ՊԻՏԱԿԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱԹԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ Հ. Չ. Հաթայը նախկին Ալեքսանդրետի սանջակն է: Երկրորդ համաշխարհայինի նախօրյակինՙ 1939-ին Ֆրանսիայի թողտվությամբ Սիրիայից տարանջատվել եւ կցվել է Թուրքիայի սահմաններին: Վիլայեթի բնակչությունը խայտաբղետ է, այնտեղ զգալի թիվ են կազմում արաբները, կաթոլիկ եկեղեցու հետնորդ լատինները եւ այլ քրիստոնյաներ, որոնք ի սկզբանե դիտվել են որպես «կասկածելի եւ վնասակար» անձինք: Թերեւս այդ պատճառով էլ Հաթայի նահանգային կենտրոն Անտիոքում 2009-ին սպանվել էր Վատիկանի ներկայացուցիչ Պադովեզ քահանան: Ինչպես SAT-Turk հեռուստատեսության կայքէջը վկայում է մարտի 26-ին, պարզվել է, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչությունը Տրապիզոնից եւ Մալաթիայից հետո պիտակավորել է նաեւ Հաթայի քրիստոնյաներին: Ինչպես հայտնի է, Տրապիզոնում սպանության զոհ էր դարձել կաթոլիկ քահանա Սանտորոն, իսկ Մալաթիայումՙ «Զիրվե» հրատարակչության 4 աշխատակիցներ: Ըստ թուրքական հեռուստատեսության, Հաթայում քրիստոնյաների պիտակավորման փաստը բացահայտվել է շնորհիվ Ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-իՙ Թուրքիայի ազգային Մեծ ժողով ներկայացրած վավերագրերում առկա նամակի, որն իրազեկման բնույթ է կրում: Պիտակավորվողները բաժանվել են երկու խմբիՙ «Համագործակցության ենթականեր» եւ «Կասկածելի ու վնասակար անձինք»: Ցուցակի երկրորդ բաժնում, բացի քրիստոնյաներից, ընդգրկվել են Հաթայի քրդերը, ալավիները, արաբները, քրիստոնյաները ներառյալ: |