RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4102, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ԱՌԱՍՊԵԼԱՑԱԾ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Այն, ինչ երեկ կատարվեց «Երեւան» հյուրանոցում, հիշեցնում էր վատ բեմադրված մեկ գործողությամբ եւ մեկ անձով ներկայացում: Ռեժիսորը Պարույր Հայրիկյանն էր, գլխավոր դերումՙ նույնպես: Հյուրանոցի վարձակալած միջոցառումների դահլիճը լեփ-լեցուն էր. ներկա էին ոչ միայն լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներ, այլեւ Հայրիկյանի բազմաթիվ համակիրներ, ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիտորդներ:

Հայրիկյանի ընկեր, նրա շտաբի արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ մահափորձից հետո թեկնածուի վարկանիշի մեջ որեւէ շարժ չի գրանցվել: «Հայրիկյանի վարկանիշը չի բարձրացել», հայտարարեց Եղնուկյանըՙ հավելելով, որ երբ նախագահի թեկնածուն երեւում է հիվանդանոցում, ստեղծում է բացասական իմիջ:

«Թե ինչպե՞ս ստացվեց, որ մահափորձից մեկ օր անց Հայրիկյանն արդեն հարցազրույցներ էր տալիս, շփվում լրագրողների եւ քաղաքական գործիչների հետ, երբ անգամ գրիպի դեպքում մարդիկ դժվարանում են խոսել, Եղնուկյանն ասաց, որ այդ առումով Հայրիկյանն առասպելային կերպար է:

«Անկախությունից ի վեր սա 5-րդ դեպքն է, երբ նրա դեմ մահափորձ են կատարում: Եթե կատուների կյանքով ենք հաշվում, մնացել է չորս կյանք Հայրիկյանին», հստակեցրեց Եղնուկյանը:

Քանի դեռ ոճրագործը չի հայտնաբերվել, Հայրիկյանը թիկնապահների ծառայությունից չի հրաժարվի: Սա թեկնածուի կամքն է, շտաբում այն ընդունում են, հարգում:

Շտաբում նաեւ հասկանում են, որ Հայրիկյանի դեմ կատարվածն անհաղթահարելի խոչընդոտ է, սակայն իրենք չեն ցանկանում այն շահարկել: Երկար սպասված հարցըՙ կապված ընտրությունների հետաձգման հետ, ունի պատասխան, Հայրիկյանը որոշել է, դրանք չեն հետաձգվում, նախագահի ընտրությունները փետրվարի 18-ին են:

Սակայն իրենք չեն արգելում մյուս թեկնածուներինՙ հետաձգելու համար որոշում կայացնել եւ իրենց անելիքն անել: «Մենք հետեւաբար դուռը բաց ենք թողնում իրենց համար, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց տեսակետները, եթե ուզում են միասնական մոտեցումով բանակցել, մենք պատրաստ ենք», ասաց Եղնուկյանը, թերեւս առաջին հերթին նկատի ունենալով նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին, որը հայտարարել էր, որ Հայրիկյանն ինքն իր դեմ է մահափորձ կազմակերպել, ու եթե մյուս թեկնածուները նման քայլերի են գնում, ինքն էլ կգնա իր Range Rover մակնիշի մեքենան վառելու ճանապարհով:

Հենց այսօրվանից Հայրիկյանը պատրաստ է վերսկսել քարոզարշավը: Սակայն մինչ քարոզարշավըՙ Հայրիկյան անսպասելիորեն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնվեց մամուլի սրահում, եւ սկսվեց ամենահետաքրքրականը: Թեկնածուի համակիրները ոտքի կանգնեցին եւ սկսեցին ծափահարել, իսկ միջազգային դիտորդները զարմացած հարցնում էին` ինչ է կատարվում, ի՞նչ եղավ: Այդ պահին կատարյալ իրավիճակի ամբողջացման համար բացակայում էին միայն կարմիր գորգն ու «Օսկար»-ի արձանիկը:

Հայրիկյանը զարմացած հանդիսատեսին բարեւեց, շնորհակալություն հայտնեց, որ իր կողքին է եղել, ասաց, որ չի պատրաստվում խոսել եւ հարցերին պատասխանել, բայց հետո երեւի զղջաց ու ելույթ ունեցավ:

«Ներկա եմ, ոչ թե քաղաքական դաշտում, այլՙ ֆիզիկապես: Թող բոլորն իմանան, որ որեւէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքն իր ուղուց չպետք է շեղի, եւ ամեն մեկս անելիք ունենք: Այդ ահաբեկչությամբ զբավել են տասամյակներ ու առաջին օրը չէ, որ ինձ փորձել են սպանել: Բայց երբեք չի հաջողվել ինձ սպանել, այլ փորձել են սպանել այն արժեքները, որոնք ես դարձրել եմ ժողովրդի սեփականությունըՙ ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում, մարդու իրավունք»:

Իրեն քննադատող կամ չարախոսող նախագահի թեկնածուներին Հայրիկյանը չի պատասխանում, միայն խորհուրդ է տալիս համեմատել, թե նույն տարիքում իրենք ինչո՞վ էին զբաղված, Հայրիկյաննՙ ինչո՞վ: «Թող վերցնենՙ 20 տարեկան ինքը, 20 տարեկան Հայրիկյանը եւ այդպես շարունակ, հետո միայն հիմարություններ դուրս տան», ասաց նախագահի թեկնածունՙ հավելելով, որ տերն է իր կյանքը փրկել, հրեշտակներն են օգնել, քանի որ նա դեռ Երկրի վրա գործեր ունի անելու:

Հայրիկյանը վստահ էՙ իր վրա կրակել են ոչ թե ներսի ուժերը, այլ դրսիՙ ռուսական իմպերիալիզմը: Հայրիկյանը դեմ չէ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, ավելին, նա վստահ է, որ 50 տարի անց Հայաստանն ու Ռուսաստանը լինելու են Եվրոմիության անդամ, հենց դա է պատճառը, որ նա ոչ թե Ռուսաստանին է մեղադրում, այլ ռուսական իմպերիալիզմին: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, թե դեռ պետք է ապացուցվի, որ Հայրիկյանի դեմ կատարվածը մահափորձ է, նախագահի թեկնածուն զայրացած հավելեց, որ եթե Բորդյուժան ինչ-որ բան գիտե, ապա թող հայտնի նախաքննական մարմնին կամ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ