ԱՐԳԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ «Ուրիշների բարեկեցությունն ապահովել ցանկացողը առաջին հերթին դրանով իր բարեկեցությունն է ապահովում», Կոնֆուցիոսի այս խոսքերը գործունեության սկզբունք դարձրած Արգեն Արմենյան հիմնադրամ-հաստատությունը (նախագահՙ Վան Արմենյան), որը պաշտոնապես գրանցված է Կանադայում որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն, շարունակում է իր մարդասիրական աջակցությունները հայրենիքում բացահայտելու տաղանդավոր մանուկներին: Հաստատությունը մասնավորապես օժանդակում է իր միջոցներով կանգուն պահելու երկու մանկական երգչախմբեր, մեկը Կոտայքի շրջանում, իսկ մյուսըՙ Վայոց Ձորում: Առաջինում ընդգրկված են մոտ 30 երեխաներ Ակունք, Նոր գյուղ եւ Արամուս գյուղերից, որոնք 2011-ի աշնանը երրորդ տեղ նվաճեցին ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած երգչախմբային մրցույթում: Ընդհանրապես երաժշտական կրթություն ստացած չլինելով, այդ երեխաները երկու տարվա ընթացքում կարողացել էին հասնել այդ մակարդակին շնորհիվ երգչախմբի տնօրեն Արմեն Կիրակոսյանի անդուլ աշխատանքի եւ «SOS Մանկական ավանի» ղեկավարության, որը փորձերի համար դահլիճ էր տրամադրում: Երկրորդում դարձյալ մոտ 30 երեխաներ են ընդգրկված, որոնք երգչախմբի ղեկավար Մարո Սիմոնյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ մեծապես ոգեւորված են եւ առաջադիմում են արագ տեմպերով: Այս երկու երգչախմբերը անցյալ տարի ամռանը Երեւանում հանդես եկան համատեղ համերգով, որը մեծապես տպավորվեց ներկաներին: Արգեն Արմենյան հաստատությունը մասնագիտական աջակցություն է ստանում ճանաչված սոպրանո Ալին Գութանից, ջութակահար Լեւոն Չիլինգարյանից եւ դիրիժորներ Ագնես Գրոսմենից եւ Րաֆֆի Արմենյանից: Հաստատության գործունեությունը քաջալերելու նպատակով Օտտավայից Ալեքսանյան քույրերը առատաձեռն նվիրատվություն են կատարել, որի շնորհիվ վերանորոգվել է երգչախմբային փորձերի դահլիճը Եղեգնաձորում, որտեղ նոր մանկական երգչախումբ է ձեւավորվում: Նորանոր հաջողություններ ենք մաղթում հասատատության հայրենասիրական գործունեությանը: |