ԹԱԿԵՑԵ՛Ք, ԵՎ ԿԲԱՑՎԻ ՁԵԶ... Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մոտ ինը տարի առաջ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժնի հիմնադիր եւ ղեկավար Վիլեն Գալստյանը մեզ տված հարցազրույցում նշեց. «Այս տարվա շրջանավարտների մեջ անվիճելի առաջատարն է Արա Ասատուրյանը: Նա տաղանդավոր է, հարուստ երեւակայություն ունի, անձնուրաց նվիրված է գործին: Բառիս բուն իմաստով դուրս չի գալիս փորձի դահլիճից»: Արա Ասատուրյանը մեզանից վաղաժամ հեռացած սանկտպետերբուրգյան բալետմայստերական դպրոցի ներկայացուցիչ Աշոտ Ասատուրյանի (որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում) եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի նախկին պրիմա բալերինա Էլվիրա Մնացականյանի որդին է: Կարծես այդ հանգամանքը պայմանավորում էր նրա ապագան: Նամանավանդ որ ամենափոքր տարիքից «ապրում» եւ մեծանում էր թատերական կուլիսներում, «անգիր» գիտեր հոր բոլոր բեմադրությունները: Երբ պարողներից որեւէ մեկը չէր հիշում իր դրվագի շարժումները, նրան խորհուրդ էին տալիսՙ «հարցրու Արիկից, նա ստույգ գիտի»: Արան մանկուց երազում էր խորեոգրաֆ դառնալ, բայց ծնողները կայացրին իրենց վճիռը. «Արան պարային ունակություններով օժտված չէ, եւ դաշնակահար է դառնալու»: Արա Ասատուրյանն իսկապես 2000-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Իսկ 1992-1997 թթ. սովորել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանումՙ ստանալով «անգլերենի թարգմանիչ-քաղաքագետ» որակավորումը, եւ արդեն շուրջ 20 տարի աշխատել է նաեւ որպես թարգմանիչ: Բայց, այդուհանդերձ, ստանալով երկու կրթություն, նա վերջապես որոշեց ձեռք բերել երրորդը, որի մասին երազում էր: 2005 թ. ընդունվեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Պարարվեստի ռեժիսուրա» բաժինը եւ այդ ժամանակից ի վեր ակտիվ բեմադրական գործունեություն է ծավալում: 2011 թ. վերապատրաստում է անցել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժնում: Ահա շուրջ տասնչորս տարի ուշի-ուշով հետեւում եմ Արա Ասատրյանի գործունեությանը: Նա իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ, որոնք կարելի է դասակարգել հետեւյալ կերպ. իր իսկ ստեղծած փոքրածավալ համարներ եւ մեկ գործողությամբ ներկայացումներ, բազմաթիվ պարային-պլաստիկ ձեւավորումներ դրամատիկական եւ օպերային ներկայացումներում: Նրա բեմադրություններում մեծ տեղ են գրավում այսպես կոչված համագործակցությամբ իրականացածները: Արա Ասատուրյանը տիրապետում է տարբեր ուղղությունների պարային պլաստիկ համակարգերին, թե՛ անցյալի, թե՛ ժամանակակից բազմազան ոճերին: Բայց Արայի ամենամեծ առանձնահատկությունն է, որ նա մեզանում նորարական սինթետիկ թատերական ուղղության ներկայացուցիչ է: Սա արտահայտվում է երկակի ձեւով: Հայտնի է, թե որքան մեծ դեր է խաղում ժամանակակից դրամատիկական ներկայացումներում պլաստիկ-պարային բաղկացուցիչը: Դերասանների խոսքը ուղեկցվում եւ հավելվում է պլաստիկ դիրքերով, շարժումներով, խոսքից դուրս ընդգրկուն մնջախաղային դրվագներով: Այստեղ առանձնահատուկ պետք է ընդգծել Ասատուրյանի եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ակտիվ համագործակցությունը: Նշենք «Մեդեան», «Օթելլոն» եւ հատկապես «Ֆիգարոյի ամուսնությունը» բեմադրությունը, որը սկսվում եւ ավարտվում է կերպարների «բազմաձայն» եւ ամեն կերպարի յուրովի պարային շարժումներով բեմի շրջանագծով անցմամբ: Վերջին երկու տարին Արան աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, որտեղ իրականացրել է «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգության բեմադրության պլաստիկ ձեւավորումը: Այժմ նույն թատրոնում նախապատրաստվում է նոր բեմադրություն, որն է՛լ ավելի հագեցած կլինի մնջախաղային-պլաստիկ բաղադրամասով: Առանձնակի ուշադրության են արժանի նրա պարային հատվածների բեմադրությունները օպերայի եւ բալետի թատրոնի «Կարմեն» օպերայում: 2013 թ. Ժիրայր Դադասյանի հետ համատեղ Շուշիում բեմադրել է Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան, իսկ 2014 թ.ՙ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պարային տեսարանները: Մեծ է նաեւ նրա ներդրումը Նորքի Հայորդաց տան «Նաիրի» անսամբլի մի շարք ներկայացումներում, որտեղ նա պարային ներկայացումներ է ստեղծել ռեժիսոր Արման Ջուլհակյանի համագործակցությամբ: Անշուշտ, ամենից ակնառու ձեւով Արա Ասատուրյանի ձեռագիրն արտահայտվում է ինքնուրույն բեմադրություններում: Նա առանձնանում է նաեւ երաժշտական պարտիտուրի տեմբրային դրամատուրգիան տեսողական դարձնելու ունակությամբ, խորեոգրաֆիայի լեզվով բարդ, կարելի է ասելՙ «փիլիսոփայական» հասկացություններ արտահայտելու միտումներով, պարային տարբեր ոճական ուղղությունների փորձարկմամբ: Ասատուրյանին, որպես բալետմայստերի, բնորոշ է ազատ պարի հնարքների օգտագործումըՙ հագեցած բավականին բարդ տարրերով, ակրոբատիկ զուգապարային տեխնիկայով, կենցաղային շարժումների պլաստիկ մեկնաբանությամբ: Նրան բնորոշ է պատկերագրական նշանների օգտագործումը: Արդեն ուսման տարիներին մեզ առանձնակի հետաքրքրեց նրա «Երազներ հայրենիքի մասին» մեկ գործողությամբ բեմադրությունը հայ ժողովրդական երգերի երաժշտական հիմքով (ամերիկահայ երգչուհի Փառիկ Նազարյանի կատարմամբ), նամանավանդ հայ գեղջուկ պարային ֆոլկլորի տարրերի եւ դրանց կոմպոզիցիոն միավորման հնարքների նորարարական մեկնաբանման տեսանկյունից: Առանձնահատուկ նշենք «Գիտցեք, որ դեռ կենդանի եմ»ՙ Պետրոս Դուրյանի մասին եւ նրա բանաստեղծությունների ներգրավմամբ ստեղծված ներկայացումը: Այստեղ արտահայտվեցին Ասատուրյանիՙ որպես բեմադրողի, մի շարք առանձնահատկությունները, որոնցից մեկը բեմահարթակի բազմաշերտ մեկնաբանումն է, ինչը ստեղծում է յուրահատուկ տեսողական «բազմաձայնություն» եւ յուրաքանչյուր իրավիճակը հագեցնում բազմակողմանի եւ ոչ միանշանակ իմաստով: Բեմադրության երեւի թե ամենամեծ առանձնահատկությունն է, որ այստեղ պարային մարմնավորում են ստացել ոչ թե երաժշտությունը, այլ Պետրոս Դուրյանի մի շարք բանաստեղծությունների տեքստերը: Ասատուրյանը որպես բեմադրական սկզբունք ընդունել է Դուրյանի բանաստեղծական ոճի երգայնությունը եւ տաղաչափական առանձնահատկությունները: Նշենք նաեւ «Նահապետ Քուչակ» բեմադրությունը, որտեղ ներմուծվել են միջնադարյան թատրոնի մնջախաղային եւ պարային տարրերն ու կերպարները: Հատուկ պետք է առանձնացնել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Արա Ասատուրյանը հանդես է գալիս «Մեկ դերասանի թատրոն» ժանրին պատկանող ներկայացումներով: Այստեղ հանդիսատեսի համար բացահայտվեց նրա մեծ դերասանական տաղանդը, ընդ որում, նրա մոտ համատեղվում են արտահայտիչ դերասանական խոսքը, հարուստ միմիկան, չափազանց պլաստիկ մնջախաղը: Իսկ վերջին ներկայացման մեջ դրանց միացավ երգեցողությունը, ընդ որումՙ պրոֆեսիոնալ ձայնարտադրությամբ: Պարզվեց, որ արդեն որոշ ժամանակ նա հատուկ մասնագետի մոտ վոկալի դասեր է առնում: Եվ այսպես, Արա Ասատուրյանը հանդես է գալիս բեմահարթակում որպես բալետմայստեր, մնջախաղային-պլաստիկ շարժման վարպետ, նաեւ սինթետիկ տիպի դերասան, որ համատեղում է խոսքը, դաշնամուրի նվագակցությունը, պարը եւ երգեցողությունը: Անդրադառնանք նաեւ նրա վերջին տարիների նվաճումներին: Այս տարվա ընթացքում նա երեք անգամ հանդես եկավ արտասահմանյան բեմերում: Սոֆիայի պարարվեստի ուսումնարանի կենցերտմայստեր Ռուզաննա Թաշճյանի եւ բարձր կուրսի աղջիկների ուժերով բեմադրել է «Բալլադ երազանքի մասին» 12-13 րոպեանոց համարը Շոպենի առաջին բալլադի երաժշտությամբ: Այնուհետեւ հայտ է ուղարկել Մեխիկոյում արդեն չորս տարի անցկացվող «Մեծահասակ սոլո պարողների փառատոն» եւ 300 հավակնորդներից ընտրվել է ու մտել այն լավագույն տասնյակի մեջ, որոնք հրավիրվել են որպես մասնակից: Համարը կոչվում էր «Երկուսը ավելի լավ է, քան մեկը»: Դա Ավետարանից վերցված թեմա է, որտեղ Աստված ասում է, որ մարդը չպետք է մենակ լինի, այլ կողքին պիտի ունենա կին: Այդ համարը մարդու մենակության եւ դրա շուրջ եղած ապրումների մասին է: Մի փոքր հեգնանքով եւ հումորով է այդ ամենը ավարտվում, որովհետեւ հերոսը գալիս է այն եզրակացության, որ ավելի լավ է ապրել անապատում, քան փնթփնթան կնոջ հետ: Եվ բոլորովին վերջերս Ասատուրյանը մասնակցել է Փարիզում ցուցադրված Կոմիտասի հիշատակին նվիրված ներկայացմանը: «Մենք չէինք պատմում Կոմիտասի կյանքը,- պատմում է Արան,- այլ այն մասին, որ Կոմիտասը համախմբեց տարբեր երկրների հայերին, եւ, ոգեշնչված նրա արվեստով, փորձեցինք ներկայացնել այն զգացմունքներն ու մտորումները, որոնք ներշնչված են Կոմիտասի երաժշտությամբ: Մենք չէինք անում միայն այն, ինչ համապատասխանում էր մեր բուն մասնագիտությանը, այլ հանդես եկանք նաեւ որպես ունիվերսալ դերասաններ: Կար, օրինակ, դաշնամուրային դրվագ, որը ես էի նվագում: Որպես արդյունք ստացվեց պլաստիկ-երաժշտական-դրամատիկ ներկայացում, որտեղ նաեւ կարդում էին Կոմիտասի բանաստեղծությունները: Հույս ունենք ցուցադրել այդ ներկայացումը տարբեր երկրներում»: Այժմ Արա Ասատուրյանը մասնակցում է Արա Խզմալյանի նախաձեռնությամբ ստեղծվող մի նախագծիՙ «Պրակտիկում-լաբորատորիա», որի նպատակն է նախապատրաստել սինթետիկ տիպիՙ ունիվերսալ դերասան, տիրապետող թե՛ պլաստիկայի եւ թե՛ դրամատիկական թատրոնի վարպետությանը: Անշուշտ, մենք մեծ սպասելիքներ ունենք Արայի ապագա գործունեությունից: Սակայն եւ այսօր կարելի է փաստել այն հանգամանքը, որ մանկությունից բեմի մասին երազող Արա Ասատուրյանը հասավ իր երազանքի իրականացմանը, ընդ որումՙ բացահայտելով իրեն ոչ միայն որպես յուրօրինակ ձեռագիր ունեցող բալետմայստեր, այլ նաեւ սինթետիկ թատրոնի բեմադրող եւ դերասան: Հիրավի ճիշտ է Աստվածաշնչի պատգամըՙ «Թակեցե՛ք, եւ կբացվի ձեզ»: |