RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 29-11-2019



ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Տեղադրվել է` 2019-11-30 19:10:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 695, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Այսօր հեղինակ ենք բացահայտում այս ամբողջության մեջ»

Արվեստագետի ձեռագրի ինքնատիպությունը մատնում է նրա ներքին որոնումների ուղղվածությունը: Այդ ձեռագիրը ստեղծագործական ընթացքի մեջ փոփոխության ենթարկող արվեստագետը իր համար կարեւոր խնդիր է լուծում. որքանո՞վ են ժամանակի զարգացումներին ադապտացվում իր ընկալումներն ու մոտեցումները, ինչպիսին է արձագանքը նորարարությունների հանդեպ եւ դրանք բացահայտելու իր կարողականությունը (խոսքը անբովանդակ ֆորմալիզմի մասին չէ, այլ կյանքի թելադրանքով արվեստի մեջ կատարվող բնականոն զարգացումների):

Գեղարվեստի պետակադեմիայի գեղանկարի ամբիոնի դասախոս Արա Հովհաննիսյանը անհատական առաջին ցուցահանդեսը նպատակահարմար է համարել կազմակերպել «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Երբ իր խոսքում անդրադարձավ ուսանողական անցյալին, հիշատակեց նշանավոր արվեստագետներին, որ դասավանդել են, ասաց, որ երազանք է եղել ունենալ սեփական ստեղծագործությունները ներկայացնելու ցուցասրահ, ինչն իրականություն դարձավ տարիներ հետո:

Նախասրահային հատվածի ձմեռային պեյզաժների, հաջորդ սրահում աբստրակտ գործերի փոխկապակցվածությունը եւ նաեւ տարբերությունները Փարավոն Միրզոյանի կարծիքով, ստեղծագործողի մտածելակերպային փոփոխության մասին են վկայում: Այս նույն տեսանկյունից է դիտարկում ցուցահանդեսային աշխատանքները արվեստաբան Լարիսա Թոփչյանը : Նրա հայացքըՙ նկարչի ոճերի հերթագայության մասին, ելնում է նախկին, արդեն ծանոթ ստեղծագործությունների տպավորություններից: Սովորաբար, ինչը նաեւ համարվում է բնականոն ընթացք, արվեստագետները աբստրակցիայի են հանգում ռեալիզմից հետո: Տարիներ շարունակ աբստրակտ ուղղությամբ ստեղծագործող նկարիչը փոփոխության է ենթարկել ոճը հակառակ ուղղությամբ. «Այս հրաշալի սիմբիոզըՙ աբստրակցիայի եւ ռեալիզմի, ցույց է տալիս, որ մարդու գիտակցությունը անընդհատ տրանսֆորմացիայի է ենթարկում այն աշխարհը, որտեղ նա ապրում է, այսինքն` այն շարժվում է, զարգանում է, կանգնած չէ»:

Գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանը պատանության տարիներից է մտերիմ Արա Հովհաննիսյանին, երբ առաջին անգամ պլեների էին գնում միասին, կայանում իբրեւ նկարիչ: «էքսպոզիցիան հետաքրքրական արկած ունեցավ իր մեջ», - ասում է, քանի ծանոթ է եղել յուրաքանչյուր գործի նախապատմությանը: Նա ափսոսանք հայտնեց, որ ընկերոջ առաջին անհատական ցուցահանդեսը այսքան ուշացումով է տեղի ունենում, ինչը զրկել է հանրությանը արվեստագետի նախընթաց ճանապարհը իմանալու հնարավորությունից: Ցուցադրված աշխատանքների նախասրահային հատվածը նա պայմանականորեն համարեց ճանաչելի իրականություն, որտեղ մեր կյանքի մի հատվածն էՙ 2017-ի խստաշունչ ձմռան անվերջանալի թվացող մղձավանջը: Նկարիչը, արվեստանոցի իր պատուհանից ամենօրյա դիտարկումներով բացել է «ժողովրդի հոգեբանական քարտեզը», որտեղ ձմեռային պատկերները, երեւանյան բակերի, փողոցների անկյուններում կանգնած մարդկանց շփոթմունքըՙ եղանակի քմահաճության դեմ, կտավին իջած սպիտակի թանձր կուտակումները, հասնում են լարվածության գերագույն աստիճանի, եւ թվում էՙ այն սպառնում է դառնալ չփոխվող իրականություն, մշտական վիճակ, որքան էլՙ տեղ-տեղ մոխրագույնի պտույտները փորձում են շրջադարձ անել, իսկ անկյունի մի ծայրում կանգնած թռչունի խորհրդանշական կերպարը ընդգծում է մթնոլորտի լարվածությունը:

Նկարչի հաջորդ շարքի վերացական բնույթը Արա Հայթայանը համարում է թվացյալ, որովհետեւ այդ ձեւերի տակ ուշադիր աչքը կարող է տեսնել միանգամայն այլ բան. «Յուրաքանչյուր գործ իր ետեւում ունի նախապատկեր, ունի պեյզաժ, ինտերիեր, եւ Արա Հովհաննիսյանը այդ առումով վտանգավոր գծի վրա է անընդհատ քայլում, որ կարող է ընկնել թե՛ այս, թե՛ այն անդունդը, բայց ինքը կարողանում է պահել հավասարակշռությունը ճանաչողական իրականության եւ վերացական ձեւերի միջեւ, եւ սա իր առավելությունն է: Յուրաքանչյուր գործ արված է լարվածության վերին աստիճանով: Արան այն նկարիչը չէ, որ գործը թողնի կոմֆորտ վիճակի մեջ եւ մեզ էլ չի թողնի կոմֆորտ վիճակում: Այն լարումը, որ իր մեջ կա, դրսեւորվում է ամեն գործի մեջ, եւ կարծում եմՙ այս արվեստը չի կարող զգայուն հանդիսատեսին անտարբեր թողնել: Այսօր մենք, կարծում եմ, հեղինակ ենք բացահայտում այս ամբողջության մեջ»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ