RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-05 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1485, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 57

SOS. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎՐՈՉԻՆՈՎՆԻԿ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Շտրասսերի զեկույցի» հետ կապված ամոթալի պատմության տպավորությունը, երբ որոշ երկրների խորհրդարանական պատվիրակություններ ամբողջ կազմով «սարի պես» թիկունք կանգնեցին Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», դեռեւս օրակարգային է: Մանավանդ` Իլհամ Ալիեւի աշխատակազմում հասարակական-քաղաքական հարցերի «կուրատոր» Ալի Հասանովի` «Շտրասսերը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից» հոխորտանքի ֆոնին:

Ակնկալելի էր միաժամանակ, որ «պատմական հաղթանակով ոգեւորված» Ադրբեջանում սկսվելու է բռնությունների եւ քաղաքական հետապնդումների նոր ալիք: Հաջորդեցին Իսմայիլիի հայտնի դեպքերը, որոնք ուղղված էին աշխատանքի եւ սոցիական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովի եւ նրա եղբոր` Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքպերովի դեմ: Ալեքպերովներն, ի դեպ, ծագումով Նախիջեւանից են: Նրանք փաստացի տնօրինում են Իսմայիլիի ողջ շրջանը: Սոցիալական բունտի առիթը տվել էր Ֆիզուլի Ալեքպերովի որդին` «Չիրաղ» հյուրանոցի փաստացի սեփականատեր Վուգար Ալեքպերովը, որն անսթափ վիճակում Hummer-ով խոյահարել էր Իսմայիլիի բնակիչներից մեկին (ինքնությունը չի հրապարակում եւ ոչ մի աղբյուր) պատկանած «ՎԱԶ»-ը, ապա ընկերոջ հետ դաժանորեն ծեծել տուժածին, հայհոյել բոլոր իսմայիլիցիներին, նրանց անվանել «անպատիվ ծախվածներ»:

Հաջորդ օրը` հունվարի 24-ին, Բաքվից Իսմայիլիի էին մեկնել լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, ինչը միանգամայն բնական է. եթե երկրի մի գավառային քաղաքում հազարավոր մարդիկ անհնազանդություն են հայտնում իշխանություններին, ապա ծագում է իրադարձությունները լուսաբանելու, դիտարկելու կամ պարզապես դրանց ընթացքին հետեւելու խնդիր: Թերեւս այս նկատառումներով է հունվարի 24-ին Իսմայիլի ուղեւորվել «Հանրապետական այլընտրանք» (ReAL) քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովը:

Փետրվարի 4-ի հետկեսօրյա ժամերին Մամեդովը հրավիրվել է Ադրբեջանի դատախազություն: Սա` պաշտոնապես: Այլ աղբյուրներ պնդում են, որ նա «բերման է ենթարկվել»: Ինչ որ է. մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել քր. օրի 133 (հասարակական կարգի խանգարմանն ուղղված գործողությունների կազմակերպում) եւ 315.2 (կյանքին եւ առողջությանը սպառնացող բռնությամբ ոստիկանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալու) հոդվածներով: Մամեդովը ոստիկանների հսկողությամբ տարվել է Բաքու քաղաքի Նիզամիի շրջանային դատարան, որը դռնփակ նիստում բավարարել է նրան 2 ամսով կալանքի վերցնելու` դատախազության միջնորդությունը:

Սա, ինչ խոսք, Ադրբեջանում քաջածանոթ «ձեռագիր» է: Վարչախումբը նույն «ընթացակարգով» հաշվեհարդար է տեսել շատ ընդդիմախոսների կամ պարզապես իրեն չքծնող հանրային գործիչների, լրագրողների, առանձին քաղաքացիների հանդեպ: Մամեդովի պարագայում, սակայն, իշխանությունների ցինիզմը չափազանց ցցուն է: Բանն այն է, որ «ReAL»-ի ղեկավարը միաժամանակ Եվրոպայի խորհրդի Քաղաքական գիտելիքների Բաքվի դպրոցի տնօրենն է: Այսինքն, ինչպես արդարացիորեն նշել է «Թուրանի» մեկնաբանը` «Իլգար Մամեդովը փաստացի Եվրոպայի խորհրդի հաստիքային աշխատակից է»:

Ինչպե՞ս կընդունի Եվրոպայի խորհուրդն իր աշխատակցի կալանավորումը: Իհարկե, կհնչեն «մտահոգություններ», կարվեն հերթապահ հայտարարություններ: Բայց դրանից Ադրբեջանում իրավիճակը կբարելավվի՞: Հազիվ թե: Երբ կոռումպացված վարչախումբը հանրային բողոքի ցույցը իրավապահների «թեթեւ ձեռքով» որակավորում է «հասարակական կարգի խանգարմանն ուղղված գործողությունների կազմակերպում» եւ մեղադրանք առաջադրում Եվրոպայի խորհրդի հաստիքային աշխատակցին, ապա դա արդեն մարտահրավեր է ոչ միայն սեփական, այլ նաեւ միջազգային հանրությունը: Նույն Եվրոպայի խորհրդին, որի պատգամավորին «ադրբեջանական ժողովրդից», փաստացի` Իլհամ Ալիեւի վարչախմբից ներողություն խնդրելու սպառնալիք է հնչեցնում ադրբեջանցի պաշտոնյա Ալի Հասանովը:

Հավելենք, որ Իլգար Մամեդովի հետ նույն մեղադրանքներն են առաջադրվել նաեւ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդի տեղակալ Յաղուբլիին: Վերջինս նույնպես երկամսյա կալանքի է ենթարկվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ