - Բարի լույս, Վարպե՛տ: - Լույս բարի, Արուս ջան, էդ որտեղի՞ց կուգաս: - Ծովափեն: Առավոտյան արեւի շողերի տակ մի առանձին հաճույք է լողալը կուսական ջրերում եւ մի քանի րոպե վայելել արեւածագի ջերմությունը: - Էդ լոգանքդ անուշ: Լա՞վ ես արեւի վաննա ընդունել, Արուս ջան: - Շատ լավ, սեւացել եմ Վարպետ, կուզե՞ս քեզ ցույց տամ:- Եվ այս խոսքերի վրա Արուսը ձեռքի լայն շարժումով մի կողմ քաշեց խալաթի փեշը, ինչպես թատրոններում վարագույրն են բարձրացնում եւ արժանանում բուռն ծափերի: - Գոցիր, գոցիր, Արուս ջան, թե չէ խասյաթս գեշ է... *** Մեկ անգամ չէ, որ իր զրույցներում մեր տանըՙ հյուրասենյակի մեծ սեղանի շուրջ, Վարպետը հիշատակել է. «Ստալինը հայի ծնունդ էր, նրա մայրը Գորիում ջահել հասակում լվացքարար է աշխատել ազգությամբ հայ մեծահարուստ գործարանատեր Ադիլխանովենց տանը: Ադիլխանովին է պատկանել Կովկասի ամենամեծ կաշվի ֆաբրիկաներից մեկը: Հայտնի է, որ Ստալինի մայրը շատ գեղեցիկ կին է եղել: Եվ մի օր, երբ երիտասարդ լվացքարարուհին փռելիս է եղել տան լվացքը, Ադիլխանովը նկատել է նրան եւ անթաքույց սկսել հետաքրքվել նրանով: Ապա մի տեւական շրջան նրանց մեջ սիրային կապ է հաստատվել: Երբ ծնվել է Ստալինը, Ադիլխանովը նրան կնքել է իր սիրած թբիլիսական հերոսներից մեկի անվամբՙ Իոսիֆ (Հովսեփ): Իսկ այնուհետեւ մշտապես հետաքրքրվել երեխայի ճակատագրով: Երբ եկել է դպրոց հաճախելու ժամանակը, Ստալինին Ադիլխանովի հովանավորությամբ ընդունում են տեղի ամենահայտնի ուսումնական հաստատությունը: Այն էՙ Գորիի բարձրագույն հոգեւոր սեմինարիան, որի անունը հայտնի էր տարածաշրջանում: Ըստ երեւութին, Ադիլխանովն զգացել է, որ այդ անօրեն ծնված մանչուկին մեծ ապագա է սպասվում: Իսկ Ստալինի, այսպես կոչված, իրական հայրը Վասիլ Ջուղաշվիլին ազգությամբ եղել է օսեթին, աշխատել է կոշկակար-վերանորոգիչ (փինաչի), հերթական հարբած կռվում նրան դանակահարել են Թելավիի շուկայում եւ հանրային մի գերեզմանափոսում թաղել, որպես անհայտ մի մարդու: Ահա սա է Ստալինի ծննդյան իսկական պատմությունը»: Իհարկե, այս պատմությունն Իսահակյանն արել է միայն այն օրվանից հետո, երբ Ստալինը կնքեց իր մահկանացուն: Այնպես որ, Ստալինը վրացուհու եւ հայ գործարանատեր Ադիլխանովի զավակն է եղել: Հավասարապես վրացի եւ հայ: Պատահական չէ, որ նա չի ունեցել ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ո՛չ հորաքույր, ո՛չ հորեղբայր... Մենքՙ հայերս, իհարկե չենք հպարտանում այդ ծննդով, բայց եւ այնպես նրա մեջ կա հայկական արյուն... *** Իլյա Էրենբուրգն իր մեծ ճանաչում ունեցող «Մարդիկ, տարիներ, կյանք» հուշերի գրքում գրում է. «Ես (1941 թ. Մոսկվայում, «Հայկական պոեզիայի երեկույթին») ծանոթացա հրաշալի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետ: Ֆադեեւը երեկույթին ասաց նրա մասին, որ «արեւոտ Հայաստանը նրան երջանկություն է տվել» եւ որ նա «վերակառուցել է իր քնարը»: Իսահակյանը հարցնում էր ինձ Ֆրանսիայի ողբերգության մասին (նա երկար ապրել էր այդ երկրում, եւ մենք ֆրանսերեն էինք խոսում): Նա հարցրեցՙ կարդացե՞լ եմ արդյոք նրա «Աբու-Լալա-Մահարի» պոեմի թարգմանությունը: Ես ասացի, որ կարդացել եմ մի հատված պոեմից ֆրանսերեն: Նա մի պահ խոհերի մեջ էր. «Պետք է կարողանալ հեռանալ, դա ամենակարեւորն է: Ահա դուք պատմեցիք այն մասին, թե ինչպես էր հեռանում Փարիզը: Բայց դա էլ քիչ է: Ես վերջերս շատ մտածում էի Տոլստոյի մասին, նա եւս հեռացավ...»: Մեզ ընդհատեցին: Ես նայում էի նրա դեմքին եւ չէի կարողանում հագենալ. ահա ոչ «արեւոտ» ծերություն, ոչ թե ծերունական ծերության, այլ պատմության, դարերի, վշտի, քարերի, արյան... Այո՛, հնարավոր չէ վերակառուցել քնարը»: Աշխարհ տեսած գրող եւ հրապարակախոս Իլյա Էրենբուրգը այս հիացական բնութագրմամբ չի սահմանափակվում: Նա շարունակում է խորհրդածությունների շղթան. «Բանաստեղծ Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների թվին, որոնք հազվագյուտ են ծնվում: Նման բանաստեղծով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր, անգամ ամենահարուստ գրականություն: Տասնամյակներ շարունակ նրա պոեզիան օգնել է ինձ ապրել: Ես համոզված եմ, որ այն կապրի դարեր ու դարեր»: *** «Ես հիշում եմ հանդիպումը Ավետիք Իսահակյանի հետ Մոսկվայում: Նրա դեմքը բազմաթիվ կնճիռներով էր ակոսված եւ հիշեցնում էր հնագույն մագաղաթե ձեռագիր, փիլիսոփայի եւ աշուղի դեմք: Իսահակյանի բախտը բերել էր: Նրան սկսել էին թարգմանել թարգմանությունների ստանդարտիզացիայից (միատեսականությունից) շատ առաջ, նրան թարգմանել էին այնպիսի բանաստեղծներ, ինչպես Բլոկը, Բրյուսովը, Պաստեռնակը, Ախմատովան: Նրա բանաստեղծությունները միշտ «լուսավոր» են եղել: Նա մահացավ ութսուն տարեկան հասակում: Այդ տարիների կեսը նա անց էր կացրել հայրենիքից հեռու: Աբուլ-Ալա-Ալ Մահարու մասին իր պոեմում, որը նվիրված էր 11-րդ դարի արաբ մեծ բանաստեղծի «հեռանալու» թեմային: Այդ պոեմը թարգմանել էր Վալերի Բրյուսովը, լավագույններից մեկը, բայց եւ այնպես նշմարված պոետի «ծանր քայլով», որն իր երազանքին տվել է «Ցուլ» անվանումը: Ես վաղուց էի կարդացել բաղդադյան Մէտոյի մասին այս պոեմըՙ ֆրանսերեն թարգմանությամբ, այնտեղ չկային վանկեր եւ այդ պատճառով ավելի հարազատ էին էպիտետներն ու բանաստեղծության ներքին ռիթմը: Հետագայում ես հաճախ հիշում էի Աբու-Լալա Մահարուն: Այս պոեմը կարդալուց հետո ո՞վ կարող է ասել, որ Հայաստանի պոեզիան ազգային սահմանափակ բնույթ է կրում»: *** «Որտե՞ղ եք դուք եղել, ես Ձեր աչքերը նկարել եմ ողջ իմ կյանքում, եւ ահա ես տեսնում եմ իմ մարմնացած երազին» (Մարտիրոս Սարյանը իր ապագա կնոջըՙ Լուսիկ Սարյանին, Թիֆլիս, 1915 թ.): *** «Զառա (Զարուհի) Դոլուխանովան կարող էր լինել իմ դուստրը: Բանն այն է, որ 1900-ական թթ. սկզբներին իմ մոտիկ ընկեր Ալեքսանը (Մակարյան) Գյումրիում մոտս եկավ խնդրանքով, թե. «Ավո ջան, եկ գնանք քո լավ ընկերոջ Աղասենց տուն, որի դուստր Թագուհու վրա ես թունդ սիրահարվել եմ: Դու որ հետս գաս ձեռքը խնդրենք, Աղասը քեզ չի մերժի: Էդպես էլ արինք, երբ Ալեքսանի հետ գնացինք Աղասենց տուն, վերջինս շատ ուրախացավ, կարծելով, որ ես եկել եմ աղջկա ձեռքը խնդրելու ինձ համար, ու երբ ես իմ խնդրանքը շարադրելիս տվեցի ընկերոջս անունը, Աղասը խոժոռվեց, մռայլվեց, բայց եւ այնպես խնդրանքս չմերժեց: Էդպես է լինում: Արդյունքում Աղասի դուստր Թագուհու եւ իմ ընկեր Ալեքսանի հարսանիքը մեծ շուքով արինք Գյումրիում, իսկ մի քանի տարուց Մոսկվայում ծնվեց ապագա օպերային աստղ Զարուհի Մակարյանը (Զառա Դոլուխանովան): Աղասն ինձ տեսնելուց կատակով ասում էր. «Ափսոս, Ավո ջան, փեսաս չեղար...»: Ես էլ հարցնում եմՙ իսկ ինչ վատ կլիներ, եթե Զառա Դոլուխանովան լիներ Վարպետի դուստրը, այսինքնՙ իմ հորաքույրը... *** 1951 թե 52 թվականին Իսահակյանը հրավիրատոմս է ստանում ներկա լինելու Սեւան ԳԷՍ (ՀԷԿ)-ի բացման արարողությանը: Երբ այդ հրավիրատոմսով ծրարը Իսահակյանը բացում է, կնոջն ասում է. «Սեւանի ոչնչացման սեւ թուղթն են ինձ ուղարկել: Ինչպիսի սրբապղծության են դեռ գնալու ու ծափերով ու ծաղիկներով ճամփա գցելու Սեւանի հուղարկավորման մահվան թափորը»: Մեկեն վեր է թռնում բանաստեղծի ճնշումը: Սոֆյան խնդրում է մորս զանգել Լեւոն Անդրեեւիչ Հովհաննիսյանինՙ ականավոր սրտաբանին եւ Վարպետի ընկերոջը: Եվ մինչեւ ակադեմիկոսի գալը մերոնք փորձում են շեղել Վարպետի մտքերը, բայց ապարդյուն: -Անիծվեք դուք, որ ձեռք բարձրացրիք մեր սուրբ Սեւանի ջրերի վրա, քիչ էին հազարավոր անմեղ զոհերը, հիմա էլ Հայաստանի բնությունն են որոշել ոչնչացնել, ախ դուք... զավակներ: Շուտով եկավ Լեւոն Անդրեեւիչը, մի լեգենդար անձնավորություն, շատ սիրված Վարպետի կողմից: Տիկին Սոֆյան իմաստնորեն կռահել էր, թե ում պիտի կանչեին: - Ինձ, Լեւոն ջան, որոշել էին մեր բոլշեւիկ շեֆերը ձեռք առնել, կանգնեցնել իրենց կողքին, եւ ստիպել ծափահարել այս հանցագործ ծրագրի մեկնարկին: Քիչ անմեղ հոգիների նահատակեցին, աներեւակայելի թվով զոհեր տվեց մեր փոքրիկ երկիրը այս մեծ երկրի մեծ արյունահեղությանը, անասելի շատ, երեք հարյուր հազար, հիմա էլ Սեւանը, ախր ի՜նչ են ուզում: - Ավետիք ջան, արեւոտ օր է, մի քիչ այգի դուրս գանք, զբոսնենք, ցույց տուր քո տնկած ծառերը... Լեւոն Անդրեեւիչը հմտորեն աննկատ փորձում էր շեղել Վարպետին իր ցասման ակունքից: Դուրս եկան պարտեզ, օրն իսկապես ջերմ էր ու արեւոտ: - Ավետիք ջան, ես առավոտվա թեյն անգամ չէի խմել, երբ միտքս ընկար ու որոշեցի գալ քեզ հյուր, միասին թեյ խմենք, զբոսնենք, զրուցենք: Ու գցեցին թեյի սեղանը: Լեւոն Անդրեեւիչը մնաց Վարպետի մոտ մինչեւ ուշ երեկո, մինչեւ համոզվեց, որ Վարպետը, իր իմաստնությունը ու միտքը զորահավաքի բերելով, մոբիլիզացնելով կհաղթահարի եւ այս, իրապես մահաբեր բոթը, կապված մեր ազգին նսմացնելու, վնասելու, քայքայելու հետ: Թե ինչ էր ամեն նման իրադարձությունը նստելու ազգի վրա, գիտեր միայն Վարպետը եւ նրա իմաստուն բժիշկըՙ Լեւոն Անդրեեւիչը: *** Սեւանը տեսնելիս` ամեն անգամ զմայլվում եմ նրա աներեւակայելի գեղեցկությամբ, Սեւանն ավելի գեղեցիկ է, քան մարդ կարող է երեւակայել իր ամենաաներեւակայելի անուրջներում: Սեւանին ես սիրում եմ ինչպես կենդանի արարածին, ինչպես քո ամենասիրելի էակին: Եթե չլինի Սեւանը, չի լինի Հայաստանը, կամ ում է պետք այդպիսի Հայաստանը առանց Սեւանի: Մեկ տոննա ավել կամ պակաս հացահատիկից կամ խաղողից ո՛չ կաղքատանա, ոչ կհարստանա Հայաստանը, բայց Սեւանի ամեն կաթիլ ջուրը դա մեր ժողովրդի կապույտ արյան խորհրդանիշն է: Կարելի է անվերջ գրել այս թեմայով: Բոլորից լավ էլի Իսահակյանն է ասել. «Ապրեի` Արարատը Հայաստանին տեսնեի, մեռնեի` Սեւանը չորացած չտեսնեի»: Շարունակելի |