ԻՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՍՐԱՅԵԼԻ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ» Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին որոշել է միջուկային մշակումների ասպարեզում չգերազանցել Իսրայելի որոշած սահմանագիծը: Այդ մասին հաղորդում է «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթըՙ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իսրայելի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչներին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, որոշումը ժամանակավոր է: Դրա նպատակն է առճակատումից խուսափել մինչեւ 2013-ի հունիսին կայանալիք Իրանի նախագահական ընտրությունները: Խամենեին ձգտում է, որ պետության անվանական ղեկավարի պաշտոնում ընտրվի իրեն հաճո թեկնածու: Մեծ այաթոլլահի կողմնակիցները կասկածներ ունեն, թե ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փորձում է վերանայել Իրանի Իսլամական Հանրապետությունում քաղաքական ղեկավարության նկատմամբ հոգեւոր ղեկավարության գերակայության հիմնարար սկզբունքը: Թերթը պնդում է, որ մինչեւ 20 տոկոս հարստացված իրանական ուրանի պաշարները չեն գերազանցում 250 կիլոգրամը, այսինքն այն քանակությունը, որն անհրաժեշտ է 1 միջուկային սարքի ստեղծման համար: Նոր ուրանն օքսիդացվում է եւ չի ուղարկվում պահեստարաններ: Ըստ որում ատոմային զենքի արտադրության համար անհրաժեշտ ենթակառույցի ստեղծման աշխատանքները շարունակվում են: Դրանց կենտրոնը «Ֆորդո» վիմափոր ստորգետնյա կոմբինատն է: Այնտեղ դրված ցենտրիֆուգները Իրանին թույլ կտան արագորեն փոխհատուցել ժամանակի կորուստը: Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Միխայիլ Օրենի խոսքերով, Թեհրանը ընդունել է, որ 20-տոկոսանոց 250 կգ ուրանը «առավելագույն սահմանագիծն է»: Սակայն, ինչպես նշել է իսրայելցի դիվանագետը, իրանցիները գործում են խորամանկորեն եւ ամեն ինչ անում են, որ հնարավոր լինի այդ գիծը հատել մի քանի շաբաթվա ընթացքում: |