ՈՐԴՈՒՍ «ՏԵՍԵԼ ԵՄ ՄԻԱՅՆ ԱՊԱԿՈՒ ՀԵՏԵՎԻՑ» Վ. Պ. «Առաջիկայում ուզում եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ, 4,5 տարին քիչ ժամանակ չէ, որդիս առանց հոր է մեծացել», «Հարավային դարպաս» օնլայն պարբերականին տված հարցազրույցում իր առաջիկա ծրագրերի մասին այսպես է նշել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, համաներմամբ ազատ արձակված Վահագն Չախալյանը: Չախալյանն առողջական խնդիրներ ունի, ուզում է հետազոտվել, գուցե լուրջ բուժման կամ վիրահատական միջամտության կարիք կա: «Հիմա հույս ունեմ արդար դատավարության, հոգեբանորեն շատ կարեւոր է մեզ համար, որ արդարությունը վերականգնվի, որ նման սեւ կետեր մեր 2 ժողովուրդների միջեւ չլինեն», նշել է նախկին քաղբանտարկյալը: Խոսելով կալանավայրում իր վիճակից` Չախալյանը նշել է, որ հույսը ոչ մի օր չի կորցրել: «Չեմ մտածել` այսօր դուրս կգամ, թե 10 տարի հետո»: Բայց խոշտանգումներ են եղել, ավելի շատ` հոգեբանական ճնշումների ձեւով: «Երբեք մենակ չեմ եղել: Ավելի լավ է` խփեին: Ամբողջ օրը, փաստորեն քեզ մատով չեն կպչում, բայց այնպիսի մի վատ իրավիճակ են ստեղծում, որ քեզ համար անտանելի է դառնում: Ճաշիս մեջ երեւի դեղ էին լցնում, չգիտեմՙ ահավոր մի զգացում կար, հիշողությունս էի կորցրել, կարճ ասածՙ սարսափելի մի բան»: «Երբ գիտեսՙ քո խցում թաքուն տեսախցիկ կա, ձայնագրում են, քո ամեն շարժմանը հետեւում են, անգամ զուգարանում: Երբ դու ինչ-որ մի աչքի 24-ժամյա հսկողության տակ ես, միայն սա սպանիչ է», հիշել է Վահագն Չախալյանը: «Նույն պարապմունքը (մարմնավարժություն), որ բոլորին կարելի էր, ինձՙ չէ: Գանտելները, որ սարքում էի պարապելու համար, ներս էին լցվումՙ տանում ամեն ինչ եւ բանտային կարգի խախտում համարում, ասենք, մի շաբաթ զրկում էին հեռախոսից կամ խանութից օգտվելուց: Հարվածը հեշտ է, այդ պահին կա, իսկ հետո արդենՙ չէ»: Նրա խոսքերով, ճնշում է, երբ չեն թողնում որդու հետ հանդիպել, 4,5 տարվա մեջ գրկել. «Տեսել եմ միայն ապակու հետեւից»: Իրեն ուղղված մեղադրանքների առումով էլ Չախալյանը հակադարձում է. «Անջատողականը երբեք ընտրությունների չի մասնակցում: Անջատողականը ոնց կարող է ցանկություն հայտնել դառնալու խորհրդարանի պատգամավոր: Այսինքնՙ անջատողականության մասին խոսք գնալ չի կարող: Մենք մեր առջեւ խնդիր էինք դրել Վրաստանի սահմանադրության սահմաններում հասնել մեր խնդիրների լուծմանը: Մեր նպատակն էր մտնել ազգային ժողով եւ այնտեղից բարձրացնել մեզ հուզող հարցերը, դա չի նշանակում, որ մենք անջատողական ենք: Անջատողականը կբարձրանար սար, սարից լեռ եւ այնտեղից կասեր, որ մեր պահանջը դա է: Վրաստանի նախորդ իշխանությունների մեթոդներից մեկն էր դա: Նրանք չտեսնելու էին տալիս այստեղի խնդիրները, իսկ նույնիսկ փոքր բողոքի ակցիա մեկնաբանում որպես անջատողականությունՙ սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը խաբելու համար: Նրանց դա շատ լավ հաջողվում էր մինչեւ իմ ձերբակալությունը»: Ձերբակալությունից հետո էլ, ըստ Չախալյանի, հնարավոր եղավ լուրջ աշխատանք տանել միջազգային կառույցներում, բայց ոչ Վրաստանում. «Վրաստանում չկարողացանք աշխատանք տանել, որովհետեւ «բլակիրովկա» էր արված «ազգայինների» կողմից, որ ոչ մի լրատվամիջոց, կոռեկտ ասեմ, չէր հետաքրքրվում մեր թեմայով, ոնց որ մի անտես ձեռք թույլ չէր տալիս անդրադառնալ մեզ, միայն վերջին 2 ամիսների ընթացքում սկսեցին հետաքրքրվել»: Մի կողմից` ազգային հերոս, մյուս կողմից` «Վրաստանի պետականության թշնամի» որակումների արանքում Չախալյանը հավաստում է. «Անկեղծ ասած, վրացիների կողմից ես ոչ մի թշնամանք չեմ զգացել: Ես 4,5 տարի նստել եմ վրացիների շրջապատում, ունեմ շատ վրացի ընկերներ: Հերոս, չեմ կարող ասել, ժողովուրդն ու պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց երբ ես կարող էի դուրս գալ, պաշտոն ստանալ, մեծ գումարներ վերցնել, ինչ առաջարկում էին, ես հրաժարվեցի, անգամ իմ ազատությունից, որ կարող էի օր առաջ դուրս գալ: Ամեն ինչից հրաժարվեցի, որ պաշտպանեմ ջավախահայության ոտնահարված իրավունքները: Սաակաշվիլու կոչը, թե ժողովուրդը խուճապի մեջ ընկնի, որ Վահագնը դուրս է եկել, ծիծաղելի է, ինչքան տեսնում եմ, ինձնից ոչ ոք չի վախենում, այլՙ հակառակը»: |