ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԻՐ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ» Վ. Պ. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները, որ երկրի խորհրդարանն ընդունել է մարտի 25-ին: Նախագահի ստորագրման մասին հայտարարել է վրաց խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին: Նրա խոսքերովՙ անմիջապես ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով «նախագահն արդեն գայթակղություն չի ունենա ոչ ճիշտ մեխանիզմներ կիրառելու»: «Իշխանությունը կարող է առավել հանգիստ պայմաններում աշխատել, եւ որ կարեւորն է` Վրաստանում այլեւս երբեք ոչ ոք չի կարող առանց ընտրությունների փոխել ժողովրդի վստահությունը ստացած կառավարությանը», հայտարարել է վրաց խորհրդարանի խոսնակը: Սահմանադրական փոփոխությունները հարեւան երկրում նախ ամրագրում են, որ մինչեւ խորհրդարանի կողմից նոր կառավարությանը վստահություն հայտնելը կառավարության պարտականությունները կիրականացնի նախորդ կառավարությունը: Ընդ որում, կառավարության հրաժարականի կամ նախագահի կողմից կառավարությունը ցրելու դեպքում կառավարման պարտականությունները կկատարի հենց հրաժարական տվող կամ ցրվող կառավարությունը մինչեւ նոր կազմի ստեղծումը: Կառավարության ծրագիրը երեք անգամ չհաստատելու դեպքում նախագահին հնարավորություն է տրվում ցրելու խորհրդարանը, բացի այնպիսի բացառիկ իրավիճակներից, որոնք կրկին ամրագրված են երկրի սահմանադրությամբ: Փաստացի այս փոփոխություններով Վրաստանի նախագահին այլեւս լիազորություն չի տրվում խորհրդարանը ցրելուց հետո միանձնյա նշանակելու այն կառավարությանը, որի ներկայացրած ծրագիրը խորհրդարանը երեք անգամ մերժում է: Բացի դրանիցՙ նախագահը չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրություններին նախորդող ամսից մինչեւ նորընտիր նախագահի երդումը: Այս մոտեցումը ողջունելի են որակել ինչպես Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի հարցով համազեկուցողները: Իսկ ինքը` «սահմանափակվող» նախագահ Սաակաշվիլին Վրաստանի «ժողովրդավարության» համար կարեւոր է որակել այդ փոփոխությունները, ընդգծելով, թե դրանք ապացույց են, որ Վրաստանը «ժամանակակից պետություն է», ընդ որում` հաշվի առնելով, որ Սաակաշվիլու թիմակից խորհրդարանական փոքրամասնությունը եւս կողմ է քվեարկել փոփոխություններին: Սաակաշվիլին այս համատեքստում չի մոռացել հիշեցնել ներկայիս կառավարության «ահաբեկման ու շանտաժի» մասին, որին «Ազգը» եւս անդրադարձել էր` ներկայացնելով վարչապետ Բիձինա Իվանիշվիլու վերջնագիրը Սաակաշվիլուն: Մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները` 135 կողմ քվեարկությամբ 147 պատգամավորից: |