ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՆ ՈՒ ԶԱՅՐԱՑԱԾ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների պատմությունների, նրանց ողբերգական մահվան ու նրանց ծնողների պայքարին «Ազգ»-ը բազմիցս անդրադարձել է: Մենք լուսաբանել են սեւազգեստ մայրերի հանդիպումները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ու բազմաթիվ այլ պաշտոնյաների հետ: Վերոնշյալ հանդիպումներն ու յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա եւ երթ անցկացնող սեւազգեստ մայրերի բողոքը շատ դեպքերում լուրջ արդյունք չեն ունեցել: Ցավալիորեն, լուրջ արդյունք չի գրանցվել նաեւ երկու տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ Բաղրամյան 26 հասցեումՙ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող սեւազգեստ մայրերին մոտեցավ նախագահն ու խոստացավ, որ հետամուտ կլինի սպանությունները բացահայտելու գործին, եւ մեղավորները կպատժվեն: «Անցել է մեկուկես տարի, ինչ նախագահը մեզ խոստացավ օգնել ու հետամուտ լինել, սակայն մինչ օրս դրական որեւէ տեղաշարժ չկա», երեկ հայտարարեց զոհված ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի մայրըՙ Հասմիկ Հովհաննիսյանը: «Ձայն մի տվեք Սերժ Սարգսյանին, նա խոստացավ ու խոստումը չպահեց, Հայաստանում արդարադատություն չկա, նա հետամուտ չէ արդարությանը», ասաց տիկին Հասմիկը: Զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրըՙ Նանա Մուրադյանն էլ հիշում է, որ Սերժ Սարգսյանը զինդատախազ Գեւորգ Կոստանյանին ցուցում է տվել, որ ծնողներին ընդունի եւ լսի նրանց բողոքները, սակայն դա էլ չի արվել: «Գոնե կես քայլ առաջընթաց չկա: Քննիչներ են փոխվում, սակայն ծնողին տեղյակ չեն էլ պահում: Նոր քննիչն էլ նախաքննություն չի անում: Գործերը չեն բացահայտվում, ընդհակառակը, քննիչներն այն տանում են դեպի անդունդը»: Տիգրան Օհանջանյանի հայրըՙ Սուրեն Օհանջանյանն էլ հերթական անգամ ներկայացրեց իր որդու ողբերգական պատմությունը: Օհանջանյանի մահը որակվել է ինքնասպանություն, մինչդեռ վզին հայտնաբերվել են էլեկտրալարի հետքերՙ ենթադրությամբ, որ զինծառայողին խեղդել են: Դատաբժշկական փորձաքննության ժամանակ կատարված բազմաթիվ լուսանկարներ ու փաստեր այդպես էլ նախաքննական մարմինը չի վերցրել եւ ուսումնասիրելՙ ընտրելով ամենահեշտ տարբերակըՙ ինքնասպանություն: Արայիկ Ավետիսյանին էլ ոչ թե անզգուշությամբ են սպանել, այլ 100 դոլարի համար: Հրամանատարը զինվորին ուղարկել է սահմանված արձակուրդի, սակայն պահանջել, որ հետը 100 դոլար բերի, որպես «մաղարիչ»: Զինվորի մայրը հիշում է, որ կարողացել է 15.000 դրամ տալ որդուն, մնացածը գումարը գտնել չի կարողացել: Գումարտակի հրամանատարն էլ բարկացել է ու սպանել զինվորին: Արայիկի գործը կասեցվել է 2009-ին: Ծնողներին հայտարարել են, որ չեն կարողանում գտնել որդուն սպանողին: «Բայց ես գիտեմՙ ով է իմ որդուն սպանել: Իմ Արայիկի կյանքը խլել է Վայքի զորամասի առաջին գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը»: Այս ու բազմաթիվ այլ գործեր ուսումնասիրելուց հետո մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ մեկ տարի առաջ գրություն էր ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ զինդատախազ Գեւորգ Կոստանյանինՙ տեղեկացնելով, որ գործերում կան փաստեր, որոնք չեն ուսումնասիրվել ու նախաքննական մարմինը բացահայտելու փոխարեն գործը տարել է այլ ուղղությամբ, սակայն մինչ այժմ վերոնշյալ գերատեսչությունից որեւէ պատասխան չի ստացվել: |