«ՍԻՐԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՏԱՆՁՆԱԾ ԴԵՐԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ» Հ. ՉԱՔՐՅԱՆ Հայտարարում է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին Ինչպես նշել էինք նախորդ համարում, փետրվարի 4-ին Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն վարչապետ Էրդողանին մեղադրել էր Իսրայելի շահերին ծառայելու մեջ: Մեղադրանքի առիթը իսրայելական օդուժի Սիրիային հասցրած հարվածը քար լռությամբ շրջանցելու Թուրքիայի վարչապետի վարքագիծին է: Հաջորդ օրըՙ փետրվարի 5-ին այդ նույն վարքագծի պատճառով մեղադրել է նաեւ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին, բայց ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլ Թուրքիային: «Դունյա բուլթենի» կայքէջի վկայությամբ, լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա Մերձավոր ու Միջին արեւելքի առկա վիճակը նմանեցրել է ժայթքող հրաբխի, ապա շարունակել է. «Թուրքիան սեփական պահանջները Սիրիային, Իրաքին ու Եգիպտոսին պարտադրելու փորձերով խնդրահարույց է դարձրել այս երկրների ազգային անվտանգությունը»: Վարչապետ Նուրի ալ Մալիքին, մեղադրելով Թուրքիային Իրաք-Սիրիա-Եգիպտոս առանցքը կազմալուծելու, թերեւս դրանով էլ Իսրայելի շահերին ծառայելու մեջ, իսրայելական օդուժի վերջին հարձակումը սիրիական գիտական կենտրոնի վրա համարել է նվաստացուցիչ արաբական եւ իսլամական աշխարհների համար: Վերջում նա ընդգծել է, որ Սիրիայում Թուրքիայի եւ Քաթարի ստանձնած դերակատարությունը դժգոհություն է առաջացնում աշխարհով մեկ: Ինչո՞վ է պայմանավորված ողջ աշխարհի դժգոհությունը: Ըստ երեւույթին, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման անկանխատեսելի հետեւանքներով: Տապալման հարցում արեւմտյան տերությունները, որոնք էլ, ըստ ամենայնի, ներկայացնում են այսպես կոչված ողջ աշխարհը, համամիտ են: Պարզապես նրանց անհանգստացնում է Սիրիայում իսլամ արմատականների իշխանության գալու հավանականությունը: Սիրիական ընդդիմության մասնատվածությունը 16 առանձին խմբավորումների, այդ տերություններին կանգնեցնում է իշխանափոխությունից հետո երկրում վերահսկողությունը կորցնելու սպառնալիքի առջեւ: Ընդդիմության մասնատվածությունը նրանց զրկում է նաեւ իշխանության թեկնածուների հարցում կողմնորոշվելու հնարավորությունից: Մինչ Արեւմուտքն օգնում է սիրիական ընդդիմությանըՙ կառավարական զորքերի հետ պատերազմը շարունակելու, այլ ոչ թե հաղթանակ ապահովելու համար, որպեսզի թեկնածուների հարցում կողնորոշվելու ժամանակ ունենա, Թուրքիան նախագահ Ասադին անհապաղ տապալելու նկրտումներով վճռական գործողությունների դիմելու պահանջ է ներկայացնում արեւմտյան տերություններին, անտեսելով ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսություն հաստատելու վերջիններիս ջանքերը: Սիրիայում Թուրքիայի դերակատարությունից ողջ աշխարհի դժգոհության մասին արտահայտվելիս, հենց այդ հանգամանքն է նկատի ունեցել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին: |