ԱՆՎՃԱՐ Orange WiFi ԻՆՏԵՐՆԵՏ ԵՐԵՎԱՆԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԲՈՒՀՈՒՄ Երեկ տեղի ունեցավ Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում եւ Հայաստանի պետական կոնսերվատորիայում: Համալսարաններում անվճար WiFi-ով զինված անկյունների ստեղծման ծրագիրը մեկնարկել է դեռ 2011թ., նախատեսվում է 2013 թ. ընթացքում նման անկյունների թիվը հասցնել 13-ի, որոնցից 9 Երեւանի եւ 4-ըՙ մարզային համալսարաններում: Շուտով Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նույնպես կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange WiFi ինտերնետից: «Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացների անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը եւ կհեշտացնեն նրանց գործը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը միայն WiFi անկյունների ստեղծումն ու անվճար ինտերնետի տրամադրումը չի ընդգրկում: Համալսարանների մեծ մասի հետ Orange-ը նաեւ համագործակցում է այլ ոլորտներում, ինչպես ուսանողական կրթաթոշակների հատկացում, մասնագիտական պրակտիկայի կազմակերպում Orange-ում, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ ուսանողների համար: |